Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Եթե ուժեղ ես, քեզ չեն կարող կոտրել…». ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆ

 

Ես բարձրանում եմ նկարիչների հանրահայտ շենքի աստիճաններով ու երկար միջանցքով գնում դեպի նրա արվեստանոցը։ Դուռը կրնկի վրա բաց է։ Խորքում նկարակալներ են, որոնց վրա նոր ավարտած կտավներ են՝  շքեղ ու խորհրդավոր կապույտի մեջ, ու կարծես մեր խառնակ ժամանակն ու խորը անհանգստություններն են գունագրած, կոդավորած կապույտի նուրբ երանգների ստվերներում։

Ճիշտ պայմանավորված ժամին Վարպետը սպասում է՝ հսկայի, մեծի իր ներկայությանը բնավ կարևորություն չտալով, երեխայի խոնարհությամբ ու պատրաստակամությամբ՝ իր մի քիչ ամաչկոտ ժպիտով նստած պատուհանի տակ դրված իր բազկաթոռին։

Մի առիթով Համո Սահյանի մասին խոսելիս Հրանտ Մաթևոսյանն ասել է. «…Դա այն սերունդն էր, որ հրացանը բահի պես էր բռնում և ինքը ջարդեց ու ջախջախեց ֆաշիզմը, որին գուցե թե «փաշիզմ» էր ասում: Այդ սերունդը իր տաբատը, լրիվ մենակության մեջ, կոճկում էր ինքն իրենից ամաչելով, հացի էր նստում հացից որպես իր նմանից ամաչելով, որովհետև արտում նրանք մեծացել էին միասին, նա նրան մարդ էր դարձրել, նա նրան՝ հաց, և այդ փոխստեղծումից հետո հիմա դավաճանություն էր արտի իր ընկերոջը ուտելը»:

Նայում էի եռանդուն, մտքով, մտածումով նորակերպ, ժամանակի մեջ ու ժամանակով ապրող 80-ամյա Վարպետին ու մտածում՝ որ նրա սերունդը, որն ավելի բախտավոր էր, ավելի ազատ, ավելի ըմբոստ, համարձակ, միևնույն է՝ Մաթևոսյանի փառահեղ բնութագրած սերնդի ազնիվ շարունակողն էր՝ արժեքներ կապը չկտրած, արժեքները ներսում, կյանքը, ապրածը, զգացածը ներսում, բարոյականության ուրիշ չափումներում։

«Մարդ արարածը դժվարությամբ պետք է հասնի իր նպատակին։ Մարդը ուժեղ պետք է լինի։ Եթե ուժեղ ես, քեզ չեն կարող կոտրել։ Մարդը չգիտի, թե ինչ կա իր ներսում…». Վարպետը խոսում է ներքին մի ոգևորությամբ։ Հանդարտություն կա նրա յուրահատուկ ձայնի մեջ, բայց նաև ներքին մի խռովք կա, կենսունակություն, որ խառնվում է ձայնին ու նրա խոսքից ոգևորություն է հորդում, լիցք, կորով։

Նա 60-ականների Երևանի այն տղաներից էր, այն սերնդից, որն ըմբոստացավ արվեստը կաղապարող գաղափարախոսական կապանքների դեմ։ Նրանք մերժեցին ժամանակի թելադրանքները, արվեստային պարտադրանքները, կոտրեցին մոտեցումներ, պատկերացումներ, ընդունված ձևեր ու կերպեր, ու ստեղծեցին իրենցը՝ բազում շերտերի համադրությամբ, ձևի, պատկերի, գծի ազատությամբ, ազատության շունչը վրձնելով գույների կռվի մեջ։ Նրանք ժամանակի նոն-կոմֆորմիստներն էին՝ ժամանակի ճոճքի հետ անհաշտ, նորը ստեղծելու մեջ նախանձախնդիր, տաղանդով, ժառանգությունն իրենց մեջ կրող, համաշխարհային ընթացքներին ու շարժերին տեղյակ։

Ես ուզում էի, որ մեր զրույցը սկսեինք հենց այդ ժամանակներից, 60-ականների Երևանից ու Վարպետն ասում է.

«Գիտե՞ս ի՜նչ քաղաք էր Երևանը։ Ֆանտաստիկ քաղաք էր։ Երիտասարդ էի, որ տեղափոխվեցի Երևան։ Որ եկա, արդեն շատ լավ նկարում էի։ Սեր ունեի դեպի նկարչությունը։ Գնացի Քոչարի մոտ։ Գիտեի, թե ի՜նչ մեծություն է Քոչարը։ Նրա դռները գարուն, ամառ, աշուն՝ միշտ բաց էին։ Մտա, ասացի՝ Վարպետ, կարելի է՞։ Ասաց՝ արի մանչս։ Անուն, ազգանունդ ի՞նչ է, ասաց։ Ասացի՝ էլիբեկյան։ Հարցրեց՝ Հակոբ էլիբելյանը ձեզ ի՞նչ է գալիս։

Ասացի՝ պապիս եղբայրն է։ Պապիս եղբայրը՝ Հակոբ էլիբեկյանը, 30-ական թվականների ռեպրեսիաների ժամանակ գնդակահարվել էր որպես դաշնակցականի։ Քոչարի հետ նույն սեմինարիայում էին սովորել։ Քոչարն ինձ գրկեց ու այդ օրվանից քարտ-բլանշ ունեցա Քոչարի մոտ։ Գիտե՞ս, ի՜նչ էր Երևանում Քոչարի հետ շփվելը։

Այդ տարիներին նաև Սարոյանը եկավ Երևան։ Իմացանք, որ Սարոյանը եկել է ժամանակակաից արվեստի թանգարան ու բոլորս հավաքվեցինք թանգարանի մոտ։ Տեսանք՝ Սարոյանը ճերմակ գլխարկով մտավ, նայեց թանգարանը, դուրս եկավ, ասաց՝ իմ կյանքի լավագույն օրերեն մեկն էր։ Ի՜նչ թանգարան դուք ունիք։

Այդ էր Երևանը։ Մշակույթը եռում էր։ Նոն-կոմֆորմիստները, նոր ալիքները, Քոչարը, Սարյանը, Մինասը։ Ո՞ր մեկին ասեմ։ Ու դա ոչ միայն կերպարվեստում էր։ Թատրոնում էր, երաժտությունում էր, գրականությունում էր։ Լևոն Ներսիսյանը կար, Տիգրանը կար Մանսուրյան, Հրանտն էր Մաթևոսյան։ Արտավազդ Փելեշյանը։

Նորեկողները նաև, որ եկան Հայաստան ու շա՜տ մեծ ավանդ ունեցան։ Եվ կենցաղի մշակույթ բերեցին և արվեստի։ Հակոբը կար Հակոբյան, Կալենցը։ Բարդուղը կար։ Շշմելու նկարիչներ կային։ Ուրիշ արվեստ ստեղծվեց։

Լևոն Ներսիսյա՜նը: Ինքը գիտե՞ս ինչ էր։ Եթե մի մարդ կա, որ ինձ վրա ազդել է, Լևոն Ներսիսյան է։ Գիտե՞ս ի՜նչ մարդ էր։ Ի՜նչ մարդիկ կային նկարիչների կաֆեում։ Քոչա՜րը, Կոստան Զարյա՜նը, Արմեն Զարյա՜նը։ Գալիս էինք նկարիչների միության մոտ նստում էինք։ Մի քիչ հեռու էինք նստում իրենցից։ Անկյունում միշտ մեկը կար նստած ու բոլորս գիտեինք, որ դա մեզ հետևողն է, բայց խոսում էինք։

Ո՞ր մեկի մասին ասեմ։ Փակ ցուցահանդեսներ էինք անում։ Այո, քարկոծում էին մեզ, բայց դա մեզ ուժ էր տալիս։ Դժվարությունները մեզ օգնում էին։ Շատ կարևոր է։ Մարդ արարածը դժվարությամբ պետք է հասնի իր նպատակին։ Այդ դեպքում ես ուժեղ լինում: Իսկ եթե ուժեղ ես լինում, քեզ ոչ մեկը չի կարողանում կոտրել։

Այո, իմ սերունդը նոն-կոմֆորմիստների սերունդն է։ Պատահական չէ, որ  ժամանակակից արվեստի առաջին թանգարանն իմ սերունդը ստեղծեց։ Գիտե՞ս, Մոսկվայում,Պիտերում արգելված նկարիչներ կային։ Տներում էին ցուցահանդեսներ անում։ Մեզ մոտ չկային։ Մերոնք շա՜տ ազատ էին, պրոգրեսիվ էին։ Նրանք, որ Երևան էին գալիս, շշմում էին։ Իմ ընկերներից, բարեկամ նոն-կոմֆորմիստներից շատերն էին գալիս։ Բանաստեղծներն էին գալիս։ Գիտեին, որ Հայաստանն ազատության կղզյակ է։

Խոսակցությունը պիտի շարունակեի Թիֆլիսից, Վարպետի ծննդավայրից, պիտի խոսեինք Վարպետի ընտանիքից, ծնողներից, բայց նա ոգևորությամբ շարունակում է.

Կուտակվել էր, գիտե՜ս, ինչպես ասենք՝ հրաբուխը։ Մենք Սարյան ունեինք։ Մեր մանրանկարչությունից սկսած, երբ նայում ես՝ յոթերորդ դար, վեցերորդ դար. այսինքն այն հարցերը, որ, օրինակ, Պիկասոն դրել է 20-րդ դարում, մեր մանրանկարիչներն այդ հարցերը վեցերորդ դարում լուծել են։ Ջուղայի խաչքարերը, ժայռապատկերները, վիշապաքարերը։ Խե՜նթանալիք են։ Երազում էի քաղաքից դուրս մի տեղ վիշապաքարերի, քանդակների մեծ, շա՜տ մեծ ցուցահանդես բացել։ Մեր երկրում ամեն տեղ արվեստ կա։ Ամբողջ Հայաստանը, ողջ հայոց աշխարհը եռում է։ Եթե Հայաստանում բարձր մակարդակի մի բան կա, որ մրցունակ կարող է լինել ամբողջ աշխարհում, արվեստն է։ Մեռա ասելով։ Ուրիշ ազգեր ունենային, գիտե՞ս ինչեր կանեին։ Բարձիթողի վիճակում է։ Իսկ մեզ միայն մշակույթը կփրկի: 

Որևէ կերպ անհնար է կտրվել այսօրվա համար հովվերգական այս վերհուշից: Հաճախ է թվում, որ անկախությունը, որ երազանք էր, գոնե շատ-շատերի համար, պիտի առավել ոգեղեն Հայաստան դարձներ Հայաստան պետությունը: Չէ՞ որ պետությունը երազանք էր: Թե՞, այնուամենայնիվ, ճիշտը Չարենցն էր։ Գուցե ճի՞շտ է, որ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք: Ու ես Վարպետին հարցնում եմ անկախությունից:

Անկախությունը գենետիկ երևույթ է։ Դու անկախ ես ծնվում, բայց կա ընտանիք, դաստիարակություն, միջավայր։ Ի՜նչ հետաքրքիր բան կատարվեց, չէ՞։ Սովետը, փաստորեն, օգնեց մեզ անկախ լինել։ Դժվարություններն օգնեցին։ Արգելքներն օգնեցին։ Խոչընդոտներն օգնեցին։ Երևի մեր ճակատագիրն է։ Պետք է կրակի հետ խաղանք, բայց պետք է դո՛ւրս գանք, դո՛ւրս գանք։

Մի պահ Վարպետը դադար է առնում ու ես «անցնում» եմ Թիֆլիսին: Հարցնում եմ՝ Վարպետ, Դուք Երևան եկաք Թիֆլիսից։ Ես հատուկ եմ ասում Թիֆլիսից։ Թիֆլիսը մշակույթների խառնարան էր, մշակութային կենտրոն էր, նաև հայերիս մշակութային կենտրոնն էր։ Թիֆլիսում այլ ոգի կար, հայ մշակույթի մեծերը կային, միջավայր կար: Ձեր նախնիները կարծեմ Թիֆլիս էին գաղթել Մեծ Եղեռնից հետո:

Այո, իմ նախնիները՝ մայրիկիս կողմից, Կարսից, էրզրումից էին գաղթել Թիֆլիս։ Երվանդ պապս Էրզրումից էր, Սիրանույշ տատս՝ Կարսից։ Մեծ եղեռնից գաղթածներ էին։ Պապս շատ շուտ մահացավ։ Տատս միշտ լաց էր լինում: Արցունքը միշտ աչքերին էր։ Մի գոգնոց ուներ։ Միշտ հագին էր։ Ինձ թվում էր, որ այն ոչ թե խոհանոցի համար է, այլ արցունքները մաքրելու։

Հայրիկիս կողմից արմատներով Խաչենցիներ ենք։ Վերին Խաչենից, Արցախից։  Թիֆլիս տեղափոխվել են Բոլնիս-Խաչենից։ Շատ լավ եմ հիշում հայրական կողմիս Եփեմիա տատիս ու Հարություն պապիս։ Ասում եմ հիշում եմ, բայց երբեք չեմ ուզել նրանց մասին անցյալով խոսել, որպես հիշողություն խոսել։ Նրանք երբեք հիշողություն չեն դառնա։ Նրանք ինձ հետ ապրում են։ Ու ապրելու են այնքան, քանի ես եմ ապրում։

Հարություն պապս մետաղագործ էր։ Նա բազմաթիվ կամուրջներ ու շինություններ էր կառուցել Թիֆլիսում։ Մի լուսանկար կա, Թիֆլիս քաղաքը կառուցողների համքարության ժողովի լուսանկարը։ Պապս նրանց շարքում է։

Մոտենում ենք լուսանկարին: Արվեստանոցի հենց մուտքի մոտ է՝ պատին փակցված: Վարպետի Հարություն պապը արժանավորապես Թիֆլիս քաղաքը կառուցողների շարքում է: Ու ընդհանրապես, պատին Վարպետի նախնիների լուսանկարներն են, ծնողների՝ Վաղարշակ և Ֆլորա Էլիբեկյանների լուսանկարները: Լուսանկարը ոչ միայն հիշողություն է փոխանցում, այլև՝ ներկայություն, ոգի, շունչ:

Մերոնք հայտնի Սոլոլակ թաղամասի իշխան Արղությանին պատկանած ֆրանսիական ոճի հրաշալի մենատանն էին ապրել, որը հետագայում գնել էր ազնվական Յուզբաշյանների ընտանիքը և որը հետո հայտնի դարձավ որպես Հայ մշակույթի տուն՝ Հայարտտուն։

Հայրիկս երկա՜ր տարիներ Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրենն էր։ Իսկ ավելի առաջ՝ Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր-տնօրենը։ Ես միշտ ասում եմ, որ թատրոնում եմ ծնվել։ Փոքր էի ու ինձ միշտ հետաքրքրում էր կուլիսների կյանքը։ Ես կուլիսներում եմ մեծացել։ Գիտե՞ս ի՜նչ օրեր էին։ Այսօրվա պես եմ հիշում Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի հյուրախաղերը։ Շատերն էին գալիս։ Գնում էինք հայաշատ շրջաններ՝ Ախալցխա, Ախալքալաք։ Ռուսթավելու թատրոն էինք գնում ներկայացումներ դիտելու։ Յոթ տարեկանից տանում էին։ Շա՜տ հետաքրքիր, շա՜տ բուռն էր կյանքը։ Մինչ այսօր երազներում տեսնում եմ այդ ամենը։ Մեկ-մեկ ինքս ինձ հետ խոսում եմ՝ թե ինչպե՞ս ստացվեց, որ նկարիչ դարձա։ Մանկությունից եկավ։ Ծնողներս բացեցին այդ դռներն ինձ համար։

Լավ չէինք ապրում։ Շատ վատ էին ապրում դերասանները։ Կարծես միջնադարյան թափառական խմբեր լինեին։ Բեռնատար մեքենայի կուզովում նստած գնում էին ներկայացումների։ Ես էլ իրենց հետ։ Հայրս էլ մեզ հետ՝ մեքենայի կուզովում, թեպետ տնօրենն էր, կարող էր վարորդի կողքին նստել։ Դա էր մեր կյանքը։ Ու շա՜տ հետաքրքիր էր։ Եվ այդ թատրոնն էր, որ մեզ փրկեց. մենք հայեցի մեծացանք։

Դժվարություններն օգնում են կայանալ։ Փափուկ բարձերը, որ դնում են երեխաների տակ, այդ երեխաները ոչ մի բանի չեն հասնի։ Պիտի ամեն ինչով անցնես, որ գնահատես կյանքը։ Կրակով, ամեն ինչով։ Առանց դժվարությունների կյանք չկա։ Պիտի կարողանաս բոլոր դժվարությունները քո օգտին փոխակերպես։ Ես 80 տարեկան եմ ու ես կանգնած եմ աշխատում։ Ես նստած չեմ կարող նկարել։ Պիտի շարժվեմ։

Եվ ընդհանրապես, արվեստին, մշակույթին կանգ առնել չկա։ Միշտ նոր պաշարներ պետք է գտնես քո մեջ, պետք է փոխվե՜ս, փոխվե՜ս, փոխվե՜ս ու անընդհատ գտնես։ Մի կյանք է տրված մարդուն։ Մի կաթիլ է դա։ Եվ այդ մի կաթիլում պետք է արտացոլես քո ողջ կարողությունները։ Ամե՜ն օր պիտի աշխատես։ Ամե՜ն օր։ Պարտադիր չէ, որ ամեն օր նկարես։ Ոչ։ Բայց ամե՜ն օր պետք է աշխատես։ Ես ամեն օր գալիս եմ արվեստանոց, մի կես ժամ, մի ժամ մնում եմ։ Սա իմ միջավայրն է։

Երբեմն կնոջս ասում եմ՝ Մարի, եթե քեզ թվում է, թե ես ամեն օր նկարում եմ, սխալվում ես։ Բայց սա իմ փոքր տարածքն է, իմ փոքր թատրոնն է։ Իմ բեմն այս նկարակալներն են։ Հետո շատ դժվարությամբ մոտենում եմ նկարակալին։ Ստիպում եմ ինձ։ Կյանքը շատ կարճ է, բայց ուզում ես հասցնել։ Գոնե մի տոկոսը հասցնել այն ամենի, ինչը կա քո մեջ։ Ընդհանրապես մարդը չգիտի, թե ինչ կա իր մեջ։ Ամենամեծ գաղտնիքը դրա մեջ է։ Մարդ արարածը մինչև իր կյանքի վերջը պիտի  կարողանա գտնել։ Գտնելու, արտահայտվելու վերջը հորիզոնի վրա չի երևում։ Վերջ չկա՛։ Մանավանդ արվեստի մարդու համար՝ վերջ չկա՛։ Միշտ նո՜ր, նո՜ր, նո՜ր, նո՜ր պաշարներ պիտի գտնես։ Ամենօրյա աշխատանքն է փրկությունը։ Ի վերջո, մարդն այս աշխարհում թողնում է, չի տանում։

Երբ զրուցում եմ մեծերի հետ, մարդկանց հետ, որոնք մեծ կյանք են ապրել, մեծ փորձառություն ունեն, մարդկանց հետ, որոնք մտածող են, սիրում եմ հարցնել, թե ո՞վ է հայը, ի՞նչ է կյանքը, ի՞նչ է սերը ու Վարպետին հարցնում եմ՝ ո՞վ է հայը։ Վարպետը շա՜տ երկար լուռ խորհում է: Ես չեմ խախտում լռությունը: Ուզում եմ լռության մեջ տեսնել նրա մտածումները…

Հրաշք է,- ասում է Վարպետը։ Հայ մարդը, Հայաստանը ուրիշ են։ Հայը շա՜տ ուժեղ է իր գենետիկ համակարգով։ Կյանքին կառչած է։

- Ի՞նչ է կյանքը։

- Մեծ նվեր է։

- Ի՞նչ է սերը:

- Չգիտեմ ինչ է սերը: Սերը խոսքերով չէ: Խոսքերով չպետք է սիրես: Դիմացինիդ պետք է սիրես, պետք է չստես, վատություն չանես, դաժանություն չանես: Սա է սերը:

- Ի՞նչ է արվեստը։

- Ռամիկի աշխատանք է։ Այո, ամե՛ն օր պետք է աշխատես։ Գյուղացին ինչպե՞ս է ամեն օր դաշտում աշխատում։ Այդպես էլ նկարիչը պետք է աշխատի։

Սեղանին մի լուսանկար կա: Վարպետն ու Մինասը նստած են: Դիմացները կանգնած է կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը: Վարպետի ու Մինասի հայացքները խոժոռված են: Յուրի Երզնկյանը կարծես թե խոսում է, բայց իրենք նրա կողմը չեն նայում: Շուրջ հիսուն տարվա լուսանկար է՝ «Խաթաբալա» ֆիլմի նկարահանումներից: Վարպետի ուշադրությունը սևեռում եմ դեպի այդ լուսանկարը: Շատ սրտանց ծիծաղում է: Գիտե՞ս այդ լուսանկարի պատմությունը՝ ասում է: Ասում եմ՝ ոչ: Ասում եմ, որ այս տարի «Խաթաբալա» ֆիլմի հիսնամյակն է և որ Դուք ու Միանսը հրաշալի եք արել ֆիլմի նկարչական ձևավորումը:

Ա՜: Հրաշալի օրեր էին։ Եվ Երևանում նկարահանեցինք ֆիլմը և Թիֆլիսում։ Յուրան Երզնկյա՜ն, Սոսը՜, Սերիկը՜, Ֆռունզը՜… Հսկայական գործ արեցինք։ Լուսանկարում Մինասն ու ես շա՜տ ջղայնացած ենք։ Իրար չենք նայում։ Յուրային էլ չենք նայում։ Գիտե՞ս ինչ էր եղել: Ֆիլմի տնօրենը, թե փոխտնօրենը ֆիլմի փողերը վերցրել ու փախել էր։ Իսկ մենք երիտասարդ էինք, օրական փող էինք ստանում, պիտի ուտեինք, խմեինք ռեստորան գնայինք և այլն… (ասում ու նորից ծիծաղում է): Յուրան էլ՝ ճանաչողները գիտեն, ինչ բերանին գալիս էր՝ ասում էր:

Մեյդանում էին նկարահանումները։ Այնտեղ էին տաղավարները։ Թե ամբողջ հայությունը, թե վրացիները ամբողջ օրը հավաքվում, օղակի մեջ էին առնում Մեյդանն ու նայում էին: Իրադարձություն էր: Վրաստանում «Արմենֆիլմը» ֆիլմ էր նկարահանում։

Որքան էլ զրույցը կարող էր անվերջ շարունակվել, քանի որ Վարպետին լսելն ու նրա հետ խոսելը մեծագույն բավականություն է, այնուհանդերձ չեմ ուզում խլել նրա օրը: Ուզում եմ մեր զրույցն ավարտել: Բայց չեմ կարող նրա հետ չխոսել մեր անհանգիստ օրերի մասին, քանի որ մտահոգություններն ու անորոշությունները Վարպետի դեմքին են, տագնապները՝ ակնհայտ: Գիտեմ, որ տրամադրության փոփոխություն է լինելու, բայց…Ի՞նչ պետք է անենք, որ փոխենք Հայաստանը՝ հարցնում եմ:

Չգիտեմ։ Ոչ մեկ չի կարող պատասխանել։ (էլի՝ լռություն)։

Անհատները կարող են փոխել։ Անհատներ են պետք։ Հիմա դեռ քանդում են։ Անընդհատ քանդում են: ի՞նչ են կառուցում քանդածի տեղը։ Եկեղեցու վրա են հարձակվում։ Սա խայտառակություն չէ՞։

Նորից երկա՜ր լռում է…

Ձախորդ օրերը կանցնեն ու կգնան։ Կանցնեն։ Էսպիսի բանե՞ր է տեսել Հայաստան աշխարհը։ Ժամանակավոր է: Կհաղթահարի։ Ուժեղ է Հայաստանը։ Կհաղթահարի։ Ամեն մեկն իր գործը եթե լավ անի, ազնիվ անի, կհաղթահարի։ Մեր մեջ է ցավը։ Կհաղթահարի։

Հ․ԳԱսում եմ՝ Վարպետ, զրույցն անպայման կուղարկեմ, որ կարդաք հրապարակվելուց առաջ։ Ասում է՝ Էդ էր պակաս ցենզոր լինեի։

Որպես վերջաբան

«Մի առիթով գրել էի․Մարդիկ կան, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել քաղաքը, հայրենիքը, երկիրը, միջավայրը:

Բայց մարդկությունը կարողանում է իրեն թույլ տալ այն «շռայլությունը», որ քանի դեռ այդ մարդիկ ապրում են ապրողների կողքին, նրանց կարծես թե չեն նկատում:

Ժամանակին մեր քաղաքում էին Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Վաղարշ Վաղարշանը, Լևոն Ներսիսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Օհան Դուրյանը, Ավետ Ավետիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը ու շատ-շատերը ու մենք նրանց չէինք նկատում:

Հիմա նկատում ենք, որ նրանք մեր քաղաքում, մեր միջավայրում չեն: Մեզ հետ են,  շատերիս հետ, գուցե, բայց մեր քաղաքում չեն:

Այսօր էլ կան մարդիկ, որոնք քայլում են մեր կողքին, մեզ հետ մտնում են նույն խանութը, համերգասրահը, ցուցասրահը, մեզ հետ նստում են նույն սրճարանում, նույն այգում ու մենք նրանց չենք նկատում:

Այսօրվա մեր քաղաքի այդ մարդկանցից է Ռոբերտ Էլիբեկյան Արտիստը:

Նրան հաճախ կտեսնեք մեր քաղաքում, ազնվազարմ տիկնոջ՝ Մարի Հայթայան Էլիբեկյանի հետ:

Այնքա՜ն ներդաշնակ, այնքա՜ն բարի, այնքա՜ն համեստ: Կբարևեն, կհարցնեն որպիսությունդ, կքաջալերեն մի լավ արարքդ, կհետաքրքրվեն ընտանիքովդ և դու չես զգա, որ պատիվ ունես խոսելու մարդկանց հետ, որոնք քո երկրի, քո հայրենիքի մշակույթի մասն են ու դու ուղղակի նրանց կողքին լինելու բարեբախտություն ունես»:

Հիմա միայն ավելացնեմ՝ տա Աստված, որ այդ բարեբախտությունը երկա՜ր, շա՜տ երկա՜ր ունենանք։  

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ