Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

Երբ «մահվան մասին պատմում է կյանքը». ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆՆ ու...որբերը

 

«Այդ գիշերը շատ մութն էր և լուսնյակ չկար տղաներ իրենց մօրմէն կորսուէին մենք մէկմեկու ձեռք կը բռնէինք որ չկորսուէինք մինչև անգամ չէինք կրնար ձայն հանիլ որովհետև սարի վրայ կռիվ էր...կային մայրեր և հայրեր որոնք իրենց տղաներ գետ կը ձգէին որ իրենց համար հանգիստ լինի փախչիլու կային մայրեր և հայրեր որոնք իրենց տղաներ կը թողնէին տաշտին մէջ և կերթային...». Արաքսի Գոնտակչեանց:

«...Բոլորին սպանած էին միայն մնացել էր իմ հօրեղբօր երկու հոգի տղան տաս տարեկան էր աղջիկը 12 տարեկան էր մենք մնացինք դիակների մէջ երեք օր երեք օրից յետոյ երեկոեան դէմ խազախները մեր գիւղով անցավ մեզ դիակների մէջ որ տեսաւ հեծցրին իրանց ձիաները բերին...». Վահան Տէր Թադեւոսեան:

«Իմ հայրս, որ մեռած էր մօրըս եղբօրըս քոյրիկիս հետ ճամբայ ելայք առաջին օր եկանք հասանք Աւանց...Մենք սոված և ծարաւ ընկանք ճամբայն և գիշեր է դաշտը փուշոտ և քարոտ մինչեւ անգամ մեր ոտներ սաղ կտրտուեց և այդ գիշեր լալով ողբալով ճամբայ գնացինք և ես մօրս բէռեր բռնելով այդ գիշեր քարերի մէջ գնում էին անտէր հովիւ պէս...Տղայ մը, որ եզի մեջ որ վրայ նստած էր եզը նրան տարաւ գետի մէջ և եզ նստեց տղան եզի վրայ գնած ըլլալով գետը ընկաւ և գետը նրան տարաւ և մենք մեր ճամբան շարունակեցինք...

...8 օր էլ մնալով Էջմիածի և 8 օրէն վեր ճամբայ ելանք և մի օրից հասանք Երևան մի պաղի մէջ նստանք 3 օր և յետոյ այն տեղ լաւ չէր և մենք այնտեղից դուրս ելանք մի տուն փռնեցին...յետոյ մայրս մեռաւ այն տան մէջը և մենք տասնհինք օր մնացին քացինք առաջնորդարանից թուղթ փերինք և եկանք որբանոց...վերջացնելով իմ կարճ գիրըս և ես երկու երես ու կէս սուացելով ձեզ բան չհասկացրի և յետոյ լաւ չեմ գրեր»: Քարմիլէ Մանուկեան:

Արշավիր, Թովմաս, Գարմիլէ, Վարդան, Յարութիւն, Ռուբէն, Յակոբ, Միքայէլ, Վազգէն, Գուրգէն, Զաւէն, Գրիգոր, (Անանուն), Հայկ, Վեհազն, Օգսէն, Արտաշէս, Մանուէլ, Մեսրոպ, Գրիգորիս, Նուբար, Սիրարբի, Վաղարշակ, Արաքսի, Քարմիլէ, Վահան, Աղասի...

Նրանք՝ Հայոց Ցեղասպանության որբերն են, որ պարտադրված թողել են իրենց չքնաղ հայրենիքը, օրեր շարունակ մաքառել գաղթի դաժան ճանապարհներին՝ անթիվ մահերի ու սարսափների մեջ, կիսամերկ, հյուծված, անօթի, ծնողներին, երկիրն ու հույսը կորցրած...    

Վանից, Արճեշից, Ալաշկերտից, Շատախից գաղթած 8-15 տարեկան 27 որբեր, որոնց  բացառիկ ձեռագիր վավերագրերը՝ իրենց սերտած մայրենիով, իրենց բարբառների, խոսվածքների լեզվական ատաղձով, իրենց ուսանած ուղղագրությամբ, իրենց յուրացրած կետադրությամբ մարդկությանն են մնացել, ինչպես Հրանտ Մաթևոսյանը կասեր՝ «հայ մշակույթի սրբապատկերի», Վահան Տերյանի գերմարդկային ու ազնիվ ջանքով:

Այո, 1915-ի վերջերին հանճարեղ բանաստեղծը «թողնում» է պոետին ու որպես խորաթափանց գործիչ գալիս է Երևան, ու Ցարսկայա փողոցի որբանոցում ծվարած Հայոց Ցեղասպանության որբերին հանձնարարում է շարադրել արհավիրքի իրենց բաժին ողբերգությունը:

Նրանք շարադրում են, սրբագրում ու մաքրագրում են իրենց հիշողությունները բանաստեղծի խնդրանքով, գուցե նաև՝ ներկայությամբ: Նրանք փորձում են ավելին ասել, փորձում ավելի ճշգրիտ լինել, ավելի անսխալական, որովհետև անկեղծ են իրենց ու աշխարհի հետ. «վերջացնելով իմ կարճ գիրըս և ես երկու երես ու կէս սուացելով ձեզ բան չհասկացրի և յետոյ լաւ չեմ գրեր»:

Թվում է, թե նրանց գրավոր խոսքը գրագիտության խնդիր ունի: Բայց եթե պատկերացնենք, որ այդ երեխաներն իրենց անցածը վավերագրել են ապրած անմարդկային ցնցումներից ընդամենը ամիսներ անց՝ Ցեղասպանության սահմռկեցուցիչ պատկերները դեռևս ունենալով իրենց մտապատկերում, պիտի նկատենք նաև, որ նրանց շարադրանքները չափազանց հարուստ են գրավոր ու հատկապես բանավոր խոսքի մշակույթի առումով, որ նրանց պատկերային մտածողությունը չափազանց բանաստեղծական է:

Իսկ սա վկայում է, որ իրենց կորսված հայրենիքում այս երեխաներն ապրել են տոհմիկ հայկական ընտանիքներում, ավանդական հայկական կենցաղավարությամբ, դաստիարակությամբ, երբ զավակները մասնակցում են տան, օջախի նիստ ու կացին, երբ ծնողները, մեծ հայրերն ու մեծ մայրերը նրանց մեծավարի մասնակից են դարձնում իրենց խոսք ու զրույցին: Վկայում է, որ այս երեխաներն ապրել են աշխատավոր, արարող  ընտանիքներում՝ գրով, աղոթքով, ստեղծողի հոգսով, այգի մշակելով, խմոր հունցելով, հաց թխելով, հանդ գնալով ու օջախի ապրումին մասնակից լինելով:

1916-ի հունվար թվակիր այդ շարադրանքներն ուղղակի ձեռագիր դաջվածքներ են, որոնք հայրենազրկված որբերը թողել են իրենցից հետո եկող բոլորի փոխարեն:

Աշխարհի անցուդարձին, հայ ժողովրդի ճակատագրին, տերությունների ու հզորների դավադրություններին, «իր» քաղաքականների մտքին ու կարողություններին քաջատեղյակ պոետը, ըստ էության առաջինը լինելով, բացառիկ մտահղացմամբ և որպես անհերքելիության անքննելի «լեգիտիմություն»՝ Ցեղասպանությունն ապրած երեխաների միջոցով մարդկության, պատմության ու հետագայի համար վավերագրում է Հայոց Ցեղասպանության անուրանալի վկայությունները:

Ավելին, Վահան Տերյանի հանձնարարությամբ՝ արդեն 1916-ի ընթացքում և մինչև տարեվերջ, նրա ծանոթությունն ու մտերմությունը վայելող մարդիկ շրջում են նաև Էջմիածնի, Աշտարակի, Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի և այլ որբանոցներում՝ շարունակելու գերզգայուն բանաստեղծի սկսած անգնահատելի կարևորության գործը:

Նախշուն, Սողոմոն, Հայկազ, Արմենակ, Սիրվարդ, Եսթեր...«ռուսական հողերով» ցրված այս որբերի հիշողությունները հավաքագրում է արձակագիր, թարգմանիչ Կարեն Միքայելյանը՝ «Հոշոտված Հայաստան» իր գրվածքում՝ որի յուրաքանչյուր տող ուղղակի կաթվածահար է անում մարդու միտքը: 

«Նախշունը. Ծնուել է 1903 թուին Մշոյ դաշտի Բագուա գիւղում, ս. Կարապետի մօտ: Գտնւոմ է Մ.Հ.Կ. (Մոսկվայի հայկական կոմիտեի)Աշտարակի որբանոցում: Ընտանիքի անդամները Սահակ՝ հայրը, երկրագործ. Մարիամ՝ մայրը, Նախշուն՝ ինքը, Սեդրակ՝ եղբայրը, 9 տարեկան, Ալմաստ 7», Ազնուտ՝ քույրը՝ 1»...

«Նոր էի օջախը վառել և կաթը դրել վրան, երբ լսեցի մօրս ճիչը: -Ամաա՜ն, Նախշո՛ւն, եկո՛ւր, մեր դրացի Մանէին սպանեցին...ներքև անցնում էր մի գետ: Մենք իջանք նրա ափը և մայրս նշան արաւ, որ նստենք: Նա Ազնուտին իր գիրկն առաւ և սկսեց սրտագին համբուրել: Յանկարծ մէկ էլ այն տեսանք, որ մայրիկը ոտքի կանգնեց, Ազնուտին առաւ իր ձեռքերի վրայ և իր ամբողջ ուժով նետեց գետի մեջ...»:

Սահմռկեցուցիչ մի իրապատում է դառնում Ծերուն Թորգոմյանի «Լաչակս գլուխդ ըլլայ թող» վավերագրությունը, երբ գրողն արտապատկերում է բազմանդամ մի հայ ընտանիքի գաղթի ողբերգական պատմությունը: Մարդկային հակասականության մի տխուր պատմություն, որից փրկության նման ցայտում է կին երևույթի գերբնական էությունը, կնոջ առեղծվածային, տիեզերական կերպը.

«...-Է՜, Յարութ, աղէկ պրծանք թշնամու գիւլլաներէն:  Բայց Յարութը չը պատասխանեց, այլ աւելի անշարժ ու քարացած՝ մեխուած մնաց խաւարին մէջ իր կանգնած տեղին վրայ: Յանկարծ Ռեհանի սիրտը վայրկենական զգայութիւն մը ողղեց. մայրական մոռացուած գորովանքն էր ան, որ արթնացաւ իւր էութեան բոլոր մասերու մէջ:

-Ծո, մա՛րդ, քարի պէս սառեր, կանգներ ես, ճիժը գո՞ր ի, ձէն-ծուն չը կայ...».

Հարութը փախեփախի խառնաշփոթի մեջ որդուն մոռանում է գետի մյուս ափին, և Հարութի վախերը չեն հաղթում գլխավերևով սուրացող գնդակներին, վարարած գետի փրփրուն ալիքներին,  ու գետի մյուս ափին մարդասպանների կճղակների տակ մնացած որդին անգամ Հարութին չի դրդում վերադառնալ և փրկել զավակին, և Ռեհանն է նետվում գետը՝ իր աստվածային տեսակին հավատարիմ սովահար հայ մայրը: Ու գետի ալիքներից կառչած, թրջված դիակների կույտերին բախվելով անցնում է գետը, գտնում է նորածին որդուն, նորից գետն է նետվում՝ վերադարձի համար դեպի ընտանիքը, դեպի մյուս զավակները, բայց հետադարձին ափ հասած սպանվում է գլխավերևում սուրացող գնդակներից...  

Մղձավանջային պատմություններ, որոնք, սակայն, անհավատալիության աստիճան սառնասրտորեն են նկարագրում երեխաները: Կարծես անհուզական են իրենց բաժին ողբերգության դեմ հանդիման: Նրանք աննկարագրելի մի ներքին հանդարտությամբ են կարծես պատմում անմարդկային այդ դաժանությունները, որ իրենց անցած ճանապարհն են: Ակնհայտ է, որ ցնցումներն ուղղակի նրանց դուրս են բերել պատանեկան տարիքից, գուցե կոշտացրել են սիրտը, դեպքերն ու իրադարձությունները դրոշմվել են նրանց գիտակցության մեջ՝ չմոռանալու պարտադրանքով:

Եվ բանաստեղծն է գիտակցել, որ միայն երեխաները կարող են այդպես վավերագրել մահը, հայ բանաստեղծը, որ ավելին էր, քան հայ դիվանագետը, քաղաքականը, «գործիչը»: Գիտակցել է «մահվան մասին պատմել կյանքով» և չի սխալվել:

Երեխաները  Ցեղասպանությունը տարեգրում են գրեթե առանց զգացմունքի: Նրանց գրառումները զերծ են քաղաքականությունից ու քաղաքականացվածությունից,  զերծ են կուսակցական պաշտամունքացված տեսլականներից: Նրանք գրում են առանց կոնյուկտուրաների, առանց խմբագրելու պատմությունն ու իրականությունը, առանց համապատասխանեցնելու փաստերը քաղաքական, կուսակցական, տնտեսական շահերի: Նրանք ասում են ճշմարտությունը՝ առանց կուսակցականացված պատմագրական պատվերի, առանց ժամանակների ու ժամանակաշրջանների սրբագրումների, առանց պատեհապաշտությունների:

Այս պատանիներն իրենց ազնիվ պատմություններում նաև բացահայտումներ են անում՝ ակամայից իրենց ողբերգությունը փրկելով հետագա կեղծարարությունից: Բացահայտումներ, որոնք բախվում են պատմությունը սրբագրելու օտարների ու յուրայինների հարյուրամյա մոլուցքներին, որոնք ակամա վերածվում են աշխարհաքաղաքական եզրահանգումների, վերլուծությունների, դատողությունների՝ թույլ տալով վերպատմականորեն, վերկուսակցականորեն ու քաղաքականությունից անդին գնահատել ժամանակներն ու իրողությունները:

Նկարագրելով Վանի ինքնապաշտպանությանը հաջորդող իրադարձությունները, 13-ամյա Սիրարփի Բյուզանդյանն այսպիսի վավերագրում է անում.

 «...Հայեր կը կարծէին որ այլեւս գէշ օրեր չ պիտի տեսնիք ազատուեցանք թուրքի բարբարոս բռնութնէն չի նայելով որ ամիսէն վէրջ ռուս կառավարութիւն այնպէս խաղ մը խաղաց հայերու գլխին և մեր պար ոն նահանգապետին կառչ դատողութեան առանց վերջ մտածիլու հանկարծակի 24 ժամուան մէջ ամբողջ բնակութիւն ճամբոյ հանեցին...» :

Քանի՞ քաղաքագետ ու պատմաբան ու վերլուծաբան ու քաղաքական են ճգնել վերջին հարյուր տարում՝ հասկանալու համար նման վավերագրերի խորքերը և հասկացե՞լ են արդյոք և ցանկացե՞լ են արդյոք հասկանալ:

Դավերի, դավաճանությունների, խարդավանքների պատմագրական, աշխարհաքաղաքական մի ամբողջական ու ավարտուն մեկնություններ են՝ Աղասի Գօնդակչեան-ի պատումը. «Ժողովուդէն մի քանի կռուողներ ըսին ոչ մենք մեր քաղաք չէնք թողներ ինչպես որ մէկ ամիս կռուեցինք այսպէս ալ հիմայ կը կռուինք և կամաւորներն ալ կօգնեն մեզ Բայց իրենց ըսած խօսք չի կատարեցին: Ելան բոլոր հայերը իւղով բաղարջ թխեցին հաց թխեցին և ճամբու պատրաստութիւն տեսան...», ու Թովմաս Թովմասյանի վկայությունը, որ Վանին հարակից Ավանց բնակավայրի հայերն անցնում են թուրքական կառավարության կողմը՝ սպասարկելով Վանը պաշարած թուրքերին:

Բայց նաև աննկարագրելի հերոսականության դրվագներ են վավերագրում երեխաները՝ պատմելով թե ռազմաճակատի, թե թիկունքի անօրինակ սխրանքների մասին՝ այդ թվում և 10-12 տարեկան տղաների սխրանքների: Նրանք հիշատակում են 24-ամյա Հայկավանքցի Միքայելին, որ նետվում է թշնամու մեջ՝ դեմ առ դեմ մարտնչելու և անհավասար մարտում սպանելով թուրքի չորս կռվողի, ստիպում է զորքին նահանջել, բայց խփվում է նահանջողների հարվածից՝ մինչև արյան վերջին կաթիլը սակայն շարունակում է կրակել և մեռնում է երգելով՝ «կռվեցեք տղերք, կռվեցեք քաջ-քաջ»:

Պատմում են նաև 10-12 տարեկան այն մանուկների մասին, որոնք նետվում են ընկնող ռումբերի վրա և մինչ ռումբերի պայթելը հանում են նրանց ծխացող պատրույգները, դրանցում եղած վառոդն օգտագործելով թշնամու դեմ:    

Վահան Տերյան մեծ գործչի ու նրա գործչական ջիղի շնորհիվ հավաքագրված այս բացառիկ ձեռագիր վավերագրերը մենք հարյուր տարի թաքցրել ենք խունացած թղթերի արանքում, պահել ենք աչքից հեռու, աշխարհից ու մարդկությունից հեռու: Մենք սրանք չենք դրել ամերիկաների, եվրոպաների, ռուսաստանների, յունեսկոների ու մակերի սեղաններին, չենք թարգմանել աշխարհում իշխող լեզուներով,  չենք համաշխարհայնացրել մեր ողբերգության իրական դեմքը: Իսկ սրանք ավելին են, քան այն միլիոնավոր թղթերը, որ ստեղծվել են տարբեր «պահանջատիրական» գրասենյակներում, քան «Ցեղասպանություն» ասել- չասելու ջանքերի ջանքը, որի վրա ծախսել ենք ամեն ինչ: 

Ինչո՞ւ: Որովհետև՝ ինչպես Գրիգոր Պըլտյանը կասեր, հավանաբար. «Ազգը կը պակսի ժողովրդին»:

Իսկ գուցե փա՞ռք տանք թաքցնողներին, որովհետև կարող էինք այրել, ոչնչացնել, վերացնել, նետել աղբամանները, քանի որ այդ վավերագրերում ոչ միայն մեր տառապանքներն են ու հերոսականությունները, այլև մեր դավաճանությունները, մեր պատեհապաշտությունները, մեր մեղքն ու մեր մեղսակցությունը այդ որբերի, միլիոնավոր այլ որբացածների ճակատագրերում: Այդպես էլ ենք չէ՞ արել:

Մենք չենք կարողանում բաց նայել ճշմարտությանը:

Մեծ հաշվով ի՞նչ ենք արել Ցեղասպանությունից հետո տասնյակ տարիներ՝ Հայաստանով, սփյուռքով, քաղաքական «գործիչներով», կուսակցություններով: Մեծ հաշվով՝ երգել ենք «Երթանք Սասուն, իջնենք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...» ու դեռ երգում ենք: Իրականության մեջ սրբագրել ենք մեր իսկ անցյալը՝ սրբագրելով կենսագրություն, քաղաքական ուղի, քաղաքական անցյալ...ու դեռ սրբագրում ենք:

Վախեցել ենք մեր ողբերգությունից, որովհետև մերը չի եղել նույնիսկ վախենալու իրավունքը: Ցեղասպանությունից հիսուն-վաթսուն տարի հետո միայն՝ հիշատակելու  քարե մի թույլտվություն «թաշկինակի չափ» մնացած երկրում, տողատակում ասված մի քանի խոսք, ձայնանիշ, պատկեր, լռության մեկ րոպե՝ մեծ ու գերմարդկային ջանքով կորզված: Իսկ «թաշկինակի չափ» մնացած երկրից դո՞ւրս: «Գինի լի՛ց»:

Վախեցել ենք նույնիսկ մեր հերոսականությունից, որովհետև այն խառնել է պատմության մեր խաղաքարտերը:

Եվ որբերի ձեռագիր վավերագրերը չեն արժանացել նույնիսկ մի օրագրի ճակատագրի:  Գուցե այն պատճառով, որ վավերագրերում չկա՞ն փառաբանումներ ու ծնծղաներ, չկան տեսլականների տարփողումներ և կա իրականություն՝ իրական վկաների ձեռամբ ձեռագրված իրականություն:  Գուցե ա՞յլ պատճառով:

«...Կովկասում շատ բան տեսա ու լսեցի, բայց պատմվիլ չի նամակով: Լավ չէ: Ցինիզմը համատարած է, և ավազակությունն ու արկածախնդրությունը կատարյալ...վա՜յ հայ ազգին, որ նրա գործերի վարողները այդ թշվառներն ու ժուլիկներն են...»: Այս արձանագրումը Տերյանն անում է 1916-ի մարտի 21-ին, որպես ցավ ու խայտառակություն հայտնի տխրահռչակ մի ամսաթիվ: «Մարդկանց մեջ ես չըտեսա ոչ պարտազգացություն, ոչ պատասխանատվության զգացում: Ցինիզմը համատարած է և զազիր, և մաքուր մարդը կամ պիտի անվերջ աղաղակե այնտեղ, կամ թափ տա ոտների փոշին ու փախչի, բայց աղաղակելու տեղ չըկա..». մի ուրիշ արձանագրում, որ անում է բանաստեղծը՝  տանջալիորեն հյուծված, հիվանդացած տեսածով, ապրածով, զգացածով, ընկալածով:  

«Անհնար էր խոսքով անդրադառնալ ու նկարագրել մի երևույթ, որը նույնիսկ բառային մակարդակում ձևակերպված չէր». ահա այսպես է բանաստեղծը ձևակերպում որբերի վավերագրերը՝ ընդամենը չորս տարի ապրելով դժոխային այդ իրադարձություններով «հիվանդանալուց» հետո:

Տերյանի մահը ոչ միայն կիսատ է թողնում բանաստեղծի գործը, այլև փոխում է 1916-ով արդեն փոխված նրա կյանքի, գործի, պայքարի, պոեզիայի, անելիքների ու ժամանակի ընկալման ընթացքը, բայց մենք... չենք փոխում:

«...Աշխարհի քար անտարբերությունը հայ ժողովրդի բախտին, տիրակալությունների ու կառավարությունների՝ թվում է դավադիր ու դաշնակից լռությունը մեր ողբերգության առաջ՝ մի կողմից, և մյուս կողմից մեր ճիգերի պոետական խեղճությունը, որ հար և նման է Տերյանի անզորությանը, մեր հայացքներն ամեն անգամ դարձնում են Տերյանի ճակատագրական օրերին, երբ դավն ավելի քան բաց էր և մեր ճիգերն ավելի քան հավատավոր ու մաքուր...». դարձյալ Հրանտ Մաթևոսյանն է:

 Հ.Գ.

Ես տասը օր շարունակ ամեն օր կարդում էի Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. Հայ որբերի հուշերը»՝  փառք Աստծո պետական պատվերով հրատարակված կոթողային այն աշխատությունը, որտեղ մեծագույն իմացությամբ, խնամքով ու զգուշությամբ ամփոփված է մի մեծ ժողովրդի մղձավանջ  ու մի ողջ դարաշրջան, և որտեղից շեղատառ չակերտված վերցված են այդ մղձավանջին ու այդ ժամանակաշրջանին առնչվող վերը բերյալ բոլոր գրառումները: Ու, բնականաբար, չեն վերցված բազում այլերը, որոնք պակաս ահասարսուռ չեն ու պակաս բնութագրական, քանզի դրանք կարդալ է հարկավոր: Կարդալ ու անընդհատ կարդալ:

Ես կարդում էի նորից ու նորից: Կարդում էի առանց աչք թարթելու: Գևորգ Էմին-Տերյանը ոչ միայն հարյուր տարվա անհայտությունից լույս աշխարհ է բերել համաշխարհային նշանակության վավերագրեր, ոչ միայն հարյուր տարվա չարված գործն է արել, որպես Հայաստան իրական հայրենիքի մտավոր այր, այլև նոր ժամանակ է սահմանել  Հայաստան պետության, հայոց սփյուռքի, հայ քաղաքական, մշակութային, դիվանագիտական էլիտաների համար:

Հարյուր տարվա կորսված ժամանակի նոր սկիզբ, եթե, իհարկե, հարյուր տարի անց Ցեղասպանությունից և քսանհինգ տարի անց նոր պետականությունից, որի համար բազում կյանքեր են տրվել՝ վերափոխված է Գրիգոր Պըլտյանի ձևակերպումը. «Ազգը կը պակսի ժողովրդին»:

Գևորգ Էմին-Տերյանը խիզախել է նաև ծավալուն մի մենագրությամբ նորովի քննել Վահան Տերյանին՝ որպես Հայոց Ցեղասպանության վավերագրող, պատմագիտական նոր շերտեր բացահայտող նորահայացք ուսումնասիրությամբ երևակել Վանի ինքնապաշտպանությունը, Վասպուրականի գաղթը, Արճեշի, Շատախի, Ալաշկերտի դեպքերը: Գրականագետը նաև յուրահատուկ մեկնության է ենթարկել Հայոց Ցեղասպանության ազդեցությունը Վահան Տերյանի պոեզիայի վրա՝ «ստիպելով» վերջապես փոխել Տերյանի ընկալման կարծրատիպային մոտեցումները, «ստիպելով» այլ կերպ ընկալել բանաստեղծին՝ կրկին սահմանելով Տերյանագիտության նոր ժամանակի սկիզբ: Տերյանագիտությանն արդեն երկրորդ անգամ իր տվածով:

 Հ.Գ. 1

Գևորգ Էմին-Տերյանի հետ մենք երկար զրուցել ենք Տերյանի խիզախման մասին, խորհել Տերյանի անհայտ նախաձեռնության՝ երեխաների վավերագրերում «կոդավորված» հասկացությունների, երևույթների, գաղափարների շուրջ, որոնք բազում են:

Բայց ինձ համար այս ամենում առանձնանում է մի բացառիկ առեղծված. ՀԱՅՐԵՆԻՔ հասկացության ընկալումը մեզանում՝ որբերի, նրանցով շաղկապված՝ հետագա բոլոր սերունդների կողմից:  Նրանց, որոնք թողեցին իրենց հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, նրանց, որոնք ապրում էին ու ապրեցին «ռուսական հողերում»՝ Արևելյան Հայաստանում (երեխաների ընկալումն է այսպես), նրանց, որոնք ներգաղթեցին Խորհրդային Հայաստան, որը հայի վերջին հանգրվան էր հռչակված, նրանց, որոնք ապրում են այսօրվա Հայաստանում և անկախության սերունդն են...Ո՞րն է իրական հայրենիքը հայի համար: Տերյանը նաև այս դիսկուրսի հիմքն է դրել, որի շարունակությունը մենք չենք որոնել կարծես...    

Եվ Գևորգ Էմին Տերյանն իմ խնդրանքով հատուկ «ՀԱՅԵՐ»-ի համար գրում է.

«Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ աղմուկը գերակշիռ է, իսկ լռությունը՝ արհամարհված, որտեղ կարևորն ու անկարևորը հաճախ խառնվում են՝ ստեղծելով զավեշտ ու ողբերգություն: Տեսնում ենք ճաշակ չունեցող հարուստների և մտածողություն չունեցող քաղաքական գործիչների, լսում ենք ինքնասիրություն չունեցող արվեստագետների և ծառից պոկված տերևի նման դողացող մտավորականների:

Նույնիսկ մեռածները փորձում են նոր հանդերձներով ներկայանալ. հող ծախած գենսեկները ներկայանում են որպես սուրբ, հայերեն չիմացող գրողները՝ դասական: Եվ բոլորն ունեն մի թիրախ՝ ժողովուրդը: Այս ամբողջ աղմուկի մեջ աննկատելի է դառնում ամենաէականը. բոլորի նախնիները մի քանի հարյուր հազար որբերն են, որ  100 տարի առաջ հիմնադրեցին այսօրվա Հայաստանը:

Իհարկե, կային այլ խավեր ևս, օրինակ՝ զինվորականություն, որ փորձում էր պաշտպանել Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից, այդ զինվորականները կացնահարվեցին ու գնդակահարվեցին, կար իշխանություն, որ շփոթում էր պատճառներն ու հետևանքները, այդ իշխանությունը փախավ Հայաստանից, կար գյուղացիություն, որ լուռ հետևում էր իրադարձություններին, այն կուլակաթափվեց ու աքսորվեց, կար մտավորականություն, որ արդեն չէր հասկանում, թե ինչ է կատարվում, նրանք էլ գնդակահարվեցին ու աքսորվեցին:

Եվ միայն որբերն էին, որ որոշել էին ապրել և ապրեցին: Որբերն էին, որ դարձան Հայաստանի ողնաշարը: Որբերը դարձան գրողներ, դարձան վարպետներ, դարձան իշխանություն: Որբերը ձևավորեցին Հայաստանի պետությունը: Այսօր նրանք չեն երևում, բայց նրանց ժառանգությունն անթաքույց է. Հայաստանը դարձել է որբի պետություն, դիվանագիտությունը՝ որբի դիվանագիտություն, որ սպասում է, թե երբ մեկն իր գլուխը կշոյի ու մի դրական բան կասի, որ վախենում է մենակ մնալուց:

Հետևաբար, այս երեխաները, որոնց հետ հանդիպել է Վահան Տերյանը, այսօր էլ կան. նրանք դարձել են պետություն, մշակույթ, հոգեբանություն»:

Ահա այսպես... 

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ