Ժաննա Ղոչիկյան
Ժաննա Ղոչիկյան

 

Գրող:

Հրապարակախոս:

Հեռուստամեկնաբան:
 

«Ես չեմ հավատում, որ հայրենադարձություն կլինի...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

       

Տարիներ առաջ իմ՝ Արտագաղթին նվիրված հաղորդումն սկսեցի այս նախաբանով՝ «արտասահմանցիները արտասահմաններում ապրող հայության մասին մի տարածված պատմություն ունեն, ասում են՝ շատ հետաքրքիր ժողովուրդ են այս հայերը, հավաքվում են, ուրախանում, կենացճառեր են ասում, պարում են, իսկ ամենավերջում մի երգ են երգում ինչ-որ թռչունի մասին, և բոլորը միասին սկսում են լաց լինել»:

Արտասահմանցիները չգիտեն, բայց մենք բոլորս լավ գիտենք, որ այդ երգը կռունկի մասին է՝ «Կռու՜նկ, ուստի՞ կուգաս… »:

Այս երգը երգում են միջնադարից սկսած, էլի՛ են երգում, բայց այն արդեն սպառել է իր պատմական դերակատարումը, այդ երգը լսելիս այլևս չեն հուզվում, չեն արտասվում, այդ երգով Հայրենիքից խաբրիկներ չեն ակնկալում: Այսօր խաբրիկների համար միջոցները շատ են, նաև՝ ցանկացած պահի կարող են գալ՝ խաբրիկ տալու, խաբրիկ առնելու: Սփյուռքն այսօր հայրենիքից այնքան խաբրիկներ է առնում, որ չի էլ հասցնում կարոտել:

Հայրենիքի դռներն այսօր բաց են ելումուտի համար, սակայն, ցավոք, ելնողներն ավելի շատ են, դեռևս շա՛տ են, քան՝ մտնողները, ե՛տ դարձողները:

Ձախ Հարութը հյուր էր եկել Հայաստան: Մի հեռուստաեթերում նրան կենդանի լեգենդ հռչակեցին և մեծ պատիվ համարեցին ողջ հայության համար, որ հնարավորություն ունեն այդ պահին վայելելու նրա ներկայությունը: Խոսեցին դեսից-դենից, խոսեցին նաև հայրենասիրությունից, արտագաղթից: Եվ մեր կենդանի լեգենդը ամենակենդանի հպարտությամբ հայտարարեց, որ արտագաղթը վատ բան է, գնացողներն, իհարկե, պիտի ետ գան, և որ, ինքը, օրնակ, այնտեղ՝ Ամերիկայում, տուն-տեղ, գործ, ամեն ինչ ունի, բայց չի բացառում (չի՛ բացառում), որ մի օր հետ կգա, բայց իր տղան, ասաց, հաստա՛տ չի գա, որովհետև ինքը Ամերիկայում է ծնվել, այնտեղի քաղաքացի է, Ամերիկան նրա հայրենիքն է: Նրա հայրենիքը Ամերիկան է:

Ապահով ու տաք հեռուներում ապրող հայի հայրենասիրության որակը սա է հիմնականում, և սա արդեն լեգենդ չէ:

1946-ի ներգաղթյալները, նրանց  ժառանգները մե՜ծ մասով, արտագաղթել են: Նրանք մեզ հետ են ապրել, մեր կողքին, բայց մեծ մասով իրենց օտար էին զգում, մեծ մասով չհարմարվեցին, այնքա՛ն էլ չսիրեցին այս հայրենիքը: Չդիմացան այս Հայրենիքի կենցաղային պայմաններին, բարք ու վարքին, գաղափարական թվացյալ կաղապարներին: Չդիմացան 90-ականների դաժան պայմաններին՝ սով ու մութին, ցրտին, պատերազմի սարսափին չդիմացան և, երբ բացվեցին Հայրենիքի դարպասներն ու օտար երկրների հուսո դռները, մեծ մասով հրաժեշտ տվեցին հայրենիքին: Կամավո՛ր հրաժեշտ:

Այո, նեղություններից փախչող ազգ ենք, պատերազմ է՝ լքում ենք երկիրը, ապրելը դժվար է՝ լքում ենք երկիրը՝ արդարացումով, թե՝ պատերազմն ավարտվի՝ ետ կգանք, կյանքը լավանա՝ ետ կգանք: Ու՞ր կգան, Հայրենի՞ք, թե՞ պարզապես՝ բնակավայր:

Կապը հայրենիքի հետ՝ ժանգոտած կողպեքներով բնակարաններն են, ընտանեկան գերեզմանոցները: Բնակարաններն էլ ապահովության համար են պահպանում՝ օտար ափերում հանկարծ ու ինչ-որ բան այն չեղավ, հանկարծ ու վտարեցին:

Գալիս են մի քանի օրով, հյուր-զբոսաշրջիկ են գալիս, վայելում են հայրենի միրգն ու մսեղենը, բանջարեղենն են վայելում, Գառնի-Գեղարդ, երբեմն էլ՝ Արցախ, խորոված-մորոված, շատ չեն դիմանում, մեր երեսին էլ շրխկացնում են, թե՝ վա՜յ, էս ո՞նց եք դիմանում:   

Այո՛, մենք դիմանում ենք…

Ես չեմ հավատում, որ հայրենադարձություն կլինի:

Հատուկենտերը եղանակ չեն ստեղծում: Օտար ափերում բնավորված երիտասարդությունը երբեք ետ չի գա՝ անգա՛մ եթե Հայաստանում է թողել այլևս լքված ու միայնակ ծնողներին: Նրանք էլ են, իհարկե, հայրենասեր, հետևում են Հայրենիքի անցուդարձին, ուրախանում են, երբեմն դասեր են տալիս, երբեմն հոխորտում են, երբեմն երեսով են տալիս իրենց ողորմությունները, կան նաև, որ հպարտանում են:

Հայրենիքը  հեռուներից սիրելը հեշտ է ու անպատասխանատու, Հայրենիքը Հայրենիքու՛մ պիտի սիրենք: 

Ուրեմն, մենք՝ հայրենիքաբնակներս, պարտք ու առաքելություն ունենք Հայրենիքը ո՛չ միայն պահպանելու, այլև նո՜ր դրախտավայր դարձնելու, որովհետև սփռված հայությունը ա՛յդ Հայաստանին է սպասում:

Ոմանք արտագաղթը համարում են փոքր դավաճանություն, ես մեծ դավաճաններ եմ համարում հայրենիքը կառավարողների՛ն, որոնք մեջ-մեջ արեցին Հայրենիքում ամե՛ն ինչ, որ հնարավոր էր մեջ-մեջ անել, մեռցրեցին հայրենիքի գաղափարը, սպանեցին բարոյական ու հոգևոր արժեքները, ջնջեցին ամեն ինչ, որ ազգային հպարտություն էր, օտարեցին, վտարեցին ուղեղները, խեղեցին հայի հոգեբանությունը, ոտնատակ տվին արժանապատվությունը, արժանապատիվ հային սարքեցին ստամոքսի, հացուփորի գերի և մի հանճարեղ կարգախոս դրեցին շրջանառության մեջ՝ որտեղ հաց, այնտեղ՝ կաց:

Հայաստանը վաղուց է ունեզրկված, վաճառվել է Աստծո պարգև ջուրը, ընդերքը, հողատարածքներ: Լույսի, գազի, կապի բոլոր տեսակները մեզ չեն պատկանում: Մենք, ուրեմն, ինչի՞ն ենք տեր: Անունի՞ն միայն:

Գոնե անունը չօտարենք, չարատավորենք:

Նրանք՝ երկիրն ապականած ու ունեզրկած կառավարողները, հայաթափեցին  Հայաստանը:

Ա՛յս Հայաստանն էլ հայաթափվեց: Ոչի՜նչ, կունենանք թու՛յլ Հայաստան, բայց՝ ուժե՛ղ Սփյուռք:

Հայրենիքը միայն հողն ու տարածքները չեն, Հայրենիքը երկրատեր ազգի՛ ներկայությունն է, իր տանն ու իր հողին կառչած հայի՛ ներկայությունն է, ամուր ու բազմազավակ ընտանյքների գոյությունն է: Հատկապես Արցախի պարագայում, հատկապես հիմա և այսուհետ, երբ Ադրբեջանի կռիվը թուրքերին Արցախում վերաբնակեցնելն է, Արցախի թուրքացումը:

Եթե հատկապես արցախցու համար հայրենիքը միայն հող ու տարածք է, ուրեմն  Արցախը դատապարտված է ինքնաոչնչացման:

Երբ Հայաստան եկան փախստականների առաջին խմբերն ու ամեն ինչ անորոշ էր՝ հասկանալի է՝ մահից մազապուրծ մեր ազգակիցներին ապաստան էր պետք, ուրիշ որտե՞ղ, եթե ոչ՝ Հայաստանում: Բայց երբ պատերազմի ընթացքն ի նպաստ հայերի շրջվեց, նոր շարժում սկսվեց՝ վերաբնակեցմա՛ն, հայրենի եզերք վերադարձի՛, մենք, հեռուստալրագրողներս, փախստականներին ոգևորելու նպատակով ոգևորված լծվեցինք այդ սուրբ գործընթացը լուսաբանելուն: Գործընթացը ղեկավարում էր Վլադիմիր Մովսիսյանը: Հաղորդում պատրաստելու համար հանդիպեցի տարբեր խմբերի մարդկանց հետ: Մի մասն ուրախ էր, որ տուն է վերադառնում, շատերը կային, որ դեռևս վախի ազդեցության տակ էին, կասկածամիտներ էլ կային:

Տպավորվել է մի կնոջ պահանջատիրական հարցադրումը՝ «խի՞ պտի գնամ, ինչքան որ Ղարաբաղում թո՛րքի լծի տակ ապրել ենք, հերի՛ք ա, հիմի էլ թող հայաստանցինե՛րը գնան Ղարաբաղում ապրեն»:

Ես ժպտալով ու հանգիստ պատասխանեցի՝ իմ պապերը Հայաստա՛ն մնացած տարածքի համար արյուն են թափել, դուք էլ ձե՛ր թոռների համար պիտի արյուն թափեք: Բայց հայաստանցի տղաներն էլ էին կռվում, չէ,՞  էն էլ ո՜նց  էին կռվում, մի հսկայական Եռաբլուր ունենք: Մերն է, չէ՞, մե՛ր երկիրն է, միասին ենք ազատագրել թորքի լծից, մե՛կ ենք, չէ՞, ուղղակի ձեր տունն այնտե՜ղ է, մեր տունն այստե՛ղ է:

Սա, գուցե, կենցաղային-կանացի խոսակցություն էր, բայց իրական միակողմանի՛ տեղաշարժը մի՞թե վտանգավոր չէ…:

Այո, եղեռն էր, ցեղասպանություն էր, հիմա էլ հո եղեռն ու ցեղասպանություն չէ, հիմա էլ ինքնաեղեռնի՞ ենք գնում, կամավո՞ր ենք ցեղասպսն լինելու: Հայրենիիքը հո հուշարձանները չեն, խաչքարերն ու կոթողները չեն, հայրենիքը կենդանի մարդիկ են, որ պիտի պահեն ու շենացնեն, պիտի արարեն ու բազմանան: Հայրենիքը  բնի՛կ ժողովուրդն է, որի բեկորները հեռու ու մոտ հանգրվաններից տուն պիտի դառնան:

Անգամ՝  Հայաստանի՛ց: Որովհետև Արցախի հայաթափումը Հայրենիքի՛ դավաճանություն է, մեծ դավաճանություն:

Կա՞ արդյոք Արցախի վերաբնակեցման ո՛չ թե ծրագիր, այլ՝ իրական գործընթաց, կա՞ արդյոք արտագաղթը կասեցնելու ո՛չ թե խոստում, այլ նպատակային գործընթաց: Ապացուցելու հարկ չկա, որ մենք՝ հայերս, բարեկեցիկ կյանք ենք սիրում, հարմարավետ կենսապայմաններ, ապահով ու հաճելի ապրելակերպ: Իսկ մեր ունեզրկված, բարոյազուրկ կառավարիչների շնորհիվ՝ անարդարության ճիրաններում հոգեվարք ապրած Հայրենիքը, դեռևս անկարող է գոհացնել մեր պահանջները:

Եվ, ուրեմն, ի՞նչ, ինչո՞ւ պիտի սիրենք Հայրենիքը, այո՞:

Հ. Գ. Ժամանակին Սփ­յուռ­քի նա­խա­րա­րութ­յու­նը ջանք չէր խնա­յում սփյուռ­քա­հա­յի հա­մար Հայ­րե­նի­քը սի­րե­լի ու գայ­թակ­ղիչ դարձ­նել, Հայրենիքից օտարվածների համար Հայրենիքը տու՛ն դարձնել: Հայրենիքը, սակայն, նրանց համար տու՛ն չդարձավ:

Հ.Գ. 1. Մի հա­տուկ՝ հայրենիքահա՛յ նա­խա­րա­րութ­յուն էլ մեզ` հա­յաս­տա­նաբ­նակ­նե­րիս է հար­կա­վոր, թե չէ մեր եր­կի­րը, մեր Հա­յաս­տա­նն ու Արցախը,  մեր տունը, մեր այս մի բուռ Հայ­րե­նի­քը ձեռ­քից գնում է: Խորհենք այս հարցերի մասին, վեր կանգնենք այսօրեական խնդիրների շուրջ գզվռտոցներից, անձնական գրպանային շահերից, թշնամի-թշնամի խաղերից:

Մենք մի Հայրենիք ունենք և մի՛ թշնամի:

Մենք դեռ կորուսյալ Հայրենիքներ ունենք և ունենք ապրելի՛ք դարեր:

Որպես վերջաբան

Գրեցի այս նյութը և ինձ թվաց՝ կազատվեմ ֆեյսբուքյան մղձավանջից: Բայց՝ ո՜չ: Ֆեյսբուքում դեռևս վխտում են ազգային կասկածելի պատկանելությամբ, ա՛նհայրենիք թափթփուկները: Նրանք ամեն միջոցի՝ սադրանքի, շանտաժի, անպատկառ հրահրումների են դիմում՝ մեր կյանքը մղձավանջի վերածելու համար:

Մեր կյանքը՝ մե՛ր Հայրենիքում:

Իսկ հեղափոխությունը վտանգված է, հեղափոխությանը խոշտանգում են:

Հեղափոխությունը տերեր ունի, չէ՞:

01-ը մայիսի, 2020 թ.

Թվագրեցի՝ մայիս և…Մայիսը մեր ժողովրդի հաղթանակների՛ ամիսն է, և վաղուց ժամանակն է, որ նո՛ր, համազգային հաղթանակներ արձանագրենք:

Իսկ մինչ այդ՝ հպարտությամբ շնորհավորում եմ ողջ հայությանը Մայիսյան բոլո՜ր Հաղթանակների առթիվ:

 

Ժաննա Ղոչիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ