Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Երբ խաբկանք չեն ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ․․․»․ ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Առաջին անգամն էր, թերևս, երբ ուրվական բառը չզուգորդվեց վախերի ու տեսիլքների, ոգիների ու ստվերների հետ։

Առաջին անգամն էր, թերևս, երբ ուրվականը խաբկանքը չէր, որովհետև այն, ինչ ուրվական էր շա՜տ էր իրական, շա՜տ էր իրական ու մոտ և այնքա՜ն մոտ, որ լսելի էին ձայներն ու հնչյունները։

Առաջին անգամն էր, թերևս, երբ ուրվականը խաբուսիկ չէր, տեսողական պատրանք չէր, մտացածին ու երևակայական չէր, որովհետև այն, ինչ ուրվական էր, այնքա՜ն իմն էր, այնքա՜ն հարազատ, այնքա՜ն սիրելի, որ կարոտն անգամ անբառ ու աննյութ մի երևույթից դարձավ շոշափելի ու իրողական։

Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» ֆիլմն այն երևույթն է, որ կարոտը դարձնում է շոշափելի, որ թույլ է տալիս հպվել կարոտի թևերին, դիպչել, քսվել կարոտի սարսուռներին, և դա անել այնպես, որ քեզ հետ խոսես ինքդ, քեզ հետ խոսեն քո ինքնության դրոշմները, քեզ հետ խոսեն քո մանկության, քո պատանեկության ձայները, աղմուկները, խոսքերը, և դու գնաս այն հեռուները, ուր տաք է, ուր չկան անհանգստություններ ու տագնապներ, որովհետև կան այն մարդիկ, որոնք հենարան են, հենասյուն, ապավեն, և որոնց ներկայությամբ կյանքը մի երես ունի միայն՝ և դա երջանկության երեսն է։

Զգացական մեծ աշխարհով կինոռեժիսորի՝ Թամարա Ստեփանյանի ֆիլմը և անձնական էր, որովհետև անձնական էին ապրումները, հույզերը, զգացողությունները, անձնական էր պատումը, բայց և անանձնական էր խորապես, որովհետև այն մի քանի սերնդի ապրումների, հույզերի, զգացողությունների, ապրածի ու չապրածի կապակցումն էր այնպիսի նրբությամբ, որ խճճվում են անձնականի ու անանձնականի բոլոր լարերը, բոլոր թելերը, և ճանապարհորդությունը դեպի անցյալ բոլորիս՝ գոնե Թամարա Ստեփանյանի սերնդին, տանում է նույն տեղը՝ նույնական այնքան ու այնքան տարբեր անձնականորեն։

Հայկական կինոն, նրա ներքին խռովություններն ու ալեկոծությունները, նրա գաղտնագրված ասելիքներն ու ուղերձները, նրա ենթատեքստային մշակույթն ու ինքնութենական խորքերը դարձել են այն կինեմատոգրաֆիկ բանալիները, որոնց միջոցով Թամարա Ստեփանյանը գնում է դեպի մարդկային հոգու խորքերը՝ հասկանալու համար նախ իրեն, իր արմատները, իր ինքնության խարիսխները, այնուհետև դրանք բացելու նաև իր հանդիսատեսի առջև, իր հանդիսատեսին նույնպես տանելու դեպի արմատները, առերեսելու կյանքի, անցյալի, ժամանակի հետ, կարոտների ու ապրումների հետ, հեռավորի սիրուն արտապատկերումների հետ ներկայում։

«Իմ հայկական ուրվականները» ֆիլմը հայկական կինոյի մասին չէ, որքան էլ թվա առաջին հայացքից։

Գուցե հայկական կինոյի մասին է այնքանով, որքանով օտար հանդիսատեսին կարող է բերել դեպի հայկական կինոն, դեպի հայկական կինոյի ասելիքը, հայկական կինոյի կերպարները, դեպի հայկական կինոյի արմատները։

Գուցե հայկական կինոյի մասին է այնքանով, որքանով կարող է ցույց տալ, թե ինչպես կարող էր տաղանդավոր ու հանճարեղ մարդկանց մի աստղաբույլ՝ օգտագործելով Շագրենի կաշին՝ տվյալ պարագայում կինոյի հրաշքն ու կինոյի լեզուն, խոսել իր տառապանքների, իր իղձերի, իր ցանկությունների, իր երազանքների մասին, իր կորցրած հայրենիքի մասին, իր ժողովրդի կորուստների մասին, իր ժողովրդի ձգտումների մասին, ու փոքրանալ նույն Շագրենի կաշվի նման՝ զգալով իր սահմանների ճնշող փոքրությունը, բայց՝ ի տարբերություն Շագրենի կաշվի, չկորցնել իր էներգիան, չկորցնել պայքարելու ու ձգտելու իր նախախնամորեն սահմանված առաքելությունը, ճեղքել պատնեշներ, կոտրել կաղապարներ, սահմանել նշաձողեր։

Գուցե հայկական կինոյի մասին է այնքանով, որքանով թույլ է տալիս զգալ ու հասկանալ, թե ինչպես կարող էր այն ժամանակներում, երբ երկաթե վարագույրով պատված էր փոքրիկ այն երկիրը, որն ուներ քաղաքակրթական արմատներ, կարողացավ մեծ կինոյի լեզվով խոսել ազատության՝ մտքի ազատության, մարդու ազատության, երկրի ազատության և ընդհանրապես ազատության սահմանների մասին։

Այո, խոսել՝ տողատակային մշակույթով, ենթատեքստային մշակույթով, որը հատուկ էր ժամանակին, բայց խոսել այնքան հստակ ու այնքան երևակված, որն անհնար էր չնկատել։

Թամարա Ստեփանյանը լինելով տաղանդավոր ռեժիսոր, լինելով տաղանդավոր մարդկանց՝ ռեժիսոր, դերասան Վիգեն Ստեփանյանի, թավջութակահար Նարինե Հարությունյանի ընտանիքում կերտված, արվեստային միջավայրում կերտված, երևանյան բաց, անխառն, մաքուր երկնքի տակ մարդացած, բացառիկ զգուշությամբ, ակնածանքով ու խոնարհությամբ, նաև՝ բացառիկ մանրակրկտությամբ է մոտեցել հայկական կինոժառանգությանը՝ ընտրելով այն նշանային ֆիլմերն ու դրանց նշանային հատվածները, որոնք մոնտաժի բացառիկ զգայունությամբ ձուլված էին կինոռեժիսորի պատումին։

Հայկական կինոյի՝ Թամարա Ստեփանյանի ընկալումները, միանշանակ, անցնում են նրա արյունատար անոթներով, և հենց սա է, որ գալիս է հուշելու, որ ֆիլմը հայկական կինոյի մասին չէ։ Ֆիլմը մարդու մասին է, մարդ, որը խոսում ու պատմում է իր անցյալի, իր կարոտների մասին, իր հույզերի ու ապրումների, իր ժամանակի մասին՝ կարևորելով մարդու ներաշխարհը, մարդու կապն իր արմատների հետ, մարդու կապն իր ինքնության դրոշմների հետ, իր ժամանակի, իր ժամանակի ոգու ու մարդկանց հետ, իսկ այդ կապը, այդ կապի հանգույցը, որը երբեք հնարավոր չէ քանդել, ձևավորվում է մանկության հորիզոններում, ձևավորվում է հայրերի ու դուստրերի անբացատրելի կապով, մայրերի ու որդիների անբացատրելի կապով, տատիկ-պապիկների սիրո անբացատրելի գոյությամբ։

Այո, սովետի տարիներին հինգշաբթի օրերին հայկական հեռուստատեսությամբ հայկական կինո էին ցուցադրում։ Մենք նստում էինք մեր հայրերի ու մայրերի, մեր տատիկ-պապիկների կողքին ու նայում էինք հայկական կինոն։ Թեյ էինք խմում ձմռան երեկոները, սառը ձմերուկ էինք ուտում ամառային տապին ու նայում էինք հայկական կինոն, ու մեր ներսը լցվում էր մեր ինքնության շաղախով, որովհետև հայկական կինոն մեր մասին է, հայկական կինոն մենք ենք, մեր ինքնությունն է։

Մեր հիշողություններն ու ապրումները հետապնդում են մեզ, և այդ հետապնդումն է, որ Թամարա Ստեփանյանին ներկայացել է որպես ուրվական, և այդ ուրվականներն են, որ անձնական պատումի միջոցով ու կինեմատոգրաֆիկ լեզվով դառնում են անանձնական ուրվականներ, այո, մեր հայկական ուրվականները, որոնք, այո ոգիներ չեն, տեսիլքներ չեն, խաբկանքներ չեն, այլ․․․իրականություն են։ Իրականություն, որ բարության, երախտապարտության, խոնարհումի իրականությունն է։ 

Հ․Գ․ Զարմանալիորեն կամ նախասահմանորեն, ուրվական բառն իմ հիշողության մեջ զուգորդվում էր կինոյի հետ։ Կինոն Կոզինցևի «Համլետ»-ն էր, որը երբեմն-երբեմն ցուցադրում էին հայկական հեռուստատեսությամբ, հիմնականում ուշ ժամի, և ուրվականները, որ գալիս էին խոսելու Դանեմարքայի իշխանի հետ, ողջ գիշեր մնում էին որպես սարսափազդու տեսիլքներ։ Թամարա Ստեփանյանն իր «Իմ հայկական ուրվականները» սքանչելի ֆիլմով, որի համաշխարհային կինոպրեմիերան կայացավ Բեռլինի միջազգային կինոփառատոնում, իսկ հայաստանյանը՝ «Ոսկե ծիրան»-ում, փոխեց ոչ միայն կինեմատոգրաֆիկ ընկալումներ, կինոլեզվի մասին պատկերացումներ, ոչ միայն անձնական պատումն անցկացնելով սիրո միջով անանձնականացրեց, այլև փոխեց ուրվական բառի փիլիսոփայությունը, և ուրվականները եկան սիրո, կարոտի, ապրումի, զգացմունքի տեսքով։

«Անցյալը շալակած քարշ մի տվեք»․ «Բարև, ես եմ»-ում ասում է Դովլաթյանի հերոսը։ «Անցյալը շալակած քարշ մի տվեք»․ հիշում է Թամարա Ստեփանյանը, երբ ոչ միայն քարշ չի տալիս անցյալը որպես բեռ, այլև սիրելիների հետ երկխոսության մեջ անցյալը դարձնում է առանցք։ Ապագային նայելու առանցք։ Չի կարող լինել ապագա, երբ չկա հենման կետը։

«Չէ, տեր հայր, ես էս տեղերին ծանոթ եմ»․ «Բարև, ես եմ»-ում ասում է Դովլաթյանի հերոսը։

Թամարա Ստեփանյանը չի ասում, որ ինքը ծանոթ է այդ տեղերին, բայց ողջ ֆիլմով Թամարա Ստեփանյանն ուղղակի փաստում է այդ տեղերում իր լինելիությունը։ Իր արմատական լինելիությունը։    

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90