«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Ֆրունզիկն ու Բուբան հերթով կենացներ էին ասում, Սերգեյի աչքերը...»

 

1985-ին նրանք գալիս են Երևան՝ Սերգեյ Փարաջանովը, Վախթանգ Կիկաբիձեն՝ Բուբան...: Իհարկե, նրանց հյուրընկալում է Մհեր Մկրտչյանը՝ Ֆրունզը: Կինոյի տանը մեծ տրիումֆով կայանում է Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմի պրեմիերան:

1985-ի Հայաստանը դեռ խորը կոմունիստական թմբիրում էր, թեպետ գորբաչովյան «պերեստրոյկան» արդեն գոյություն ուներ, և Հայաստանի մամուլում մի բառ անգամ չկա (գոնե մեր փնտրածում չկա, իսկ մենք նայել ենք այդ թվականի գրեթե ամբողջ թվայնացված ու չթվայնացված մամուլը՝ մասնագիտական ու՝ ոչ) այն մասին, որ Երևանում է Փարաջանովը, որ «Լեգենդի...» պրեմիերան է, որ կինոյի տանը տեղի են ունենում զուտ փարաջանովյան իրադարձություններ, որ Ֆրունզն ու Բուբան լինում են այդ իրադարձությունների կենտրոնում և այլն:

Երևի դեռ վախ կար Փարաջանով անունը հնչեցնելուց:

Այդ օրվա մասին հրաշալի պատում կար Գարրի Կունցևի՝ «Կար-չկար՝ մի Փարաջանով» գրքում, որից մի պատառիկ ներկայացնում ենք՝ նվիրելով այն Վախթանգ Կիկաբիձեի հիշատակին: 

«... Երևանի կայարանի կառամատույցում մեր խմբին դիմավորեցին հայ գործընկերներ՝ նկարիչներ, լրագրողներ, Փարաջանովի տեղացի հարազատները, ընկերները:

Հենց տեղում Սերգեյին ասացին, որ նրա ֆիլմի հիմնական ցուցադրությունը, այսպես կոչված՝ պաշտոնական պրեմիերան՝ ողջ ընտրախավի ներկայությամբ, ողջույններով, ճաշկերույթով ու մամուլի ասուլիսով, նշանակված է երեկոյան 8-ին, բայց նկատի ունենալով այն հետաքրքրությունը, որն առաջացրել է տարբեր բանտերից ու գաղութներից հետո Սերգեյի «նոր հայտնության» փաստը, Կինեմատոգրաֆիստների միությունն ու ավելի բարձր ղեկավարությունը ստիպված են եղել կազմակերպել «Լեգենդի...» ևս երկու ցերեկային ցուցադրություն:

Առաջին ցուցադրությունը կսկսվի 12-ին, հանդիսատեսներն արդեն հավաքվում են, սպասում են Փարաջանովին ու ֆիլմին, որը մենք բերել էինք մեզ հետ:

Մինչ բոլորը համբուրվում էին կառամատույցում, ուրախությունից լաց լինում և միմյանց հասցեին տարբեր լեզուներով ողջույնի բացականչություններ անում, կազմակերպիչները ֆիլմը վերցնելով սուրացին դեպի կինոյի տուն: 

Հետո մեզ էլ այնտեղ տարան, բայց սկզբում` ամենաներքևի հարկը, գողտրիկ ռեստորանը, որտեղ շքեղ սեղան էր գցված, որի գլխավոր զարդը բուրումնավետ հայկական կոնյակի տարաձև շշերի մի ամբողջ տողանն էր:

Շքահանդեսը ղեկավարում էին այն ժամանակվա ամենահայտնիները՝ Ֆրունզիկ Մկրտչյանն ու Բուբա Կիկաբիձեն (ամբողջ երկիրն էր վայելում նրանց դուետի խաղը բոլորովին վերջերս էկրան բարձրացած «Միմինո» ֆիլմում: Նրանց հետ հնարավոր չէր մարդկանց մեջ երևալ. կյանքն անմիջապես քարանում էր, բոլորը նայում էին միայն նրանց):

Ֆրունզիկն ու Բուբան հերթով կենացներ էին ասում. Սերգեյի աչքերը մի քանի անգամ արցունքոտվեցին: Թմբլիկ մատներով բաժակը խաղացնելով` նա հուզված պատասխանում էր ինչ-որ հարցերի, նրան անընդհատ գրկում էին, Սերգեյի ձայնը խռպոտվել էր, մենք հաճույքով կոնյակ էինք խմում, և երբ մեզ հրավիրեցին դահլիճ բարձրանալ` նա մի րոպեով թարմ օդի դուրս գալու թույլտվություն վերցրեց:

Կինոյի տան մուտքի ապակյա մեծ դուռն արդեն ներսից փակել էին, այլևս ոչ մեկին ներս չէին թողնում. դահլիճում առանց այն էլ մարդիկ խիտ կանգնած էին պատերի երկայնքով ու բոլոր անցումներում: Սերժիկն այստեղ էլ հավատարիմ մնաց իրեն: Տեսնելով, որ փողոցում, ապակե պատից այն կողմ, մնացել է ևս մի հիսուն մարդ, որոնց հսկիչը ներս չէր թողնում, նա մոտեցավ մուտքին, կտրուկ ետ քաշեց պողպատե սողնակը, լայն բացեց հաստ ապակու երկու փեղկերը:

 – Ուզում եք աչք ածել Փարաջանովի վրա՞,– ձայն տվեց նա բախտազուրկ հանդիսատեսներին:

 – Այո՜ո,– գոռացին նրանք ի պատասխան` գլխի չընկնելով, թե ով է կանգնած իրենց առջև:

– Դե մտեք,– ձեռքի լայն շարժում արեց Սերգեյը` ներս թողնելով բոլոր տոմս չունեցողներին, և ամբոխը քիչ էր մնում գետին տապալեր նրան: Մարդիկ առանց մտածելու միջանցքով սլացան դեպի պարտեր, որն առանց նրանց էլ պատրաստ էր պայթելու:

 – Ի՞նչ եք անում,– մոտ վազեց զայրույթից սփրթնած հսկիչը: – Ինձ ախր...

– Ոչ մի բան էլ չի պատահի,– հանգստացնող ձևով նրա ուսին թփթփացրեց Փարաջանովը: – Մարդիկ ուզում են շփվել հանճարի հետ... Թող շփվեն, դա նրանց համար տոն է: Համարեք, որ նրանց համար Դուք եք այսօր այն կազմակերպել...

Այն աշխարհում հաշվի կառնվի...»:

 

Հատված Գարրի Կունցև՝ «Կար-չկար՝ մի Փարաջանով» գրքից:

Երևան, 2014 թ, «Փրինտինֆո» հրատարակչություն

Կազմող՝ Արայիկ Մանուկյան

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ