Ժաննա Ղոչիկյան
Ժաննա Ղոչիկյան

 

Գրող:

Հրապարակախոս:

Հեռուստամեկնաբան:
 

«էրգիրը նրանցն է, մերը՝ լուսանկարներն են...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

 

Վերջապես ես էլ, հաղթահարելով ցավս, վախերս, զզվանքս ու ատելությունս, գնացի Մըր էրգիր՝ ուխտի: Մեր Երկիր, բայց ուխտի, որովհետև այն մեզ համար պատմական ցավոտ հիշողությունների սրբավայր է:

Պատմությունները լսելն ու կարդալը, ֆիլմեր ու լուսանկարներ տեսնելն  ուրիշ է:

Այցելողներին նախանձում ու զարմանում էի՝ ո՜նց են դիմանում… Եվ միայն հիմա, հասուն տարիքում, երբ հասկացա ու զգացի, որ կարող եմ սառը դատել ու զուսպ դիտել, վճռեցի՝ չե՛մ կարող չգնալ: Դա նաև հոգու պարտադրանք էր: Գնացող-տեսնողներին միշտ երանի էի տալիս,  գնալ-տեսնելուց հետո և ընթացքում մտմտում էի՝ երանի չգնայի:

Իսկ ամբողջ ճանապարհին զրուցում էի Աստծո հետ, զարմանում ու զայրանում էի, բազում հարցեր էի տալիս, որոնց պատասխանները չէի ստանում, չէի էլ ակնկալում:

Նկարագրություններ ու պատմական ակնարկ չեմ անելու, պիտի փորձեմ վերապրել ու վերարտադրել զգացողություններս միայն՝ հակասական, ցավոտ: Այդ զգացողություններն իմ մեջ կապրեն այնքան, որքան կապրեմ ես:

***

Իմ արմատները Ղարսից են: Միամիտ չեմ, իհարկե, բայց պատկերացնում էի՝ կգնամ Ղարս, կգտնեմ Կըզըլ չախ-չախ գյուղը, կճշտեմ անվան ծագումն ու իմաստը, գուցե իմ եզակի ազգանունով մերոնցական մեկին կհանդիպեմ, կհայտնաբերեմ տան մնացուկներ… Չէ՜ մի:

Ղարսում, այո, հայկական հետք կար, բայց հայկական շունչ չկար:

Մեզ համար ամեն ինչ հուշարձան էր, որի մասին քիչ թե շատ գիտեինք, բայց այսպե՜ս, տեսնել-շոշափել, այսքան մո՜տ ու այսքա՜ն հեռու…

Սուրբ Առաքելոց եկեղեցու բակում ենք՝ շիվար, անխոս, յուրաքանչյուրս իր խոհերի հետ է, սահմռկեցուցիչ տպավորությունների տակ: Տեսածը մարսել էր պետք: Եկեղեցու բակը անվտանգ խաղահրապարակ էր վազվզող լամուկների  համար: Քարերին նստոտած քրդաշոր կանայք լուռ ու գաղտագողի հետևում էին մեզ, որսացի նրանց հայացքը, ինձ թվաց՝ վախ կար այնտեղ, ներքին վախ:

Մեր հոգում ցավ կա, նրանց հոգում՝ վախ:

Մեզնից ոչ մեկը չկարողացավ ներս մտնել, որովհետև մզկիթի վերածված եկեղեցին սրբապղծվել էր՝ ծառայելով և՛ որպես ռուսական եկեղեցի, և՛ որպես խոտի պահեստ, և՛ որպես թանգարան, այժմ արդեն՜ հիմնական մզկիթ: Նաև չուզեցինք ներս մտնել, որովհետև ոտաբոբիկ պիտի մտնեինք: Իսկ դա մեր Աստծո տունը չէր:

Ինքս ինձ հարց էի տալիս՝ տեսնես  Բերդը պաշտպանող պահապան հայ զինվորներին 12 Առաքյալներն այդ ի՞նչ զորություն էին ներշնչել, որ այսօր նրա գլխին հպարտ թառել է թուրքական հաղթանակած դրոշը: Գուցե Առաքյալներից Հուդա՞ն է եղել ամենազորեղը…

Չգիտեմ՝ ե՞րբ, բայց հասկանալի է՝ ինչու՞, հենց Վարդանի կամրջի հարևանությամբ, մի կիսախարխուլ տուն ներկայացվել էր որպես Չարենցի հայրական տուն, հայերով հավաքվում, գնում-հուզվում էին, սակայն այդ ավեր տունն էլ մարտ ամսից հիմնահատակ ավերակ էին դարձրել, հողա-քարակույտ, կողքին մի նմանակ կանգուն կիսավեր տուն կար, և հայերիս համար սփոփանք մնաց, որ այդ տունը Չարենցի հայրական տան նման է կամ Չարենցի հայրական տունն էլ հենց այդպիսին է եղել:

Գուցե եղել է, գուցե Չարենցի՝ «Թողած Կարսում, գետի ափին, տունը ՝ շինված անտաշ քարով» տո՛ղն է հուշել:  Հուշ, ամեն ինչ միայն հուշ է ու հիշողություն՝ դառն ու տանջալի:

***

Իսկ քաղաքական մեկնություններն ինձ համար ոչ արդարացում, առավել ևս՝ սփոփանք չեն: Եթե հայոց ցեղասպանությունը մեծ տերությունների աչքի առաջ, ուրեմն և իմացությամբ, թույլտվությամբ, հովանավորությամբ, կազմակերպել են թուրքերը, ապա կոտորածները, թալանը, տեղահանությունը, գուցեև մեծ մասամբ, իրականացվել են նաև քրդերի մասնակցությամբ, քրդերի ձեռով:

Թե չէ՝ ինչու՞ են հենց այնպես բնավորվել, տնավորվել, հիմնավորվել  ու վայելում են  մեր չքնաղ Հայրենիքը՝ Կարսն ու Մուշը, մեր Կարինն ու Վանը, մեր ջրերն ու լեռները, մեր օդն ու արևը:

Գլխաշորով ու բերանփակ կանայք, ինձ համար մեկ է, թո՞ւրք են, թե՞ քուրդ, նրանք հազարավոր հայ կանանց չորացրած արգանդի հաշվին են տիրացել նրանց չծնված ժառանգների  հող ու ջրին, տունուտեղին, նրանց օդն են շնչում, նրանց բաժին կյանքն են ապրում, նրանց փոխարեն են ապրում:

Ասում են՝ այս սերունդը ի՞նչ մեղք ունի, իսկ ի՞նչ մեղք ուներ լույս աշխարհ չեկած հա՛յ սերունդը: Կա՞ մեկը, որն ունի այս հարցիս պատասխանը: Թող համոզի ինձ, և հոգիս գուցե թե հանդարտվի:

Գնացող-եկողներն ասում են՝ քրդերը շատ բարեհաճ են մեր նկատմամբ, ժպտում են: Իսկ ինձ անընդհատ թվում էր, թե նրանք ներքուստ ծիծաղում էին մեզ վրա՝ եկե՜ք, տեսե՜ք ու ե՛տ գնացեք:

Իսկ մենք նկարում ու հա՜ նկարվում էինք:

Էրգիրը նրա՜նցն է, մերը՝ լուսանկարնե՛րն են:

Գուցե թե հայավարի ու մարդկային չէ, բայց թուրքերի քաղաքականությունն ու վերաբերմունքը քրդերի հանդեպ՝ բու՛ն Արևմտյան Հայաստանում, ինձ չի ուրախացնում, բայց նաև՝ չի տխրեցնում, ցավ չի պատճառում, ես թուրք-քուրդ հակամարտության մեջ, չէ, չեմ ասում՝ կոտորեն, բայց քրդերի հաղթանակ չեմ ուզում տեսնել, չեմ ուզում, որ մեր պապերի արյունով հեղված հողում մի երկրո՜րդ պետություն ևս հայտնվի: Չեմ ուզում:

Ես ուրախանում եմ, որ քրդերը Թուրքիայում ազգային փոքրամասնություն չեն համարվում և չունեն համապատասխան  որոշ արտոնություներ, ինչ ունեն հայերն ու հույները:

Իհարկե զարմանում, բայց և լավ էինք զգում, որ գոնե քրդաբնակ քաղաքները պահպանել էին իրենց հայկական անվանումները: Ես իմ հետևությունն արեցի՝ թուրքերը միտումնավոր և հեռատես քայլ են արել՝ քրդերը միշտ պիտի հիշեն, որ դրանք հայկական քաղաքներ են, որ իրենք ապրում են հայկական հողի վրա և հայերի տներում, որ այդ հողերը հայերի Հայրենիքի մի մասն է, որն իրենք նվեր են ստացել թուրքերից՝ հա՛յասպան ծառայություն մատուցելու դիմաց:

*** 

Լեռնե՜ր, լեռնե՜ր՝ իրար գրկած, միասնական, բազմաշերտ, բազմագույն, որոշ հատվածներում ասես ձեռամբ կառուցված դղյակների տեսքով: Մասիսը մեզ համար կորուսյալ Հայրենիքի ու հավաքական հայության խորհուրդն ունի, իսկ այս երկնասլաց, լերկ ու անմատչելի լեռնապարը տեսնես ի՞նչ ունի իր անհաս ու անմեկնելի խորքերում, ի՞նչ խորհուրդ, ի՞նչ ասելիք, ի՞նչ հուշումներ: Առայժմ քար լռություն է, քարի լռություն:

Իսկ գետերն այստեղ չեն շառաչում, այնպես մեղմ են հոսում, ասես չեն հոսում: Տեսնես դարերի հոսքն է՞ այդպիսին, թե՞ նահատակ հայության արյուն-արցունքն է նրանց շառաչը լռության մատնել:

Այ, ջրվեժների շառաչն ուրիշ է: Եվ երբ մեր լեռները խոսեն, և մեր հոգիների համախումբ պոռթկումը դառնա ջրվեժի շառաչ՝ կտրուկ, սրընթաց և լռեցնելն անհնարի՜ն դառնա…

*** 

Իսկ ամբողջ ճանապարհին մեքենայում հնչում էին ֆիդայական հաղթական երգերը՝ թուրքը դողաց հայի ահից, շուն թուրքը սարսափեց հայի զարկից: Այո, և այդ սարսափից էլ մեր ողջ ազգին սարսափի մատնեց:

Սպասարկող թուրք վարորդը պարտադրված լսում էր՝ արտաքուստ՝ անհաղորդ, ներքուստ…ո՞վ իմանա, գուցեև ի՛ր երգն էր երգում՝ երգերը ձեզ, երկիրը՝ մեզ, մենք վայելում ենք, դուք՝ կարոտում, այստեղ մեր տունն է, դուք հյուր եք, շրջիկ…:

Մեր խմբից մեկն անընդհատ հիշեցնում-հավատացնում էր՝ թուրքերը մեզնից վախենում են, ես հակադրվում էի՝ Դավիթ ջան, էս պետությունը, որ էսպիսի հզոր ու շեն երկիր է կառուցել, բազմանում ու բազմանում է, որ մի թիզ հող անգամ անմարդաբնակ չմնա, ամենավերջին զինատեսակներով զինված իր վայրագ զորքով մեր ինչի՞ց պիտի վախենա:

Թուրքը համոզվեց, որ մեր անձնուրաց հերոսականությունը անզոր գտնվեց, որ մեր բերդերն ու ձեռակերտ ամրոց-պարիսպները անառիկ չմնացին, որ մեր լեռներն ու ձորերը մեզ չպաշտպանեցին, որ մեզ չփրկեցին մեր վանք ու եկեղեցիները, մեզ չփրկեց Խա՜չն անգամ, մեզ չփրկեցին վաղու՜ց մոռացված-քարացած մեր Բազմաստվածները, մեզ չփրկեցին մեր՝ միա՛կ Աստվածն ու նրա Որդին:

Մենք չկարողացանք մեզ փրկել, թուրքն այլևս մեր ինչից՞ պիտի վախենա: Մեր հերոսական երգերի՞ց, անընդհատ չկայացող մեր հզոր պետությունի՞ց, մեր երկիրը հոշոտած ներքին բորենիների՞ց, գզվռտոցի վերածված աթոռակռիվների՞ց, 80-ականների զենքով ու բահերով նրա ազգակից գայլերի մուտքը փակող մեր մատաղացու զինվորների՞ց: Բանակի զենքը, վառելիքը, հացը լափած գեներալների՞ց պիտի վախենա: 

Թուրքին մոռացած, հայի դեմ թուրքակռիվ տվող հայ զավթիչների՞ց, ողջ ժողովրդին գրպանած ցեցերի՞ց պիտի վախենա: Մենք խիղճ չունենք:

Մեր խոսակցությունն ,իհարկե, բու՛ն թուրքական պետությանն էր վերաբերում: 

Ադրբեջանի պարագայում ուրիշ է, բայց դա արդեն ուրիշ խոսակցություն է:

Միայն չգիտեմ՝ կորուսյալ Հայրենիքի  համար ցա՞վն է ավելի խորը, թե՞ մեզ բաժին մնացած  մեր մի՜ բուռ Հայրենիքի համար ամե՛նօրյա ցավը:

***

Ես դեռ չգիտեի, որ ներսս առավել տակնուվրա պիտի լիներ Մուշում՝ Վանից, Անիից ու Ղարսից հետո՛ անգամ:

Եվ ոչինչ, որ հիմնովին քարուքանդ Սուրբ Մարինե եկեղեցին իր կիսատ-պռատ  պատերով և, իհարկե, Ատծո բարեհաճությամբ, գուցե նաև  զբոսաշրջիկներից փող ու քաղցրավենիք ակնկալող երեխաների «խաթեր» դեռևս կանգուն էր:

Ոչինչ, որ մեր Արածանի գետը, որտեղ հենց ինքը՝ Գրիգոր Լուսավորիչն էր հայ մանուկներին մկրտում, ամեն օր, ամեն պահի պղծվում է: Ոչինչ, որ անգամ մեր հեթանոս Աստղիկ Աստվածուհու մշուշն անգամ չի փակել բարբարոսների ճամփան, որոնք մեր հարս ու փեսաների արյամբ հեղված Մշո դաշտերում իրենց հարսանիքներն են տոնում: Նրանք՝ քրդերը:

Ոչինչ, արդեն ոչինչ:

Ոչինչ, որ Սուլուխի կամրջից այն կողմ, լեռների գրկում է ամփոփված Գևորգ Չաուշի գերեզմանը՝ անշուք, անխնամ և, մեր ուղեկցորդուհու վկայությամբ, ուխտի գնացած հայերն իրավունք չունեն մոտենալու, խնկարկելու, այլապես կզրկվեն անգամ հեռվից տեսնելու պարտք ու իրավունքից:

Ինձ համար սահմռկեցուցիչը Մշո սուլթան սուրբ Կարապետ վանքն էր:  

Վանքը, ավելի ճիշտ՝ Վանքի մնացուկները, բառիս ուղղակի իմաստով պաշարված, գերեվարված էին քրդերի կեղտահոտ տուն ու գոմերով: Տուն ու գոմերը… Ոչխարի հոտի պես սրանց բերել-լցրել են այստեղ ու հրահանգել՝ քանդեք Վանքի պատերն ու նրանց քարերով տներ շինեք: Անհող, անտուն, անօրեն, անխիղճ ու անաստված այս պիղծ արարածներն այդպես էլ արել են: Նրանց տների, անասնագոմերի ներս ու դուրս պատերին լու՜ռ ու խեղճացած ծվարել են ո՛չ միայն քարերը, այլև Խա՛չքարերը: Իսկ մեր Խաչի՛ Աստվածը սրա ականատեսն ու լու՜ռ վկան է:

Իսկ մենք, փոթորկված հոգով, հոգու ճիչը խեղդելով նկարում ու նկարվում էինք՝ իրար մատնացույց անելով խաչքարերի մասունքները:

Ինձ համար ոչ միայն ցավ, այլև նողկալի էր քրչոտ ու կեղտոտ լամուկների հրճվալի քրքիջները, որոնցով մեզ ուղղորդում էին՝ խաչի՛, խաչի՛ գոռգոռալով: Նրանք ծաղրում էին մեր Խաչն էլ, մեզ էլ, նրանց մեջ չկար ամոթ ու խիղճ, խաչից՝ վախ չկար:  Այս աղտոտված սրբավայրում պղծված խաչքարերի բեկորներն այլևս սրա՛նց պահապաններն են:

Վանքը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կողմից՝ հեթանոսական մեհյանի ավերակների վրա: Կփրկեի՞ն մեզ մեր հեթանոս Աստվածները՝ Աստված գիտի:

Ետդարձի ճանապարհին իմ ներսում կռիվ էին տալիս պատմությունն ու իրականությունը, հույզերն ու սառը դատողություններս: Զգացողությունն ուրիշ աշխարհ է, մարդու ներքին աշխարհն է, որտեղ ասելիքը հույզերի լեզվով է պոռթկում: Իմ հույզերը արցունքի վերածվեցին: Ես արտասվում էի՝ լուռ ու ջղաձիգ:

Հոգիս էր արտասվում:

Իսկ մեքենայում զրնգում էին մեր ֆիդայական քաջարի երգերը ու նաև՝ «Մշո սուլթան սուրբ Կարապետ, թող լինի մեզ պահապան…»:

Իսկ ու՞մ պահպանեց սուրբ Կարապետը, իսկ ո՞վ է պահպանում սուր Կարապետին:

***

Ամառ էր, տոթ, օդը սակայն հեղձուկ չէր, շոգը քրտինքի կաթիլ չէր դառնում: Ինձ թվում էր, թե երկնքից պարզապես շիկացած ասեղներ են մաղվում՝ անվերջ ծակծկելով: Եղանակի՞ց էր այդ ծակծկոցը, թե՞ ներսից, ներսի՛ց…

Վերադարձից հետո լվացի բոլոր հագուստներս, և Էրգրի փոշուց փշուր հետք չմնաց:

Այդ փոշին հոգու նստվածք է դառնում:

 

Ժաննա Ղոչիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ