Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

Երբ գալիս է «ԾԻՐԱՆԸ»

                                                                                                                                                                                                    

«Բարի հսկային» նման մի ծերուկ՝ թախծոտ, արտահայտիչ աչքերով, գրեթե հայի աչքերով, Ֆելինիի, Անտոնիոնիի, Տարկովսկու, Մաստրոյանիի, Մոնիչելիի ընկերը, լեռների մեջ կորած Գեղարդավանքում փարվում է տաճարի հազարամյա քարերին, տիեզերական լռության մեջ խոսում է ինքն իր հետ ու սիրահարվում Հայաստան երկրին, Հայաստան աշխարհին, հային, հայկականին:

Համաշխարհային կինոյի լեգենդներից է՝ Տոնինո Գուերան:

Հետո, լեգենդի մահից հետո, նրա բացահայտած Հայաստան է գալիս նրա անփոխարինելի մուսան, պատմում է նրա ու Հայաստանի մեծ, տիեզերական սիրո մասին ու Հայաստանից համայն աշխարհի համար կրկին ասում է. «Ես սիրում եմ քեզ Տոնինոչկա»:

Շեղաչք, կարճահասակ մի մարդ՝ մի քիչ երկարավուն մազերով, մի քիչ տարօրինակ հագուստով, երևանյան տապն արհամարհած, անհոգ ու գրեթե ծալապատիկ հարազատաբար նստած է «Երևան» հյուրանոցի մուտքի մոտ: Երևանում անցորդներն այդ մարդուն, կարելի է ասել, չեն ճանաչում, իսկ աշխարհում միլիոնավոր մարդիկ երազում են նրան գեթ մեկ վայրկյան տեսնել: Անգամ նրա հայրենիքում են երազում նրան տեսնել:

Համաշխարհային կինոյի լեգենդներից է՝ Կիմ կի-Դուկը:

Հետո երեկոյացած Երևանի լույսերի մեջ, Փարաջանովի տան հյուրընկալ հարկի ներքո նա լսում է հայկական դուդուկի մեղեդին, ճաշակում է հայկական չոր, կարմիր գինին ու այլևս «մնում» է Հայաստանում:    

Բարեկիրթ, պոետիկ, խորիմաստ հայացքով, շարժումների, կեցվածքի, շփումների մեջ զուսպ մի մարդ, որի բարեհաճությանը սպասում են աշխարհի բազում երկրներում, որի խոսքին, ներկայությանը, ստեղծածին հաղորդակցվելու համար աշխարհի մարդիկ սպասում են տարիներով՝ առանց պատսպարվելու երևանյան այրող արևից, շրջում է երևանյան փողոցներով, երեկոյան զովին ծիրանենու շվաքում ճաշակում է հայկական լավաշը, դաղձը, ծիրանը, իր ներսում իմաստավորում է Հայաստանը, իր ճանաչած հային, ու ասում է. «Հայաստան սիրով եմ գալիս»:

Համաշխարհային կինոյի լեգենդներից է՝ Աբաս Քիարոսթամին:

Հետո իր կյանքի մի նյարդը կազմող լուսանկարների հավաքածուն, որ նուրբ զգացողությունների ռեժիսորի, բանաստեղծի, լուսանկարչի  համար թանկ են ու մասունք՝ նվիրում է Հայաստանին: Նվիրում է սիրով:

Ու այսպես, հայաստանյան ծույլ ամառվա գրեթե կեսին, երբ կեռասն ու բալն արդեն Երևանի փողոցների ծառերի կատարներին են միայն, երբ թութն արդեն պուտպուտորեն գունազարդած է լինում երևանյան մայթերը, երբ հայաստանյան մրգերի գույներից անգամ գեղանկարիչներն են խենթանում, երբ ծիրանն արդեն վերջանալու վրա է, գալիս է «Ոսկե Ծիրան»-ն ու Հայաստան է գալիս համաշխարհային կինոն՝ իր համաշխարհային մեծերով:

Ու Երևանը դառնում է այնքան երեսառած, որ հանգիստ է թողնում անշտապ զբոսնող իր երևելիներին՝ Արտավազդ Փելեշյանին, Ռոման Բալայանին, Տիգրան Մանսուրյանին, Ռոբեր Գեդիկյանին, Ալեն Թերզյանին ու այլոց:

Անկեղծ ասած, ուզում էի վիճակագրորեն նայել «Ոսկե Ծիրանի»-ն, դուրս բերել համաշխարհային հռչակ ունեցող՝ և ոչ միայն, բոլոր այն ռեժիսորների ու դերասանների, կինոգետների ու կինոքննադատների, կինոկառավարիչների ու կինոարտադրողների անունները, որոնք անցած տասնչորս տարիների ընթացքում «անցել» են Հայաստանով:

Ուզում էի հիշել այն հազարավոր ֆիլմերը, որոնք հայտավորվել են անցած տասնչորս տարիներին, և այն հարյուրավորները, որոնք «Ոսկե Ծիրանի» կառավարիչները համբերատարորեն ու խստորեն ընտրել են Երևանի էկրանների համար:

Ուզում էի մտաբերել այն տողերը, որոնք տասնչորս տարի շարունակ դաջվել են համաշխարհային մեդիայի էջերին, այն պատկերները, որոնք սփռվել են աշխարհով մեկ:

Նույնիսկ փորձեցի թվերի մեջ «մտնել». տասնչորս տարում որքա՞ն ֆինանսներ են հատկացրել «Ոսկե Ծիրանի» համարտադրության հարթակները զանազան ֆիլմերի արտադրության համար, որքա՞ն հայազգի կինոգործիչներ են օգտվել այդ ռեսուրսրներից, քանի՞ խաղարկային և վավերագրական ֆիլմ է արտադրվել, քանի՞ հայկական ֆիլմ է շրջանառվել «Հայկական համայնապատկեր»-ում, «Կորիզ»-ում, քանի անհասանելի ֆիլմ է «պտտվել» մրցութային ու արտամրցութային ծրագրերում, քանի՞ երկրների ֆիլմ է դիտել հայաստանցի հանդիսատեսը, քանի՞ կինոմշակույթի, կինոմտածողության է ծանոթացել, երևանյան քանի՞ պրեմիերա է վայելել, քանի՞ մարդ է առանց ծախսի ու առանց թանկ ճամփորդության «մեկնել» Կանն, Բեռլին, Վենետիկ, Ամստերդամ, Մոսկվա, Ռոտերդամ, Նիոն, Մյունխեն, Շանհայ, Սեուլ, Պուսան, Մարսել, Էդինբուրգ և այլուր՝ համաշխարհային կինո դիտելու:

Բայց հասկացա, որ նախ անհնար է վիճակագրությամբ պատմել, թե ինչ են տեսել ու զգացել Հայաստանում Քշիշտոֆ Զանուսին ու Գոդֆրի Ռեջիոն, Ալեքսանդր Սոկուրովն ու Մարկո Բելոկիոն, Մոհսեն Մախմալբաֆն ու Բրունո Դյումոնը, Լեոս Կարաքսն ու Անդրեյ Զվյագինցևը, Ավրորա Կուատրոկին ու Չեկի Կարիոն, Վիմ Վենդերսն ու Էնրիկա Անտոնիոնին, Գորան Պասկալևիչն ու Դարիուշ Մեհրջուին, Ռոբ Նիլսոնն ու Կոհեյ Օգուրին, Յոս Ստելլինգն ու Իշտվան Սաբոն, Կատրին Բրեյան և ուրիշներ, շատ, շատ ուրիշներ: Նաև նրանք, որոնք Հայաստանից են ձեռք բերել հռչակը, Հայաստանում են գտել ճանապարհը, ելքը, ուղին:

Հասկացա, որ անհնար է նաև վիճակագրորեն արձանագրել, թե ի՞նչ են զգացել աշխարհը խենթացրած կանայք՝ Կլաուդիա Կարդինալեն, Ֆաննի Արդանը, Ժակլին Բիսեթը, Օրնելլա Մուտին, Նաստասյա Կինսկի, երբ քայլել են երևանյան հալվող ասֆալտի վրայով, որսացել են հայաստանցի տղամարդկանց տարիներ ձգված սիրահետող հայացքները, երբ վայելել են հայաստանյան ծիրանի օղին, արցախյան թթինը, հայկական երգի մեղեդին, հայկական պարի շարժումը ու հայաստանցի չխանդող կանանց:

Հասկացա, որ անհնար է ի վերջո վիճակագրորեն պատկերել այն զգացողությունները, որ ունենում ես Կաննում, Վենետիկում կամ այլուր տրիումֆով անցած  ֆիլմերը «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ կամ կարմիր դահլիճի զովին բազմած դիտելիս, երբ որևէ ֆիլմի ռեժիսոր դահլիճում քո կողքին է ու սպասում է քո արձագանքին, երբ համաշխարհային կինոլեգենդը մեկուսի դիտում է քո երկրի հայտնի կամ ոչ այնքան ռեժիսորի ֆիլմը ու շնորհավորում է նրան, կամ փախցնում է հայացքը, երբ համաշխարհային կինոմեծությունը քեզ վարպետության դաս է տալիս իր անցած ճանապարհով, իր արվեստով:

Բայց արդյոք միայն զգացողությունների նկարագրության անհնարինությո՞ւնն էր պատճառը, որ վիճակագրությունը չստացվեց: Ոչ, որովհետև այդ վիճակագրությունն այլևս վեր է մեկ անհատի ուժերից: Այն արդեն ինստիտուցիոնալ կառույցի աշխատանք է և նույնիսկ այդ պարագայում՝ գերծանր աշխատանք, մարդկային մեծ ռեսուրս պահանջող աշխատանք, որովհետև արդեն տասնչորս տարի «Ոսկե Ծիրան»-ը՝ լինելով համաշխարհային կինոյի մաս, նաև Հայաստանի մշակութային իրականության մաս է, տնտեսական քաղաքականության մաս, վաղուց կապիտալիզացված մշակույթ:

Մշակութաբանական երևույթ է «Ոսկե Ծիրան»-ը, մշակութային ներմուծման և արտահանման ինդուստրիա, զբոսաշրջային գործոն, հզոր ու ներազդող քարոզչություն հայի ու Հայաստանի, հայ մշակույթի, արվեստի, պատմության, խոհանոցի, հյուրընկալության, ասել է թե՝ պետության:

Մի քանի օրից Երևան է գալու ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի ֆիլմը, որն օրեր առաջ «Ոսկե Արմավենի» է ստացել Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնում:  

Երևան է գալու օրեր առաջ Բեռլինի կինոփառառոնում «Ոսկե արջ»-ի արժանացած հունգարացի ռեժիսոր Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը:

Երևան է գալու ռեժիսոր Լավ Դիասի ֆիլմը, որը Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր է:

Երևան է գալու ռեժիսոր Բոյան Վուլետիչի «Ռեքվիեմ տիկին Ջեյի համար» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է Բեռլինի 67-րդ կինոփառատոնի օրերին:

Երևան են գալու լեհական կինոյի մեծ վարպետի՝ Անջեյ Վայդայի, Ֆրանսուա Օզոնի, Հյու Հադսոնի, Կիմ Կի-Դուկի ու շատ այլ կինոլեգենդների ֆիլմերը, Ամստերդամի միջազգային վավերագրական կինոփառատոնում լավագույնը ճանաչված և Եվրոպական կինոակադեմիայի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Ընտանեկան պատմություն» ֆիլմը՝ ռեժիսոր Թոմ Ֆասարթի մեկնությամբ:

Երևան է գալու  Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը՝ որն անդրադառնում է հայոց Ցեղասպանությանը:

Երևանում կայանալու է Բեռլինի եւ Կաննի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմի պրեմիերան:

Ի վերջո «Ծիրան»-ային օրերին երևանյան արևից մի քիչ արևհարվելու է Ուրսուլա Անդրեսի, Հոլլի Բերրիի, Սոֆի Մարսոի շարքում Ջեյմս Բոնդի «ընկերուհիներին» համալրած գեղեցկուհին՝ Մարիամ դ՛Աբոն, իր հմայքով խարդավելով երևանյան «Ծիրան»-ոտ օրերը:

Երբ գալիս է «Ոսկե Ծիրանը», համաշխարհային կինոն ու նրա լեգենդները քայլում են Հայաստանում, միայն Հայաստանում, վայելում են Հայաստանն ու հայի ոգին, հայի շունչը, հյուրընկալությունը, նվիրումը, սերը ու դրանք տանում են աշխարհով մեկ, իսկ երեսառած Երևանին մնում է վայելել կինոն, շոգը, ամառը, գույները, զով երեկոների «Ծիրան»-յան ջազը, գիշերային կինոօրերի շունչը, սուրճ, սառը սպիտակ գինի և անսեթևեթ ու ազատ մարդկանց սիրուն ներկայությունը:   

Այլ կերպ հնարավոր չէ, քանզի յուրաքանչյուրն արդեն իր «Ոսկե Ծիրան»-ն ունի Երևանում, «Ծիրան»-յան կյանքի իր ռիթմը, որովհետև արդեն տասնչորս տարի Երևանի կյանքը ամռան այս օրերին մի քիչ «Ծիրան»-անում է:

Ի՞նչ էինք ուզում...«...Если женщина каждый день артиста видит, академика видит, космонавта видит, Иштояна видит...»:

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ