«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«...Երազել ու տառապել, ունենալ սեփական աշխարհ, տարերք …». ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

 

Երեսներկու տարի առաջ ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանը, որը նաև անկրկնելի էսսեներ էր գրում, իր մտերիմ բարեկամ, հայ կերպարվեստի երևելիներից Հովհաննես Զարդարյանի արվեստին է նվիրում մի բացառիկ հետաքրքիր մեկնություն, որը ոչ միայն յուրօրինակ դիտանկյուններով անդրադառնում է մեծ նկարչի ստեղծագործությանը, այլ նաև գուրզադյանական գրչով հուշագրում է ժամանակը, մարդկանց, դեպքեր և իրադարձություններ:

Այսօր, Հովհաննես Զարդարյան ժողովրդական նկարչի ծննդյան 100 ամյակի առթիվ մեր ընթերցողին հնարավորություն ենք ընձեռում ընթերցել գուրզադյանական էսսեն.

«Հովհաննես Զարդարյանի հետ ունեցած իմ առաջին հանդիպմանը նախորդել է հանդիպումը նրա նկարների հետ: Դա պատերազմի տարիներին էր, և, ահա, Հայաստանի նկարիչների տարեկան ցուցահանդեսներից մեկում հայտնվում է մի նոր անուն, տակավին անծանոթ, Հովհաննես Զարդարյան: Ժողովուրդը խռնված էր փարթամ ծաղկեփնջեր ու սքանչելի պեյզաժներ պատկերող հինգ-վեց կտավ ամփոփոխ մի պատի առջև: Ընդհանուր տպավորությունը դա' էր. արտասովոր հյությեղություն գույների: Հատկապես կապույտների:

Մինչ այդ, ես գոնե այդպիսի կապույտներ չէի տեսել, կապույտներ, ինչպես ասում են, մարդուն խելքահան անող: Իմ արվեստաբան ընկերուհին, Մարիամ Չուբարյանը, դեռ նկարչի երեսը չտեսած, որոշեց, որ նա իր ամուսինն է լինելու … Այդպես էլ եղավ: Իսկ ես որոշեցի, նունպես այդ կապույտները ստեղծողի երեսը չտեսած, որ նա կդառնա իմ լավագույն բարեկամը: Այդ էլ եղավ. մենք իրոք դարձանք բարեկամներ, հրաշալի բարեկամներ, որ շարունակվում է ավելի քան քառասուն տարի:

Բայց Հովհաննես Զարդարյանն ամենից առաջ դարձավ նկարիչ, մեծ ու ինքնատիպ նկարիչ, մեկընդմիշտ մտնելով հայկական կերպարվեստի փառահեղ տաճարը որպես երևույթ: Հիմա արդեն անհնար է պատկերացնել հայկական կերպարվեստը առանց Զարդարյանի: Խոսքն այս դեպքում խոշոր անհատականության մասին է, աշխարհն ու երևույթներն այլ աչքերով տեսնելու կարողության մասին, մտածողության ու զգացմունքային աշխարհում նոր ոլորտներ հայտագործելու մասին: Սա այն դեպքն է, երբ կա ամեն ինչ՝ բնատուր ճաշակ, գույնի զգացողություն, վերպետություն, տեխնիկա, գծանկարի կատարելություն և այլն, և այլն, ու այս ամենը մի բանի համար միայն, արտահայտել ու տեղ հասցնել միտքն ու զգացմունքը:

Թող արվեստաբանները մեկնաբանեն Զարդարյան-նկարչին իրենց չափանիշներով, բայց ինձ համար Հովհաննես Զարդարյանն ամենից առաջ մտքի մարդ է: Եվ եթե նրա բոլոր գործերում առանց բացառության կա այն, ինչ կոչվում է տրամադրություն, ապա ի վերջո այդ տրամադրությունն էլ գալիս է մտքից, խորը և համապարփակ մտքից: Ես դժվարանում եմ որոշել, թե գեղանկարչության որ ժանրում է Զարդարյանը հատկապես ուժեղ՝ բնանկար՞ում, նատյուրմորտու՞մ, թե՞ դիմանկարում: Ըստ իս բոլոր ժանրերում էլ նա հավասարաչափ ուժեղ է: Բայց կա մի բան, որ նրա բոլոր գործերում հանդես է գալիս մշտապես. ես նկատի ունեմ կոմպոզիցիայի խնդիրը: Զարդարյանը կոմպոզիցիայի մեծ վարպետ է, կոմպոզիցիայի հարցերը նրա մոտ գրավում են խիստ մեծ տեղ, անկախ այն բանից, թե ինչ է նկարում՝ բնանկար, դիմանկար թե նատյուրմորտ:

Երևանի կերպարվեստի թանգարանում տեղ գտած դիմանկարների շարքն, օրինակ, իմ խորը համոզմամբ, մի-մի գլուխգործոցներ են՝ ազգային արվեստի շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող: Ինչքան են դրանք տարբեր իրարից՝ գունային անսպասելի հակադրումներով, ընդհանուր երփնագրով, բնորդի անհատականության վառ դրսևորումով: Բայց դրանց բոլորին բնորոշ է մի ընդհանուր հատկություն՝ կոմպոզիցիոն կուռ, ամբողջական և միևնույն ժամանակ անկրկնելի լուծումներ:

Իսկ ի՞նչ ասել, նրա բնանկարների մասին: Այստեղ նույնպես ընտրություն անելը դժվար է. մեկը մյուսից ուժեղ, համարձակ վրձնահարվածներ, գունային ծայրահեղ հագեցածություն՝ հեռու ինքնանպատակ լինելուց: Զարդարյանին ընդհանրապես հատուկ է չափի զգացումը:

Զարդարյանի մոտ առանձնակի տեղ են զբաղեցնում մեկ ֆիգուրայից բաղկացած կոմպոզիցիոն գործերը. սա այն տեղն է, որտեղ նա կոմպոզիցիոն մտածողությունը հասցրել է անկասկած, աննախընթաց բարձրության:

Որոնել, որոնել ու անվերջ որոնել: Նա կարող է իրեն տանջել, հալումաշ անել տասնյակ էսքիզներով, տարբերակներով ու, լինելով աներևակայելի պահանջկոտ, կարող է այդպես էլ հրապարակ չհանել ի տես ամենքի շատ ու շատ հրաշալի գործեր, որոնք թերևս միայն ինքն է համարում անավարտ: Նրա ստեղծագործական կյանքի կարևորագույն շրջադարձներից մեկը պետք է համարել անկասկած «Գարուն»-ը, որը սկզբից ևեթ դարձավ Մոսկվայի Տրետյակովյան թանգարանի սեփականությունը. դա, ինչ խոսք, մեկ ֆիգուրային կոմպոզիցիայի գլուխգործոց է: Ի դեպ, ինձ բախտ է վիճակվել ունենալ «Գարուն»-ի թերևս ամենահաջող տարբերակը, այն կախված է իմ սենյակի պատին, Գառնիում: Բայց  իմ խառնվածքին առավել մոտ է «Ձգտում»-ը, նունպես մեկ ֆիգուրային կոմպոզիցիա: Այդ գերծին կարելի է անվերջ նայել, նայել ու մտածել, նրանում ինչ-որ բան կա հավիտեկանությունից, հեքիաթային մաքրությունից, որը մասն է կազմում տիեզերքի …

Զարդարյան – ստեղծագործողի ներաշխարհի ձևավորման հարցում մեծ բաժին ունեն արվեստի դասականները: Մեր վերջ չունեցող զրույցների ժամանակ դասականների անդրադառնալը, նրանց գործերից խոսելը նրա սովորություննեից մեկն է: Նա փայլուն գիտակ է անցյալի արվեստի, դասականներին նա ընկալում է յուրովի, ստեղծում յուրաքանչյուրի մասին իր անկախ, ինքնուրույն տեսակետը, իր վերաբերմունքը, միաժամանակ շատ խորը թափանցելով նրանց արվեստի աննկատ ծալքերը: Դա վերաբերվում է նաև հայ դասականներին, ես կարող եմ վկայել գոնե այն խանդաղատանքը, որ նա տածում է հանդեպ Սեդրակ Առաքելյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի:

Ի՞նչն է հատկապես բնորոշ Զարդարյան – ստեղծագործողին: Ըստ իս, երբեք արածով չբավարարվելը, իրեն չկրկնելը: Ամեն անգամ հադես գալ նորովի, անել այնպես, որ ամեն ինչ դառնա երևույթ: Երբեք չունենալ մի ինչ-որ վերջնական կետ՝ հասնելու և առավ ևս կանգ առնելու: Ու որոնել, անվերջ որոնել, լինել խստապահանջ, անզիջում ինքն իր հանդեպ: Երազել ու տառապել, ունենալ սեփական աշխարհ, տարերք … Այս ամենն ի վերջո դառնում է այն, ինչ կոչվում է արվեստագետի երջանկություն:

1986 թ.

«Էսսեներ. Հարցազրույցներ» ժողովածուից

 

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ