Ադրինե Աճեմյան
Ադրինե Աճեմյան

 

Ադրինեն

լրագրող

դառնալ 

երազել է 

դեռ դպրոցում:

 

Մասնագիտությունը՝

հեռուստալրագրող:

 

Համոզված է,

որ լրագրողը

պետք է լինի

անկողմնակալ:

 

Անարդարությունը,

սուտը, իսկ

լրագրողի

դեպքում՝ 

կողմնակալությունը,

ոչ մի կերպ

չի հանդուրժում:

 

Ռեալիստ է:

Համոզված է,

որ գիտելիքից,

պաշտոններից

և ամեն ինչից

կարևորը 

մշտապես

Մարդ լինելն է:   

Երբ խոսում են «ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ»

 

«Դուք այսօր Ձեր պատվին կազմակերպված միտինգում ասացիք, որ արցունքի հովիտ Հայաստանը կդարձնեք վարդերի հովիտ: Ինչպե՞ս: Հայաստանի լավագույն ներկայացուցիչները գտնվում են Հայաստանից դուրս, այդ թվում և Ձեր բարեկամները՝ Մարտիրոս Սարյանը, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: Նրանց բոլորին պետք է հավաքել: Ո՞ւր է մեր ինտելիգենցիան: Առանց ինտելիգենցիա մենք ոչինչ չենք ստեղծի...»:

Ֆրունզե Դովլաթյանի հայտնի «Երկունք» ֆիլմում այս խոսքերը վերագրվում են Եղիշե Չարենցին: Այս պահանջով է Չարենցը դիմում Ալեքսանդր Մյասնիկյանին, որն Հայաստան էր եկել 1921-ին, և ուզում էր վերածնել Հայաստանը:

Անտուն ու սոված մարդկանց, որբերի ու գաղթականների, թշվառության ու մահերի երկրի տերը՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, նաև Չարենց գիտեր. «...չգիտե՞ք արդյոք, որ ամեն մի գրաստ Գաբո, կամ ուրիշ Թաթոս, Մարգար կամ Եղո, կամ համբալ Սեթո իր խոնավ թոքերում ունի բյուր Տերյան ու Վեռլեն ու Էդգար Պո...»: Եվ այդ իմացությունն էր, որ Հայաստանը վերածնելու, գաբոներին, թաթոսներին մարգարներին, եղոներին ու համբալ սեթոներին փրկելու համար Մյասնիկյանը ոչ միայն Հայաստան է հրավիրում Սարյանին, Թամանյանին, Աճառյանին և շատ ու շատ ուրիշների, այլ նաև Ժողովրդական կոմիսարների խորհրդի հատուկ դեկրետով՝ որ նույնն է թե կառավարության որոշմամբ, թշվառ Երևանում հիմնում է «Գեղարդ»-ը՝  գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը, որը 1941-ից անվանակոչվում է մեծանուն հայ Փանոս Թերլեմեզյանի անվամբ ու տալիս թերլեմեզյանականների բազում սերունդներ:

Փանոս Թերլեմեզյանը 1928-ին նույնպես վերադառնում է Հայաստան՝ մասնակցելու իր երկրի վերածնությանը: Վանի Այգեստանում ծնված, ազգային ազատագրական պայքարի մարտիկ, Վասպուրականի հերոսամարտի մասնակից նկարիչը, որ սովորել էր Փարիզի Ժյուլիենի Գեղարվեստի մասնավոր ակադեմիայում, բնակվել էր Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, վերադառնում էր հայրենիք՝ կերտելու այն մարդկանց, որոնց սերունդներն այսօր երախտապարտ են լինում «Սերունդներով»:

Պահպանելով ամենայն հարգանքը բոլոր թերլեմեզյանցիների հանդեպ, այսօրվանները՝ Փանոս Թերելեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի մարդիկ, «Թերլեմեզյանի» հիմնադրման 95- ամյակը նշում են երեք ձեռնարկով՝ «Սերունդներ» վերնագրված 70 ստեղծագործությամբ մեծ ու անկրկնելի ցուցահանդեսով, որտեղ արվեստաբան Ելենա Մովսեսյանի համադրությամբ ներկայացված էին քոլեջի դասախոսների և նրանց ընտրած երեք լավագույն ուսանողների աշխատանքները, ձևի, գույնի ու լույսի նոր զուգորդմամբ ժամանակակից լուծումներով «Թերլեմեզյան ցուցասրահով» ու Փանոս Թերլեմեզյանի հրաշալի կիսանդրու բացմամբ:

Նրանք գիտակցում էին, որ Մարտիրոս Սարյանի, Վրթանես Ախիկյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Վահրամ Գայֆեճյանի, Գաբրիել Գյուրջյանի, Հակոբ Կոջոյանի, Եվրոպայի լավագույն կենտրոններում՝ Վիեննայում, Փարիզում, Մյունխենում, Մոսկվայում ուսանած և մեծ հեղինակություն վայելող արվեստագետների արժեքներն են «Թերլեմեզյան» հաստատության հիմքում:

«Որական առումով կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց ցուցահանդեսը և «Սերունդներ» խորագիրը կարծում եմ շատ խորհրդանշական էր, որովհետև մենք ցույց տվեցինք, թե ինչ է սերնդափոխությունը: Հոբելյանական այս օրը ուզեցինք մեր դասախոսներով ու նրանց ուսանողներով ներկայանալ հանրությանը՝ մեր դասախոսներին խնդրելով  ներկայացնել իրենց լավագույն շրջանավարտներից երեքի աշխատանքները և կանգնել կողք-կողքի: Մենք դասախոս ունենք, որն արդեն տասը սերունդ է տվել: Մենք ցույց տվեցինք, որ դասախոսն ու ուսանողն արդեն հավասար են քայլում ժամանակակից աշխարհում: Ինձ համար սա հաղթանակ էր»,-ասում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը:

Գեղեցկուհիների ուղեկցությամբ, որոնք քոլեջի դիզայներների շնորհիվ կրում են անտիկ շրջանից մինչև 21-րդ դարի նորաձևությունը ներկայացնող տարբեր ոճերի հագուստներ ու զարդեր, դիմակներ ու գլխարկներ, հյուրերը շրջում են ցուցասրահում, որն իր գույների, լուսավորության և ոճավորման ժամանակակից լուծումներով այլ գրավչություն է հաղորդում ներկայացված կտավներին ու քանդակներին՝ օգնելով ընկալել ստեղծագործողների մտահղացումները: Հյուրերի թվում է նաև Հայաստանի նախագահի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, որի աջակցությամբ է ծնվել թերլեմեզյանցիների նոր ցուցասրահը:   

«Մի օր երբ հերթական ցուցահանդեսն էինք կազմակերպել մեր արդեն նախկին ցուցասրահում, հրավիրել էինք նաև տիկին Սարգսյանին, որը որոշ ժամանակակից փոփոխությունների առաջարկներ արեց ցուցասրահի հետ կապված, ես էլ շատ անբռնազբոսիկ ասացի՝ իսկ ո՞ւմ հաշվին, որին նա անմիջապես արձագանքեց՝ ասելով՝ իհարկե իմ»,-ասում է Աննա Մնացականյանը:

«Մենք բնականաբար, անմիջապես գործի անցանք՝ սիրով ընդունելով Առաջին տիկնոջ աջակցությունը: Իհարկե նախատեսել էինք փոխել միայն դռները և վարագույրները, ինչը մեր պարագայում բավականին թանկ հաճույք էր, քանի որ ցուցասրահը հինգ  մետր բարձրություն ունի, բայց մենք օգտագործեցինք թերլեմեզյանական միտքը և այդ նույն գումարով՝ մեր դիզայների խորը մասնագիտական լուծումներով ստեղծեցինք այս ցուցասրահը, որը համապատասխանում է ժամանակակից գալերեայի պահանջներին: Հին շենքում ցուցասրահ չի եղել և շատ հաճելի է այսպիսի ցուցասրահ բացելը»,-շարունակում է օրվա խորհրդի մասին պատմել Աննա Մնացականյանը:

Ցուցասրահի դիզայները՝ Նարեկ Գասպարյանն ասում է. «Արել եմ այն, ինչ ինձ թելադրել է իմ ներաշխարհը»: Այսքանը և ոչ մի բառ ավելի:

Անցնում ենք դիտելու նաև Փանոս Թերլեմեզյանի կիսանդրին, որ այսուհետ դիմավորելու է բոլոր նրանց, ովքեր մուտք են գործելու գեղարվեստի այդ օջախը:  Կանաչ գրանիտե պատվանդանին մեծանուն նկարչի կիսադեմն է՝ մի քիչ խոժոռ, մտածկոտ: Գրանիտե պատվանդանին ստորագրությունն է՝ պեղված արխիվներից ու փասթատղթերից, իսկ կիսանդրու կողքին հնամենի, բացառիկ լուսանկարներ են, որ նույնպես պեղված են արխիվներից ու ներկայացնում են Փանոս Թերլեմեզյանի կյանքի ուշագրավ դրվագները:

«Ինձ համար Թերլեմեզյանը նախ և առաջ մեր ազգի պահապան-պաշտպաններից մեկն է, հետո նոր գեղանկարիչ: Նա իր ամբողջ կյանքը ներ է դրել մեր ազգի պաշտպանության գործում, անգամ այնքան, որ իր ընտանիքը չի ունեցել: Շատ քիչ ուսումնասիրված ուղղություն է Թերլեմեզյանի ռազմական կյանքը: Մենք գիտենք, որ նա դիպուկահար է եղել և Վանի ինքնապաշտպանության ժամանակ կատարել է շատ լուրջ հանձնարարություններ: Ինձ համար մեր ազգին ավելի շատ ռազմիկներ են պետք, հետո նոր մնացած բոլոր բնագավառների ներկայացուցիչները, որովհետև, եթե մենք չունենանք պահապան զինվորականություն, մեր ամբողջ ստեղծածը ջուրը կնկնի: Թերլեմեզյանի կիսանդրու  դիմաքանդակի մեջ փորձել եմ գտնել ռազմիկի կերպարը, որը մտախոհ մտածում է: Նա մեզ չէ, բայց նա շարունակում է մտածել իր ազգի մասին: Սա եմ ուզել ընդգծել»,-ասում է քանդակի հեղինակը՝ Իսակ Ապրեյանը:

Արվեստի տոնի մթնոլորտը «Թերլեմեզյանում» շարունակվում է սերունդների երկխոսությամբ, որը միակ երկխոսությունն է, որ ավարտ չունի:
 

Ադրինե Աճեմյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ