«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Եթե հեղափոխել, ուրեմն՝ ԱՐՎԵՍՏԸ…»
Երբ 1762-ի աշնանը, ավելի ստույգ՝ հոկտեմբերի 5-ին, առաջին անգամ ավստրիական սքանչելի Հոֆբուրգի պալատական թատրոնում երաժշտական կլասիցիզմի մեծագույն ներկայացուցիչ ու օպերային հեղափոխական, գերմանացի բարեփոխիչ Քրիստոֆ Վիլիբադ Ֆոն Գլյուկը նվագախմբի վահանակի մոտ ղեկավարեց իր «Օրփեոս և Էվրիդիկե» նորարար օպերայի համաշխարհային պրեմիերան, Ավստրիան յոթնամյա դաժան ու հոգեմաշ պատերազմի մեջ էր:
Եվ այդ պատերազմի վերջը թեպետ տեսանելի չէր, «Օրփեոս»-ն արձանագրեց մշակութային հեղափոխության փաստ՝ հղելով ուղերձներ, փոխելով ընկալումներ, պատկերացումներ: «Օրփեոս»-ը խոսեց մարդու հետ, երբ իրական ու հանդերձյալ աշխարհների մերձեցումը տխուր իրականություն էր:
Երբ օրեր առաջ համաշխարհային օպերային արվեստի հայկական խորհրդանիշերից Հասմիկ Պապյանը՝ անիրականանալին իրականություն դարձնելու իր համառությամբ, համախոհների ամիսների անձնվիումի, անպատկերացնելի ջանքի ու տքնանքի արդյունքում՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում՝ ավելի քան 250 տարի անց ավստրիական բեմելից, առաջին անգամ չորս օր շարունակ ներկայացրեց «Օրփեոս»-ի՝ բարոկկո օպերայի մարգարտահատիկի հայաստանյան մեկնությունը, զուգահեռ իրականությունների մեր ժամանակում կյանքի, ապրելու իրականությունը կարծես հաղթեց մահվան, հանձնվելու, անորոշությունների իրականությանը:
«…հարց եմ տվել ինքս ինձ, թե իմ երկրի նման սակավաթիվ ընթերցողներ ունեցող և այդքան աղքատ, անգրագետ մարդկանցով ու անարդարություններով լի երկրներում, որտեղ մշակույթը շատ քչերի առանձնաշնորհն էր, արդյո՞ք գրելը սոլիպսիստական շքեղություն չէ: Սակայն այդ կասկածները երբեք չեն խեղդել իմ շնորհը, և ես շարունակել եմ գրել նույնիսկ այն ժամանակ, երբ հանապազօրյա հաց վաստակելու համար իմ արած այլ աշխատանքները կլանում էին ժամանակիս մեծ մասը: Կարծում եմ, ճիշտ եմ վարվել, որովհետև, եթե գրականության ծաղկման համար մի հասարակության մեջ պարտադիր պայման լիներ սկզբում հասնել բարձր մշակույթի, ազատության, բարեկեցության և արդարության, այն երբեք գոյություն չէր ունենա»:
Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսայի այս փիլիսոփայությունը Հասմիկ Պապյանի ու նրա շուրջը խմբված փառահեղ մարդկանց՝ վաղուց արդեն քմահաճ Նյու Յորքը նվաճած Տիգրան Ձիթողցյանի, նրբագեղ Փարիզի արվեստային հմայքներն ապրած Վռամ Կարապետյանի, երազանքներն իրականություն դարձնելուն «համակերպված» Հայկ Վարդանյանի, տաղանդավոր ու անչափ տաղանդավոր երիտասարդներով լեցուն խմբի արժեհամակարգային փիլիսոփայությունն է:
Եվ հայաստանյան իրականությունում, ուր չավարտված պատերազմի ձայները դեռ հնչեղ են, հնարավոր պատերազմի վտանգները՝ իրական, ուր տագնապը կորսված չէ, ու հաղթահարված չէ ցավը, ուր հանրայնորեն չընկալված կսկիծը սպառնում է վերջնականորեն փլուզել մարդկային կյանքեր, ու չկա ճշմարտության ամոքումը, ուր կորուստների հետ չկա հաշտություն, քանզի չկա կորստի օրինաչափությունը, ուր դժոխքը կարծես առարկայական է, ու դրախտը՝ աներևակաելիորեն հեռու, ուր մշակութային իրականությունում իշխողը ժամանակաշփոթությունն է, ուր իրական ու հանդերձյալ աշխարհի կապը նույնքան միաձույլ է, որքան «Օրփեոս»-ի երևանյան բեմում, և սիրո հաղթանակը՝ նույնքան պահանջված, նվիրյալների մի խումբ խիզախորեն արդիականացնում է մշակույթը՝ նոր լեզվով խոսելով մարդու հետ: Իսկ սա՝ առաքելություն է:
Լյոսայական փիլիսոփայության խորքային ընկալմամբ է միայն հնարավոր իրական արվեստի հզորությամբ փորձել ուղերձներ հղել, ու իրական արվեստի մոգությամբ փորձել սփոփել, պարտադրել հավատալ սիրո ամենազոր ուժին, պարտադրել՝ փրկել սերը, որը նաև առ հայրենիք է, առ մարդը, առ Աստված ու առ երկիրը, որը կարիք ունի դուրս գալու հանձնվածի ու պարտվածի անթույլատրելի թմրությունից:
Կարիք ունի հաղթահարելու սեփական երկյուղները:
Վարագույրը չի անջրպետում բեմն ու դահլիճը, ինչպես անջրպետված չէ գլոբալ աշխարհը, որքան էլ ռեալությունները մեկուսացման ու ինքնամեկուսացման են տանում:
Բեմն ու դահլիճը մի տարածություն են, ինչպես մի տարածություն է իրականությունն ինքը՝ անկախ դրա զուգահեռումներից:
Վարագույրը թափանցիկ է, ինչպես թափանցիկ է կյանքը, և քնարաձև ստվերներից ճառագող լույսերը կարծես ուղիների հուշումներ են:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի նուրբ մեկնություններով, հնչեցնում է գլյուկյան օպերայի հզոր նախանվագը: Գլյուկյան երաժշտությունը անկրկնելի ներթափանցումներ ունի՝ դրամատիկ շեշտեր, մեղմ, հովվերգական թվացող շեշտադրումներ, լարային հուշիկ ձայներ, մեղեդայնություն և անսպասելի զարգացումներ՝ քնարականությունից մինչև խորը զգացմունքային ցնցումներ:
Հիպերռեալիստ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որ «նկարում է այն ռեալը, որը գոյություն չունի իրականում», երևանյան փոքրիկ բեմում փշրում է օպերային նկարչության հայաստանյան բոլոր պատկերացումները՝ բեմից մինչև դահլիճ, հանդերձանքից մինչև կերպավորում՝ զուսպ, ներդաշնակ, չպարտադրող, չթելադրող:
Ձիթողցյանը բեմում ստեղծում է վիզուալ կոնցեպտներ, որոնք ընդգծում են բեմադրական մտահղացումները։ Ձիթողցյանական վիզուալ կոնցեպտներն առաջին հայացքից կարծես որևէ առնչություն չունեն նրա արվեստի կոնկրետ ստեղծագործությունների հետ, ասել է թե՝ նրա համաշխարհային ճանաչման ստեղծագործությունների փոխակերպումները չեն: Եվ դա այդպես է:
Բայց ձիթողցյանական լուծումներում այդ կոնցեպտները շատ ուղղակիորեն փոխկապակցված են նրա «Հայելիներ»-ի էսթետիզմի հետ, ու նրա «Հայելիներ»-ի պլաստիկան հորդում է գլյուկյան օպերայի վիզուալիզացիայի կոնցեպտներից՝ անտեսանելիորեն կապելով մի քանի իրականություններ։ Աշխարհներ, որոնցում կատարվում է ակտը՝ մարդկանց աշխարհը, խավարի և օրհնյալ ստվերների աշխարհը, և անցումը անդրշիրիմյան, հանդերձյալ աշխարհից դեպի իրական աշխարհը, դեպի սիրո և լույսի թագավորություն:
Ժամանակակից նյութը, ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, լուսային հոսքերի ազդեցություններով մեր իրականությունը կապում են միֆականության ժամանակների ու միֆական աշխարհի հետ, և այդ երկու աշխարհներին զուգակցում հանդերձյալ աշխարհի աննյութ, աներևույթ, ստվերոտ իրականությունները։
Լույսերն ու ստվերները, սևի ու սպիտակի համադրությունները, հակասությունները, ստվերների արտացոլանքները, լույսերի համաչափ ճառագումները, գույնի անսպասելի ներթափանցումները սևի, սպիտակի, ստվերների ու արտացոլանքների աշխարհ, ստեղծում է այն եթերայնությունը, որով շղարշված են այն աշխարհները, որտեղ գործողությունն անցնում է ժամանակների միջով: Էլիզիումը՝ օրհնյալ ստվերների թագավորությունը, դառնում է կենդանի, իրական թագավորություն, ուր ստվերները զարգացնում, կարծես նյութականացնում են այն զգացողությունները, որ բերում են գլյուկյան օպերայի գործողությունները:
Քսաներեքամյա բեմադրիչ Վռամ Կարապետյանը երևանյան բեմում ՝ ասկետիզմի հասնող իր մինիմալիստական լուծումներով, փորձում է գլոբալ աշխարհի ժամանակի մեջ արտացոլել ապրումներ, հոգեբանական զգացողություններ, արտացոլել մարդուն, որն այս պարագայում կարիք ունի որոնելու ճշմարտությունը՝ դրա համար ունենալով սեփական դրդապատճառը:
Փորձում է քննել վիշտը, կսկիծը, բայց նաև սերը, սիրո այն ներգործությունը, որը կարող է ստիպել զանց առնել անգամ աստվածային պայմանները, միայն թե պահպանվի ապրումը, աշխարհը փրկող ուժը, ասել է թե՝ աշխարհը։
Վռամ Կարապետյանի բեմական փիլիսոփայության հիմնական շեշտադրումները կարծես դրված են ապրումակցումի վրա, որը հանդիսատեսին ուղղակիորեն գամում է բեմին, գամում է դեպի լույսի ու ստվերի թագավորությունը, դեպի իրական աշխարհի ու հանդերձյալ աշխարհի ջրբաժանը, նույնիսկ տանում է հանդերձյալ աշխարհի անձև ստվերների ու աննյութ իրականությունների միջով՝ նպատակ ունենալով ապրումակցումի մեծ ուժի շնորհիվ, դիմացինի ողբերգության խորքային ապրումի շնորհիվ անցնել վերագտնման ու ներդաշնակումի, հոգեկան սփոփիչ անդորրի ճանապարհը:
Նրա մեկնությամբ՝ լուսավոր ու անեղծ է թվում անգամ հանդերձյալ աշխարհը, որովհետև սերն է փոփոխությունների, ժամանակի ու իրականությունների ձևափոխումների հիմքում։ Փոխակերպումների պարզ, պարզ ձևեր, երգչախմբի աննկատ շարժում ու բալետային խմբի միաձուլում երաժշտության, ձիթողցյանական կոնցեպտների հետ, երևայնան օպերային բեմի համար մի քիչ անսովոր տեսարաններ ու սիրո համարձակ բեմականացում. սեր, որը հոգեկան է, զգացական է, ներաշխարհային է, բայց նաև մարմնական է, կրքոտ, ֆիզիկական ու մերձեցումային։
Այդ սիրո շատ տպավորիչ, կարծես աստվածային, վերմարդկային, զգացմունքի մարմնավորման կատարելությունը բեմում պատկերում են Նինա Հայրապետյանն ու Ալբերտ Չախալյանը՝ ազատության, անսահման ազատության, իրական սիրուն բնորոշ ազատության անչափելիությամբ: Նրանց կերպավորումը կարծես կառուցված լինի ազնավուրյան պոեզիայի նյարդի վրա՝ «…Էլի՜ մնա, Մնա ինձ հետ, Մարմնիս վրա, Ձեռքերիս մեջ, Թևատարա՜ծ, Բավարարվա՜ծ, Խենթ ու խելա՜ռ, Ու հևասպառ: Մնա սիրով Ու նվաղած, Եվ գիշերով Ցանկապատված, Սրտիս վրա, Առանց ամոթ, Մնա կրքոտ, Մե՜րկ համարյա…»:
Ապոլոնյան գեղցկությամբ Օրփեոսի, հավերժահարսի՝ գերբնական գեղեցկության Էվրիդիկեի, նրանց ճակատագրական սիրո պատումը ձիթողցյանական գծերի, պատկերների, ստվերների ու արտացոլանքների և կարապետյանական թեթև, կարծես սահքի մեջ, իրավիճակների համեմատ անբռնազբոս համադրության իրողությամբ ողջ դրամատիզմով ընդգծում են երիտասարդ արտիստներ Սոֆիա Թումանյանը, որի Օրփեոսը ձայնային իր տիրույթում նույնքան կատարյալ է, որքան Տիգրան Քախվեջյանի Օրփեոսը ձայնային իր ամպլտուդում, Հեղինե Խաչատրյանը, որի Էվրիդիկեն ավելի զգացմունքային կինն է, և Լիլիթ Դավթյանը, որի Էվրիդիկեն ավելի բնավորությամբ է ու խառնվածքային՝ երկուսն էլ սքանչելի մեկնությամբ ընկալումների յուրօրինակ պոռթկումներ:
Եթերային ու անշղարշ են Վարդուհի Թորոյանի ու Սիրանուշ Օվսիյանի Ամորեները՝ սիրո աստվածուհիների հանգույն: Եվ սքանչելի են բոլորը՝ փայլուն երգեցողությամբ, ներքին ու արտաքին ներդաշնակությամբ, տաղանդով, կերպարների զգացողությամբ, երիտասարդական լույսով, որը կարծես միաձուլվում է բեմի լուսային հպումներին ու արտացոլանքներին:
Օրփեոսն իրականում այն տաղանդն է, այն կատարյալ պոետն ու երաժիշտը, ում սիրում են աստվածները, որը կարող է գայթակղել անգամ դժոխքի նենգ ոգիներին: Էվրիդիկեն այն կինն է, որ սիրում է, որ քնքուշ է, մեղմ, բայց և կարող է դրսևորել խառնվածք ու բնավորություն, որը նույնպես սնվում է սիրուց:
Եվ այդ համադրության մեջ է, որ միաձուլվում է երգիչների զգացական արվեստը, երգչախմբի կուռ ամբողջականությունը, միազանգվածությունը, բալետային խմբի կիրքն ու ոգեղենությունը՝ Արման Բալմանուկյանի խորեոգրաֆիկ տաղանդով զուգակցված, Գայանե Սահակյանի խմբավարության արվեստը, Սուրեն Շահիջանյանի նվագախմբային ուղեկցումը և, ընդհանրապես, նվիրյալ աշխատանքը՝ մտահղացումից մինչև իրականացում ճանապարհին:
Դիմանա՞լ կյանքի փորձություններին, ընդունե՞լ մարտահրավերները, տրվե՞լ երկմտանքներին, չտրվե՞լ սեփական երկյուղներին, հաշտվե՞լ կորուստների հետ, գերևարվե՞լ հիշողություններին, որոնե՞լ փրկության ուղիներ, զսպե՞լ ցանկություններն ու իղձերը, գնա՞լ սեփական ճանապարհով, զանց առնե՞լ պայմաններն ու պայմանականությունները ու բազում այլ հարցեր, որոնք արվեստի զորեղ ներգործությունների, աննկատ ազդեցությունների միջոցով թողնվում են մտորումների տիրույթում:
Եվ որքան էլ մեր այսօրվա իրականությունում հանդերձյալ աշխարհի ձայները, ցավալիորեն, ավելի լսելի են, քան իրական կյանքի, որքան էլ հանդերձյալ աշխարհի լույսն այսօր ավելի զորեղ է, քան իրականության, բոլոր այն մարդիկ, որոնք ստեղծել են արվեստային այս գլուխգործոցը՝ մտորումների տիրույթի սահմանների անչափելիությամբ հանդերձ, ամեն ջանք գործադրել են, որ սերը, լույսը, ապրելու կամքը դառնա իրականություն:
Բեմական այս հեղափոխությունը, ժամանակակից օպերային արվեստին Հայաստանից նետված ցայտուն հայտը, նոր ժամանակի ձևերին, գույներին, ձայներին, աշխարհայացքին, փիլիսոփայությանը համահունչ այս մշակութային ակտը Երևանում կայանում է համաշխարհային օպերային բեմերը փառահեղորեն նվաճած, ու տարիների ձեռքբերումները, նվաճումները, կուտակումները, ամբարումները շռայլորեն հայաստանյան բեմ վերադարձրած Հասմիկ Պապյանի օպերային էստթետիզմի, այլ գեղարվեստական ընկալումների, բեմական արվեստի այլ զգացողության շնորհիվ:
Նաև՝ մարդկային ու անձնային այն որակների, որը թույլ է տալիս աշխարհի մշակութային քարտեզում սահմաններ գծած անհատներին, որոնք իրենց նվաճումները նվաճել են վաղուց, ոգեշնչվել, մեկտեղվել ու Հայաստան բերել նոր ժամանակի արվեստը, միտքը, ճաշակը, արվեստային ընկալումը, ազատությունն ու սերը՝ հանելու իրենց երկիրը ժամանակաշփոթության ճանկերից, հայրենիքը դարձնել պետություն, մարդուն՝ քաղաքացի: Վստահել, տալ երիտասարդներին՝ տաղանդավոր ի բնե, թռիչքի պատրաստ, նվիրումի պատրաստ, խենթության պատրաստ ու նաև առնել երիտասարդներից՝ քանզի հենց դրանում է մարդկային առաքելությունը:
Վարագույրը չի փակվում, ինչպես և չէր բացվել, որովետև վարագույրը թափանցիկ էր՝ ինչպես կյանքը:
Բեմը բոցավառվում է հզոր ձայներից, լույսերի խաղից, գլյուկյան ազդու երաժշտության հնչյուններից, արտիստների լուսավոր հայացքներից ու... նվագախումբը լռում է:
Այժմ արդեն ձայների, օվացիաների, ծափերի, հիացումների հերթը դահլիճինն է, որը ձգվում է անսահմանորեն երկար՝ ներաշխարհում թողնելով բավարարվածության, գոհացումի մեծ զգացողություն, ապրումների շարաններ, շնորհակալանքի, երախտագիտության, խոնարհումի կարիք և հույս, որ վերադարձը ճշմարիտ արվեստին կդառնա անբեկանելի՝ դեմ գնալով նույնիսկ աստվածներին:
Արայիկ Մանուկյան