Թատերագետ եմ:
Զբաղվել եմ
մշակութային
լրագրությամբ:
Մի շարք
հաղորդումների
հեղինակ եմ,
բազմաթիվ
գրքերի
խմբագիր,
մի քանի
ֆիլմերի
սցենարի
հեղինակ:
Նաև՝
դասավանդել եմ:
Հոդվածներ
վաղուց
չեմ գրել:
Այստեղ
գրելու
առաջարկը
հեշտությամբ
չեմ ընդունել:
Կայքի
հիմնադիր
խմբագիրը
վստահեցրեց,
որ բառն ու
միտքը չեն
արժեզրկվել:
Հավատալով
նրան,
կփորձեմ
գրել, թեև դա
համարում
եմ ծանր
աշխատանք:
Գոնե ինձ
համար
այդպես է,
քանի որ
ամեն տող
գրելիս միշտ
հիշում եմ
Մայակովսկուն.
«Մի հատիկ
բառի համար
հազարավոր
տոննա
բառահանք
ես շուռումուռ
տալիս... մի
փութ աղ ես
ուտում ու
հարյուրավոր
գլանակների
ծուխ ես կուլ
տալիս
մարդկային
լեզվի
արտեզյան
խորքերից
մի թանկագին
խոսք
դուրս
բերելու
համար»:
«Ես Եվրոպա մտա բաց ճակատով...». Խաչատուր Ալմազյան ՀԱՅԸ
Խաչատուր Ալմազյանի հետ ծանոթացա 2010 թվականին` հեռախոսով, երբ ճշտում էի Էմիր Կուստուրիցայի Հայաստան առաջին այցելության մանրամասները: Աշխարհահռչակ կինոռեժիսորին Հայաստանի մասին պատմել, հայ ժողովրդի հանդեպ համակրանքով է լցրել հենց ինքը Խաչատուրը: Նրանց ընկերությունը երկար պատմություն ունի: Ընդհանրապես Ալմազյանն իր տեսակով, իր մարդկային նկարագրով, իր էքսցենտրիկ խառնվածքով, իր հարուստ կենսագրությամբ երկար պատմություն է: Մի քանի հեռախոսազրույցից արդեն պարզ էր, որ գործ ունեմ շատ պատրաստված, սեփական արժեքն իմացող, գործից հասկացող և, որ ամենակարևորն է` գործից չվախեցող մարդու հետ:
Այստեղ զարմանալին այն է, որ մարդն այդ երաժիշտ է, այն էլ ջութակահար: Անկեղծ ասած, մեր իրականության մեջ քիչ են պատահում կամ գրեթե չեն պատահում արվեստագետներ, որոնք ունակ են լուծել սեփական խնդիրները, կազմակերպել իրենց համերգները, զբաղվել պրոդյուսերական աշխատանքով և լինել տաղանդավոր ու շնորհաշատ իրենց արվեստում: Հենց այդպիսին է Խաչատուր Ալմազյանը, որի կազմակերպչական ունակությունների հետ ծանոթացա հեռախոսով, իսկ արվեստի հետ`քիչ ավելի ուշ:
«Անունս ոչինչ, բայց Հայաստան բառը ճիշտ պետք է ասեք»
Հանդիպումը տեղի ունեցավ Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում: Դուբրովնիկի սիմֆոնիկ նվագախմբի հրավերով Խաչատուրը մի համերգ ունեցավ ծովափնյա այդ չքնաղ քաղաքում, որտեղ խորվաթներին զարմացրեց ու հիացրեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի իր վիրտուոզ կատարմամբ: Մոտ երեք տասնամյակ Բրյուսելում բնակվող, Բելգիայի քաղաքացի Խաչատուր Ալմազյանը համերգին ներկայացնում էր Հայաստանը: Ազդագրերում, ծրագրերում, բուկլետներում, մամուլում մեր երկրի անունը գրելը նրա համար սկզբունքային հարց է: «Յուրաքանչյուր երկրում, համերգի ժամանակ ինձ ներկայացնելիս, եթե անուն- ազգանունս ճիշտ չասեն, խնդիր չկա, քանի որ դժվար արտաբերվող է, բայց երկրիս անունը` Հայաստան, պահանջում եմ հստակ, պարզ և ճիշտ շեշտադրված առոգանությամբ»,- վստահեցնում է ջութակահարը:
Ավելի քան 20 տարի Եվրոպայի սրտում ապրող ու ստեղծագործող Խաչատուր Ալմազյանը չնայած իր եվրոպական հագուկապին, հղկված շարժուձևին` միևնույն է հայ է իր ողջ էությամբ: Ընդգծված հայկական դիմագծերով, խոշոր, արտահայտիչ աչքերով, արտիստիկ կեցվածքով այս երաժիշտը հայրենիքի հետ կապված է անքակտելիորեն ամուր: Եվրոպական ութ լեզուներով հաղորդակցվող Խաչատուրը խոսում է մաքուր հայերենով` չաղավաղելով իր մայրենին որևէ օտար բառով: Եվ միշտ զարմանում է, թե ինչպես են մարդիկ երկու տարի դրսում ապրելով սկսում մոռանալ հայերեն բառերը: «Այն ամենը ինչ կապված է հայրենիքիս, իմ տան, իմ ընկերների, իմ ազգի հետ ես չեմ պատկերացնում, որ երբևէ մոռանամ, շփոթեմ կամ չհիշեմ... Հիշում եմ ամեն մի մանրուք, յուրաքանչյուր հայկական մասնիկի հետ կապված եմ բոլոր կապերով»: Խաչատուրի հետ զրուցելիս, անընդհատ այն զգացողությունն է, որ կողքիդ քո համաքաղաքացին է, երևանցի այն տղան, որի խնդիրները, մտահոգություններն ու անհանգստությունները նույնն են ինչ-որ քոնը:
Խաչատուրը մանրամասնորեն հիշում է իր մանկությունը, իրենց բակը, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան, որտեղ սովորել է Պետրոս Հայկազյանի և Վիլի Մոկացյանի դասարանում: «Ես Եվրոպա մտա բաց ճակատով, ստացել էի փայլուն կրթություն Հայաստանում, ունեի կատարողական վարպետություն, ես խնդրողի կարգավիճակում երբեք չեմ եղել: Ես ընդունում եմ, որ զարգացել եմ Եվրոպայում, սակայն այնտեղ ես ոտք եմ դրել արդեն պատրաստի հիմքով ու հոգևոր պաշարով»:
Երբ գեղեցկուհիներն են լավ երաժիշտները
Խաչատուր Ալմազյանը հայաստանյան կրթությունը ստանալուց հետո սովորել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում` Իգոր Օստրախի մոտ, Փարիզում` Էդուարդ Վուլֆսոնի, իսկ Նյու-Յորքում` Միշա Կեյլինի մոտ: Չնայած երիտասարդ իր տարիքին նա նվագել է շատ ու շատ հայտնի անունների հետ, եղել է այնպիսի աշխարհահռչակ նվագախմբերի մենակատարը, ինչպիսին են Բելգիական ռադիոյի սիմֆոնիկ, Շանհայի սիմֆոնիկ, Օնտարիոյի ֆիլհարմոնիկ, Մորավիան ֆիլհարմոնիկ նվագախմբերը, «Պրագայի վիրտուոզներ», «Ջենովայի մենակատարներ» և այլ խմբերը: 1997 թվականին Ալմազյանը Բելգիայի ռադիոյի և հեռուստատեսության մրցույթում գրավում է առաջին մրցանակը, այնուհետև պարբերաբար ձայնագրվում ռադիոյի և հեռուստատեսության համար, որոնք հեռարձակվում են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում:
Լինելով անհանգիստ, նախաձեռնող ու նորը փնտրող տեսակ Խաչատուր Ալմազյանը 2007 թվականին ստեղծում է իր սեփական նվագախումբը` "Almazian's Obsession" անվանմամբ, որը հետագայում վերանվանում է "Almazian Symphony": Նվագախմբի տասնութ երաժիշտները աղջիկներ են, մեղմ ասած` գեղեցկուհիներ: «Երբ մրցույթ էի հայտարարել նվագախմբի երաժիշտների համար, լավ երաժիշտ լինելուց բացի կարևոր ու պարտադիր պայման էր գեղեցիկ արտաքինը: Ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է, բոլորը կարծում էին , որ դրանք անհամատեղելի են»,-կեսկատակ-կեսլուրջ պատմում է Ալմազյանը: Նվագախմբի ոճն ու ուղղությունը նույնպես թարմ է ու նոր: Նրանց կատարմամբ դասական գործերը հնչում են միանգամայն նոր մեկնաբանությամբ ու հնչյունավորմամբ:
Կուստուրիցայի հինգ րոպեն ու վեցժամյա հանդիպումը
Ալմազյանի նվագախմբին գրեթե տասը տարի առաջ նկատել էր Էմիր Կուստուրիցան, հրավիրելով նրանց բացելու իր հեղինակած Kustendorf 2008 կինոփառատոնը: Այստեղից էլ սկիզբ է առել նրանց բարեկամությունը: «Կան մարդիկ ում կարծիքն, անշուշտ, շատ կարևոր է: Կուստուրիցան ինձ համար բարոմետրի պես մի բան է, որը կարող է անաչառ դատել` նախագիծդ հաջողվել է, թե` ոչ: Մեր առաջին հանդիպմանը նախապես ինձ զգուշացրել էին, որ այն տևելու է ուղիղ հինգ րոպե և տեղեկացրել, որ եթե չհավանի նվագախումբը, ինքն անպայման քեզ դրա մասին կասի միանգամից: Հանդիպումը տևեց վեց ժամ, որին հաջորդեց փառատոնի հրավերն ու տեսահոլովակի նկարահանման առաջարկը»:
Մինչև 2010 թվականը Էմիր Կուստուրիցան հայ ժողովրդի մասին կարծիք կազմում է Խաչատուր Ալմազյանի հետ ընկերություն անելով: Իսկ 2010, ապա նաև 2015 թվականներին, Ալմազյանի նախաձեռնությամբ Կուստուրիցան իր "No Smoking" նվագախմբով համերգներ ու վարպետության դասեր ունեցավ Հայաստանում: 2016-ին նրանց բարեկամությունը և համագործակցությունը նոր փուլ մտավ: Նախորդ տարի Կուստուրիցան ավարտեց իր հերթական ֆիլմը: «Ծիր Կաթնի ճանապահով» գեղարվեստական կինոնկարը մեզ`հայերիս համար կրկնակի սպասված է: Ֆիլմում նկարահանվել է համաշխարհային հռչակ վայելող աստղային զույգը` Էմիր Կուստուրիցան ու Մոնիկա Բելուչին: Էպիզոդային իր դերասանական դեբյուտով այստեղ հանդես է գալիս նաև Խաչատուր Ալմազյանը: Սակայն, սա ամենը չէ, նրա ղեկավարած նվագախումբն է կատարում ֆիլմի երաժշտությունը, իսկ մենակատարը մեր մյուս տաղանդավոր հայրենակիցն է` թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Սա այն դեպքն է, երբ ազգային ինքնագնահատականդ ամենաբարձր նիշն է փնտրում: Սա այն դեպքն է, երբ հպարտ ես ու երջանիկ, որ նման հայրենակիցներ ունես: Սա այն դեպքն է, երբ վստահ ես, որ սա դիպված չի, այլ հստակ ու կոնկրետ մի պատմություն, որը հաստատ շարունակվելու է:
Նաիրա Եղիազարյան