Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

 

Աթենքի

համալսա-

րանի քաղա-

քագիտության

և պետական

կառավարման

ֆակուլտետի

շրջանավարտ:

 

Բանա-

ստեղծ,

արձակա-

գիր:

«Ես չեմ հավատում տգետ անհատների հավաքական իմաստությանը...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Տարբեր ազգայնականների, արտաքին ուժերին փառաբանողների ու սաստիկ վրիժաբոցով նզովողների, կռապաշտության դարաշրջանը գովերգողների, «մեկ ծաղկով գարուն կգա, քանի որ մերն ուրիշ է» աղանդի հերձվածողների, ատոմակայանը փակելու կոչ անող «կանաչ էներգիայի» անհեռատես կողմնակիցների դարակազմիկ հայտարարություններին զուգահեռ ստվարացել է այն քաղաքական մեկնաբանների քանակը, ովքեր ՝ ուկրաինական դեպքերի կապակցությամբ, չարախնդում են. բա, նայե՛ք, թե ուր է տանում հեղափոխությունը ՝ ակնարկելով նաև հայրենի հողում տեղի ունեցած իրադարձությունները:

Արդարև՛, եթե հեղափոխությունն իշխանափոխություն է ՝ բազմաթիվ բարդ գործոնների փոխկապակցվածություն, ծնվել է փորում, ոչ թե ուղեղում, հիմնվել է կյանքի փորձ չունեցող դեռահաս գիտակցություն կրողների անուրջների վրա, ապա այն հեղափոխություն չէ ՝ կործանարար խռովություն է, հուզում:

Պատմաբան և գրող Քարլայլն այդ «հեղափոխությունների» մասնակիցների մասին գրել էր. «Ես չեմ հավատում տգետ անհատների հավաքական իմաստությանը»:

Սակայն «հեղափոխություն» եզրույթին և երևույթին բացասական պիտակ փակցնողները պետք է իմանան, որ կողմնապահ, ոչ համապարփակ դատողությունները տարածելով ՝ նպաստում են անհատական մտածելակերպի փոշիացման և զանգվածային մակերեսային, բնազդների մակարդակով գործող պարզագույն պատրաստի չափանիշների արմատավորմանը: Զանգվածը կարելի է ենթարկել մանիպուլացիաների նման կարծրատիպերով, ինչի մասին, նույնպես, դժվար թե չիմանան «հակահեղափոխականները»:

«Հեղափոխություն» եզրույթին և երևույթին բացասական պիտակ փակցնողները դժվար թե անտեղյակ են Նիդերլանդական, Բելգիական և Հունական հեղափոխություններից, որոնք օտար լծից ազատագրվելու, կրոնական ազատության, ոչ թե իշխանությունը վերաբաշխելու, զավթելու, փոխանցելու համար էին:

Հեղափոխությունը խմորվում,  հասունանում է իր գաղափարախոսների, համակիրների, նահատակների անձնուրաց ճիգերի հաշվին և, անգամ այդ պայմաններում, կարող է սկսվել «ոչ թե դրա հետևանքով, որ մի կողմն ավելի է լուսավորվել, այլ այն պատճառով, որ մյուս կողմը չափից շատ հիմարություններ է գործել» (Ա. Ռիվարոլ):  

Հեղափոխությունը չի կարող պարտադրվել, այն կեղծ է, եթե պարտադրվել է:    

Սակայն հեղափոխություն է, եթե սոցիալական պահանջ է, մարտահրավերներին դիմակայելու միջոց և ուղղված չէ որևէ հասարակական շերտի բարօրության ապահովմանը, ո՛չ էլ ուղղորդվում է արտաքին հակաազգային և ներքին հետամնաց ուժերի կողմից, այլ նպատակ է դրել ըստ հնարավորին բավարարել ողջ հասարակության կարիքները, համաձայնեցնել շահերը և ամրապնդել քաղաքացիական համաձայնությունը, ոչ թե պառակտել և տարածել գավառամիտ ծխականությունը:

Ահա, թե որտեղ են ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԻՐԱՎԱՑԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԽԱԼՆԵՐԸ...

Արմեն Գրիգորյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ