Անժելա Սահակյան
Անժելա Սահակյան

 

Անժելա

Սահակյանը

Փարիզում

ապրում է

ավելի քան

15 տարի:

 

Այդպես է

ստացվել:

 

Ծնվել է

Ղարաբաղում: 

Աշխատել է

հայկական

հեռուստատեսությունում,

գրքեր է

գրել,

ֆիլմեր

նկարահանել:

 

Այսօր

Փարիզի

հայկական

ռադիոյի

(AYP FM)

մեկնաբանն է,

«Արցախապատում»,

«Հայ մամուլի

տեսություն»

և «Բաց նամակ

ճշմարտության

պարտադրանքով»

հաղորդաշարերի

հեղինակը

և վարողը:

 

«Գործուղումս»

Ֆրանսիա

մի օր

կավարտվի

ու կվերադառնամ

տուն:

Հաստատ:

 

«Ես մշակույթի զինվոր եմ...». ՆԱԶՕ ՃԻՆՊԱՇՅԱՆ

 

Ֆրանսիայի հայաշատ Վալանս քաղաքի մշակույթի տան ատենապետ Նազօ Ճինպաշյանը ծնվել է Լիբանանում, հաճախել Բուրջ Համուդի «Քառասուն մանկանց», այնուհետև «Սոֆի Հակոբյան» վարժարաններ: Պատերազմի հետևանքով ընտանիքով տեղափոխվել է Ֆրանսիա, շարունակելով ուսումը ստացել ինժեների մասնագիտություն:

Նազօ Ճինպաշյանի հետ հանդիպում ենք շատ մտերմիկ մթնոլորտում ու զրուցում նրա կյանքի, անցած ճանապարհի, աշխատանքի, ընտանիքի մասին:

 - Պարոն Ճինպաշյան,  ինչո՞ւ Ձեր ընտանիքն ընտրեց Ֆրանսիան:

- Մեր ընտանիքը Հայոց ցեղասպանության զոհերից է, որը ճակատագրի բերումով սկզբում հաստատվել էր Ֆրանսիայում, այնուհետև տեղափոխվել Լիբանան: Մայրական կողմս Ադանայից է: Սկզբից հաստատվել են Հունաստանում, այնուհետև չհարմարվելով`տեղափոխվել են Լիբանան:

Հայրական կողմս Ֆընդըջաքից է, որը հայտնի է ցեղասպանության օրերին իր հերոսական պայքարով:

Իմ նախահայրերը ցեղասպանության զոհ չեն, նրանք չէին ուզում տեղահան լինել, պայքարում  էին ու նահատակվեցին զենքը ձեռքներին։ Իմ պայքարի ուժը ես ժառանգել եմ իրենցից։

Հայրս` Վարուժան Ճինպաշյանը, որ ֆրանսիական կրթություն ուներ, մանկավարժ էր, Բուրջ Համուդի «Քառասուն մանկանց» վարժարանում քսան տարի հայոց պատմություն է դասավանդել և միաժամանակ, չորս տարի Բուրջ Համուդի համազգայինի ատենապետն էր:

- Փաստորեն, պատահական չէ, որ այսօր Ձեր աշխատանքին զուգահեռ զբաղված եք հայ մշակույթի պահպանման ու տարածման գործունուեությամբ: Կուզենայի իմանալ, որքանո՞վ է Ձեզ հաջողվում  Վալանսում հայ համայնքը համախմբել հայ մշակույթի շուրջ։

- Գիտեք, անկեղծ պետք է ասեմ, որ մարդկանց համախմբելը դժվար աշխատանք է: Ամեն առիթով, լինի որևէ նշանավոր անձի հետ հանդիպում, համերգ և այլն, նույն դեմքերն ենք տեսնում, իսկ դա ինձ համար մտահոգիչ է, որովհետև Հայաստանից նոր եկած ընտանիքներ կան, որ իրենց հեռու են պահում հայկական միջավայրից:

Դա ցավոտ հարց է. իմ կարծիքով պետք է հանդիպել, զրուցել, հասկանալ  իրավիճակը, նրանց էլ համախմբել Ձեր ծրագրերի շուրջ

- Անշուշտ, կան մարդիկ, որոնք իրենց հայրենասիրական մղումներով, կամովի համախմբվել են մեր շուրջը` Սուսան Փահլևանյանը, Արմինե Ռաստկէլէնյանը, մի քանի խելացի երիտասարդներ, բայց ես դա բավարար չեմ համարում: Ինչպես նշեցիք, աշխատանք ենք տանում, որպեսզի նրանք այս օտար երկրում իրենց միայնակ չզգան: Այս առումով, մեծ դեր ունի նաև Հայ Առաքելական եկեղեցին:

Ընդհանուր առմամբ, Վալանսում հային հայ պահողը Սուրբ Սահակ Հայ Առաքելական եկեղեցին է, Հայ բարեգործական միությունը և Հայ մշակույթի տունը:

Կարող եմ ասել, որ Հայ մշակույթի տունն է, որ առավել աշխույժ է...

- Ի դեպ, երբ  Ձեր ուղեկցությամբ հանդիպեցի եկեղեցու շաբաթօրյա դպրոցի աշակերտների հետ, մինչև հիմա ցնցված եմ, աննկարագրելի երևույթ էր. անվերապահորեն կարող եմ ասել, որ ոչ մի համայնքում նման արդյունք չկա: 150 աշակերտ կարդում, գրում, արտասանում են անաղարտ հայերենով...

- Այս ամենի արդյունքը համայքի հոգևոր հովիվ Տեր Անդրանիկ քահանայի հոգածությունն է,  ուսուցիչների  անմնացորդ նվիրումը, ջանքը, եռանդը և ամենակարևորը` պատասխանատվությունն այս սուրբ առաքելության հանդեպ:

- Կպատմե՞ք Արցախի օրերի մասին, որը մեծ մշակութային եռուզեռի առիթ էր տվել:

- Այո, «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում Դրոմ դեպարտամենտի Վալանս և Բուր լե Վալանս քաղաքներում ներկալացվեց Արցախի մշակույթն ու կոլորիտը:

Դեկտեմբերի սկզբին ցուցադրվեց ֆրանսիացի հայազգի ռեժիսոր Առնո Խալաջանյանի «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմը: Տեղի ունեցավ նաև ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Տրավերի «Արցախ. երկրամասի հոգին» ցուցահանդեսի բացումը, որը տևեց 15 օր: Ցուցադրվեց նաև Գյուլե Քեշիշյանի «Արցախը`180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմը:

Բուր լե Վալանս քաղաքի ամանորյա տոնավաճառում, արցախյան տաղավարներում ցուցադրվել են Արցախի մասին տեղեկատվական ուղեցույցներ, ինչպես նաև Արցախում պատրաստված հուշանվերներ:

Ամենակարևոր հանգամանքն այն է,  որ դպրոցական ծագրում նախատեսել էին Արցախի օրերը, և դպրոցականներն այցելելով տաղավարներ, ծանոթացել են Արցախի մշակույթին:

Համայնքում Հայ մշակույթի տան հայապահպան գործունեությունը շատ կարևոր է: Դուք, որպես ատենապետ, ինչպիսի՞ ծրագրեր եք կյանքի կոչել և ի՞նչ խնդիրներ ունեք:

-  Արդեն 5 տարի է, որ այս պատասխանստու աշխատանքն ստանձնել եմ: Իմ նպատակն է, որ մշակույթի տունը դառնա յուրաքանչյուր հայի օջախ, հայրական տուն՝ իր ավանդույթներով, իր դարավոր մշակույթով, իր հերոսական անցյալով և իր պայծառ ապագայով: Այս առումով, առաջին հերթին, նախաձեռնեցի վերանորոգման աշխատանքներ, որպեսզի հնարավորինս բարեկեցիկ լինի մեր բոլորիս տունը:

Ճիշտ է, նյութական դժվարություններ կան, բայց աշխատում ենք հնարավորիս քիչ ծախսերով ավարտին հասցնել վերանորոգումը։ Բազում ծրագրեր ունենք, որ եթե կարողանանք իրագործել, ուծացման վտանգից ետ կպահենք մեր զավակներին:

- Հայ մշակույթի տունը ունի՞ միօրյա դպրոց:

- Անշուշտ, 60 աշակերտ ունենք, մշակույթի տան դռներն ամեն օր բաց են,  ժամը 14 -19-ը: Մեր աշակերտները հաճախում են չորեքշաբթի օրերին: Ունենք շախմատի և պարի խմբակներ, մշակույթի արվեստանոց, ուր հաճախում են 5-12 տարեկան երեխաներ, դպրոցի արձակուրդային օրերին։ Ունենք հարուստ գրադարան, ամեն ոք կարող է գալ և զբաղվել ընթերցանությամբ:

- Այս հինգ տարիների ընթացքում, ինչպիսի՞ ծրագրեր եք իրագործել:

- Անկեղծ ասած, երբ ինձ առաջարկել էին ստանձնել ատենապետի լիազորությունները, գիտակցելով պատասխանատվության ծանրությունը, երկար մտածելուց հետո միայն  համաձայնեցի:

- Դուք ճիշտ որոշում եք կայացրել, ասեմ ավելին, Դուք ճիշտ տեղում եք հայտնվել, երանի Սփյուռքի հայ մշակույթի տներում Ձեզ նման նվիրյալներ  աշխատեին:

- Ինձ համար, մշակույթի տան ատենապետ լինելը պայքար է, ես մշակույթի զինվոր եմ, իմ հնարավորություններն ուզում եմ ներդնել իմ ազգիս համար, գաղութիս համար: Ներքուստ հպարտ եմ, որ զենքը ձեռքիս սպայի զգացողություն ունեմ, որովհետև Հայոց ցեղասպանության տարիներից ի վեր փորձում են խեղաթյուրել մեր մշակույթը: Աշխատում եմ, որքան հնարավոր է օտարներին հասու դարձնել հայի մտավոր ներուժը, ստեղծագործական աշխարհը:

Հայրս ու նախահայրերս ճակատամարտի զոհեր են, ես նրանց ժառանգորդն եմ...

Իմ նախնիներից`Մելքոն Ճինպաշյանը, 1948 թ. Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդոյում Ֆընդըջաքի մասին գիրք է հրատարակել, ուր մանրամասնորեն նկարագրել է մեր ընտանիքի հերոսական պայքարը, այդ պայքարն անընդհատ գիտակցությանս մեջ է...

- Ո՞րն է Ձեր կյանքի ամենակարևոր պայմանը։

- Լիարժեք կյանքի համար, երեք պայման կա. առողջություն, սեր և աշխատանք, եթե այս երեքից մեկը մարդու կյանքից բացակայի, մարդը չի կարող առաջ շարժվել։

- Դուք երեք զավակ ունեք, ո՞րն է Ձեր ամուր ընտանիքի գաղտնիքը։

Փոխվստահությունն ու հոգատարությունը միմյանց հանդեպ, կինս՝ Ռոզի Օհանյանը ամուր սյուն դարձավ իմ կողքին, կարողացանք Դավիթին, Ռաֆայելին և  Սարային ազնիվ, ինքնատիպ հայ մեծացնել, թերևս,  իմ աշխատանքային գործունեությանը զուգահեռ, սա է օտար երկրում մեր նվաճումներից մեկը։

- Խոսենք Ձեր կատարած աշխատանքների և հետագա ծրագրերի մասին։

- Ամենից հիշարժանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն էին։ Կարևորն այն է, որ  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրեցինք Վալանսի կենտրոնական թաղամասերից մեկում։ Որպես խորհրդանիշ 100 հոգու անուն գրվեց, ովքեր տեղահանությունից հետո բնակություն էին հաստատել Վալանսում։ Շուրջը տնկեցինք 100 հատ ձիթենու ծառ։

- Ինչպես ասացիք, վերջերս նշվեց Վալանսի «RADIO A» հայկական ձայնասփյուռի հիմնադրման 35-ամյակը: Այս տարիների ընթացքում ռադիոն  ինչպիսի՞ դեր է կատարել համայնքի հայապահպանման խնդրում:

- Ռադիոն համայնքում շատ կարևոր դեր ունի: Նախ, օրվա լուրերով մարդիկ տեղեկանում են Հայաստանում և Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, կան նաև, ինչպես նշեցիք, հայապապան ծրագրեր: 

- Առաջին անգամ  ե՞րբ եք եղել Հայաստանում:

- Միշտ երազել ենք ընտանիքով գնալ, տեսնել մեր հայրենիքը, բայց հանգամանքների բերումով չէր ստացվում: 2015 թվականին առաջին անգամ իմ աչքերով տեսա Հայաստան աշխարհս, ընտանիքով էինք, կինս ու զավակներս հիացած էին: Հայրս, լինելով պատմության ուսոցիչ, ինձ պատմել էր մեր երկրի ճարտարապետական արժեքների մասին: Շատ վայրեր գնացինք. Սարդարապատ, Էջմիածին, Զվարթնոց, Ծիծեռնակաբերդ...

Ինչպիսի՞ն տեսաք Ձեր երազած Հայաստանը:

- Ես Հայաստանը տեսա մեծ ու հզոր: Ուրախ էի, երբեմն շատ հուզված... Մարդկանց հետ շփումներից, իհարկե, հասկացա, որ դժվարությամբ են վաստակում օրվա հացը, մանավանդ շրջաններում։ Ինձ համար ցավ է, որ շատերը չեն ըմբռնում, որ 25 տարվա անկախ երկիր ենք, երկրաշարժ ենք տեսել, պատերազմի ու շրջափակման մեջ ենք...Ավելի անկեղծ լինելու համար, պետք է բարձրաձայնեմ, որ շատ երկրներում եմ եղել, ոչ մի տեղ այնքան մարդու կյանքն ապահով չէ, որքան Հայաստանում։

Շատերը դժգոհում են, թե տաքսու վարորդներն ավել դրամ են վերցնում, սրճարաններում մանր դրամը չեն վերադարձնում և այլն։ Առիթ է, կուզենայի ասել, որ ամեն երկրում զբոսաշրջիկից փորձում են մի քիչ ավել դրամ շահել։ Հայաստանում մեր եղբայրներն ու քույրերն են, եթե կարիքից դրդված են այդպիսի կեցվածք ընդունում, կարծում եմ, դա առիթ չպետք է հանդիսանա ասելու. «Ես Հայաստան ոտք չեմ դնելու»։ Մենք մեր երկիրը պետք է սիրենք իր թերություններով հանդերձ, ինչպես մեր ծնողներին ու երեխաներին։

Ուր էլ լինենք, ճակատագիրը ինչ էլ մեզ բաժին հանի, պետք է պահպանենք մեր լեզուն ու հավատը։ Թող այս նոր տարին աշխարհին բերի խաղաղություն։ Թող ոչ մի մայր զինվորի մահ չտեսնի։ Թող հզորանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։

 

Անժելա Սահակյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ