Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Ես կվերադառնամ. ասաց նա՝ ԿԻՆԸ…»

 

«… Տղամարդիկ կհեռանան և արյունը կդադարի հոսել: Արյունը կդադարի հոսել և տղամարդիկ կհեռանան: Ես կվերադառնամ: Չգիտեմ՝ երբ և ինչ տեսքով, բայց՝ կվերադառնամ. ասաց նա՝ կինը…»:

Գուցե հանդուգն, գուցե՝ մարգարեական, գուցե շրջահայաց, գուցե՝ իրապաշտ, գուցե սպառնալից, գուցե՝ նախախնամորեն կանխորոշված, բայց համոզմունքային ու կոնցեպտուալ այս վերջաբանով է երևանյան բեմում ավարտվում «Մարդկային պատմություններ» վերնագրված թատերախաղը:

Հետո հնչում է երաժշտությունը՝ «որպես լքված թավջութակի ձգված մի լար…», ու ետևում են մնում մարդկային զգայուն պատմությունների շարաններ։ Շարաններ, որոնցում կյանքն է: Ոչ անրջային, ոչ մտացածին, ոչ աննյութական, այլ իրական կյանքը՝ չհորինված, չկեղծված, անշպար: Կյանքն է, անխաբուսիկ կյանքը՝ հոգու, մարմնի վրա կոպտորեն դաջված սիրո ու ատելության, հանդիպման ու բաժանումի, ցավի ու երջանկության, տխրության ու կարոտի, ներկայի, անցյալի ու հիշողության, նվիրումի ու դավաճանումի պինդ հանգույցներով:

Իսկ «Մարդկային պատմությունները» Երևան է բերել ֆրանսիական Cie Saté-Âtre թատերական միությունը, հեղինակի՝ ժամանակակից ֆրանսիական դրամատուրգիայի թրենդային անուններից՝ երեսուն լեզվով թարգմանված, հիսունից ավելի երկրներում բեմադրված Քզավիե Դյուրանժեի հետ՝ դրամատուրգ սցենարիստ, ռեժիսոր, Կաննի, Ավինյոնի և այլ խոշոր կինո ու թատերական փառատոների մասնակից, «Էմմի»-ի մրցանակակիր, որի առաջին պիեսը տասնյակ տարիներ առաջ մերժել էին և խորհուրդ տվել այլևս չզբաղվել դրամատուրգիայով:

Եվ ահա կյանքի մեծ փորձառությամբ Քզավիե Դյուրանժեն իր «Մարդկային պատմություններ»-ում խառնվածքային կանանց հինգ տարբեր կերպարների միջոցով փորձում է երկխոսությունների անընդհատ շղթայի շնորհիվ կնոջ զգացական ներաշխարհից խոսել հասարակությունում մարդկային բազմաշերտ հարաբերությունների, կնոջ ու տղամարդու, սիրո, բռնության, սեքսի, ընտանիքի ու միայնակ, լքված անհատի հոգեբանության, նրանց շրջապատող անձանց ու գոտիների խորքային առնչությունների, դրանց ընկալումների ու ըմբռնումների, դրանց իրական ու զգացմունքային հատումների ողջ սպեկտրի մասին:  

Բեմը պայմանական տարածք է՝ ժամանակակից բեմադրական արվեստին հատուկ մինիմալիստական միջավայրով, թատերական խաղի եթերային էկրանավորմամբ՝ սև-սպիտակ ուղիղ հեռարձակմամբ հենց բեմից, թատերասրահից, թատերական տարածքի ետնամասերից ու խորշերից, որը թույլ է տալիս ստեղծել բեմի ու դահլիճի, դերասանի ու հանդիսատեսի, ասելիքի ընկալման ու արտիստական խաղի հաղորդակցության նոր միջոց:

Միջոց, որը թույլ է տալիս ժամանակ առ ժամանակ վերանալ բեմի գույներից, գուցե՝ նաև կյանքի, ընկղմվել սևի ու սպիտակի աշխարհում, ուր կարծես ավելի վառ են գույները, ավելի ցայտուն են երևակված դեմքերը, ավելի ընդգծված են հայացքը, դիմախաղը, զգացմունքը, կիրքը, մարդու հաղթանակն ու պարտությունը: Ասել է թե՝ ավելի թափանցիկ է մարդը, որ նույնն է, թե՝ իրատեսական է աշխարհն ու կյանքի անտեսանելի կողմը: 

Եվ սա բեմադրիչի՝ Cie Saté-Âtre թատերական միության հիմնադիր, բեմադրիչ, դերասանուհի, թարգմանիչ Սաթէ խաչատրյանի մտահղացմամբ աննկատ ու ստեղծարար կիրառում է կինոռեժիսոր Մերի Գրիգորյանը, որ տեսախցիկով ձուլվում է արտիստական խմբին ու դառնում պատմություն կերտողներից մեկը:

«Մարդկային պատմություններ»-ի բեմադրիչը դերասանախմբի անվրեպ ընտրությամբ սեղանին է դնում մարդկային կյանքի ողջ դրամատիզմը՝ խորքով ու միաժամանակ ունայնությամբ, քնքշանքով ու մարմնային, հոգեկան բռնությամբ, մարմնի սիրահետքերով, կրքի հիշողությամբ, բայց և խաբկանքով ու իրականության հետ առերեսման անխուսափելիությամբ:  

Պատմությունները պատմում են կանայք: Տարբեր տարիքի, կյանքի, սիրո, երջանկության, դժբախտության, տառապանքի, կրքի, ապրումի տարբեր փորձառությամբ կանայք, որոնց արտիստական խաղի զգայուն նրբերանգներով լավագույնս կերպավորել են դերասանուհիներ Մարինե Պետրոսյանը, Տաթև Հովակիմյանը, Անի Խաչիկյանը, Ֆրիդա Յորքը, Տաթև Մելքոնյանը՝ ստեղծելով նույն ժամանակի մեջ ապրող մարդկանց իրականում միմյանցից անսահմանորեն տարբեր կերտվածքներ, բնավորության ու զգացմունքի հակադրորեն տարբեր բնություններ, թեպետ, կարծես, թե՝ շատ տարբեր չեն կյանքի հետագծերը, նախասահմանությունները, անցած ու ապրած ժամանակի տեսանելի ու անտեսանելի էջերը:

Ինչո՞ւ են պատմությունների կենտրոնում կանայք, որոնք տարբեր են այնքան, որքան նման են և նման են այնքան, որքան տարբեր են: Գուցե այն պատճառով, որ կանայք են մարդկային էության ամենահավանական ու անհավանական սահմանումների կրողները, որ կանայք են այն զգայուն նյարդը, որի վրա ձգվում է մարդու ժամանակի ողնաշարը: Եվ գուցե այն պատճառով, որ կանայք են ծնում տղամարդկանց, կանայք են ծնում կանանց, կանայք են ծնում կյանքը ու կանայք են ինչպես հաղթողը, այնպես էլ զոհը:   

Բայց արդյո՞ք զոհ չեն նաև տղամարդիկ: Տղամարդիկ, որոնք «…կհեռանան և արյունը կդադարի հոսել: Արյունը կդադարի հոսել և տղամարդիկ կհեռանան…», ու… կվերադառնա կինը: Իսկ արդյո՞ք հասարակությունը, ավանդույթը, օրենքը՝ գրված ու չգրված, նախադեպը, հոգեկերտվածքը չեն այն գործոնները, որոնք նախասահմանում են կնոջ ու տղամարդու՝ ասել է, թե մարդկության կյանքի ժամանակը՝ անարդարորեն, կամ՝ ոչ:

Այնուամենայնիվ՝ մարդկային պատմությունները կանանց ներաշխարհի միջոցով ուղղակի խորքային ընկալմամբ հյուսել է տղամարդը՝ տվյալ պարագայում Քվազիե Դյուրանժե զգայուն հեղինակը:

Դերասանական մեծ տաղանդով է Մարինե Պետրոսյանը մարմնավորում գրեթե երկու բալզակյան տարիք ապրած կնոջը, որի կյանքում եղել են բազմաթիվ տղամարդիկ, բազմաթիվ սերեր, որի մարմնով ու մաշկով անցել է կյանքն իր ողջ իրողությամբ, որը կյանքն ապրել է՝ ինչպես սովորաբար ապրում են՝ շռայլելով երիտասարդությունն ու գեղեցկությունը, մարմինն ու կիրքը, իսկ տարիների հեռվից անցյալին նայում են հանդարտությամբ ու խոհեմաբար, քանզի անցյալն արդեն փոխակերպված է իմաստության ու շրջահայեցության:

Զգացմունքները, նույնիսկ, եթե երբեմն հորդում են անցյալից, որովհետև կինը կին է բոլոր տարիքներում, այնուհանդերձ, դրանցում ներքին մի կանոնով հանդարտ են նույնիսկ պոռթկումները: Նա կյանքին նայում է որոշակի քամահրանքով, գուցե նաև՝ չարախնդրորեն, որովհետև կյանքը կրկնվում է, բայց արդեն ոչ իր համար: Եվ նրա ապրածի կշիռը նրա խոսքի ու լռության, նրա շարժումի ու պահվածքի հավասարակշռության մեջ է: Նույնիսկ՝ նրա ընդվզման հավասարակշռության:  

«…Ինձնից բացի ոչ ոք չգիտի: Միայն ես: Միայն ես գիտեմ: Դուք ձեզ համար բաներ եք հնարում, բայց շատ հեռու եք իրականությունից…». Ասում է նրա հերոսուհին:  

Այս կերպարին, կարծես, հակակշռում է երիտասարդ արտիստուհու՝ Տաթև Հովակիմյանի հերոսուհին: Նրա կինը շատ ավելի զգացմունքային է, շատ ավելի կրքոտ, բայց նրան պակասում է տարիքը՝ հասունության մեջ իր զգացմունքայնության գինը ըմբռնելու համար։ Նրա զգացմունքները հորդում են։ Նա սիրում է։ Նա պատրաստ է նվիրվել: Նա պատրաստ է տրվել ու չմտածել կորցնելու մասին:

«…Սիրել, նշանակում է ընդունել, որ նա կարող է հեռանալ… Հարցերը սպանում են զույգերին, բոլոր զույգերին՝ օրինական, թե՝ ապօրինի…»։ Եվ նա պատրաստ է սիրել առանց հարցերի: Նա պատրաստ է ընդունել մարտահրավերները, որ նետում է կյանքը՝ տարիքի ու փորձառության բերումով, թերևս, չգիտակցելով այդ մարտահրավերների ենթադրյալ վերքերն ու սպիները: Նա դեռ կարող է հեշտությամբ խաբվել։ Կարող է չմտածել կորցնելու մասին։ Նրա կյանքի հետագիծը դեռ ամբողջացած չէ կնոջ հոգու ու մարմնի հասունությամբ։ Նա դեռ հավատում է։ Եվ այս իրավիճակները Տաթև Հովակիմյանը մարմնավորում է անսահման զգացմունքայնությամբ ու տաղանդով: Նույնիսկ՝ վախենալու զգացմունքայնությամբ:

Շատ ավելի երիտասարդ է Անի Խաչիկյանի հերոսուհին: Նրա կինը բոլորովին այլ կին է: Նա հասցրել է, անշուշտ, ունենալ իր տղամարդիկ, իր սերերն ու սիրահարությունները, մարմնային հաճույքներն ու խենթությունները: Սիրել է, սիրահետել, զվարճացել, ապրել կյանքը, վայելել կիրքը, երիտասարդորեն շնչող մարմինը, թերևս՝ նաև խարդավանքները:

Բայց նա դեռ դյուրահավատ է, ինքնավստահ դյուրահավատորեն և նա դեռ հավատում է, քանզի դեռ չի ճաշակել կյանքն իր ողջ իրականությամբ, հարաբերություններն իրենց ողջ խորությամբ, և հարվածները՝ որոնք առկա են նրա ապրած տարիներում, այնուհանդերձ՝ ճախրանքի հարվածներն են և ոչ անդունդը գահավիժելու:

Ու թերևս այդ է պատճառը, որ նա պատրաստ է խենթությունների, զոհողությունների, ծայրահեղությունների: Անի Խաչիկյանն, ուղղակի ապրում է բեմում, որը խոսում է դերասանուհու խորքային շնորհների մասին:    

Գերզգացմունքային կին է Ֆրիդա Յորքի հերոսուհին, սակայն նրա զգացմունքներն ու ապրումները, կրքերն ու տենչանքները, կարծես, ավելի ներզգացական են, ներհայեցական: Ներհայեցական են նույնիսկ նրա ուրախություններն ու դառնությունները, նրա տառապանքներն ու հոգեկան ապրումները: Եվ դա, գուցե, նրա տարիքի արտացոլանքն է, քանզի նա կնոջ ամենահասուն տարիքում է: Ամենազգայուն ու ամենակրքոտ տարիքում: Նա կնոջ այն ժամանակում է, երբ կինն առավել ցանկալի է, երբ նրա մեջ խտանում է ներաշխարհը, ապրածը, փորձառությունը, կիրքը, իսկ մարմինն այն փոխանցում է անմնացորդ՝ զգալով նյարդային համակարգի բոլոր լիցքերը: Տարիք, երբ կինն իր ապրածի հայելային անդրադարձն է:

Ֆրիդայի կինը կին է: Կին: Կին մինչև մազերի ծայրը: Կին է՝ մարմնի յուրաքանչյուր սեթևեթանքով, հայացքի յուրաքանչյուր խաղով, քայլվածքի յուրաքանչյուր հետքով: Նա կրքոտ է, գեղեցիկ, շքեղ: Նա կարող է պայքարել, ընդվզել, բողոքել, բայց, միևնույն է՝ նա ներհայեցողական է: Նա ներհայեցողական է, երբ սիրում է, երբ լռում է, ճչում է, երբ խոսում է, երբ ժպտում է: Ներհայեցողական է, երբ փորձում է արտահայտել զգացմունքները: Նա գնահատում է կյանքը՝ քննելով իր ներաշխարհը: Նա փնտրում է անցյալի, ներկայի ու ապագայի միջև՝ ամուր հենվելով իր ներաշխարհի ներադաշնակությունների վրա: Նա երազային է, հավատում է կյանքին, սիրում է կյանքը։ Իսկ թույլ է, որովհետև սերը դեռ կռիվ է տալիս ներսում, մարմինը դեռ ձգտում է տենչանքի։

Ֆրիդա Յորքն այս կերպարը ստեղծել է տաղանդով ու զգացմունքի խորքային ընկալմամբ: Այն անցնում է դերասանուհու արյունատար անոթների միջով՝ փոխանցելով բոլոր թրթիռներն ու հույզերը:  

Տաթև Մելքոնյանի հերոսուհին շատ ավելի իրատես է։ Նրա կինն ուժեղ է: Ուժեղ է, թե իր հաղթանակներում, թե իր պարտություններում։ Նա կարող է դեմ առ դեմ հանդիպել կյանքին, գնալ նրա փորձություններին ընդառաջ։ Նա կարող է դիմանալ ատելությանը, դավաճանությանը ու ցույց չտալ, որ ուժեղ լինելը իր՝ զգացմունքային կնոջ թուլությունն է։ Նաև՝ պատվարը: Նաև՝ վահանը: Նա կարող է կռվել, լաց լինել, տխրել, կարոտել, ուրախանալ, բայց երբեք ցույց չտալ, որ ինքը թույլ է։ Նրա համար թուլությունը խաղաքարտ չէ։ «…Սկսում եմ ոչնչից, հասնում ամեն ինչի: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչքան եմ ես ձեզ արհամարում…»:

Այո, նա կարող է արհամարել: Արհամարել դիպվածը, խաբեությունը, դավաճանությունը, սրիկայությունը, իրողությունները, որ ուղեկցում են մարդուն, կյանքի բոլոր անակնկալները, որոնք հայտնվում են անսպասելիորեն ու անհետանում նույնքան անսպասելի, արհամարել տղամարդկանց, կանանց, նրանց պատմությունները, նրանց կերպերը, քանզի նրա կյանքի փորձառությունը հասնում է բավարարության սահմանին, որից այն կողմ փնտրվում է ներդաշնակությունը անցյալի ու ներկայի միջև, հիշողությունը դառնում է իմաստության կարգավորիչ, հասունությունը հանգստություն է բերում մտքերին, մարմնին, հույզերին ու զգացմունքներին ու մնում է վայելել կյանքը, որքան էլ այն հակասական է, բարդ, խրթին, անկառավարելի:  

Բոլոր կանայք, որոնց ստեղծել է Քզավիե Դյուրանժեն, և որոնց ստեղծել է Սաթէ Խաչատրյանը, և որոնք իրենց պատմությունների, խառնվածքների, կերպարների մոդելավորման միջոցով բարձրացնում են հասարակությունում արդիական խնդիրներ, դյուրազգաց են, որովհետև կինն ինքնին զգացմունքային արարած է: Բայց նրանք բոլորը զգացմունքային են յուրովի։ Քանզի տարբեր են ընկալումները, ներաշխարհները, փորձառությունները: Մի բանում, սակայն, նրանք տարբեր չեն. նրանք, որ կրել են զրկանքներ, դառնություններ, նվաստացումներ, արժանապատվության ոտնահարումներ, որովհետև կին են՝ միակամ են նրանում, որ արժանապատվությունը մարդունն է: Որ արժանապատվությունը սեռից անդին է և որ իրենք պետք է վերադառնան, որովհետև գալու է այն ժամանակը, երբ «…տղամարդիկ կհեռանան և արյունը կդադարի հոսել: Արյունը կդադարի հոսել և տղամարդիկ կհեռանան…»:   

Բեմադրիչ Սաթէ Խաչատրյանը մարդկային հարաբերությունների այս բարդ, դրամատիկ ընթացքը երևակել է աննկարագրելի թեթևությամբ և սա բեմադրական վարպետության ձեռագիր է: Այդ թեթևությունը փոխանցվում է ոչ միայն հայաստանյան թատերական բեմի համար անսովոր բեմական կինոնորարարությամբ, ոչ միայն բեմական ձևավորման, բեմական միջավայրի դետալացված պարզությամբ, այլև բեմական խոսքի այլ՝ սպասված, փայփայված հնչողությամբ, որը թատերախմբի փայլուն մեկնությամբ թույլ է տալիս դուրս գալ կաղապարված ընկալումներից ու զգալ հեղինակային տեքստն այնպես, ինչպես կա:

Բեմադրական ձեռագրի մաս են կազմում նաև Էդգար Մանուկյանի հեղինակած զգեստները, որոնք նույն պարզության, ձևի, գույնի ընդգծված ներդաշնակության մեջ են և շատ հատուկ ընդգծել են կանանց կերպարային խառնվածքները: Թվում է, թե նույնիսկ զգեստներն են խաղում՝ փոխանցելով սեր, կիրք, երազայնություն, տարիք, հասունություն, երիտասարդություն, ազատություն, ընդվզում ու պատրանքներ:

Խաղում է նաև երաժշտությունը, որը թավջութակահարուհի Արփենիկ Հակոբյանի տաղանդի, վիրտուոզության, հմայքի շնորհիվ բեմից ուղղակի կառավարում է կերպարներին՝ ուղեկցելով նրանց իրենց հույզերի, ապրումների, զգացողությունների աշխարհում: Արփենիկ Հակոբյանի ջազային զգայուն իմպրովիզները, երաժշտական տարբեր հղումներն ուղղակի դառնում են կերպարներից մեկը և խաղում է անգամ թավջութակահարուհին, որը թատերախմբին ձուլվում է աննկատ, սահուն, չպարտադրելով ու չիշխելով:  

Արտիստական խումբն ուղղակի տաղանդավոր մեկնությամբ է մոտեցել կերպարներին, որ խաղում է ողջ ներկայացման ընթացքում՝ խաղում է հայացքով, լռությամբ, շարժումով՝ անկախ այն հանգամանքից՝ իր խաղն է առաջին պլանում, թե՝ ոչ: Եվ այս համաձուլվածքի մեջ առանձնանում է նաև միակ տղամարդը՝ Մանվել Սարգսյանը, որը խաղում է գրեթե անձայն, անխոսք, բայց խաղում է տարբեր կերպարներ, որոնք միմյանց կապված են այն պորտալարով, որը լուծելու է ապագայի խնդիրը:

- Խնդիրները, որ արծարծում է հեղինակը «Մարդկային պատմություններ»-ում, շատերին կարող է թվալ, որ դրանք մեր խնդիրները չեն, որովհետև շատ հաճախ մեր մոտեցումները կաղապարային են, մեր ընկալումները ժամանակի ընկալումներից դուրս, մեր պատկերացումները մեր մասին, մեր կյանքի մասին միֆական են, իրականությունից կտրված: Այդ միֆականությամբ քողարկված: Ինչպե՞ս եք պատկերացնում այս գործի ընկալումը, հարցնում եմ Սաթէ Խաչատրյանին:

- Այդպիսի «դիմադրություն» արդեն եղել է: Գորիսում մի պարոն, որի անունը չեմ տա, կարծեմ գրող էր, գրողների միության անդամ, ինձ ասաց, որ այս ներկայացումը հերթական անգամ փորձ է՝ Հայաստան բերելու արևմտյան բարքերը, որ սրանք եվրոպական փթած արժեքներ են, որ այս խնդիրները բոլորովին մեր կանանց խնդիրները չեն և այլն: Պետք է կարծել, երևի, որ մեր կանայք սեքսով չեն զբաղվում, նույնիսկ, եթե զբաղվում են, ապա իրենք չեն զբաղվում, զբաղվում են տղամարդիկ, և աստված գիտի, թե իրենք ինչ են անում այդ ընթացքում, որ մեր երեխաներին շարունակում են արագիլները բերել և այլն:

Այս ճառերն ինձ շատ հաճախ այն սոուսն են հիշեցնում, որ խոհանոց չսիրող տանտիրուհիները խառնում են ցանկացած ուտեստի: Կապ չունի, թե ինչ ուտեստ է: Կգնա:

Ես, անշուշտ, կարող էի շատ ավելի պրովոկացիոն բաներ անել բեմադրության ընթացքում: Եթե չեմ անում, չի նշանակում, որ չեմ կարող: Բայց իմ խնդիրը այդ չէ: Ասել, սակայն, որ մեր կանայք բռնության չեն ենթարկվում, որ դա մեր պրոբլեմը չէ՝ այդպես չէ: Գիտե՞ք ինչն էր շատ ցավալի, որ Գորիսում, օրինակ, դահլիճում կային կանայք, որոնք իրենք իրենց տեսան այդ հերոսուհիների մեջ, բայց աասացին՝ ոչ, ոչ, սա մեր մասին չէ: Դրա մեջ այնքան ցավ կար ինձ համար:

Ցավ, որ սեղանների շուրջ խմում ես մոր կենացը՝ իբրև ընտանիքի սրբության, բայց հետո գնում և քո երեխայի մորը ծեծում ես: Մոր կենացը, որ դու գլոբալացնում ես, ընդհանրացնում ես՝ ասելով, որ մայրը ընտանիքի սյունն է, սրբությունն է, խմում ես հոտընկայս և գնում ես տուն, և քո երեխայի մորը, որը ևս սրբություն է, մայր է և սյուն է, ծեծում ես: Ինչ որ պահի մենք պետք է կարողանաք տրամաբանական լինել ինքներս մեզ հետ:

Ամենահետաքրքիրն այն է, որ մեր իրականության մեջ ամենատուժվածը կանայք են, բայց իմ խորը համոզմամբ, բոլոր խնդիրների հիմքում նույնպես կանայք են: Այն պահից, երբ մայրերն իրենց տղաներին սրբացնում են, որովհետև նրանք տղա են, երբ հայ մայրը  սրբացնում է իր տղային, որովհետև նա տղա է, և կարող է իր աղջկան ասել՝ գնա ջուր բեր եղբորդ համար, կամ այս ինչ բանն արա եղբորդ համար՝ հրեշ տղամարդ է մեծացնում: Եվ զարմանալիորեն ու ցավալիորեն դա բացատրում է ազգային արժեքներով, ավանդույթներով, որը ոչ մի առնչություն չունի դրանց հետ:

Հրեշ տղամարդուն մեծացնում, փայփայում և  ձևավորում է մայրը, ով իր հերթին տուժել է մեկ ուրիշ մոր ծնած և հրեշ դարձրած որդուց:

Եվ այդպես այս շղթան չի կտրվում: Ինքն իրեն սնելով մեծանում է, զարգանում է: Այն պահից, երբ օջախում ծնված երեխան կնկալվի իբրև մարդ, և դրա համար է հեղինակը պիեսը վերնագրել մարդկային պատմություններ, երբ մենք սեռից առաջ կընկալենք ծնվողին իբրև մարդ արարած, և իրեն կմեծացնենք մարդուն հարիր արժեքներով, այդ ժամանակ մենք խնդիրը կլուծենք: Եթե մեր տղաները տան թագավորներն են, դա իհարկե կարելի է, ցանկալի է, գուցե նույնիսկ՝ խրախուսելի է, բայց միայն այն դեպքում, երբ մեր աղջիկներն էլ տան թագուհիներն են: Այլապես մեծացնել աղջիկներին, թե՝ ոչինչ, ձևն այդպես է, ոչինչ, որ քեզ կծեծեն, չէ: Այդպես անկարելի է: Եվ ձև տալ անգիտորեն, թե դա ազգային արժեք է:

Ցավալի է, որ մեր իրականության մեջ ամենաշատը տուժում են կանաք, բայց հենց իրենք են դաստիարակում իրենց երեխաներին:

Ես երկու տղա ունեմ և երկու աղջիկ և ինձ դժվար է այդ առումով  սովորեցնել:

Վաղվա քաղաքացին մոր, կնոջ դաստիարակած արդյունքն է: Եվ թե ինչ ընտանիք է ձևավորում ինքը՝ մայրերի շնորհքն է, կամ՝ սխալը, կամ՝ պրոբլեմը: Եթե շատ խորը հոգեբանական վերլուծության ենթարկենք, կհասկանանք, որ երևի ներքին վրեժի մի բան կա կանաց մեջ, որ չի լինում հաղթահարել: Այսինքն՝ եթե ես տառապել եմ, ոչինչ, թող ուրիշի աղջիկն էլ տառապի: Ինչո՞վ է ինձնից լավը: Մի պահից սկսած խելացիությունը, սերը պիտի գան օգնելու մեզ, որ կարողանանք այդ շրջապտույտը կանգնեցնել: Հակառակ դեպքում մենք մեզ կկործանենք: Եվ իսկապես, կործանում ենք:

Երբ ասում ես կնոջը պետք է հարգել, սկսում են խոսել ազգային արժեքներից: Ազգային ավանդույթներից: Ուզում ես հարցնել՝ հարգելիներս, մեր ազգային ավանդույթի մեջ է մտնո՞ւմ կնոջը ծեծելը: Որևէ տեղ գրվա՞ծ է, որ դա մեր ազգին բնորոշ գիծ է:

Երբ մենք խորանում ենք մեր էպոսի մեջ՝ համարելով որ այն մեր ինքնագիտակցության դրսևորումն է, տեսնում ենք, թե ինչ տեղ է տրված կնոջը: Այնպիսի տեղ է տրված, երբ Մեծ Մհերը պիտի գնա Իսմիլ Խաթունի մոտ և Արմաղանն ասում է՝ չէ, չպիտի գնաս, բայց նա, ամեն դեպքում, գնում է, ասում է՝ տես, ես երդվում եմ, որ քառասուն տարի անկողին չպիտի մտնես ինձ հետ: Եվ այդ ժամանակ ոչ մեկ չի գնում ու չի ոլորում նրա ականջները և ասում, թե այդ ի՞նչ ես խոսում, դու ո՞վ ես, որ որոշես, դու կին ես: Տղամարդը կարող է անել ինչ ուզում է: Եվ երբ վերադառնում է, Մհերը գալիս է խնդրելու, որպեսզի դուռը բացի: Խնդրելու:

Կամ երբ Սասունցի Դավթին կինն ասում է՝ դե արի մարտի բռնվենք, տեսնեմ դու այդ ի՞նչ տղա ես, որ որոշել ես, որ ես քեզ պետք է իբրև ամուսին վերցնեմ, հավասարության խնդիրն է, չէ՞ դնում: Եթե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք ոչ կենացների մեջ, այլ՝ իրականում, ուրեմն պետք է տեսնենք, թե քրիստոնեության մեջ կնոջն ինչ տեղ է տրված:

Մեր բոլոր խնդիրները ձևակերպումներից են գալիս: Իրականում՝ սխալ ձևակերպումներից: Այնքան ենք երբեմն ծայրահեղացնում ամեն ինչ: Ֆեմինիզմ և այլն՝ սրանք այնքան արհեստական դիսկուրսներ են ինձ համար:

Եթե մեր կանայք չեն ուզում, որ իրենց աղջիկն ապրի այնպես, ինչպես իրենք են ապրել: Իրենց տղան դառնա այն, ինչ իրենք չեն ուզում, իրենք պետք է օրորոցից նրանց մարդ դաստիարակեն: Մարդ, որովհետև բոլոր ֆեմինիստական ճառերը, կին-տղամարդ հարաբերությունների, հավասարության ճառերը արհեստական, ուռճացված հարցեր են, բացարձակապես անիմաստ և անարժեք, որովհետև մենք շեղվել ենք գլխավորից: Որովհետև ոչ թե կնոջ կամ տղամարդու իրավունքների մասին ենք խոսում, այլ մարդու հիմնարար իրավունքների, որոնք պետք է հարգել օրորոցից: Ոչ թե կնոջը չի կարելի ծեծել, այլ մարդուն չի կարելի ծեծել: Երբ այս հարցը լուծենք, խնդիր չենք ունենա:

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ