Անժելա Սահակյան
Անժելա Սահակյան

 

Անժելա

Սահակյանը

Փարիզում

ապրում է

ավելի քան

15 տարի:

 

Այդպես է

ստացվել:

 

Ծնվել է

Ղարաբաղում: 

Աշխատել է

հայկական

հեռուստատեսությունում,

գրքեր է

գրել,

ֆիլմեր

նկարահանել:

 

Այսօր

Փարիզի

հայկական

ռադիոյի

(AYP FM)

մեկնաբանն է,

«Արցախապատում»,

«Հայ մամուլի

տեսություն»

և «Բաց նամակ

ճշմարտության

պարտադրանքով»

հաղորդաշարերի

հեղինակը

և վարողը:

 

«Գործուղումս»

Ֆրանսիա

մի օր

կավարտվի

ու կվերադառնամ

տուն:

Հաստատ:

 

«Երբեք չմահացող ՊՈԵՏԸ...». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

 

«Ապրելու համար մի ելք կա: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին»: ԱԶՆԱՎՈՒՐ

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է:

Թվում էր, թե 94 տարի ապրած աշխարհահռչակ երգչի համար այլևս անելիք չկար, բայց արի ու տես, որ Շառլ Ազնավուրի համար ամեն տարիքի օրն ու ժամն իր  իմաստն ուներ և պատահական չէր, որ նա ցանկացել էր ապրել 100 տարի…

Թե ինչպիսին կլինեին 94-ից դեպի 100-ը գլորվող տարիները, այնուամենայնիվ՝ էլի մենք էինք ուրախանալու և հպարտանալու:

Շառլ Ազնավուրը գիտակցում էր, որ արդեն հասել է փառքի գագաթնակետին: Ֆրանսիայի և աշխարհի հանրահայտ բեմերը նվաճած, երգարվեստի աշխարհի կուռքը դարձած, լեգենդ-երգիչ-երգահանը հաղթահարելով կյանքի բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, առանց ընկրկելու՝ առաջ նայեց…

Որքան էլ դժվար է, պիտի խոստովանենք, որ հայ տեսակը ծնվում է՝ անցնելու կյանքի ամենաբարդ ու դժվար ճանապարհներով, մանավանդ, եթե բնությունը նրան պարգևել է արարելու շնորհը:

Ասում են՝ տաղանդի 99 %-ը աշխատասիրությունն է, և մենք սրանում կրկին համոզվում ենք, երբ ծանոթանում ենք հանրահայտ մարդկանց կյանքի պատմությանը:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել,- գրում է Շառլ Ազնավուրը,- շատ դառնություններ եմ ճաշակել այս ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ… Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրութից պոռթկացել եմ, երբեմն կոպտել եմ, կոպտել են ինձ…

Կասկածն ու հուսահատությունը, չհասկացված լինելու ու բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ: Բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել՝ դիմանալու, պաշտպանվելու համար: Քաղցը, ցուրտը, հոգնածությունը, զսպված արցունքն իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել:

Կանայք, որոնց ամեն ինչից վեր եմ դասել, սիրել են ինձ, խաբել, պաշտել, լքել: Բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ…

Ինչ արած, այդ է կյանքը, այդ է սերը…»:

Սերը… երևի հենց այս զորեղ զգացողությունն է ուժ տվել երգչին՝ հաղթահարելու, դիմակայելու ու վեր բարձրանալու:

«Եվ ով կասեր, որ քեզ կարող էի տեսնել,

Այս պահը մեզ նվիրեց խենթ ճակատագիրը,

Հանկարծ վերադարձրեց մեր անցած ճանապարհը,

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել…

Ջահել, նոր կյանք մտած սիրտս էր իմ գանձը,

Բայց փառասեր հայրդ իր ընտրյալն ուներ,

Քեզ ինձնից խլեցին, մեզ բաժին հասավ լացը,

Երբ փողով ծախեցին իմ սիրտն ու սերը մեր…

Քեզ էլ երբեք-երբեք չէի կարող տեսնել,

Քեզ այնքան եմ գրել… չեմ ստացել պատասխանը,

Շատ երկար է տանջել ինձ մեր սիրո վախճանը…

Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել»:

Ու գրեց նա, գրեց ու երգեց, մաքառելով ու ճեղքելով ամեն դժվարություն՝ կյանքի հորձանուտում թողնելով բոլոր հանդիմանությունները, համարձակ կանգնեց բեմահարթակի վրա.

«Ելույթս ունեցավ այն ավարտը, ինչին տենչում ու սպասում էի այդքան տարիների դժվարությունների, նվաստացումների ու բոլոր տեսակի թշնամիների միջով: Ինձ նորից են կանչում: Ես կանգնած եմ՝ չիմանալով ինչ անել: Մինչ փառքի թևերը գրկում են ինձ, ժողովուրդն ինձ վերցնում է իր սրտի վրա, իսկ սիրտը հալչում է հուզմունքից: Ես կանգնած եմ ծափերի տարափի տակ անշարժ, շվարած, արցունքներս աչքերիս:

Այդ երեկո, մինչ կուլիսներում սերն էր սպասում ինձ, ես նվաճեցի Փարիզը»:

Գլորվեցին տարիները, և նա դարձավ ճանաչված ու սիրված երգիչ, երգահան, բանաստեղծ, դերասան: Նրան հոտնկայս ծափահարեցին աշխարհի հանրաճանաչ դահլիճներում, դրանից ինքն ավելի ոգևորվեց և ոգևորեց հայ ժողովրդին:

1964 թվականին Շառլ Ազնավուրը Երևանում առաջին անգամ երգեց իր հայրենակիցների համար, շատերն այդ ժամանակ իմացան Շառլ Ազնավուրի մասին ու ջերմագին սիրով կապվեցին նրա անվան հետ:

1988 թվականի ահեղ երկրաշարժի օրերին Շառլ Ազնավուրը հայրենիքում էր. տեսավ փլատակների տակ հայ մանուկներ, ծերեր, երիտասարդներ, տեսավ ավերված իր երկիրը ու դառնագին լաց եղավ…

Բնությունից ժառանգած մեր գերզգայնությունը օրհասական պահերին մեզ մղել է աներևակայելի հնարների, համախմբվելով դարձել ենք բռունցք, և վերջնակետում թևածել է հաղթանակի ուժը:

Հայ ժողովրդի համար այդպիսի մի գերբնական ուժ էր Շառլ Ազնավուրի ներկայությունը երկրաշարժի օրերին: Ծնվեց «Pour toi Arménie» (Քեզ համար Հայաստան) երգը, որը դարձավ մեր վերքերի ամենազորեղ սպեղանին…

Այնուհետև, Շառլ Ազնավուրի  շարունակական  օգնությունը Հայաստանին՝ հանգեց «ԱԶՆԱՎՈՒՐ» հիմնադրամի ստեղծմանը.

«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «ԱԶՆԱՎՈՒՐ» հիմնադրամի ստեղծման մասին, որի համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական աշխատանքը»:

Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի անունն ու պատիվը բարձր սանդղակի վրա դնելով աշխարհին ապացուցեց՝ որքան էլ հային արմատախիլ անեն, տանջեն, հալածեն, նա իր տաղադով ու աշխատասիրությամբ կճեղքի ամենազորեղ պատնեշը, նա Թուրքիայի «հզորներին» մեծ ապտակ հասցրեց այն ժամանակ, երբ ֆրանսիացի նշանավոր աստղերը 1976 թ. ապրիլիի 24-ին՝ Շառլ Ազնավուրի հետ միասին ֆրանսիայի հեռուստաալիքներով կատարեցին Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված «Ils sont tombés» (նրանք ընկան) երգը (խոսքերը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Ժորժ Կառվարենցի):

«Նրանք ընկան ու չիմացան, թե ինչո՞ւ,
Տղամարդ, կին, թե երեխա, որ ապրել էին ուզում,

Անմեղ ու անպաշտպան, աչքերում՝ զարհուրանք
Հոշոտված ու սվինահար, այդ սպանդում ահարկու…:

… Անհոգ ու անտարբեր պապանձվել էր աշխարհը,

Երբ մի ազգ էր խեղդվում արյան ու ցեխի մեջ,

Ջազն ու խելագար պարը ողողել էր աշխարհը,

Ծածկելով անմեղ մանուկների լացն ու ճիչը…» :

Ֆրանսիայում Շառլ Ազնավուրը բոլորից առանձնանում էր իր երգերի յուրահատուկ խոսքերով, պարզ, հասկանալի, իրական, սիրելի կանանց տարօրինակ պատմություններով, կյանքի հետաքրքիր դրվագներով.

«Ահա գալիս ես տուն, կարծես բան չի եղել

Խաղում ես միշտ այդ դերը ու չես էլ բացատրում,

Թե ուր էիր կորել այս երկու ամիսները…:

…Չես էլ հարցնում դու ինձ, ինչպե՞ս եմ ես ապրել,

Ինչ են օրերս եղել, քեզնից հեռու, մենակ,

Չես էլ հարցնում դու ինձ, թե ինչ կա իմ կյանքում,

Կա՞ ուրիշն իմ հոգում, քեզնից բացի :

« Ահա գալիս ես տուն, իսկույն գրավելով

Տան ամեն մի հատվածը, ինձ չես էլ նկատում

Վիշտս անտեսելով, անում ես քո ուզածը»:

Շառլ Ազնավուրը եղել է իր շրջապատի ու իր երկրպագու կանանց սիրելին, նրա անունը ավելի շատ շրջանառվում էր Ֆրանսիայի ամենանշանավոր երգչուհիներից մեկի՝ Էդիթ Պիաֆի հետ, որը Շառլը համարում էր ընկերական ջերմ հարաբերություններ:

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»:

Մեծանուն երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, դերասան, մի շարք պարգևների, արժանացած, Ֆրանսիայի ՊԱՏՎՈ ԱՍՊԵՏ, Հայաստանի ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Շառլ Ազնավուրն իր ամբողջ կյանքն ապրեց ստեղծագործելով ու մաքառելով, երբեք չդժգոհելով իրեն բաժին հասած ճակատագրից. հաճախ էր շեշտում սա է կյանքը, ինչպես ֆրանսիացին է ասում՝ C’est la vie և ինքը հույսն իր վրա դնելով՝ առաջ էր շարժվում…

2018 թ. սեպտեմբերի 30-ը Շառլ Ազնավուրի շռայլորեն ապրած կյանքի վերջին օրն էր, ճակատագրի նախախնամությամբ նա գտնվում էր Ֆրանսիայի ալպյան շղթայում գտնվող իր սիրած Մուրիես գողտրիկ քաղաքի տանը, օրը սովորականի նման էր, նախաճաշ, այնուհետև մոտակա ռեստորանում ճաշ իր սիրած զրուցակցի հետ, երեկոյան քնելուց առաջ՝ ցնցուղ, գիտակցության կորուստ, սրտի կանգ, պատճառը՝ թոքերի այտուց:

Հոկտեմբերի 1- ի առավոտը գուժում է Շառլ Ազնավուրի մահը :

Հոկտեմբերի 5-ին, «Հաշմանդամների տուն» ռազմավարական համալիրում, Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց, ուր ներկա էին Ֆրանսիայի երեք նախագահները, քաղաքական, մշակութային  ազդեցիկ գործիչներ, հարազատներ, երկրպագուներ…

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր դամբանական խոսքն ավարտեց հետևյալ խոսքերով.

«Ազնավուրը մշտապես երգել է Հայաստանի, հայ ժողովրդի մասին՝ ցանկանալով պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնց փորձել են լռեցնել»:

«Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ:

Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը՝ քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, և մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը:

Այլևս նա մեզ չի լքի, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»:

Անժելա Սահակյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ