Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«…Երբ Հառիճավանքում ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆՆ Է…»

 

Տարիներ առաջ, երբ զրուցում էի մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ, իմ «ի՞նչ է սերը» հարցին վարպետը մի պատասխան տվեց, որ այդուհետ շարունակում է հնչել ներսումս որպես անքննելի մի բարձրաձայնում. «…Երբ ասում ենք սեր, անշուշտ, սեռի հարցն այստեղ ամենաառաջինն է, բայց սեռից դուրս, սեռից զատ, կա նաև սեր գաղափարի նկատմամբ, քո արմատների նկատմամբ, քո հարազատների նկատմամբ, նվիրյալների նկատմամբ, և, անշուշտ, սա՝ այս վերջինը, նույնպես սեր է: Ես օրինակ, շատ սիրում եմ Կոմիտասի երաժշտությունը: Ես սիրում եմ Արագած լեռը և Արարատ լեռը: Ես սիրում եմ ամառային այն ճանապարհը, որով գնում ենք Ապարանով դեպի ձախ՝ Արթիկ…»:

Եվ ահա Արագած լեռը թողած մի կողմում ու Արարատը՝ մյուսում, «Ապարանով դեպի ձախ՝ Արթիկ» ճանապարհը՝ այս անգամ շքեղ աշնանային, կրկին տանում է դեպի Հառիճ սքանչելի գյուղը՝ պատմականորեն այնքա՜ն շաղկապված մեր ժողովրդի նվիրական անուններին ու Կոմիտաս հանճարին մասնավորապես, ու ճակատագրականորեն այնքա՜ն ներկա մեր ժողովրդի կյանքում:

Իսկ Հառիճ գյուղում միջնադարյան հայի մտքի անկրկնելի գոհարն է՝ Հառիճավանքը, ձորի պռնկին ու ժայռի ծերպին հպարտորեն թիկնած Հառիճավանքը, որի քառասյուն գավիթում, անձեռակերտ թվացող կամարների ներքո սիրելի երգչուհին՝ Հասմիկ Պապյանը, մարդկայնորեն ազնիվ, ուխտագնացի պարզությամբ ու անսեթևեթ, անհավակնոտ հնչեցնում կոմիտասյան փառահեղ երգը: Ու հնչեցնում էր ոչ թե հրավիրյալ խավերի, այլևայլ ընտրյալների համար, այլ Հառիճեցիների, Հառիճավանք այցելած մահկանացուների, Հայաստան բացահայտող օտարների ու բոլոր նրանց համար, ովքեր հայ երգի ու հայոց իրական տերն են:

Սա սեր չէ՞ արդյոք գաղափարի նկատմամբ, արմատների նկատմամբ, հարազատների, նվիրյալների նկատմամբ. Սեր է, այո:

Ապարանով դեպի ձախ ճանապարհը, որ տանում է տաճար, իր երկու կողմերում շռայլորեն մերկացնում է մեր փոքրիկ, ափաչափ անծայրածիր երկրի մարմինը ու ցուցադրում է այն որպես մեծագույն վրձնի մի գործ՝ անձեռակերտ, աշնան՝ մինչև վերջ տրվածի շռայլությամբ:

Չգիտեմ, Կոմիտասն այս ճանապարհո՞վ էր արդյոք իր ընկերոջ՝ Երվանդ Տեր- Մինասյանի ուղեկցությամբ, գնում Հառիճ հարյուր տասնչորս տարի առաջ: Այս ճանապարհի՞ն էր ջերմում Կոմիտասը մալարիայի տենդից: Այս ճանապարհի՞ն էին կառքը տանող ձիերը անկարող դարձել հաղթահարելու ընթացքը, բայց այս ճանապարհին էր վիճակված բեկելու Կոմիտասի կյանքն ու բեկելու դեպի կյանք:

Կրկին տարիներ առաջ էր, երբ այս ճանապարհով առաջին անգամ անցնում էի որպես թե երազի ու իրականության սահմանագծով, ու ճանապարհը տանում էր դեպի Հառիճ ու Հառիճավանք, որոնք սիրելի էին դառնում վայրկյան առ վայրկյան: Ու սիրելի մնացին այլևս:

Ու այդժամ էր, որ Հառիճավանքի բակում հանդիպեցի փոքրիկ Սյուզիին, փոքրիկ հառիճեցի մի աղջկա, որ արևից ու ցրտից ճաքճքած կարմիր թուշիկներ ուներ, խելացի, անչափ խելացի աչքեր ու հառիճեցու հպարտությամբ պատմում էր, որ Հառիճավանքում Կոմիտասն է եղել, Իսահակյանը, ու մանկան պարզությամբ պատմում էր Հառիճի պատմությունը՝ հին օրերից մինչև մերօրյա ուխտավորներ՝ Հառիճն ու Հառիճավանքը դարձնելով այլևս պաշտելի:

Հիմա, երբ Հառիճավանքից լսվում է կոմիտասյան «Ծիրանի ծառ»-ը, «Գարուն ա, ձուն ա արել»-ը, «Խնկի ծառ»-ը, «Կանչե, կռունկ»-ը, «Էրվում եմ, էրվում եմ»-ը, «Կաքավիկ»-ը, «Քելե, քելե»-ն, «Հայաստան, երկիր դրախտավայր»-ը, ու Հասմիկ Պապյանի անշփոթելի ձայնն արձագանքում է շրջակա ձորերում՝ բախվելով Հառիճը եզրող հպարտ լեռներին, իսկ Հառիճավանքի բակում, աշնան արևից ջերմող հսկա սալաքարերին ուխտավորի նման նստած են պարզ ու շիտակ մարդիկ՝ ունկնդրելու համար սիրելի երգչուհուն, ես փնտրում եմ Սյուզիին ու չեմ գտնում, կամ՝ գուցե չեմ ճանաչում նրան, որովհետև Սյուզին մեծացել է, անշուշտ, բայց Հառիճավանքի բակում այլ փոքրիկ հառիճեցիներ կան՝ նույն արևից ու ցրտից ճաքճքած թուշիկներով, որ Կոմիտաս ունկնդրելով նույն հպարտությամբ են խոսում իրենց Հառիճի մասին:

Ու Սյուզիին այս անգամ փոխարինում են բազում ուխտավորներ տեսած վանքի բակում նստած հառիճեցի տատիկները, որ կասկածանքով նայելով «օտարներիս», այնուամենայնիվ հարցնում են. «Դուք բոլորդ գեներով հառիճեցի՞ եք»: 

Նրանք էլ են ուխտի՝ Հասմիկ Պապյանի կատարմամբ Կոմիտաս ունկնդրելու ուխտին, ու զմայլվում են իրենց մասնակցությամբ, հպարտ են, Կոմիտասով լեցուն, հիշում են իրենց երիտասարդ օրերի աշուններն ու տաք գույներով լցնում սիրտները:

- Մենք բոլորս գեներով Հառիճից ենք, Հառիճավանքից,- ասում եմ ու նրանք հասկանում են ասածիս իմաստը. «Բարձրագույն կրթություն չունիմ, սկեսուրս ըսավ, բա էրեխեքիդ ով պըդի պահե, բայց դպրոցում լավ կսովրեի, լավ աշակերդուհի էի: Այ, ըսիգ էլ մեր դբրոցն էր»,- ասում է, ցույց տալով Հառիճավանքի հոգևոր դպրոցի շենքը,-«ընբես, որ ամեն ինչ կհասկնամ». ասում է տատիկներից մեկը:

Գավիթում խտանում են կոմիտասյան երգի ելևէջները, տիեզերական խորհուրդը, որ կա Հառիճավանքի զորեղ կամարների ներքո՝ խորհրդավորության նորանոր պատրանքներ է ստեղծում, ու Հասմիկ Պապյանի կոմիտասյան երգը հեռու-հեռուներից պատկերներ է բերում ու սփռում տաճարի ներսում, տաճարից դուրս: Մերթ շողարձակում է Կոմիտասի՝ զվարթ ու կայտառ Կոմիտասի պատկերը՝ «Խնկի ծառ»-ի հետ կոմիտասյան Սոնա յարի վառվռուն հայացքը սահեցնելով, մերթ հառնում է այն Կոմիտասը, որ «Կանչե կռունկ» էր ասում ու «Հայաստան, երկիր դրախտավայր», որ բնիկ հայրենիք էր ու սիրելի երկիր:

Վանքի գավիթից հնչող ծափերը մի պահ սթափեցնող են թվում. չէ՞, որ այս գավիթում միայն աղոթք է հնչում առ աստված, բայց և ինչո՞ւ ծափերը աղոթք չեն առ աստված, երբ այդ ծափերը փառաբանում են հայ երգը, հայ երգի ստեղծողին, հայ երգը մաքրամաքուր հնչեցնողին, հայ երգի ազնիվ ունկնդրին, և ինչո՞ւ մենք մեր գավիթներում հաճախ չենք լսում այս երգը…

«Ես ուխտ ունեի... գնալ հանճարի հետքերով 7-րդ դարում կառուցված Հառիճավանք, ուր 115 տարի առաջ դարմանվել, ապրել և ստեղծագործել է մեր ամենանվիրյալը՝ Կոմիտասը»,- ասում է Հասմիկ Պապյանը:

Կոմիտասյան երգի նվիրումը Հառիճավանքում՝ կոմիտասյան երգի նման պարզ, անպաճույճ, գեղջկական շիտակությամբ ու նվիրվողի անկեղծությամբ էր, որ Հասմիկ Պապյանի կատարմամբ հնչեց որպես աղոթք առ հոգևոր Հայաստան: Ու ես կրկին հիշեցի իմ զրույցը մաեստրո Մանսուրյանի հետ. Իմ հարցին, թե՝ «ունենալո՞ւ ենք հոգևոր Հայաստան», մաեստրոն ասաց. «…Առաջին քայլը հոգևորի ուղղությամբ՝ հայոց լեզուն սրբությամբ պահպանելն է: Դրա շուրջը կգոյանան բոլոր մնացյալները, բոլոր մնացյալ սրբությունները: Քանի Հայրենիքում ենք, Ֆրանսիայում չենք, Ամերիկայում չենք, Հոլանդիայում չենք, մեր երեխաներին ուղղելու ենք դեպի հայոց լեզուն: Սա է ամենամեծ մեր հավատարմության արտահայտությունը և ամենապարզ, ամենամաքուր, ամենանախնական քայլը: Երեխային խոսեցնել մեծ հոր և մեծ մոր լեզվով, որ նրանք իրար հասկանան, իրար հետ կապի մեջ լինեն: Հայոց լեզուն մեր հոգևոր տան սյունն է…»:

Թույլ տամ ինձ ավելացնել՝ նաև հայ երգը, հայոց մաքրամաքուր երգը՝ հայոց լեզվով:

Հայ երգը նույնպես մեր զրույցն է մեր նախնիների հետ, երեխայի զրույցն է իր մեծ հոր ու մեծ մոր հետ՝ նրանց լեզվով: Ու սա է հոգևոր Հայաստանի կերտման ճանապարհը:

Երեկոյացող օրվա ավարտին ոչ ոք չէր ուզում հրաժեշտ տալ Հասմիկ Պապյանին, ոչ ոք չէր ուզում հրաժեշտ տալ Հառիճին ու Հառիճավանքին, հրաժեշտ տալ կոմիտասյան երգին… Եվ «Ո՞վ ենք մենք» տարակուսանքի մեջ՝ այսպիսի պահերին միշտ գալիս է միևնույն պատասխանը՝ մենք ԱՅՍ ենք: Հենց այն հառիճեցի տատիկներն ենք, հենց այն հոգևորականն ենք, որ հենված գավիթի սյանը մի պահ հիշեցրեց երիտասարդ Կոմիտասին, հենց այն մանուկներն ենք, որ անշնչացած կարծես Կոմիտաս էին լսում ու արթնանում անվերջ ծափերից...ԱՅՍ ԵՆՔ:

Հ.Գ. Այս փոքրիկ գիրը, որ ծնվեց Հառիճավանքում Հասմիկ Պապյանի՝ սեպտեմբերի 29-ի Կոմիտաս մեծության ծննդյան 150-ամյակին ձոնված փառահեղ համերգի զգացողություններով, ծնվեց հենց համերգի երեկոյան, բայց ընթերցողին ներկայացրեցինք այսօր միայն, որպեսզի հնարավորություն տայինք վայելելու նաև համերգի տեսագրությունից մի հատված, որը «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին է տրամադրել TM Production ընկերությունը, որի շնորհիվ կայացավ նաև սքանչելի օրը:

Իսկ Հասմիկ Պապյանին նվագակցում էր դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Հուսանք, որ առաջիկայում webtv.am մշակութային հեռուստաալիքում հնարավոր կլինի վայելել համերգն ամբողջությամբ:

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ