Ծնվել և 40 տարի
ապրել է Երևանում:
Մասնագիտու-
թյամբ հոգեբույժ է:
Գրել է
առաջին
անգամ
հայոց լեզվով
«Հոգեբուժություն»
դասագիրքը:
2000-ին
տեղափոխվել է
ԱՄՆ՝
շարունակելու
իր գիտական,
հետազոտական
և գրական
գործունեությունը:
«Հետաքրքիր եք դատում, բայց բավականին տափակ». ԼՈՒԻԶԱ ՍԱՄՎԵԼՅԱՆ
Մանկությունից չեմ սիրել օրագիր պահել. այն համարել եմ անճար մարդկանց կամ սիրահարված օրիորդների պարապ զբաղմունք: Առաջներում ինձ թվում էր նույնիսկ, թե օրագիրը մի յուրահատուկ «բողոքի գիրք» է: Լսում էինք չէ՞, օրինակ այսինչը «ժավել խմեց ...», բացեցին տեսան օրագրում գրված է այսինչ բանը, կամ այն մյուսը «թունավոր սունկ կերավ...», պարզվեց, որ օրագրում ... Չեմ սիրել այդ ժանրը:
Հետագայում շատ զարմացա, որ օրագիր են պահել նաև Նիկոլայ Երկրորդը, Ուինստոն Չերչիլը ... Դե ցարը, ոչինչ, կամքից նկուն, անվճռական՝ խղճուկ մարդ է եղել (տատիս ասելով՝ մի լիրբ տերտերի խելքին ընկած), բա Չերչիլը՞ ... պրագմատիկ, հաշվենկատ, ժամանակը հարգող:
Ավելի ուշ եզրակացրի, որ օրագիր գրելն, ըստ երևույթին, հայեցող կամ գործիչ լինելու հետ ուղղակիորեն կապված չէ: Օրագիրը չսիրեցի, սակայն ինձ շատ դուր եկավ մի ուրիշ «գրական ժանր», թեև այն նմանություններ ունի օրագրի հետ:
Պատանի տարիքում մի տեղ կարդացել էի, որ Ն. Գոգոլը՝ ամենատարօրինակ և ամենաշիտակ ռուս գրողը, պահել է մի հաստափոր մատյան, որտեղ կանոնավոր գրառել է իր բարեկամների և ծանոթների ընտիր մտքերն ու ասույթները:
Այդ օրինակով ես էլ սկսեցի իմ ընդհանուր տետրը լցնել մեր շուրջը գտնվող հետաքրքիր մարդկանց մտքերով ու ասույթներով: Այն դարձավ իմ խորհրդավոր հավաքածուի «արձանագրությունների մատյանը»:
«Հետաքրքիր եք դատում երիտասարդ, բայց ... բավականին տափակ». այս նախադասությունը գրառել եմ մատյանում, երբ 18 տարեկան էի...
Երևանում արվեստի և ընդհանրապես մշակույթի պատմության բնագավառում հանրությանը քաջածանոթ անհատականություններ կային, որոնք հրապարտակային ելույթներով քարոզում էին վեհը, ներդաշնակը, գեղեցիկը, կատարյալը:
Լևոն Հախվերդյանի մասին արդեն պատմեցի: Ես հրապուրված էի նաև երեք այլ մեծություններով. Ռուբեն Զարյան, Վազգեն Հովսեփյան, Լուիզա Սամվելյան, ովքեր «ծանր հրետանի» էին իրենց քարոզած գիտության մեջ:
Թվում էր, թե նրանք սովորական, ժամանակակից մարդիկ չեն, այլ գալիս էին պատմության խորքերից, յուրաքանչյուրն այն դարաշրջանից և մշակութային աշխարհից, որի մասին պատմում էր: Սիրտ ու հոգի էին դնում իրենց խոսքի մեջ:
Կարող էր թվալ, թե Ռուբեն Զարյանն ինքը հենց շեքսպիրյան պերսոնաժ է. մերթ տարաբախտ արքա, մերթ իմաստուն խեղկատակ, մերթ՝ ողբերգական հերոս, մերթ մերժված սիրահար ...
Կամ Վազգեն Հովսեփյանը՝ հելենական պատմիչ է, կամ հռովմեական բիրտ սենատոր, երբեմն էլ՝ Հոմերոսի նման կույր բանաստեղծ, որն անցնում էր թաղից-թաղ, պատմում հին քաջերի կյանքից:
Կարող էր թվալ, թե պրոֆեսոր Լուիզա Սամվելյանը մի փոքր առաջ է կառքից իջել, որը նրան ուղղակի բերել է 19-րդ դարի Փարիզի որևէ գրական սալոնից ...
Այս գիտնականներն իրենց ներկայացրած հերոսների և աստվածների նման վսեմ էին, իսկ կարծիք հայտնելիս՝ խիստ և անաչառ ...
Լուիզա Սամվելյանի մասին առաջին անգամ լսել էի տատիցս, քանի որ պրոֆեսորի խմբագրությամբ էր լույս տեսել տատիս քրոջ՝ ասմունքի վարպետ և գրող Եկատերինա Քալանթարի «Սաթենիկ Ադամյան» գիրքը : «Барин կնիկ ա», (ազնվականուհի),- այսպես էր տատս բնութագրում Լուիզա Սամվելյանին:
Ստացվեց այնպես, որ բժշկական ինստիտուտում ներկա գտնվեցի պրոֆեսորի մի սքանչելի դասախոսությանը: Վերջում Լուիզա Սամվելյանը հարցեր ուղղեց ներկաներին, փորձելով պարզել նրանց տեսակետները: Դասախոսությունն այնքան հետաքրքիր էր, իսկ մատուցմամբ՝ գունեղ և ներդաշնակ, որ ավարտին որևէ մեկը չէր կարող ինչ-որ հարցեր տալ նրան, ինչպես որ ներկայացման կամ համերգի վերջում արտիստին հարցեր չեն տալիս:
Ուսանողները կարծիքներ հայտնեցին թեմայի շրջանակում, ես էլ ասացի իմ կարծիքը ...Լուիզա Սամվելյանի դեմքին Ջոկոնդային հիշեցնող ժպիտ գծագրվեց: Ասաց. «Հետաքրքիր եք դատում երիտասարդ, բայց ... բավականին տափակ»:
Նա այս խոսքերն արտաբերեց այնպիսի բազմիմաստ խորհրդավորությամբ ու միաժամանակ զուսպ ու հմայիչ արտիստիզմով, որ ես, վերանալով ասածի բովանդակությունից, ուղղակի գերվեցի նրա այդ խոսքով:
Այդպիսի տաղանդավոր կատարմամբ կարող էր, ասենք, Ավրորա Դյուդըվանը (գրող Ժորժ Սանդը) գնահատել Ֆրեդերիկ Շոպենի «պարզունակ» կարծիքը, կամ էլ, օրինակ, մարքիզուհի Դը Մերթոյը վերաբերվել պատանի Դանսենիին (Լակլոյի «Վտանգավոր կապեր» վեպի հերոսներից):
Տվյալ նախադասությունը փոխադրելով իմ մատյանը, հետագայում երբեմն ներքին հոգեկան պահանջ էի զգում այն վերընթերցելու. անշուշտ, ոչ թե իմ «ինտելեկտուալ հասունությունը » ստուգելու, այլ Լուիզա Սամվելյանի խոսքի արվեստը ըմբոշխնելու համար:
Վարդգես Դավթյան