«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Ես Հարությունին հենց դրա համար եմ շնորհավորում...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հարություն Խաչատրյանն այսօր ընտրվեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, բայց ես չէի կարող միայն այսքանն ասել:
Ես, իհարկե, չգիտեմ՝ շնորհավորո՞ւմ եմ իմ լավ ընկերոջը, թե՝ կարեկցում, որովհետև այն, ինչ այսօր տեսա կինոյի տանը, ավելի շատ կարեկցանքի առիթ է տալիս, քան՝ շնորհավորանքի: Ինչևէ:
Կինոյի տանը ես չէի եղել ճիշտ 29 տարի: Ճիշտ այնքան, որքան, որ փակ էին կինոյի տան դռները: Վերջին անգամ եղել էի 88-ին, այն տխրահռչակ օրը, երբ քննարկվում էր սիրված ու տաղանդավոր դերասանուհի Վիոլետա Գևորգյանի Բաքու մեկնելու խնդիրը, որը ճակատագրական եղավ արտիստի համար: Այդ օրը կինոյի տնից հեռացա շատ դառը մտորումներով:
Այսօր նույնպես դառնանալու պատճառները քիչ չէին: Մանավանդ, որ մի պահ թվաց, թե անկախ Հայաստանը կորավ անվերադարձ և ուր որ է դահլիճ կմտնի գաղափարախոսության գծով կենտկոմի քարտուղարը:
Թվերը շատ հետաքրքիր խորհուրդ ունեն իրենց մեջ: Կինոյի տան դռները փակ էին ճիշտ 29 տարի: Ճիշտ այնքան, որքան ձայն ստացավ Վահե Գևորգյանցը՝ տաղանդավոր կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի որդին և ճիշտ այնքան, որքան պահանջվեց կինոյի տնից միայն հիշողություն թողնելու համար:
Հարություն Խաչատրյանը նախագահ ընտրվեց 88 ձայնով, իսկ 88-ը, գոնե ինձ համար, մեր ազգային զարթոնքի խորհրդանիշն է, և որքան հիշում եմ, նաև Հարություն Խաչատրյանի առաջին միջազգային մրցանակի տարին, երբ նրա «Կոնդը» գողացվեց փակ նկուղներից և ուղարկվեց Կիևի միջազգային կինոփառատոն: Հայաստանում մերժված և պախարակված «Կոնդը» վերադարձավ միջազգային մրցանակներով: Ի դեպ, մերժողներից և պախարակողներից մի քանիսն այսօր համագումարի դահլիճում էին ու, վստահաբար, Հարության Խաչատրյանի օգտին չէին քվեարկել:
Եվ, ի վերջո 17 ձայն Գևորգ Գևորգյանին: Գրեթե ճիշտ այնքան, որքան «Հայֆիլմի» նախկին տնօրեն, մշակույթի նախկին նախարար, կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգյանը լիարժեք կառավարեց հայկական կինոն, և որի կառավարումը համընկավ հայկական կինոյի փաթեթային ու անվերադարձ վաճառքի հետ:
Ավելին չասելու համար մեջբերեմ հայկական կինոյի լեգենդներից՝ Իռեն Օրդուխանյանի խոսքը համագումարում. «Գեւորգ Սարգիսովիչ, Դուք ի՞նչ կապ ունեք ստեղծագործական միության հետ: Չէ՞ որ սա ստեղծագործական միություն է: Դուք ստեղծագործող չեք: Մեծ լավություն արած կլինեք, եթե միությունը հանգիստ թողնեք: Ինձ թվում է, որ նախագահ դառնալու Ձեր մղումը փողն է... Դուք ժամանակին խոստանում էինք, որ «Հայֆիլմը» Հոլիվուիդ կդարձնեք: Ո՞ւր է այսօր այդ Հոլիվուդը: Դուք նաև Կինոկենտրոնի նախկին տնօրենն եք, միշտ նախկին եք: Դուք ավերող եք, ոչ թե՝ կառուցող: Դուք չեք կարող կինոգործիչների միության նախագահ դառնալ: Մենք Ձեզ չենք վստահում»:
Ահա այսպես:
Հանճարեղորեն ճիշտ էր իմ ընկեր Այդին Մորիկյանը, երբ ասում էր. «Հորինել պետք չէ՝ ոչ երկիր, ոչ պետություն, ոչ էլ կենսագրություն: Պատասխանատվությունն ըստ ապրված կյանքի է լինելու, ոչ թե ըստ հորինածի»:
Հարություն Խաչատրյանն այսօր հաղթեց, որովհետև... մրցակիցները պարտվեցին: Հարություն Խաչատրյանը հաղթեց չհորինված կենսագրությամբ և ապրվածի պատասխանատվությամբ:
Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք հանուն «ախպերության», հանուն «շուստրիությունների», հանուն մշտական ու «քյաշ» փողի, հանուն հորինված կենսագրության ու հանուն երաշխավորված փայի «կֆռֆռան» այս կամ այն մարդու շուրջ՝ չհասկանալով, որ անգամ ժամանակավոր հաղթանակների պարագայում իրենք պարտված տեսակ են:
Իսկ գոնե 88 կինոգործիչ այսօր Հայաստանում ցույց տվեցին, որ արդարասեր են ու չհանդուրժեցին իրենց խաբել:
Ես Հարությունին հենց դրա համար եմ շնորհավորում:
Իսկ ընդհանրապես, թող Հարություն Խաչատրյանը «վերջապես բացի կինոյի տան դռները»: Ինքը դա կարող է անել: Ինքը Հայաստանի դռներն է բացել կինոյի առջև ու աշխարհի դռները՝ Հայաստանի առջև:
Արայիկ Մանուկյան