Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Երբ սերը նախախնամությամբ է, ԲԺԻՇԿԸ՝ ԾՆՈՒՆԴՈՎ…».

 

Շա՜տ տարիներ առաջ, երբ դպրոցական գրադարանից գողացած գրքում կարդում էի զգայացունց  պատմությունը առասպելական բժշկի մասին, ու րոպե առ րոպե ապրում էի նվիրյալ բժշկի կյանքը՝ հիսունականների Հայաստանի հեռավո՜ր, շա՜տ հեռավոր գյուղում, գիշերային խավարի, ցեխոտ արահետների, անձրևի ու ցրտի գոյությամբ կյանքի ու մահվան սահմանագծին մարդու ապրելու համար կռիվ տվող բժշկի կյանքը, այն իրապես առասպելական էր թվում, գրողական հորինվածք, որքան էլ որ արձակը վավերագրական էր ու պատմությունը իրական ու հավաստի:

Գիրքը Վարդգես Պետրոսյանին էր, վավերագրական արձակը՝ «Վերջին գիշերը», Կողբ գյուղի բժշկի պատմությունը: Բժիշկ Նասիբյանի պատմությունը. «... Բժիշկը հանկարծ հիշեց մի քանի օր առաջ պատահած դեպքը: Հեռավոր մի գյուղից եկել էին իր հետևից, բայց իրեն ասացին մարդկանց գնալուց հետո միայն: Առաջին դեպքն էր դա իր ողջ կյանքում, առաջին անգամն էր, որ չսեղմեց իրեն պարզած ձեռքը և մտքում երդվեց, որ դա վերջինը կլինի: Վերջիինը: Այդ մի քանի օր առաջ էր. նա ամբողջ գիշեր աչք չփակեց, ամբողջ գիշեր նա լսում էր անծանոթ, հեռավոր մարդկանց ձայները, ամբողջ գիշեր նա ձայն էր տալիս ու արձագանք որոնում, ամբողջ գիշեր նա այրվում էր ամոթի խարույկի վրա...Ոչ, դա չի կրկնվի, բժիշկը մի՛շտ առողջ է՝, երբ հիվանդ կա...»:

Շատ տարիներ առաջ ես չգիտեի, որ տարիներ հետո հանդիպելու եմ մանկաբույժ Աննա Բալյանին, հետո նաև նրա ամուսնուն՝ մանկաբույժ Ռուբեն Արաբյանին, և նրանք ինձ համար երևակելու էին Կողբ գյուղի առասպելական բժշկի պատմությունը, որն արդեն բժշկի հավաքական պատմություն էր, իրական բժշկի հավաքական պատմություն, ծնունդով բժշկի հավաքական պատմություն, և երևակելու էին այդ պատմությունը իրենց իրական կենսագրությամբ:

Ես երևի առաջին անգամ եմ գրում մարդկանց մասին, որոնք ինձ համար գրեթե ընտանիքի անդամներ են, շուրջ երեսնամյա հարազատությամբ մարդիկ, ու չեմ կարծում, թե խախտում եմ մասնագիտական էթիկայի նորմերը, որովհետև նրանք բժիշկ են, նրանք ընտանիքի մարդ են ու հարազատ տասնյակ, հարյուրավոր ընտանիքների համար, ուր նրանց կոչումը դարմանել է, բժկել, փրկել…

Երեսուն տարի առաջ ես առաջինը հանդիպեցի մանկաբույժ Աննա Բալյանին: Հանդիպեցի պոլիկլինիկական բժշկի համեստ աշխատասենյակում և առաջին իսկ հայացքից հասկացա, որ հենց նա է լինելու երեխաներիս բժիշկը, նա է երեխաներիս ուղեկցելու առողջ կյանքի հորձանուտներ: Ոչ մի արտառոց բան չկար, ոչ մի նախանշան չկար, ուղղակի կար պարզ մի ընկալում. ծնունդով բժշկի «էպիկրիզը», որ լինում է բժշկի դեմքին դաջված, հայացքի անտեսանելի խորքերում, վարմունքի էության ենթատեքստերում:  

Հետո հանդիպեցի նաև Ռուբեն Արաբյանին: Սա արդեն անխուսափելի էր, որովհետև մտերմությունն արդեն ընտանեկան էր, մտերմությունն արդեն ընտանիքներում էր: Ու ոչ մի հակադրություն այր ու կին կոնտեքստում. նույն «էպիկրիզը»…

Աննա Բալյանն ու Ռուբեն Արաբյանը՝ մանկաբույժ, ռեանիմատոլոգ, անեստեզիոլոգ, մարդ, որ սրտի մանկական վիրահատությունների առաջին տարիներից այն Հայաստանում հիմնադրած անվանի մանկաբույժ Հրայր Հովակիմյանի գործընկերներից էր, գրեթե նույն կերպ բժշկի երդմամբ իրենց կյանքի պատմությունը սկսել էին հեռավոր Վարդենիկ գյուղում՝ Սևանա լճի հարավում, ծովի մակարդակից շուրջ երկու հազար մետր բարձրության վրա, ուր երբեմն երեսուն աստիճանի էր հասնում ձմեռների ցուրտը և որը շրջկենտրոնից հեռու էր շուրջ քառասուն կիլոմետր:

Եվ ուրեմն՝ «...բժիշկը մի՛շտ առողջ է՝, երբ հիվանդ կա...»՝ հիվանդ երեխա առավել ևս, ու բժշկի տան լույսը միշտ վառն է՝ անկախ նրանից՝ դրսում անձրև է, թե՞ ձյունախառն մրրիկ, կա՞ հիվանդին հասնելու որևէ միջոց, թե՞ միջոցը սեփական ոտքերն են:

Ինձ չէր կարող չհետաքրքրել, թե ինչպե՞ս հանդիպեցին, ինչպե՞ս սիրահարվեցին, ինչպե՞ս սիրեցին, ինչպե՞ս ծնվեց սերը, քանզի ինչպես մաեստրո Մանսուրյանն էր ասում. «…երբ ասում են սեր, անշուշտ, սեռի հարցն այստեղ ամենաառաջինն է, բայց սեռից դուրս, սեռից զատ կա նաև սեր գաղափարի նկատմամբ, քո արմատների նկատմամբ, քո հարազատների նկատմամբ, նվիրյալների նկատմամբ, և, անշուշտ, սա՝ այս վերջինը, նույնպես սեր է…»:

Եվ հենց այս սիրո մեջ պիտի ստեղծվեր նաև այն հրաշալի ընտանիքը, ուր մեծացան անկեղծ ու պարզ մարդիկ, ուր ջերմությունն ու սերը մշտական ներկայություն են, ուր առաջնայինը մարդն է, կամ բժիշկը, որ նույնն է նրանց պարագայում, ուր չկա հոգնություն ու դժկամություն, չկա մերժում, որովհետև նրանք բժիշկ են, ուր իշխում է փափուկ մի մթնոլորտ և օդի մեջ կյանք կա, կյանք ամենուր ու ամեն վայրկյանին, ուր կարող է թևածել ազատությունն ու միտքը, կարող է նվագել դաշնամուրն ու ռոմանսի ելևէջները տարածել շուրջը, ուր կարող է երգը հնչել մինչև ուշ գիշերին ու հետո... թողնել թանկ երեկոն ու կեսգիշերն անց գնալ հիվանդի մոտ, որովհետև նա ունի բժշկի կարիքը:

Աննան ծնվել էր Երևանի կենտրոնում, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, արմատները դեպի Հաղպատ էին գնում, դեպի հինավուրց ու բարի աշխարհի սիրտը, դեպի սքանչելի Լոռին:

Ռուբենի ծնողները հայրենադարձվել էին, ապրում էին Արեշի իրենց տանը, սեփական ձեռքերով սարքած տանը:

Նրանց ծնողները բժշիշկներ չէին, ընտանիքներում բժիշկներ չկային, հաշվապահներ էին, ինժեներներ, գիտնականներ, խաղողագործության գինեգործության ինստիտուտի հիմնադիրներից էր Ռուբենի հայրը՝ Հակոբ Արաբյանը, անվանի մարդ: Ռուբենի հայրը շուտ էր հեռացել կյանքից: Մայրը՝ պինդ, ամուր բնավորություն, մեծացրել էր երեք երեխաներին: Աննայի մայրը՝ համեստ, զուսպ, խոհեմ, նույնպես մտավորական մարդ, նույնպես երեխաների խնամքին, երեխաների հոգսով, երեխաների կյանքով…

Այս միջավայրերում էին մեծանում ծնունդով բժիշկները:  

Հանդիպել էին ուսանողական տարիներին, բժշկականում, բժշկականի նույն խմբում: Սերն առաջին հայացքից չէր: Առաջին հայացքից նույնիսկ անպատկերացնելի էր, որ կարող էր ստեղծվել այն ընտանիքը, որը ստեղծվեց: Բայց հանդիպումներն ու ընկերական ընդհանուր միջավայրերը բացահայտում են սերը, սիրահարվածությունը, ընտանիք ստեղծելու ձգտումը:

Սերն անհնար է պատկերացնել առանց զգայուն զեղումների, առանց սիրային նամակների, առանց անվարժ գրված բանաստեղծության կամ տողի…Երևանի կենտրոնում մեծացած գեղեցկուհին՝ երևանյան մշակույթի կրողն ու երևանյան տեսակի կրողը, չէր կարող չգերել: Աննայի հմայքը, որ երբեք չի լքել նրան ու նրա հետ է հավերժորեն, չէր կարող չգերել: Ռուբենը հետո պետք է «խոստովանի», որ սիրային նամակներն ու սիրային տողերը չէին կարող չլինել, թեկուզ տղամարդու նրա կերպը սիրելու այլ չափումներ ուներ…Չէին կարող չլինել, որովհետև հմայքի ու զգայուն հոգու առջև պատնեշները չեն դիմանում:  

Ինչպես բոլոր սերերն են անցնում փորձություններ, ժամանակի ընկալումներ, այնպես էլ այս սերը, և առաջին փորձություններից մեկն էլ դառնում է առաջնեկի հետ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքի մեկնումը Վարդենիկ՝ կատարելու բժշկի իրենց առաքելությունը և Երևանից հեռու, 80-ականների Վարդենիկում մեծացնելու նաև առաջնեկին՝ առաջին դստերը:

Վարդենիկյան հիշողությունների մեջ բժշկի կյանքին ուղեկցող օրվա հոգնատանջ ապրումներն են, գիշերային այցերն են մութ, ցուրտ եղանակին, անձրևին, արևին մանկաբույժի մասնագիտությունից զատ մնացած ամեն հիվանդություն բժշկելու բժկի իրենց չգրված պարտքը, օրենքը, որովհետև հեռավոր գյուղի մարդու համար, երբ շրջկենտրոնը  քառասուն կիլոմետր անդին է, բժիշկն ամենամբժիշկ է և ոչ մանկաբույժ միայն ու հրաժարումն այդ առաքելությունից անհասկանալի ու անըմբռնելի կարող է թվալ: Գնալ հիվանդի հետևից՝ մանկահասակ երեխային թողնելով հարևանների մոտ, հարևանների խնամքին շատ հաճախ:

Մանկահասակ երեխաները հիմա ընտանիքներ ունեն: Հիմա նրանց հիշողության մեջ անցյալի զգայուն դրվագներ են միայն ու ապագային միտված հայացքներ, որովհետև հիմա նրանք են մանկահասակ երեխաներ մեծացնում: Ծնունդով բժիշկներ ե՞ն նրանք, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, բայց մարդ լինելու են հաստատ, որովհետև ոչ մի բան չի կորչում ժամանակի մեջ:

Հիմա ես ուզում եմ հիշել մեր երեսնամյա մտերմության օրերը, ապրումները, ապրածն ու զգացածը. Դրանք նախ բացառիկ մարդկանց  հետ ապրած տարիներ են: Մարդիկ՝ մեծ իմացությամբ, ազատության ու ազատ մտքի յուրահատուկ ընկալումներով, ապրելու, ստեղծելու յուրահատուկ փիլիսոփայությամբ, մշակույթով, տեսակով, արմատներով:

Դրանք նաև բացառիկ բժիշկների հետ ապրած տարիներ են: Երևի ավելի մեծ բնութագրում չկա, քան բացառիկ բժիշկը. եզակի բժիշկ մանկաբույժներ, որոնց հետ այնքա՜ն հեռու է թվում վտանգը, այնքա՜ն ապահով կյանքը ու այնքա՜ն ամուր հավատը առ մարդն ու մարդու կոչումը…

Նորից հիշում եմ Վարդգես Պետրոսյանին.

«…Աշխարհի բոլոր թերությունների համար նա անհավատալի ծանրություն էր զգում իր սրտի, ուսերի վրա, նրան վիրավորում ու ցավ էին պատճառում ուրիշների սխալները: Բայց նա ատամներով սեղմած էր պահում իր խղճի մաքրությունը: Նա գիտեր, որ մարդ մնալու պարտականությունից իրեն բոլորովին չի ազատում այն փաստը, որ աշխարհում վատ մարդիկ էլ կան…»:

Որքա՜ն նման են բժիշկները, երբ բժիշկ են ծնունդով ու որքա՜ն նման են սերերը, երբ նախախնամությամբ են…

Հ.Գ. Աննա Յուրիի Բալյանն այսօր «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայի ղեկավարն է, ԵՊԲՀ-ի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի տեղակալը ամբուլատոր գծով, Ռուբեն Արաբյանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի բժիշկ:

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ