Ծնվել եմ
Երևանում:
Ընտանիքիս
մի կեսը
ռուսախոս էր,
մյուս կեսը՝
թունդ
հայախոս:
Ես էլ դարձա
հայերենի
մասնագետ:
Եվ ծնված
օրվանից
Երևանի
պետական
համալսա-
րանում եմ
մորս
շնորհիվ:
Շատ երկար
եմ ապրում:
Սովետը չկա:
Անկախ
Հայաստանի
քաղաքացի եմ
ու հպարտ եմ:
Սիրում եմ
Երևանը,
համալսարանը,
երեխաներիս
և ուսանողներիս:
Ազատ եմ,
որովհետև
ոչնչից
չեմ կառչում:
Կուռքեր
չունեմ,
ունեմ
սիրելի,
շատ սիրելի
մարդիկ:
Լավ է լինելու,
չկասկածեք…
«Գեղեցիկը…». ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Արդեն նշել ենք, որ «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի ԱՐՁԱԳԱՆՔ խորագիրը մեր ընթերցողների անձնական պահոցներից լույս աշխարհ է բերում լուսանկարներ, պատմություններ, հիշողություններ, որոնք, ինչպես և սպասում էինք, մեծ հետաքրքրություն են առաջացրել:
ԱՐՁԱԳԱՆՔ-ի այս պատումը, որի հեղինակն է Երևանի պետական համալսարանի դասախոս Մարիամ Կիրակոսյանը գրել ստիպել է «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի՝ Լուիզա Սամվելյանին վերաբերող հրապարակումն ու նրա արձագանքները:
Այս պատմությունը կարելի է նաև մի ուսանողի հիշողություն անվանել...
Լուսանկարը, որը Լուիզա Սամվելյանի հերթական անհայտ լուսանկարներից է, մեզ է տրամադրել Էդուարդ Տեր-Սաակովը: Լուսանկարի պատմությանն առաջիկայում կանդրադառնանք: Այժմ՝ «Մի ուսանողի հիշողություն»-ը...
Հուշեր կարդալ չեմ սիրում:
Հուշը երբեք օբյեկտիվ չէ:
Հուշեր կարդալ չեմ սիրում, որովհետև հուշագիրը մեծ մասամբ ինքն իրեն է ներկայացնում: Բայց…
thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը ստիպեց, պարտադրեց գրել սիրելի դասախոսներիցս մեկի՝ Լուիզա Սամվելյանի մասին:
Նշեմ, որ ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի այն երջանիկ կուրսն էինք, որին արտասահմանյան (իրականում՝ եվրոպական) գրականություն էին դասավանդել ժամանակի արտիստիկ անհատականությունները՝ Լևոն Ներսիսյանն ու Լուիզա Սամվելյանը: Անշուշտ, չափազանց տարբեր էին, բայց նրանց միավորող գոնե մեկ հատկանիշ կար՝ գեղեցիկը: Երկուսն էլ գեղեցիկ էին, երկուսն էլ կապված էին թատրոնի հետ և անսահման արտիստիկ էին:
Ու քանի որ Լևոն Ներսիսյան լեգենդի մասին շատ են գրել, պատմել, ու դեռ պատմելու են, կանդրադառնամ մյուսին՝ Լուիզա Սամվելյանին:
Համալսարանում երկար չմնաց՝ 1980- ից 1982 թվականը: Բայց մեր բախտը բերել էր: Երրորդ կուրսում էինք: Ուստի Բայրոն, Հյուգո, Բալզակ, Գյոթե լսեցինք Լուիզա Սամվելյանի մատուցմամբ: Նրա աչքերով տեսանք բայրոնյան Վենետիկը…
Ինքը գեղեցիկ էր, իր պատմածը՝ նույնքան: Ու թեպետ արտասահմանյան գրականության դասը (գուցե՝ դիտմամբ) նշանակված էր վերջին ժամերին, ու ինքն էլ ներկա-բացակա չէր անում, ուսանողներս մնում էինք՝ փախչելու գայթակղությանը բնավ տուրք չտալով:
Տարբերվում էր մեզ դասավանդող շատ կանանցից: Քաղաքային կերպար էր, և գեղջկական «բույր» չուներ: Չէր ինքնահաստատվում, դրա կարիքն էլ չուներ: Կրկնում եմ՝ սիրում էինք դասերը, որովհետև մեզ նաև կերպարն էր դուր գալիս, դասախոսի արտիստիկ կերպարը: Խոսելու, դատելու ազատություն տվեց: Իհարկե, կարևոր էր գրական փաստի իմացությունը: Բայց ուսանողի հետ զրուցում էր և սեփական կարծիքը չէր պարտադրում, անգիր սերտել չէր պահանջում: Իմանալը և սերտելը նրա համար տարբեր բաներ էին:
Համաձայնե′ք՝ բրեժնևյան տարիներին եվրոպական գրականությունն ու դրա մասին ազատ արտահայտվելն իսկ նվաճում էր, լուռ այլախոհության նման մի բան:
Նույն տարիներին Բայրոնի մասին մի ֆիլմ էին ցուցադրում Երևանի կինոթատրոններում:
Այսօրվա «բարձունքից» միամիտ մի բան էր: Բայց այն ժամանակ աղմուկ էր հանել: Գուցե Բայրոնի հավերժական սինդրոմն էր, Բայրոնի, որի կերպարը մենք տեսանք ոչ միայն Չայլդ Հարոլդով, այլև Կայենով: Եվ Լուիզա Սամվելյանը, որ փայլուն թատերագետ էր, մեր ֆակուլտետում կազմակերպեց այդ ֆիլմի քննարկումը:
Չարենցի անվան մեծ լսարանը լեփ- լեցուն էր:
Ինքը սկսեց, բայց այնպես, որ չպարտադրի սեփական կարծիքը: Հետո խոսեցին ֆիլմով հիացած ուսանողները: Չէր ընդհատում, բայց ուշադիր նայում էր դահլիճին: Եվ հանկարծ ստիպեց խոսել այն ուսանողին, որի հայացքում բողոք կար: Զգաց, որ կարծիքը տարբերվելու է մյուսներից:
Եվ իսկապես, տարբեր էր, որովհետև նա՝ այդ ուսանողը, ֆիլմի կադրերում կարողացել էր «կարդալ» արտասովոր գրողի նկատմամբ հավերժական նախանձի տարրերը: Պատանեկան, մի քիչ մաքսիմալիստական կարծիքը լսելուց հետո ժպտաց:
Համաձայն էր: Հետո հասկացա, որ ինքն էլ զերծ չէր մնացել դրանից: Ավելին, հետո տեսա մի շատ տխուր պատկեր՝ տղամարդկանց նախանձը գեղեցիկ և խելացի կնոջ նկատմամբ: (Ի դեպ, համոզված եմ, որ սա մեր «առնական» հասարակության հիվանդություններից մեկն է և լուրջ քննարկման թեմա է): Տխուր էր և զզվելի:
Գուցե դա էր պատճառը, որ Լուիզա Սամվելյանը լուռ հեռացավ համալսարանից: Նա իր աշխարհն ուներ, իր Թատերական ինստիտուտը, թատրոնը, հեռուսատեսությունը: Նա ոչինչ չկորցրեց, իսկ համալսարանը զրկվեց նրա կերպարից:
Եվ այնուամենայնիվ, թե′ Լևոն Ներսիսյանը, թե′ Լուիզա Սամվելյանը ինձ վարակեցին եվրոպական գրականության «ախտով», որը հետո՝ կյանքիս ծանր ու գորշ պահերին, դարձավ ընկճախտից փրկող միակ թունդ «թմրանյութը»…
Հ.Գ. Լուիզա Սամվելյանին չսիրողների անունները չեմ գրում, որովհետև նրանք բոլորը մահացել են:
Մարիամ Կիրակոսյան