Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

««ԵԹԵ ԴՈՒ ՄԵՌՆԵԻՐ», կամ արդյոք հատվո՞ւմ են զուգահեռները․․․»։

 

Իրականության մեջ՝ ոչ։

Բայց ի՞նչ է իրականությունը։ Իրականությունն իրակա՞ն է, թե՝ խաբկանք։ Իրականությունը ներկա՞ն է, թե՝ անցյալը։ Որքա՞ն է անցյալը ներկա և որքա՞ն է ներկան անցյալ։ Մարդն ապրում է իրական իրականությունո՞ւմ, թե՝ երևակայական իրականությունն է մարդու զգացմունքների վրա իշխողը։ Արդյոք երևակայական իրականությո՞ւնը չէ, որ իշխում է մեր զգացմունքների վրա, թե՝ մենք կարողանում ենք այն հաղթահարել՝ բախվելով իրական իրականությանը։

Ո՞րն ենք սիրում, որի՞ գերին ենք, որի՞ն ենք տրված՝ ցանկալիի՞ն, զգացականի՞ն, երևակայականի՞ն, թե՝, այնուամենայնիվ, կյանքը, իրականը ստիպում է հաշվի նստել իր ճշգրտումների, իր թելադրանքի հետ։

Ի՞նչ է կյանքը և ի՞նչ է մահը։ Մարդն ավելի շատ ապրում է կյանքո՞ւմ, թե՝ ապրում է մահվանից հետո։ Ի՞նչ է թաքցնում կյանքը, ի՞նչ է բացահայտում մահը։ Կամ՝ հակառակը։

Եվ արդյոք մարդու կյանքը զուգահեռ իրականությունների հավերժական բախու՞մ չէ։

Կյանքում ավելի շատ հարցեր կան, բնականաբար, քան պատասխաններ և դրանք զուգահեռ իրականություններում են, կամ՝ ոչ։ Արդյո՞ք գիտի որևէ մեկը։

Հոգեբանական դրամայի վարպետ Ֆլորիան Զելլերն այնպիսի կատարելությամբ է հյուսում կյանքի ու մահվան, իրականի ու անիրականի, զուգահեռ իրականությունների կուռ սարդոստայնը, որ թվում է, թե այլևս չկա հնարավորություն դուրս պրծնելու այդ սարդոստայնից, և մարդը ստիպված է հաշտվել ինքն իր հետ։

Իսկ այդ հաշտությունը սերն է։ Մարդը ստիպված է սիրել, և, գուցե, միայն սերը կարող է բերել այնքան երանելի ներդաշնակությունը, որին ձգտում է մարդը, որում, ի վերջո, կյանքի իմաստն է։ Իսկ գուցե ճի՞շտ է պոետը, որ «սիրո հակառակն ամենևին էլ չսիրելը չէ, մահն է պարզապես»։ Գուցե այդպե՞ս է։

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը Ֆլորիան Զելլերի՝  «Եթե դու մեռնեիր» հոգեբանական դրամայի փոխակերպումը թատերային իրականություն, ուղղակի կատարելության աստիճանի է հասցրել՝ ստեղծելով այնպիսի մի միջավայր, ուր զելլերյան հոգեբանական խաչաձևումները շունչ պահելու լարվածություն են ստեղծում՝ չթողնելով անգամ մտորելու ժամանակ իրականությունների բախումների մասին։ 

Եվ դա արված է ռեժիսորական այնպիսի հայտնություններով, որոնք լարվածությունը դարձնում են գագաթնակետային։

Ոչ իրական բեմ, ոչ իրական դահլիճ։ Բեմի ու դահլիճի իրականությունները կարծես նույնպես խառնված են այն հոգեբանական իրականություններին, որոնք բերում է Զելլերի դրաման։ Ոչ մի վայրկյան չես կարողանում հասկանալ, թե որ իրականությունում ես դու որպես հանդիսատես։ Այնքա՜ն նրբորեն են փոխվում անցումները ներկայից դեպի անցյալ, անցյալից դեպի ներկա, մի իրականությունից, որ կա գլխավոր կերպարի կյանքում, դեպի  մի այլ իրականություն, ուր ինքն իրեն տանում է գլխավոր կերպարը։

Ի՞նչ էր նրա կյանքը սիրելիի մահվանից առաջ ու ի՞նչ է նրա կյանքը սիրելիի մահվանից հետո։ Բայց արդյո՞ք սիրելի էր նա, ով արդեն չկա։ Արդյո՞ք սեր էր եղածը։ Ու եթե սեր կար, ուրեմն ի՞նչ գործ ունեն կասկածը, մտացածինը, հորինվածը։ Թե՞, ի վերջո, հորինվածք չէր, կասկած չկար, ուղղակի չկար սերը, և սիրո բացակայությունն է, որ խառնում է իրականությունները։

Գուցե ճի՞շտ է, որ «․․․մարդ պետք է միշտ իր հետ տանի իր գաղտնիքը»։ Իսկ գուցե գաղտնիք չկա՞ր։

Այնպիսի ներդաշնակություն էր ստեղծված շնորհիվ ռեժիսորական լուծումների, մտահղացումների, որ իրականությունների միաձուլումը ոչ միայն Զելլերի հոգեբանական դրամայի առանցքում էր, այլ բուն բեմադրության, որովհետև փողոցը, իրական փողոցը, Մհեր Մկրտչյան փողոցը, որն այս պարագայում պայմանական բեմի պատուհանից այն կողմ է, դառնում է իրականություններից մեկը։ Փողոցում կյանք կա։ Մարդիկ են անցնում։ Անցնում են մեքենաներ, փողոցի լույսը գալիս  է պատուհանից ներս և դերասանուհին, որ խաղում է պատուհանի պատշգամբին, հանկարծ ու շատ անսպասելիորեն բացում է պատուհանն ու սահուն միաձուլվում փողոցին, փողոցի մարդկանց, փողոցի մեքենաներին, փողոցի լույսին ու նորից խառնում իրականությունները։

Ճաշակի ու ռեժիսորական զգայուն գտածոների, արտիստական նուրբ, խառնվածքային խաղի ու կերպափոխումների հյուսկեն համադրություն էր բեմադրությունը, որ նույնիսկ մեղմ գույների ու լույսի միաձուլումները, երաժշտական ներխուժումները, բեմանկարչության ինքնահատուությունը, միջավայր ստեղծելու կանոնականությունը դրականորեն ներազդում են ընկալումների ու խոհական թափառումների վրա։

Ոչ մի վայրկյան ռեժիսորը թույլ չի տալիս դուրս գալ լարվածության թմբիրից։ Ի վերջո՝ ուզում ես հասկանալ, թե ո՞րն է իրականությունը, ո՞րն է իրական իրականությունը և ո՞րն է մտացածինը, բայց դա դառնում է անհնար Ֆլորիան Զելլեր գրողի և Տաթև Մելքոնյան ռեժիսորի տանդեմային փայլուն ներթափանցումների շնորհիվ։

Մենք ապրում ենք կյանքը և կյանքի հարահոսում չենք կարողանում տեսնել մեզ։

Իսկ ժամանակակից թատրոնը՝ զերծ պաթոսից ու քարոզչականությունից, զերծ կեղծ արժեքների թատերային հանրայնացումից, հենց նրանով է սիրելի, որ քեզ կանգնեցնում է քո առաջ, քեզ ցույց է տալիս այն իրականության մեջ, որում դու կաս, բայց դու քեզ չես տեսնում, կամ չես ուզում տեսնել և դու ստիպված ես, դու ժամանակ ունես առերեսվելու քեզ հետ, մանավանդ, որ այդ առերեսումն արված է այնքան նուրբ, այնքան պոետական, այնքան նոր թատրոնը զգալով։

Առաջին անգամ, երբ Զելլերի արվեստին հանդիպեցի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմադրված «Սուտը» ներկայացման մեջ՝ բեմադրված Սաթէ Խաչատրյանի կողմից, Նարինե Գրիգորյանի ու Դավիթ Հակոբյանի շա՜տ զգայուն մեկնությամբ, Զելլերի փիլիսոփայություններում տեսա հարցերի ու հարցադրումների այն շարանը, որն ինքնաճանաչման, մաքրագործման, ինքնատեսության, ունի ինքնաքննության հատկություն ունի։

Արդյոք մարդն ուզո՞ւմ է իմանալ ճշմարտություններ: Որքա՞ն սուտ կա ճշմարտություններում ու որքա՞ն ճշմարտություն՝ ստի մեջ: Ինչպե՞ս է ավելի հեշտ. ապրել ճշմարտության աչքերին նայելո՞վ, թե՝ ապրել նայելով ստին: Ու որքա՞ն է հնարավոր ապրել այդ երկընտրանքների պայքարում: Երևի այնքան ժամանակ, քանի դեռ ճշմարտության մեջ չի երևացել սուտը՞: Մարդը հրաժարվո՞ւմ է ստից արդյոք երբևէ. ե՞րբ, որքա՞ն ժամանակ: Երևի այնժամ ու այնքան ժամանակ, քանի դեռ այդ ստի մեջ չի հանդիպել ճշմարտությա՞ն:

Ո՞վ կարող է ասել: Երևի՝ ոչ-ոք: Իսկ ճշմարտության ու ստի փոխհարաբերություններում մարդու կյանքն է: Կյանքը, որ անցնում է մարդու կողքով: Եվ ի՞նչ անել այդ կյանքի հետ: Վատնել այդ կյանքը՝ որոնելու համար ճշմարտություննե՞ր, որոնք սուտ են ու՝ ստե՞ր, որոնց մեջ այնքան ճշմարտություն կա, թե՞ պարզապես ապրել կյանքը: Ապրել այնպես, ինչպես այն տրված է: Եվ արդյոք որևէ մեկին հաջողվե՞լ է ուղղորդել կյանքը, թե՞ կյանքն ինքն է ուղղորդում ճակատագրեր ու կյանքեր: Կորցնել ժամանակը կյանքի հետ պայքարո՞ւմ, թե՝ պարզապես վայելել կյանքը:

Սրանք մտորումներ էին, որ ծնվեցին զելլերյան «Սուտը» հրաշալի ստեղծագործության Սաթէխաչատրյանական մեկնությունից հետո, և ահա Տաթև Մելքոնյանի մեկնած զելլերյան «Եթե դու մեռնեիր»-ը, կարծես, օրգանական շարունակությունն է բերում այն մտորումների, որոնք ծնվեցին Զելլերի հետ իմ առաջին հանդիպումից հետո։

Հիմա նորից հասկանալու ժամանակն է, թե որքա՞ն է սուտը և որքա՞ն ճշմարտությունը այն իրականություններում, որոնք Տաթև Մելքոնյանի ուղղակի գտնված, ուղղակի ռեժիսորական գյուտի արժեք ունեցող փոխակերպումներում նորից բարձրանում են քննելու հարթություն։

Եվ այս անգամ Զելլերին քննելու պատեհությունը պարգևում են արտիստներ Տաթև Հովակիմյանը, Հարություն Հովհաննիսյանը, Թելման Խաչատրյանը և Վալենտինա Դավիթավյանը։

Տղամարդու էությունը ժամանակի մեջ՝ մեռած, թե կենդանի, երևակայական, թե մտացածին՝ շատ իրական են Հարություն Հովհաննիսյանի և Թելման Խաչատրյանի կերպավորումներում։ Ճշգրտորեն է մեկնված Վալենտինա Դավիթավյանի կերպավորած կինը՝ մեղքի ու անմեղության, իրականի ու երևակայականի, ցնորականի ու շոշափելիի մարմնացում՝ իր անթաքույց սառնությամբ ու անթաքույց ցանկասիրությամբ, պահված գաղտնիքի ու գոյություն չունեցող գաղտնիքի մի հակասությամբ, որը հնարավոր չէ հասկանալ, գուշակել արտիստուհու խաղից և դա զելլերյան դրամայի ու ռեժիսորական մոտեցման սքանչելի դրսևորում է։

Եվ իհարկե Տաթև Հովակիմյանի մեկնած կինը, առանցքային կերպար, առանցքային գիծ, կին, որն ամբողջությամբ Տաթև Հովակիմյան արտիստուհու արտիստային կերտվածքի, բնավորության, զգացմունքայնության, եռանդի մարմնացումն է։

Այնքա՜ն ներդաշնակ է Տաթև Հովակիմյանն այն հոգեկան իրավիճակի հետ, որ ունի նրա մարմնավորած կինը, այնքա՜ն ներդաշնակ է այն զգացմունքայնության հետ, որով ապրում է նրա մարմնավորած կինը, որ կարծես թե մղում է հասկանալու կնոջ առեղծվածը։ Հոգեբանական խորը շերտեր ունեցող կերպարները, կարծես, Տաթև Հովակիմյան արտիստուհու համար են ստեղծված և դերասանուհին ամեն անգամ կարող է ապշեցնել, թե ինչպես է զգացմունքայնության ու խառնվածքային այդքան ծանրություն կրում իր ուսերին մի մարդ։ Չէ՞ որ դա այնքա՜ն մեծ, հիվանդանալու աստիճան մեծ ծանրություն է կնոջ փխրուն ուսերի համար։

  

Երբ ներկայացման մեջ ես բառիս բուն իմաստով, պարզորոշ զգում ես այն նյարդը, որը կա և չի կարող լինել կեղծիք, որովհետև այն միանգամից կապտակի քեզ։ Երբ չգիտես, թե ինչպես կավարտվի պատմությունը, հանկարծ տեսնում ես, որ ռեժիսորի կամոք, ավարտն այն փողոցում է, որը մտել է թատրոն ու այլևս անհնար է այլ ավարտի պատկերացումը։

Ես անկեղծորեն շնորհավորում եմ Տաթև Մելքոնյանին, Տաթև Հովակիմյանին, Հարություն Հովհաննիսյանին, Թելման Խաչատրյանին, Վալենտինա Դավիթավյանին, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ողջ կազմին, որոնքապացուցեցին, որ ամեն վայրկյան թատրոնը կարող է փոխվել։ Փոխվել ու փոխել մարդուն, որ չկան կաղապարներ, չկան պայմանականություններ, կամ կան միայն պայմանականություններ, չկա իրականություն և ամեն վայրկյան կարող է փոխվել նաև իրականությունը։ Բայց կա մի բան, որը կոնստանտ է՝ սերը, սիրել կարողանալը, սիրելու կարողությունը։ Այդ թվում և՝ թատրոն սիրելու կարողությունը։

 

Լուսանկարները՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ֆեյսբուքյան էջից

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90