«Ես այդ ժամանակ այս նկարի տեսքով էի...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Վաղ, դեռ պատանեական տարիներից հրապուրված էի արվեստով, հատկապես թատրոնով, գրականությամբ ու նկարչությամբ: Կարդում էի առանց խտրականության բոլոր գրական հանդեսներն ու գրականությանն առնչվող բոլոր գրախոսականները:
Ինձ շատ էր հետաքրքրում իմանալ գիտուն, գրականություն լավ իմացողների գրախոսությունները թե՛ անտիկ շրջանին վերաբերվող ստեղծագործությունների մասին, թե՛ ժամանակակից:
Բավական լավ արվեստագետների հետ հանդիպման վայրերը սրճարաններն էին՝ «Սկվազնյակ», «Կազիրյոկ», և «Երևան» հյուրանոցին կիցը:
Ես էլ շատ-շատերի պես լինում էի մեկ այս, մեկ այն սրճարանում:
Ինձ արվեստագետների այդ միջավայրում հիանալի էի զգում: Հրաշալի արվեստագետներ, հանգիստ իրենց համար նստած մի որևէ սրճարանում, ազատ, անդուռ լսարաններ, անփող դասախոսություններ, գնա, նստիր մի տեղ, եթե նույն սեղանին տեղ չկա, թեկուզ կողքի սեղանի մոտ, կարող ես ավելի հեռու էլ նստել կամ թեկուզ ուսդ թիկն տուր պատին, ձեռքերդ խաչիր կրծքիդ ու լսիր, թե ինչ են նրանք խոսում:
Նրանց խոսք ու զրույցը միևնույն է կլսես՝ թեկուզ դու սրճարանի կողքով անցնելիս լինես:
Թվում էր, աշխարհին էլ լսելի էր նրանց զրույցը, բանավեճը, իրար փնովելը, իրենց՝ հնարքով ասված խոսքերը, իրենց ծիծաղը և վերջապես նաև նրանց աստվածային քրքիջը:
Չթվարկեմ նրանց, որոնք երկրային կյանիքից հեռացել են, բայց նրանց հոգիները դեռ կենդան, իրենց տեղում նստած, սպասում են իրենց լսողներին:
Ահա, այդ սրճարաններից մեկում էլ ծանոթացել էի մի երիտասարդի հետ, որ պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող էր: Մի օր խնդրեց իրեն մի տեղ ուղեկցել, քաղաքին այնքան էլ ծանոթ չէր: Առաջարկեցի հաջորդ օրը:
Նա թե.
- Վաղը չեմ կարող,- ասաց,- կարևոր դասախոսություն ունեմ, Լևոն Ներսիսյանի դասախոսությունը չեմ ուզում բաց թողնել: Կուզե՞ս դու էլ արի, ինքը դեմ չի լինում, երբ ուրիշ ուսանողներն էլ են գալիս լսելու իրեն:
Հետաքրքրվեցի՝ ինչի մասին պիտի դասախոսի:
- Ինչպես ասեմ,- ասաց,- նրա բոլոր դասախոսություններն էլ շատ հետաքրքիր են: Սոփոկլեսի ողբերգությունների մասին է այս անգամ լինելու, եթե չեմ սխալվում:
Չասացի, որ կգամ, բայց հաջորդ օրը հետաքրքրությունս ինձ տարավ համալսարանի բանասիրական ֆակուլտետի դուռը: Բացեցի մի պատահական դուռ՝ հարցնելու, թե Լևոն Ներսիսյանը ո՞ր լսարանում է դասախոսելու: Սեղանի հետևին միայնակ մի կին իր գործով էր զբաղված, անգամ գլուխն էլ չբարձրացրեց, երբ դուռը բացեցի և ներս մտա:
- Ներեցեք,- ասացի,- դուք չգիտե՞ք, թե Լևոն Ներսիսյանը որ կուրսում է դասախոսելու հաջորդ դասաժամին:
Նա միայն իր ակնոցի վերևից թռուցիկ նայեց իմ կողմը, բայց ոչինչ չասաց:
Ես հարցս կրկնեցի:
- Դուք ո՞վ եք, երիտասարդ,- հարցրեց,- մեր ուսանո՞ղն եք:
- Ոչ,- ասացի,- ձեր ուսանողը չեմ:
- Իսկ ո՞վ եք, որ ուզում եք իմանալ, թե ընկեր Ներսիսյանը որտեղ պիտի դասախոսի:
- Դե, ինչպես ասեմ,- ասացի,- ես Սոփոկլեսի Անտիգոնեի մահացած եղբայրն եմ, եկել եմ ներկա լինեմ, որ սուտ բաներ հանկարծ չպատմի իմ մասին,- կատակին տվեցի:
Կինը հետ ընկավ աթոռի թիկնակին, թեքվեց ու ինձ շատ ուշադիր հայացքով, դանդաղ, ոտքից գլուխ չափեց, ապա ակնոցը քթի վրայից վերցրեց, դրեց սեղանի մի գրքի վրա ու բարձրանալավ նստած տեղից՝ ասաց.
- Հիմա, հիմա կիմանամ ու կգամ կասեմ,- ասաց ու շտապ՝ լուրջ դեմքով դուրս եկավ սենյակից:
Ես մնացի միայնակ՝ սենյակի մեջտեղում կանգնած: Քիչ հետո դուռը բացվեց ու իր հետևիցգցած՝ սենյակ մտան երևի յոթ թե ութ աղջիկ ու կին ու սկսեցին ինձ ոտքից գլուխ տնտղել:
Նրանցից մեկն էլ ծափ զարկեց, թե.
- Մի տես է՜, ինչքան էլ նման է Պոլնիկեսին, իր ոտքով էլ եկել է մեռածը,- ասաց ու ձեռքի ափով փակեց բերանը, որ ծիծաղը չնկատվի:
- Առաջին անգամն եմ տեսնում թափառող մեռելի,- ասաց մեկ ուրիշը:
- Անթաղ մեռելները միշտ էլ աշխարհից աշխարհ են թափառում, խի չգիտեի՞ր,- վրա բերեց անընդհատ ձեռքերը իրար շփող մեկը, որ կարծես գարնան այդ տաք եղանակին մրսում էր:
- Սոփոկլեսի գլուխն էլ էնտեղ թաղեմ, ո՞վ է տեսել մի բուռ հողով մարդ թաղեն, հը՞: Խեղճ տղուն դուռնեդուռ է գցել, եկել հասել է Հայաստան, էն էլ պետական համալսարան: Ախար թաղելու բան էլ չե՛ս, է՜, թե չէ կտանեինք հորո՜վ-մորո՜վ կանեինք մեր քաղաքային պանթեոնում,- ասաց մեկը ու զուսպ փռթկացրեց:
- Բայց, իսկապես քո տեղը պանթեոնն է, ո՛չ համալսարանը,- ասաց երևի եղածների մեջ ամենատարեցը ու կողքերը նայեց՝ երևի համախոհ մեկին գտնելու հույսով:
- Դու սուս, առաջին անգամ կենդանի մեռել ենք տեսնում, իսկը եզակի նմուշ, ի՞նչ պանթեոն, ի՞նչ բան, իա՜,- ասաց եղածների մեջ երևի ամենաերիտասարդ աղջիկը:
Ներկաներից մեկն ուրիշն էլ թե.
- Լավ կլինի մեր դասախոսություններին էլ գաս, հը՞, ի՞նչ կասես,- ասաց աչքերիս մեջ նայելով: Բոլորը փռթկացրին սրա առաջարկի վրա:
Վիճակս նախանձելի չէր, իհարկե, այդքան կանանց ու աղջիկների մեջ ծաղրուծանակի ենթարկվել... Շփոթվել էի սաստիկ, փոշմանել արածս կատակի համար: Նման շրջադարձի չէի սպասում:
- Լավ,- ասաց մի երկարամազը,- եկել, եկել ես, արի տանենք քեզ քո հողին արժանացնողի դասախոսության լսարանը ցույց տանք:
Վերջը, նրանք ինձ կալմեջ արեցին ու տարան իրենց հետ: Ցույց տվեցին, թե որ լսարանում է լինելու դասախոսությունը ու ծիծաղելով ցրվեցին ամեն մեկը իր գործին:
Իսկ այդ օրվա հոյակապ դասախոսությունը «իմ» մասին չէր, Սոփոկլեսի մեկ այլ ողբերգության՝ «Էդիպուս» արքայի մասին էր:
Ես այդ ժամանակ այս նկարի տեսքով էի:
Թեմիկ Խալափյան