«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Երբևէ չէի տեսել ձիու, որը զարմացած նայեր, թե մարդն ինչպես է իրենից խլում ուտելու խոտը…». ZAKO


 

Նա նկարիչ էր ու մահացավ 1991-ին: 74 տարեկանում: Նա մահացավ ճիշտ այն տարում, երբ մահացավ  «Չարի կայսրությունը»: Իսկ նա, զարմանալի զուգադիպությամբ, ծնվել էր «Չարի կայսրության հետ՝ 1917-ին…: «…Սուտ, կեղծիք, զրկանքներ և ստորացում. սրանք էին Սովետի բերած «բարքերը», որոնք, ճակատագրի բերումով, նա պիտի «ճաշակեր»»:

Նա անցել էր ողջ պատերազմը, բայց անցել էր հիտլերյան համակենտրոնացման ճամբարներ կոչվող մահվան գործարաններով:

Նրա որդին, որ նրա պատմությունների միակ ժառանգորդն էր ու կրողը, հայրիկի արխիվում գտել էր հետաքրքիր իրեր, որոնք հայրը բերել էր Գերմանիայից՝ գրպանի մի հին ժամացույց, սպայական դաշույն, արվեստի մասին մի գիրք ու…շատ մանր ձեռագրով գրված մի օրագիր…

«…Հենց այն օրագիրը, որը կարող էր դառնալ նրա գնդակահարության պատճառը: Հակասովետական բովանդակությամբ այդ օրագիրը նա կարել էր շինելի օձիքի մեջ և մի ամբողջ տարի կրել, մինչև 1946-ի հունիսը: Մի ամբողջ տարի պատերազմի ավարտից հետո, երբ նրան վերջապես տվել էին փաստաթղթերը և թույլատրել տուն վերադառնալ՝ Հայաստան»:

Նա երբեք չէր պատմել իր կյանքի պատմությունը: Նա իր բացառիկ կյանքի պատմությունն ապրել էր լռության մեջ: Հետո լռության մեջ ապրել էր իր բացառիկ կյանքի պատմության հիշողությունը: Նրա սերունդը չէր սիրում խոսել: Նրա սերունդը լուռ սերունդ էր: Նրա սերնդի մեջ վախ կար: Վախն էր նրա սերնդի ապրած կյանքը: Նրա ցնծության մեջ անգամ վախ կար: Նրա ուրախության մեջ էր անգամ վախը:

«…Պա՛պ, դու էնքա՛ն լավ ես պատմում…Դու իսկական գրող կլինեիր: Ինչո՞ւ չես ուզում հուշերդ թղթին հանձնես…»,- մի օր հարցրել էր որդին: «Իհարկե ուզում եմ, բայց դեռ ժամանակը չի: Երբ լրանա ութսունս՝ կսկսեմ: Բայց ամենադժվարը՝ վերնագիրը, արդեն գտել եմ…այն կկոչվի «ԽԱԿ ՊՏՈՒՂ»,- պատասխանել էր հայրը: «Ու ի՞նչ ա դա նշանակում»,- հարցրել էր որդին: «Կարդալուց հետո կհասկանաս…»,-պատասխանել էր հայրը:

Որդին «Խակ պտուղ»-ը կարդալ ու՝ առավել ևս հասկանալ, չկաչողացավ, որովհետև հայրը մահացավ ու չգրեց իր «Խակ պտուղ»-ը: Նա չհասցրեց գրել և ոչ մի տող: Չհասցրե՞ց, թե՞ չցանկացավ: Մահվանից միայն տասը տարի առաջ էր նա իր կյանքից դժվարությամբ որոշ դրվագներ պատմել որդուն…: Եվ որդին առանց վարանելու գնաց հոր «Խակ պտուղ»-ին ընդառաջ: Գնաց՝ հաղթահարելով լռության մեջ ապրած հոր զգացողությունները, վախերը, հրճվանքները, հիշողություններն ու առերեսումները հոր մահվան կենսագրության հետ: Հայրերին հասկանալը որդիների ճակատագիրն է:   

«Վավերագրությունը ոչ միայն որպես հիմք կամ նյութ. այլև որպես թանգարանի նմուշ, որին ձեռքով դիպչել չի կարելի, հետո,…հետո վերցրե՛ք բոլոր միջոցները, որ ձեր ձեռք ի տակ են, կամ որոնց տիրապետում եք, ... բառ, լուսանկար, գծանկար, կամ պատկեր, և խառնե՛ք այս բոլորն իրար մի առանցքային գաղափարի շուրջ, որը պառկած է ուզածդ իրական պատմության հիմքում, քանի որ բոլոր իրական պատմությունները Աստծք ձեռքով են կերտվում». Սա գրեց որդին, երբ անցել էր հորը հասկանալու ճանապարհով ու բացել «Աստծո ձեռքով կերտված պատմությունների» հունը:

«…Երեք օր ու գիշեր առանց աչք թարթելու քայլում էինք: Չորրորդ օրը մենք սկսեցինք քայլելով քնել: Սկզբում ես չէի հավատում, որ դա հնարավոր է, բայց հետո սովորեցի: Զինվորները շարքով իրար ամուր թևանցուկ արած քնած քայլում են: Այս ձևով մենք կարողանում էինք գոնե մի քիչ հանգստանալ: Այդ չարաբաստիկ ու անհանգիստ գիշերը սաստիկ անձրև սկսեց գալ: Անձրևն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե կաթիլների փոխարեն քարեր են թափվում երկնքից: Ես երազ էի տեսնում: Երազումս Խուստուփն էր, մեր տունը, ծնողներս: Ամեն ինչ պայծառ լույսի մեջ էր, կանաչ և կապույտ գույների մեջ: Եվ հանկարծ անձրևը արթնացրեց ինձ…

Մենք քնած քայլում էինք, երբ ռմբակոծությունը սկսվեց…Գիշերային ռմբակոծությունից հետո գերմանական զորքերը շրջապատեցին մեզ: Դա ամենախոշոր պարտություններից մեկն էր, որ մենք կրեցինք պատերազմի սկզբում: Կիևի տակ միանգամից չորս դիվիզիա գերեվարեցին: Գերմանական պահակախմբի ուղեկցությամբ մեզ գնացքով բերեցին ռազմագերիների ճամբար, որը կոչվում էր «Վլադիմիրո-Վոլինսկ»: Այն գտնվում էր Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին…:   

…Ես երբևէ չէի տեսել ձիու, որը զարմացած աչքերով նայեր, թե մարդն ինչպես է իրենից խլում ուտելու խոտը: Գերիները ուժով քաշում էին ձիու ատամների տակից արդեն ծամված խոտը և արագորեն ուտում…»:

Այդ օրվանից նրա պատերազմը մի այլ պատերազմ էր: Մի այլ կռիվ էր նրա կռիվը:  Թվում է, թե բոլոր պատերազմները նման են միմյանց: Պատերազմները ահասարսուռ երևույթներ են, որ խաղում են մարդկանց ճակատագրերի հետ ու թվում է, թե ընդհանրական են այդ ճակատագրերը, բայց, զարմանալիորեն, յուրաքանչյուր մարդու ճակատագիր այդ ահասարսուռի մեջ անգամ իր բացառիկ պատմությունն ունի: Ու նրա պատմությունը ևս բացառիկ էր:

«…Դեռ փոքրուց ես գիտեի, թե ի՞նչ է գերմանական պատիժը: Ցարական Ռուսաստանը Հայաստանի պղնձահանքերը պարտքի դիմաց տվել էր ֆրանսիացիներին ու գերմանացիներին: Իմ հայրը գերմանացիների մոտ ինժեներ էր աշխատում: Երբ հայրս աշխատանքի մտավ գերմանացիների մոտ, փոխվեցին նրա սովորությունները: Նա սկսեց մեզ արթնացնել առավոտյան ժամը վեցին, ստիպել ասել «Հայր մերը»-ը և երգել «Սեղանօրհներգը»…:

…Դու մյուսներից տասը րոպե ուշ ես վեր կացել: Էս քարը գլխիդ վերևում կպահես ուղիղ տասը րոպե: Նա նստեց իմ դիմաց՝ թախտին, ու իր գրպանի ժամացույցին նայելով ստիպեց ինձ պահել քարը իմ գլխավերևում ուղիղ տասը րոպե:

Պապ, ես էլ չեմ կարողնում պահեմ, հեսա գլխիս ա ընգնելու քարը…

Ուրեմն արժանի ես…»:

Նախախնամությո՞ւն էր արդյոք՝ դեռ մանկուց սովորել գերմանական պատժին, հետո երիտասարդության շրջանում սովորել ստալինյան վախին ու հետո ողջ կյանքն անցկացնել այդ պատժի ու վախի սահմանագծին, քայլել պատժի ու վախի երկայնքով, որտեղ մահն էր ու հաղթել մահին: 

«…1943 թ. գարնանը 28 ռուս գերիներ, որոնք ունեին բարձր զինվորական աստիճաններ (նրանցից ամենացածրը գնդապետ էր), փախուստի դիմեցին: Նրանք գետնուղի էին փորել ամբողջ ճամբարի երկայնքով ու փախել: Սակայն…Սակայն գերմանացիները հատուկ վերաբերմունք ունեին փախստականների նկատմամբ: Գերիների առաջին և ամենակարևոր իրավունքը՝ փախուստի իրավունքն էր: Բայց փախուստի ժամանակ դուք իրավունք չունեիք սպանելու Ռեյխի որևէ զինվորի: Գերմանացի զինվորի սպանությունը պատժվում էր գնդակահարությամբ, քանի հոգով էլ որ դուք լինեիք: Նրանք փախուստի ժամանակ սպանել էին ընդամենը մեկ զինվորի: Մեկ ամսվա ընթացքում գերմանացիները հերթով բռնում էին փախստականներին, բերում ճամբար, գնդակահարում ու դիերը ցուցադրաբար շարում իրար կողքի…Կիզիչ արևի տակ դիերը նեխում էին, բայց ոչ ոք չէր պատրաստվում նրանց թաղել:

Հունիս ամսին գերմանացիները բռնեցին վերջին փախստականին: Գերմանացիները նրան բռնել էին Մոսկվայի տակ: Նա այնքան մոտ էր իր ազատությանը:

Մահապատիժն իրականացնելիս նրանք ստիպում էին բոլոր գերիներին նայել:

Նա վերջինն էր՝ 28-րդ փախստականը: Նրա  մահապատիժն իրականացնելուց հետո միայն  գերմանացիները բոլոր դիերը լցրեցին փոսը և հողով ծածկեցին…»:

Երբ սկսվեց պատերազմը, նա ստալինյան բանակում էր ու չգիտեր, որ իր կյանքը երկարելու է մի ողջ հավիտենություն ու երկարելու է գերմանական պատժի սև խոռոչներում: Նա հաղթելու էր մահին, որովհետև նրա մայրը չէր հավատալու, որ որդին զոհվելու է ռազմաճակատում: Մայրը սպասելու էր որդուն, ատելու էր փոստատարին, որ ռազմաճակատից նամակներ էր բերում ու սպասելու էր որդուն: Ու որդին գալու էր: Գալու էր այնտեղից, որտեղից գալիս էին հազարավորներից եզակիները, բացառիկները: Նրանք, որոնք նախախնամությանն էին: Ի՜նչ բազմաշերտ են նախախնամության ծալքերը: 

«…Ինստիտուտը ավարտելուց հետո մի պատվեր ստացա: Պիտի Ստալինի պորտրետը նկարեի ամբողջ հասակով: Հետագայում նման պատվերներին նկարիչները «Խալտուրա» էին անվանում, բայց Ստալինի կենդանության օրոք…Վախը սրտումս ավարտեցի գործը: Երբ փողը տվեցին, որոշեցի կյանքումս առաջին անգամ մի կուշտ փորով հաց ուտեմ: Գնացի «Արմենիա» հյուրանոցի ռեստորանը՝ այն ժամանակվա լավագույնը Երևանում ու մի սեղան «փռել» տվեցի: Բայց հենց ուզում էի սկսել, թիքեն բկիս կանգնեց: Ոնց որ մեջքիս կանգնած լիներ իրա խորամանկ ժպիտով: Նույնիսկ հիմա, երբ սեղանը լիքն էր, հարամ արեց ուտելս...»:

«…Գերության տարիներիս ամենամեծ երջանկությունը նկարելու հնարավորությունն էր: Հարյուրավոր դիմանկարներ, որ ես արեցի ռազմագերիների ճամբարներում, հետագայում ինձ դիմանկարիչ դարձրեցին…»:

«…Պատուհանի մոտ նստած էր աներևակայելի գեղեցկության մի կին: Նա ինձ հիշեցրեց իմ Էմմային…Նույն մոխրագույն աչքերը, և նույն երկար վիզը, ինչպես եղնիկի մոտ…Պատուհանը բաց էր, և ամեն ինչ կատարվում էր հենց Ուրսուլայի պատուհանի տակ: Առաջին ճիչը իմ ականջին հասավ, երբ մատիտս ուզում էր նկարել նրա երկար վիզը: Ես սպասում էի այդ պահին, բայց հանկարծ…Նման մահվան ճիչ ես նախկինում երբևէ չէի լսել և հետո էլ չլսեցի…»:

Նա նկարում էր գերմանացի սպայի կնոջը՝ Ուրսուլային: Գերմանացի սպան հավանել էր նրա գծանկարները ու ցանկացել էր, որ նա հավերժացնի իր գեղեցկուհի կնոջը: Գերմանացի սպան կյանք էր շնորհելու նկարչին, որովհետև այդ պահին նա էր կյանքի Աստվածը: Իսկ պատուհանի տակ մորթում էին մի հրեայի ու գեղեցկուհի գերմանուհին նկարչին հորդորում էր չհուզվել, որովհետև  «…նա ընդամենը մի կեղտոտ հրեա էր…»: Նկարիչը չէր կարող չնկատել, որ Ուրսուլայի մոտ ոչ մի մկան անգամ չէր շարժվում, երբ պատուհանից այն կողմ լսվում էր «կեղտոտ հրեայի» մահվան ճիչը: Իսկ Ուրսուլան նման էր նրա մանկության առաջին սիրուն՝ Էմմային: Նա նույնպես ազգությամբ գերմանուհի էր: Նա այն ժամանակվա սերն էր, երբ հայրը սովորեցնում էր սովորել գերմանական պատժին…

«… 6-րդ փախուստ: Փախուստի ժամանակ ես երբեք հանցանք չեմ գործել: Փախուստի գաղափարը միշտ նստած ա գերիների ներսում և ապրելու ուժ ա տալիս: Գերիի ամենակշտացնող ուտելիքը հույսն ա…»:

Նա գերի էր, բայց նա նկարիչ էր: Նա նկարիչ էր՝ հետո նոր միայն գերի: Ու նա չէր կարող չփայփայել հույսը, որ մի օր տեսնելու է իր հայրենիքը ու հույսը նրան ստիպում էր ոչ միայն ապրել, այլև՝ ապրեցնել: Մահվան այդ ճամբարներում, պարզվում է, գերիները ուտելու փոխարեն գերադասում են ծխել, որովհետև ճամբարում նրանք ծխախոտի բաժին չեն ստանում: Ու նա նկարում էր գերմանացի սպաների դիմանկարները՝ հացի դիմաց, ու նրա դիմանկարներից ստացված հացը համակենտրոնացման ճամբարներում չորս տարվա ընթացքում սովամահությունից փրկում է նրա երեսուն ընկերներին…:

«… Զինա, Զինա, ոչ, Լիզա: Ես հարբած եմ: Ես թողեցի, որ նա գնա ճաշի, բայց ինքս չեմ կարողանում մոլբերթից պոկվել: Մինչև նրա գալը ես շարունակում եմ նրան նկարել: Ինչպիսի գերմանական ճշտապահություն, ուղիղ մի ժամից նա վերադարձավ: Գլխացավս  գնալով ուժեղանում է: Արդեն 7.30 է: Մի կողմ եմ շպրտում վրձինները: Ձեռքերս ամբողջությամբ ներկի մեջ են: Նրա համբերությանը կարելի է նախանձել. նա հրաշալի բնորդ է: Ամբողջ կյանքս կնկարեի նրան. Բոլոր դիրքերում նա գեղեցիկ է: Դուրս եմ գալիս ձեռքերս լվանալու…

Լիզա, Լիզա ես գալիս եմ: Նա դեռ նույն դիրքով նստած է: Ես նրան հրավիրում եմ բազմոցին նստելու…Ոչ: Ես վերցում եմ նրան ձեռքերիս մեջ և աչքերով դիպչում նրան: Իմ աչքերը հարբած են: Կարծես թե ծխել եմ ուզում… Ոչ, բնությունը իր ամբողջ ուժով ինձ բռնում է: Դա իմ ուժերից վեր է: Եվ…Նրա տաք շուրթերը դիպչում են իմ դողդողացող շուրթերին…»:

«…Պատերազմից հետո նա սիրահարվել էր Լիզա անունով մի գերմանացի աղջկա…»

«…Երբեք չեմ մոռանա մայիսի ինը: Այդ օրը կարծես մեր հոգիները հանգստացան: Մենք՝ հաղթանակած զինվորներս, ուրախությունից լաց էինք լինում: Ես դուրս թռա փողոց և սկսեցի բարձրաձայն երգելով քայլել: Բայց թե ու՞ր՝ ինքս էլ չգիտեի:

Եվ հանկարծ տեսա միայնակ մի աղջկա: Նա էլ ինձ պես դուրս էր եկել փողոց՝ որ միայնակ ողբա իր ազգի պարտությունը: Նա ազգային շորեր էր հագել, որոնք խնամքով կարել ու պահել էր իրենց հաղթանակը տոնելու համար:

Ես անմիջապես դադարեցի երգել: Ես պիտի նրան հանգստացնեմ՝ բայց ինչպե՞ս…Անհարմար կլինի պարզապես մոտենալ ու ասել «մի՛ հուզվիր, ամեն ինչ լավ է...:

...Իմ առջև կանգնած էր 18 տարեկան մի գեղեցկադեմ ու բարետես աղջիկ: Հենց կողքս մի փլված տուն կար, որի բակում յասաման էր աճում: Ես արագ կոտրատեցի յասամանի ծաղկած մի քանի ճյուղ և մի մեծ ծաղկեփունջ հավաքեցի դրանցով: Վերցրեք այս ծաղկեփունջը, օրիո՛րդ, ես այն Ձեզ համար եմ հավաքել…Լաց  մի եղեք, դուք չեք պարտվել, պարտվել է Հիտլերը: Դուք հաղթանակած ժողովուրդ եք: Ուրախացե՛ք, որովհետև դուք ապրելու եք նոր Գերմանիայում…»:

Հ.Գ. Այս պատմություններն ու օրագրային գրառումներն ամփոփված են բացառիկ մի գրքում, որը վերնագրված է «ZAKO. Խակ պտուղ» և որը 2019-ի մայիսին լույս ընծայեց «Զանգակ» հրատարակչությունը: Այս գիրքը բացառիկ է, որովհետև ամբողջ դրամատուրգիան կառուցված է սքանչելի պատկերապատումներով ու դրամատուրգիայի հիմքում իրական պատմություն է՝ նկարչի կյանքի իրական պատմությունը:

Ճիշտ մեկ տարի ամեն օր փորձել ենք անդրադառնալ այս գրքին, բայց հրաժարվել ենք այդ մտքից, որովհետև մեծ է եղել գայթակղությունը՝ ուղղակի հրապարակել գիրքն ամբողջությամբ, քանզի կարծել ենք, որ անհնար է այս կերպ ներկայացնել այնքա՜ն իրական, այնքա՜ն ճշմարիտ, այնքա՜ն մաքուր զգացողություններն ու մաքուր թրթիռները, որ այս գրքում են: Կարծել ենք անհնար՝ այս կերպ ներկայացնել այնքա՜ն իրական կյանքն ու մահը, պայքարն ու սերը, վախն ու սխրանքը, որ այս գրքում են: Այս գիրքը տպագրված ֆիլմ է, իսկ ֆիլմ պատմելն ուղղակի անհեթեթ է, որովհետև ֆիլմը մարդու հետ ուղղակի խոսք է ու յուրաքանչյուր մարդ ինքն է իր զգացածի ու ընկալածի կրողը: Առավել ևս՝ երբ այդ ֆիլմը գիրք է:

Գրքի հեղինակը նկարիչ Տիգրան Մանգասարյանն է, որովհետև նա է իր հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի՝ գերմանացիների համար՝ ZAKO-ի, պատմությունների ժառանգորդը: Սարգիս Մանգասարյանը տաղանդավոր նկարիչ Տիգրան Մանգասարյանի ու տաղանդավոր լուսանկարիչ, վաղամեռիկ Ռուբեն Մանգասարյանի տաղանդավոր հայրն է ու մենք ցանկացանք այսպես մեր խոնարհումը բերել այն նկարչի հիշատակին, որը հաղթեց մահվանն ու վերադարձավ, որովհետև սիրում էր. սիրում էր կյանքը, հայրենի եզերքը, Խուստուփը, սիրում էր գերմանուհի Լիզային... Որովհետև մահվան ճամբարից դուրս նա կարող էր սիրել գերմանուհի Լիզային...

Այսօր նրա երբեք չմոռացած Հաղթանակի օրն է:

Հ.Գ. 1

Ամիսներ առաջ Տիգրան Մանգասարյանը Հայաստանի նկարչի տանը ցուցադրեց իր ընտանիքի երեք սերնդի՝ Սարգիս, Ռուբեն և Տիգրան Մանգասարյանների աշխատանքները: (Դրանցից դրվագներ կան լուսանկարներում): Այն ևս բացառիկ զգացողություններ առաջացրեց, բայց միայն մեկ նկատառում. Սարգիս Մանգասարյանի կերտած բոլոր դիմանկարների հայացքներում առկա էր Ստալինը՝ անկախ այն հանգամանքից, դրանք արված էին մահվան ճամբարներում, թե «աշխարհում նմանը չունեցող» երկրում…Այդ էր Սարգիս Մանգասարյանի սերնդի հայացքը, որը ստիպում է ըմբռնել ազատության գինն ու ազատ երկրի սերնդին:

Նրանք ստիպում են գնահատել ազատությունը:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ