«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ  մատուցված զոհաբերություններ …»

 

Փիլիսոփայությունը՝ որ երջանկությունը հավերժական ապրում չէ, այլ շարան է ժամանակի մասնիկներից՝ վայրկյաններից, ակնթարթներից հյուսված հանգույցների, որոնք կծիկ առ կծիկ կազմում են մարդու կյանքի անատոմիան, նյարդային համակարգը, կյանքը՝ վերջին հաշվով, «Համազգային»-ի բեմում երևակվում է ամերիկյան կարճ պատմվածքի ասպետի՝ Օ. Հենրի հավերժ սիրահարի գրական ժառանգությամբ, որի հինգ ստեղծագործություններից է ստեղծված «…և նորից գարուն» ներկայացումը՝ Նարինե Գրիգորյան տաղանդավոր արտիստուհու, բեմադրիչի պարզ, անպաճույճ, անպաթետիկ բեմադրական արվեստով շաղախված:

Արվեստ, որը չի պահանջում խոսքի անմարդկային զեղումների հեղեղ, չի պահանջում ձայնի սարսափեցնող ելևէջումներ, չի պահանջում ապրումի, խոհի, զգացումի կարծեցյալ համամարդկային ընդհանրացումների չափումներ, որովհետև կյանքն ինքնին ու բնությունն ինքնին դուրս են այդ ամենից ու պարզ են, անպաճույճ, անպաթետիկ:

Որովհետև կյանքը նույնն է՝ ինչպես ութ դոլարով վարձակալած բնակարանում, այնպես էլ հարստությամբ շլացած պալատական կամարների ներքո, ինչպես՝ եթե քո ունեցածն ընդամենը մեկ դոլար և ութ սենթ է, ինչպես՝ եթե քեզ ծառուղու անկյունում սպասում է կարմիր անիվներով ճեփ-ճերմակ մեքենան, կամ՝ չի սպասում, ինչպես՝ եթե մեկ դոլարը կարող է փրկել կամ կործանել… Եթե, իհարկե, այդ կյանքի ուժը սերն է:

Սերն է որոշիչը: Սերն է իշխողը: Սերն է առանցքում: 

Նարինե Գրիգորյան բեմադրիչը՝ Վիկտորյա Ռիեդո-Օգանեսյան բեմանկարչի մեկնությամբ, պարզ ու թեթև լուծումներով, մինիմալիստական թատրոնի կանոններով ու «ոչ թատերային» տարրերի ներմուծմամբ ստեղծում է այն կյանքի պատկերը, որը, մեծ հաշվով, չի փոխվել իր ծագումից ի վեր, ու կյանքը եղել և մնում է սիրո ու երջանկության, արցունքների ու հառաչների, ժպիտների ու թախիծների, հազարավոր այլ զգացումների հանգույցներից հյուսված մի հարթակ, որի վրա երբեմն շողում են գունավոր լույսեր ու կյանքը նմանեցնում հեքիաթի, որում երբեմն միախառնվում են երազն ու իրականությունը, ոգևորությունն ու հիասթափությունը, զոհողությունները՝ մատուցված հանուն սիրո:

Ոչ մի կասկած, որ «…Կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են…», բայց, երբ առկա է սերը, երբ առկա է զոհաբերության պատրաստակամությունը հանուն սիրո, երբ առկա է սիրելի կնոջը կամ սիրելի տղամարդուն երջանկացնելու անսանձ ձգտումը, սիրելի կնոջ կամ սիրելի տղամարդու ցանկություններն ի կատար ածելը՝ նույնիսկ կյանքի գնով, փոխվում է արցունքի, հառաչի ու ժպիտի հավասարակշռությունը և առկայծում է «…նորից գարնան» հույսը:

Բնության ողջ հանճարեղությունն իր պարզ շրջապտույտի մեջ է՝ ամենատարբեր օրեր ու…նորից գարուն, իսկ կյանքը ներդաշնակ է, եթե ներդաշնակ է բնության հետ, եթե կյանքի օրերում կա բնության շրջապտույտը՝ «…նորից գարունը»: Իսկ այն կա, քանի, որ կա՝ սերը:

«Համազգային»-ի բեմում կյանքը, կարծես, ուղղահայաց է, ոչ հորիզոնական և կյանքի ուղղահայացի մեջ, կարծես ընդգծվում է ձգտումը՝ բարձրանալու, հավասարակշռությունը պահելու, կյանքի հյուսվածքներին ու հանգույցներին ամուր հպվելու, նրանց հետ ներդաշնակվելու, կյանքից կառչելու համառությունը, որովհետև կյանքը հիասքանչ է, եթե կա դրա ընկալումը: 

Նարինե Գրիգորյանի բեմադրական մոտեցումը՝  նույն դերասանների կերպարային փոխատեղումների ձևաչափը, և դրամատուրգիական պատումի ձևը՝ իրավիճակային հինգ տարբեր տեսարանների խաղարկումը մեկ-միասնական բեմանկարչական հարթությունում, մեծ հնարավորություն են տալիս արտիստներին՝ ցուցադրելու դերասանի վարպետության իրենց կարողությունները, կարճ ժամանակի մեջ կերպարային փոխակերպումների արվեստի յուրացումը, որը, երբեմն, հասնում է անճանաչելիության աստիճանի:

Դերասանի վարպետության ու կերպարային փոխակերպումի՝ թերևս կատարելության է ձգտում թատրոնի փորձառու դերասանների՝ տաղանդավոր արտիստներ Տաթև Ղազարյանի և Սերգեյ Թովմասյանի զուգախաղը, որոնց կողքին չի խամրում երիտասարդների՝ Անդրանիկ Միքայելյանի, Մարիա Սեյրանյանի, Ժաննա Վելիցյանի, Նարեկ Բաղդասարյանի դերասանական արվեստը:

Զգացմունքային կերպարների իրենց խորքային մեկնություններն են անում Արմինե Անդրեասյանն ու Տաթև Հովակիմյանը, որոնք խոսում են կերպարակերտման արվեստի նրանց արտիստական լուրջ կարողությունների մասին:       

   

Ըվ ընդհանրապես՝ թատերախումբը միաձույլ է ու փոխլրացնող, ժանրային տարբեր տարրեր հմտորեն խաղարկող, թեթև, ինչպես պահանջում է կյանքի բազում դրվագներին նայելու արվեստը, նուրբ ու զգայուն, ինչպես սերն է, որ թատերախաղի հիմքում է, որի արդյունքում էլ ծնվում է հեքիաթը: Հեքիաթ, որը հանդիսատեսին են նվիրում «Համազգային»-ցիները:

Հավատա՞լ հեքիաթին, թե՝ոչ, ապրե՞լ հեքիաթում, թե՝ ոչ, գնա՞լ հեքիաթին ընդառաջ, թե՝ ոչ. Սա ընտրություն է: Թերևս յուրաքանչյուր մարդու ընտրությունը…

«…Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին…»:

Իմաստ ուներ նաև «Համազգային»-ի ընծան: Չէ՞, որ գարունը զարթոնք է, և մարդկության ձգտումն է «…և նորից գարուն»…

«…այստեղ գալիս եմ միայն նրա համար, որպեսզի մոտ լինեմ մարդկության բաբախող սրտին։ Իմ կյանքն այնքան կտրված է այդ հասարակ սրտից, որ նրա զարկերը երբեք ինձ չեն հասնում…»:

Մոտ լինենք մարդկության բաբախող սրտին, այլապես տանուլ կտանք ոչ միայն սիրտը, այլև՝ մարդկությունը:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ