Արթուր Մելիքյան
Արթուր Մելիքյան

«ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ իրավական բնույթի որոշ հարցերի շուրջ...(ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)». ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության առաջատար իրավաբաններից՝ իրավաբան, փաստաբան ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆՆ իր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էր թեմային առնչվող մի շարք կարևոր դրույթների, որոնք, դատելով մասնագիտական հանրույթում ունեցած արձագանքներից, լուրջ հետաքրքրություն էին առաջացրել: Հրապարակելով նախորդ նյութի շարունակությունը, վստահ ենք, որ այն կրկին մեծ արձագանք է ունենալու, այդ թվում և օրենսդիր մարմնի կողմից, քանզի կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կարգավորումների կարիք ունեն:

Սույն նյութի առաջին մասում խոսելով երաշխավորության անձնական բնույթի միասին, փորձ եմ արել վերլուծել երաշխավորության դադարման հարցը պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքում: 

Այժմ ցանկանում եմ նույն՝ երաշխավորության դադարման հարցը քննարկել իրավաբանական անձանց իրավահաջորդության դեպքում, ինչպես նաև անդրադառնալ պարտավորության վաղակետ կատարման որոշ դեպքերում երաշխավորի իրավունքների պաշտպանությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները կարգավորում են իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքերում իրավահաջորդության հարցերը: Հենց այս վերակազմակերպման եղանակներն են հանդիսանում իրավաբանական անձանց իրավահաջորդության դեպքերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բնութագիրն ու առանձնահատկությունը, ինչպես նաև իրականացման գործընթացը:

Մեզ հետաքրքրող հարցը, սակայն, վերաբերում է վերակազմակերպման դեպքերում երաշխավորի իրավունքների փոփոխմանը և դրա հետևանքներին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի  

«Երաշխավորությունը դադարում է`

1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների.

2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար....»:

Հիմք ընդունելով այս երկու կետերը, պետք է քննարկել, արդյոք վերակազմակերպումների դեպքում միշտ առկա է երաշխավորությամբ ապահովված պարտավորության նոր պարտապանի ի հայտ գալու դեպք, արդյոք առկա է պարտավորության փոոխում և արդյոք այդ փոփոխումը միշտ հանգեցնում է անբարենպաստ հետևանքի:

 Նոր պարտապանի ի հայտ գալու հանգամանքը քննարկենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված յուրաքանչյուր իրավահաջորդության դեպքում առանձին-առանձին.

Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան: Այսինքն տեղի է ունենում երկու կամ ավելի իրավաբանական անձանց դադարում և մեկ նոր իրավաբանական անձի ստեղծում, հետևաբար կարծում եմ, որ այս դեպքում առկա է այլ պարտապանի առաջացում՝ այսինքն, օրենքի ուժով հիմնական պարտավորությամբ պարտապանի պարտքը փոխանցվում է իրավահաջորդին:

Իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան: Այսինքն տեղի է ունենում միացող իրավաբանական անձի դադարում, իսկ այն իրավաբանական անձը, որին միանում է կամ որին միանում են այլ իրավբանական անձինք, չի փոփոխվում: Այս դեպքում նոր պարտապան առկա է միայն այն դեպքում, երբ սկզբնական պարտապանը միացող իրավաբանական անձն է, քանի որ հենց այդ իրավաբանական անձն է դադարում և դրա իրավունքներն ու պարտականություններ են փոխանցվում նրան, որին միանում է և հետևաբար, պայմանական ասած, «մնացողի» դեպքում իրավունքների և պարտավորությունների մասով անձի փոփոխություն տեղի չի ունենում:   

Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան: Այս դեպքում պարտապանը դադարում է և օրենքի ուժով նրա իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված իրավաբանական անձանց, ընդ որում իրավունքների և պարտավորությունների ծավալը որոշվում է համաձայն բաժանիչ հաշվեկշռի (հասկանալի է իրավունքներն ու պարտավորությունները համամասնորեն են բաժանվում)՝ այսինքն երաշխավորությամբ ապահովված պարտավորության պարտապանի փոփոխություն է տեղի ունենում՝ կախված նրանից, թե ում է փոխանցվում ապահովված պարտավորությունը: 

Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները նրանցից յուրաքանչյուրին են անցնում` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան: Վերակազմակերպման այս դեպքում մեկ ընկերություն մնում է, իսկ նրանից անջատվում են մեկ կամ մի քանի նոր ընկերություններ և կախված նրանից, թե մնում է երաշխավորված պարտավորությունը սկզբնական ընկերության մոտ, թե տեղի է ունենում դրա փոխանցումը առանձնացող որևէ իրավբանական անձի, մենք կարող ենք խոսել նոր պարտապանի ի հայտ գալու մասին: 

Վերակազմակերպման մյուս դեպքը մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելն է, որի դեպքում տեղի է ունենում կազմակերպական-իրավական ձևի փոփոխում. նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները ամբող ծավալով, ըստ էության, առաջին հայացքից բան չի փոխվում, սակայն իրավական առումով առաջանում է նոր իրավաբանական անձ և սա, իմ կարծիքով, ևս օրենքի ուժով պարտքն այլ անձի փոխանցվելու դեպք է:

Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածը չի տարանջատում պարտքն այլ անձի փոխանցելու եղանակները, որոնց պետք է համաձայնություն տա երաշխավորը՝ այսինքն դա վերաբերում է միայն պարտավորության մեջ անձանց փոխվելուն՝ պարտքի փոխանցման գործարքի ուժով, թե նաև օրենքի ուժով փոխանցմանը:

Այստեղ կարող են լինել տարբեր մեկնաբանություններ՝ կապված նրա հետ, որ անձի կամահայտնության գործոնը դեր չունի օրենքի ուժով պարտավորության մեջ անձանց փոփոխման դեպքում (ՀՀ քաղ. օր. հոդված 402), բացի դա, ըստ էության, պարտավորության հետ որևէ փոոխություն տեղի չի ունենում և երաշխավորի համար որևէ բան չի փոոխվում պարտավորության պայմանների և ծավալի առումով, սակայն դա ես ընդունելի չեմ համարում, այն պատճառով, որ նախ օրենսդիրը պարտավորության փոփոխումը երաշխավորության դադարման առանձին հիմք է նախատեսել և երկրորդ՝ պարտավորության մեջ անձի փոփոխությունն ամեն դեպքում էական ազդեցություն ունի պարտավորության վրա և ինքնին պարտավորության փոփոխություն է, ինչի մասին կխոսվի մի փոքր ներքևում:

Ցանկանում եմ անդրադառնալ վերակազմակերպումներին առնչվող ևս մեկ կարևոր հանգմանքի՝ դա իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում այդ իրավաբանական անձի պարտատերերի իրավունքներն ու երաշխիքներն են:

Այսպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն, իրավաբանկան անձի պարտատերերն ունեն հետևյալ իրավունքները.

1. տեղեկացվածության իրավունք, ինչն արտահայտվում է նրանում, որ իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավասու անձինք պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերերին.

2. իրավունքների լրացուցիչ պաշտպանության իրավունք, ինչն արտահայտվում է նրանում, որ վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերն իրավունք ունի՝

ա) պահանջել իր հանդեպ առկա պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ,

բ) պահանջել դադարեցնելու վերակազմակերպումը, ինչպես նաև

գ) պահանջել վաղաժամկետ կատարելու պարտավորությունը և հատուցելու վնասները:

3. ստանալ պաշտպանություն պարտավորության անորոշությունից, ինչ արտահայտվում է նրանում, որ, եթե նույնիսկ բաժանիչ հաշվեկշիռն ինչ- ինչ հանգամանքների բերումով հնարավորություն չտա որոշել վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդին, ապա նոր առաջացած իրավաբանական անձինք վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների համար պարտատիրոջ առջև օրենքի ուժով կկրեն համապարտ պատասխանատվություն:

Ինչպես տեսնում ենք պարտատերի իրավունքները բավական պաշտպանված են, սակայն որևէ ձևով անդրադարձ չկա վերակազմապերպվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման երաշխավորներին, որոնք, հակառակը, հայտնվում են անբարենպաստ իրավիճակում, մանավանդ, եթե պարտատերն, օգտվելով իր իրավունքների լրացուցիչ պաշտպանության իրավունքից, պահանջի վաղաժամկետ կատարելու պարտավորությունը: 

Այժմ փորձեմ անդրադառնալ իրավաբանական անձանց իրավահաջորդության դեպքում՝ առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու և արդյունքում երաշխավորի համար անբարենպաստ հետևանքների առաջացման հիմքով երաշխավորության դադարմանը:

Ի սկզբանե պետք է նկատի ունենալ, որ վերակազմակերպման դեպքում էապես փոխվում է սկզբնական պարտապանի վիճակը, ինչը էապես ազդում է նաև երաշխավորի կողմից ապահոված պարտավորության կատարման հնարավարության վրա և բացառված չէ, որ նրա այդ վիճակում երաշխավորը չստանձներ նրա պարտավորությունների կատարման երաշխավորության պարտավորություն:

Վերակազմակերպման ժամանակ տեղի է ունենում՝

1. ակտիվեների ներհոսք՝ դրանց հետ միաժամանակ նաև պարտավորությունների ավելացում, իսկ կախված դրանց կառուցվածքից միշտ չէ, որ այդ ակտիվների ներհոսքը դրական կարող է ազդել իրավաբանական անձի ընդհանուր գործունեության վրա, հաճախ ակտիվը կարող է լինել ոչ լիկվիդային կամ որևէ ազդեցություն չունենա արտադրողականության կամ ֆինանսական վիճակի բարելավման վրա,

2. ակտիվների արտահոսք, որի դեպքում արտադրամիջոցներն են բաժանվում, բնականաբար պարտավորություններն էլ են նվազում, սակայն նույնպես կախված կառուցվածքից կարող է էականորեն փոխել իրավաբանական անձի վիճակը՝ ցանկացած ուղղությամբ,

3. իրավական կարգավիճակի փոփոխություն, որի դեպքում սկսած սեփականատերերի կազմի ու կառուցվածքի փոոխությունից, կառավարման և գործարքների կնքման հարցերով որոշումների ընդունումից մինչև սեփականատերերի պատասխանատվության (ընկերակցություն թե ընկերություն) հարցերը ենթարկվում են փոփոխության, իսկ այս հանգամանքներն էապես ազդում են իրավաբանական անձի գործունեության վրա, նաև շատ էական դեր ունեն երաշխավորի կողմից որոշումների ընդունման ժամանակ: 

Կարևոր հանգամանք է այն, թե ինչ է նշանակում «պարտավորությունը փոփոխել»: Իմ կարծիքով միայն այն, որ տեղի է ունենում պարտապան անձի փոփոխություն, արդեն իսկ պարտավորության էական պայմանի փոփոխություն է: «Պարտավորության փոփոխություն» են նաև բոլոր այն դեպքերը, որոնք կարող են ազդել պարտավորության էական պայմանների վրա կամ կարող են փոփոխել դրանք:

Պարտավորական իրավահարաբերություններում պարտավորության էական պայմաններ են կատարման ժամկետը, տոկոսները, տույժերը, դրանց վրա ուղղակի ազդեցություն ունեցող հանգամանքները, ուստի դրանց ցանկացած փոփոխություն գտնում եմ համարվում է պարտավորության փոոխություն, իսկ նկատի ունենալով երաշխավորության ստանձնման դեպքում երաշխավորի համար պարտապանի անձի, ինչպես նաև դրան բնութագրող հատկանիշների կարևորությունը, կարծում եմ նաև, որ այդ բնութագրող հատկանիշների նպատակային փոփոխությունը ևս պետք է գնահատվի որպես «պարտավորության փոփոխություն» և գնահատվի՝ արդյոք դա հանգեցրել է երաշխավորի համար ոչ բարենպաստ հետևանքների, թե՝ ոչ:

Վերակազմակերպումները հենց նման երևույթ են, որոնք յուրաքանչյուր դեպքում ենթակա են քննարկման՝ ելնելով կոնկրետ դեպքից և պայմաններից, սակայն, նույնիսկ դրանց դեռևս ավարտված չլինելը, այլ միայն սկսված լինելը, երաշխավորի համար հանգեցնում է իրավական ռիսկի մեծացման, մասնավորապես այստեղ խոսքը գնում է պարտատիրոջ կողմից իր հանդեպ պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու իրավունքի իրացման մասին:

Պետք է նկատի առնել, որ այս դեպքում նույնիսկ «պարտավորության փոփոխություն» դեռևս չկա, սակայն անբարենպաստ հետևանքն արդեն կարող է առաջանալ պարտավորության կատարման ժամկետի նվազման կամ որոշակի ժամկետի ընթացքում մաս-մաս կատարելու փոխարեն միանգամից ամբողջական կատարման պարտավորության ծագման տեսքով, ընդ որում, սա այն դեպքում, երբ պարտավորությունը սովորական բնականոն վիճակում խախտված չէ և երաշխավորի մոտ այն կատարելու պարտավորություն ընդհանրապես չկա:

Օրենսդիրը պարտապանի վերակազմակերպման դեպքում պաշտպանելով պարտատիրոջ իրավունքներն՝ իմ կարծիքով հիմք է ընդունել այն, որ վերակազմակերպումը էապես փոխում է պարտապան սուբյեկտին և պարտատերն ինքը պետք է գնահատի՝ ընդունելի է իր համար արդյոք նման փոփոխված վիճակում շարունակել իրավահարաբերություններն իր պարտապանի իրավահաջորդի հետ, թե՝ ոչ:

Օրենսդիրը, սակայն, վերակազմակերպումների դեպքում, չի անդրադարձել երաշխավորի իրավունքներին, ուստի կարծում եմ հենց սա հիմք է տալիս եզրակացնել, որ օրենսդրի կողմից նման անդրադարձ չկատարելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի առկայությամբ, որ պայմաններում պարտատերը պետք է իր գնահատականը տա վերակազմակերպմանը նաև հաշվի առնելով, որ վերակազմակերպման դեպքում հնարավոր է տեղի ունենա իր հանդեպ առկա պարտավորության կատարման ապահովման միջոցի՝ երաշխավորության դադարում:

Այս տրամաբանությունից ելնելով էլ երաշխավորը պետք է տա իր համաձայնությունը՝ պարտապանի վերակազմակերպման արդյունքում փոփոխված պարտավորության պայմաններում, իր տված երաշխավորության գործողության պահպանմանը, ընդ որում, սա պետք է տրվի մինչև վերակազմակերպման մասին որոշման կայացումը՝ որպեսզի պարտատերը իր իրավունքներից օգտվելուց ունենա ամբողջական տեղեկատվություն, իսկ երաշխավորն էլ իր հերթին համաձայնություն տալու ժամանակ գիտակցի, վերակազմակերպման որոշման դեպքում պարտատիրոջ կողմից վաղաժամկետ կատարում պահանջելու և դրա արդյունքում իր համար հնարավոր բացասական հետևանքները:

Ցանկանում եմ անդրադառնալ ևս մեկ հիմնահարցի, որն առնչվում է երաշխավորի իրավունքներին, սակայն արդեն առանց պարտապանի կարգավիճակի (իրավաբանական անձ, թե ֆիզիկական անձ) տարանջատման:

Շատ հաճախ պարտատերերը, իսկ ֆինանսական կազմակերպություն պարտատերերը գրեթե միշտ, իրենց հիմնական պայմանագրերում ունենում են դրույթ առ այն, որ, եթե իրենց մոտ առկա է հիմնավոր կասկած պարտապանի ֆինանսական վիճակի վատթարացման վերաբերյալ, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ պարտապանը չի կարողանա կատարել իր պարտավորությունները, ապա իրենք իրավունք ունեն պարտավորության ամբողջական վաղաժամկետ կատարում պահանջել:

Այս դրույթը կիրառվում է նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, սակայն նրա փոխարեն երաշխավորը պատշաճ և ժամանակին մարում է պարտավորությունը: Պարտավորության մաս - մաս կատարման դեպքում երաշխավորը հնարավոր է կատարի և մինչև ժամկետի ավարտն առանց խախտման ամբողջությամբ մարի պարտավորությունը, սակայն միանգամից ամբողջական մարում պահանջելը նրա համար ևս կարող է ստեղծել ֆինանսական դժվարություններ:

Ընդունելով պարտատիրոջ մտավախությունը, որ ժամանկի ընթացքում ավելի կխորանա պարտապանի ֆինանսական վիճակի վատթարացումը, այնուամենայնիվ, երաշխավորի պաշտպանվածության մասով այս դեպքում իրավական խնդիր եմ տեսնում, քանի որ նա տալով համաձայնություն և երաշխավորելով պարտավորության կատարումը, հիմք է ընդունել դրա էական պայմանները, որոնցից է եղել նաև պարտավորության որոշակի ժամկետում մաս - մաս կատարելը, ինչն իր կողմից կատարվում է:

Այստեղ կարող են, իհարկե, լինել առարկություններ այն հաշվով, որ երաշխավորը պետք է գիտակցեր, գնահատեր և ստանձներ ռիսկը՝ ելնելով նաև հիմնական պարտավորության այն դրույթներից, որ որոշակի դեպքերում պարտատերն իրավունք ունի վաղաժամկետ մարում պահանջել, սակայն, գտնում եմ, որ երաշխավորն ի սկզբանե ելնում է այն կանխավարկածից, որ իր կողմից պարտավորությունները պատշաճ կատարելու դեպքում ամբողջական մարման պահանջ չի կարող ներկայացվել և նա այդ դեպքում իր իրավունքերը կարող է պաշտպանել երաշխիքը դադարարծ ճանաչելու միջոցով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածը նախատեսում է նաև, երաշխավորության դադարում այն դեպքում`«3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը»:

Ֆորմալ մոտեցման տեսանկյունից, իհարկե, դժվար կլինի հիմնավորել, որ պարտավորության մաս - մաս կատարումը չընդունելը, այն դեպքում, երբ առկա է ամբողջական կատարում պահանջելու պայմանագրով ամրագրված իրավունք, հանդիսանում է «երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումից հրաժարում», սակայն պարտատիրոջ կողմից իր իրավունքի չարաշահման տեսանկյունից այդ գործողությունը որպես հրաժարում որակելը բավական իրատեսական եմ համարում: Իհարկե դա չի հանգեցնի պարտապանից պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու պարտատիրոջ իրավունքի կորստին, սակայն երաշխավորի իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարող է լինել օրենսդրությամբ նախատեսված կիրառելի տարբերակ:

Նշված խնդիրներն առաջանում են, քանի որ օրենսդրի կողմից չկան երաշխավորության ինստիտուտի հստակ կարգավորումներ և կան բազմաթիվ բացթողումներ և տարաբնույթ մեկնաբանությունների ռիսկեր, ձևավորված չէ միասնական դատական պրակտիկա (նախադեպեր չեմ հանդիպել):

Ելնելով վերոհիշյալից և նկատի ունենալով, որ դեռ կարգավորումները հստակ չեն առավել կարևորում եմ երաշխավորության պայմանագրի կնքման ժամանակ երաշխավորի կամքի դրսևորումը՝ երաշխավորության պայմանների, ծավալի, գործողության ժամկետի, տարածման շրջանակի և այլ հարցերի վերաբերյալ, ինչը լիովին հնարավոր է ներկայիս կարգավորումների ներքո՝ ելնելով քաղաքացիական օրենսդրության կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության և այլ սկզբունքներից:

(շարունակելի)

 

Արթուր Մելիքյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ