«Գրառումներ օրագրից...». ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԵԼԼԱԼՅԱՆ
Մեծանուն կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի երեսուն տարվա վաղեմության այս գրառումները կարող էին դեկտեմբերյան աղետի օրերի մասին չլինել, որովհետև դրանք գրվել են ոչ Հայաստանում, այլ Հունաստանում, Կիպրոսում: Բայց այդ գրառումները ստացվել են 88-ի դեկտեմբերյան օրերի մասին, որովհետև այդ օրերով ապրեց գրեթե ողջ աշխարհը, և որովհետև Հարություն Դելլալյանը հայ է՝ զգայուն հայ:
Բացառիկ հետաքրքիր մանրամասներ կան նրա այս գրառումներով, որոնք նրա ընտանիքի թույլտվությամբ հրապարակում ենք «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում: Իսկ մանրամասներից անդին, Հարություն Դելլալյան կոմպոզիտորն է՝ որպես մեծ հայ, ճշմարիտ քաղաքացի, որպես նվիրյալ անձ ու սեփական երկրի արմատներից մեկը:
«…Իմ երջանկության գագաթնակետը` ծննդավայրս տեսնել 41 տարի հետո, համընկավ հայրենիքիս ողբերգության հետ (երկրաշարժ՝ Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքներում):
Ո՞ւր ես դու, Աստվա՛ծ...
Այսօր դեկտեմբերի մեկն է, 1988 թվական:
Երկու տարի առաջ, այս նույն օրը Էդուարդ Միրզոյանի հետ Նյու Յորքում էի և պատրաստվում էինք թռչել Լոս Անջելես, Հայ-Ամերիկյան երաժշտական ընկերության հրավերով, ուր մնացինք 10 օր:
Երկու օր առաջ էր, որ մենք` Կարպիս Սուրենյանը, Սիմոն Գրքաշարյանը, Հրաչ Բարտիկյանը և ես, զորքերով, զրահամեքենաներով, տանկերով պաշարված Երևանից եկանք Մոսկվա` Աթենք և Կիպրոս մեկնելու համար:
Պետք է դասախոսություններ կարդանք, ես` Կոմիտասի դերը հայ երաժշտության մեջ, ժամանակակից հայ երաժշտության թեմաներով։ Պետք է նվագեմ նաև իմ ստեղծագործություններից:
Մոսկվա թռչելու նախօրեին չքնեցի ամբողջ գիշեր, այն անհանգստությունից, որ մեծ աղջկաս` Մարինեի տան լուսամուտի ուղիղ դիմաց կանգնած էին պարետային ժամը հսկող զրահապատ մեքենաներն ու զորքերը, որոնք ստուգում էին ուշացած անցորդներին ու մեքենաներին:
Մոսկվայում տեղավորվելուց հետո գնացինք դիրիժոր Իգոր Ժուկովի տուն, լսեցինք նրա նվագախմբի կատարմամբ իմ «Topophono» կոնցերտը: Ունկնդրումից հետո մեծ ոգևորությամբ զրուցեցինք շատ երկար:
Այսօր ազատ օր է և ես գրում եմ օրագիրս:
Հյուրանոցի մեր համարում զրուցում ենք Կարպիսի հետ: Զրույցի տոնայնությունը հուսահատ է, մելամաղձոտ: Սա անշուշտ գալիս է արդեն որերորդ ցեղասպանությունից` 1915 թվականին հիմա էլ ավելացավ Սումգայիթի եղեռնագործությունը, Շուշին, Խոջալուն, Կիրովաբադը, Մասիսը...
Սա քաղաքական խաղ չէ՞ արդյոք մեր գլխին, երբ պետք է պատժվի իսլամի արյունարբու քաղաքականությունը, պանթուրքիզմը գլուխ է բարձրացրել Սովետական Միությունում, ուր քարոզվում է եղբայրություն, ազգերի ինքնորոշման իրավունք:
... Երբ իջանք Աթենք, ես հողը համբուրեցի ... - դա ինքնաբուխ պոռթկում էր, վերապրումն էր միայն 41 տարի հետո տեսնելու ու ոտքս դնելու իմ ծննդավայր հողի վրա…
Ես շատ երջանիկ եմ, քանի որ հարյուր հազարավոր հայրենադարձների դեռ մինչև հիմա վիճակված չէ իր ծննդավայրը կրկին տեսնելու բախտավորությունը: Մայրս, հայրս, քույրս, որոնք հեռացել են կյանքից, ծանր վերապրեցին կարոտը, միշտ պատմելով ու վերապրելով այն, հատկապես մայրս, որը սովորել էր Հռոմի մայրապետական դպրոցում:
Գիշերները լամպի լույսի տակ, կիսամութի մեջ հայրս պատմում էր իր կյանքից դրվագներ` կապված Աթենքի հայ համայնքի հետ: Տարիներ անց քույրս իր ընտանիքով մեկնեց Լոս Անջելես, ծննդավայրի կարոտը սրտում, ուր և մահացավ` արցունքոտ նամակներ գրելով ու հիշելով մանկությունը...
Մեկ ամիս առաջ եղբայրս իր ընտանիքով նույնպես մեկնեց... սա ահավոր ախտ է, մնացել եմ ես մենակ ամբողջ մեր գերդաստանից և սա է երևի պատճառը, որ այսօր նախաճաշից հետո խոր ցավով, կարոտով ու կսկիծով, իմ անցյալի հիշողություններով, իմ հարազատներին վերհիշելով ինձ ծնող Աթենքի շենքերին, խանութներին, փողոցներին նայելով, մարդկանց ու նրանց խոսակցությունները լսելով, լաց էի լինում...
Երեկ երեկոյան, մեզ դիմավորեցին օդակայանում, ծաղիկներ նվիրեցին, որոնք գեղեցկացնում են Պրիամուս հյուրանոցի իմ սենյակը` 7-րդ հարկում:
Ցերեկը պրն. Զավեն Գրիգորյանը, ազնվագույն հայ մանկավարժ, մեզ տարավ քաղաք, տեսանք հարուստ շուկան, իրենց ապրանքը գովող հույներին` աշխատավոր, մաքուր ու արդար մարդկանց:
Այցելեցինք հայկական կաթողիկե եկեղեցին, ուր ես սովորել եմ ծիլ, բողբոջ, կոկոն, ծաղիկ և առաջին դասարաններում... Եվ ահա, հրաշք։ Ներս է մտնում Գերապայծառ Կոյունյանը, որը մի ժամանակ իմ ուսուցիչն է եղել` ճերմակ մազ ու մորուքով, փոքրացած... Համբուրեցի աջը, հետո ողջագուրվեցի իրեն` կարոտս առնելով...կարոտ... կարոտ... կարոտ...
Պետք է գնանք Գալփակյան դպրոց, հանդիպում է նշանակված հայ դպրոցականների հետ: Այս հանդիպումը շատ սրտառուչ էր։ Մեր գալու ժամանակ ընդմիջում էր, երեխաները վազվզում էին դպրոցի բակում: Ընդմիջման վերջը ազդարարող զանգի ախորժալուր ղողանջը իր մեջ կրկին խլրտացրեց տարիների հուշը, երբ մեր դպրոցի բակում այդպես վազում, թռչկոտում էինք...
Սրահի մեջ հավաքված երեխաների մեջ ինձ տեսա, հազիվ 7-8 տարեկան... մոտեցա, շոյեցի նրան: Սա նախակրթարանն է, հարցրեցի երեխաներին` գիտե՞ն արդյոք ուր է իրենց հայրենիքը` Հայաստանը... ոմանք գլուխները շարժեցին բացասաբար, մեկն էլ ասաց. - այն, որ Ռուսիայի մո՞տ է...
Երեխաները երգեցին, արտասանեցին: Այնուհետև ելույթ ունեցանք մենք: Բոլորիս ելույթի մեջ առկա էր շնորհակալության խոսքը Հունաստանի կառավարությանն ու հույն ազգին, Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի պահպանմանն ու գոյատևմանը սատարելու համար, որոնք հանգրվան էին գտել հունական հողում: Այսօր մենք հզոր ենք մեր հայրենիքով, սակայն դեռ շատ հայեր ապրում են հայրենիքից դուրս և նրանց պահպանումն ու գոյատևումը մեր բոլորի հոգսն է:
Նվագեցի «Քելե, քելե» և «Չինար ես» կոմիտասյան երգերը:
Սրահի պատերին փաքցված էին Պարոյր Սևակի և Ավետիք Իսահակյանի գծանկարները: Վերջում հույն դաստիարակչուհուն նվիրեցի Հայաստանի հանրապետության նկարազարդ ալբոմը:
Երեկոյան հրավիրված էինք ճաշկերույթի: Հավաքույթի ընթացքում փոխանակում ենք կարծիքներ, ես ասում եմ, որ պետք է քաջալերել միմյանց, որ մենք մեկ ազգ ենք և պետք է այս դժվարին օրերին իրար պահենք, չմտածելով բացի մայր հայրենիքից ոչ մի ուրիշ մանր անձնական հաշիվների մասին: Եթե փուշ է խրված մարմնի մեջ, պետք է հանել շուտափույթ, բայց երբ այն խրված է սրտի մեջ` այստեղ մտածելը կործանարար է:
Ահա եկանք ծովափ, նավահանգիստ է...
Մոտեցա ափին. կարոտով ջրերին ձեռք տվեցի: Ինչպե՜ս կուզեի փարվել այդ ջրերին, որոնք ինձ հիշեցնում էին մանկությանս օրերը, երբ հույն ընկերոջս` Ստելիոյի հետ, Աթենքի մեր Դուրղութի թաղամասից գնում էինք Ֆալերո ծովափը՝ մեր ինքնաշեն նավակները բաց թողնելու ջրերի մեջ, որոնց թելերը ձգելով տանում էինք դեպի հեռու ապագան...
Այս ջուրը կապույտ հեքիաթ էր իմ կյանքում:
Այսօր ահավոր է իր խորությամբ, անծայրածիրությամբ, հզորությամբ... Այն ժամանակ դեռ 8-9 տարեկան, մեզ քշում էին ափից բարի ձկնորսները... հիմա ես ծերանում եմ... ուժերս թույլ են... վախ է մեջս... Ավտոբուսում իմ ետևում նստած աղջիկը հիշեցնում էր ընկերոջս Ստելիոյի քրոջը՝ Աթինուլային, որին երևի թե մանկությանս տարիներին համակրում էի, որը 41 տարի անց կրկին հիշեցնում է երջանիկ, թեկուզ մի քիչ խեղճ մանկությունս...
Մեկ, երկու փողոց անցնելուց հետո, ինձ գտա Զապիոնում, որի պուրակում հաճախ էի լինում մորս հետ... Մի կողմում մարմարյա օլիմպիական ստադիոնն էր, մյուս կողմում` Ակրոպոլիսը: ... Այս ի՜նչ հեքիաթի մեջ ընկա... Աչքերիցս գլորվող դառը արտասուքի վերհուշերիս մեջ պաշտելի մայրս էր, անմեղ ու անհոգ մանկությունս, և այս պահը…ես` ինձ ծնած հողի վրա...
Երեկոյան, հանդիպման ժամանակ ելույթներ եղան ընդհանուր առմամբ Հայաստանի վերածննդյան 68-րդ ամյակի առթիվ և Ղարաբաղյան իրադարձությունների շուրջը:
Լսեցինք, որ Հայաստանում Լենինականի կողմերը 7 բալանոց երկրաշարժ է եղել: Աստված մի՛ արասցէ, որ այն հասնի Հոկտեմբերյանի կողմերը, ուր ատոմային էլեկտրակայանն է…
Դեկտեմբերի 8-ն է: Ազատ էինք ամբողջ օրը: Գնացի Ակրոպոլիսի կողմերը, երբ վերադարձա` ասացին որ Հայաստանում հազարավոր զոհեր կան ... Սա ինչ մղձավանջ է։ Սա արդեն Ղարաբաղից հետո մեծ փորձանք ու կոտորած է մեր ազգի գլխին: Կարծես չենք ուզում հավատալ, չենք պատկերացնում իրական պատկերը։
Հունական հեռուստատեսության լուրերում հայտնել էին, որ Գորբաչևը դադարեցրել է ճամբորդությունը Կուբա և Անգլիա, և ԱՄՆ-ից ետ է վերադառնում՝ Հայաստանում կատարվածի պատճառով: Պրեզիդենտ Պապանդրեուն ցավակցություն է հայտնել մեր կառավարությանը:
Երեկոյան ՝Ստեփան Յաղուբյանի տանը իմացանք, որ զոհերի թիվը անչափ մեծ է: Տագնապը մեծանում է բոլորիս մեջ: Խնդրում են մի բան նվագել, ասում եմ` այս պահին ընդհանրապես չխոսել այդ մասին:
Դեկտեմբերի 9
Երեկոյան գնում ենք Ֆալերո` ժողովի։ Օրակարգը մեկն էր՝ ինչպե՞ս օգնել Հայաստանի երկրաշարժից տուժածներին: Մի ակնթարթ մղձավանջի մեջ եմ ընկնում, կարծես թումանյանական ժամանակները լինեն... սովյալներին պահածոներով ապահովել, անօթևաններին` տաք շորեր... եկողը ձմեռ է, այն էլ Լենինականում, իսկ Սպիտակի, Կիրովականի ավերակների տակից դեռ կենդանի մնացած մարդկանց ձայներ է լսվում...
...Աստվա՜ծ, չե՞ս տեսնում այս բոլորը... եթե կաս, ո՞ւր ես...
Հայաստանում ամսի 10-ին եւ 11-ին սուգ է հայտարարված ... Զոհերի թիվը անընդհատ փոխվում է: Աշխարհի ամեն կողմից մարդիկ շտապում են օգնության: Հունաստանի Կարմիր խաչը 10 միլիոն դրախմա է տրամադրել: Բնակիչները զանգահարում են ընկերություններին, խնդրում են հայտնել, կարելի՞ է ուղարկել տաք ծածկոցներ, տարբեր դեղորայք...
Առաջինը արյուն է տվել Սալոնիկի քաղաքապետը, կոչ անելով մյուսներին:
Հունաստանի հեռուստատեսությունն ամբողջ ընթացքում, հատկապես լուրերի ժամանակ, ցույց է տալիս Հայաստանը, որպես բիբլիական ողբերգության կենտրոն: Բիբլիական ողբերգություն ՝ բիբլիական Հայաստանում։ Թերթերը լուսանկարներ և հաղորդագրություններ են տպագրում առաջին էջերին...
- Մի՞թե չես տեսնում, ո՜վ Աստուած...
...Ո՞վ կարող է մխիթարել այս ողբացող կնոջը...
...Այս ի՞նչ ցավ է այս խե՜ղճ ազգի գլխին...
...Այս մեծ ցավը, իր ահավորությամբ դեռ հետո պիտի զգացվի...
Հույները ողջ սրտով ողբում են հայերի մեծ ցավը , արտասվում են այս մասին խոսելիս: Բոլորն ուզում են օգնել հայերին... աշխարհում մարդկայնություն կա, բոլոր ազգերը չեն, որ ընդունակ են օրորոցում մանուկ խեղդել...
Այսօր դեկտեմբերի 11-ն է:
Պերիստերիի հայկական եկեղեցում հոգեհանգիստ է... մոմեր վառեցի... միշտ մոմ վառելիս, Աստծոց խնդրել եմ օգնություն` ընտանիքիս բարօրության, առողջության համար, նաև հեռու-մոտիկների համար: Այսօր մոմերը վառելուց բավական հետո միայն ինձ բռնեցի այն բանում, որ ընտանիքիս համար ոչինչ չեմ խնդրել, այլ օգնություն աղերսեցի ազգիս համար...
Դեկտեմբերի 13-ին գնացինք հրաժեշտի երեկոյին Արարատ միություն մեջ:
Խոր լռության մեջ, բոլորը հոտընկայս` մեկ րոպե լռությամբ հարգում են զոհվածների հիշատակը, այնուհետև ունենում ելույթներ: Չորսս էլ խոսեցինք, շնորհակալություն հայտնեցինք. իմ խոսքի մեջ այն էր շեշտված, որ ծննդավայրս տեսնելու ուրախությանս արցունքները խառնվեցին հայրենիքի ողբերգության հետ... Եվ մենք դեռ չենք զգում եղած ողբերգության մեծությունը, երբ գնանք տուն, նոր պիտի զգանք ու տեսնենք...
Մաղթում եմ բոլորին համբերություն, ուժեղ կամք և համախմբություն: Նվագում եմ «Նվիրում Կոմիտասին» սոնատը... մոտենում են մարդիկ արցունքոտ աչքերով, շոյում ձեռքերս՝ ասելով իրենց հոգու շնորհակալ խոսքը, որ երաժշտության կախարդիչ, ոչ սովորական հնչյունների միջից, իրենք էլ տեսան Կոմիտասին, Սևակին, կրկին անգամ վերապրեցին Մեծ Եղեռնի արհավիրքը...
Դեկտեմբերի 14:
Մեզ բերում են օդանավակայան, որտեղից գալիս ենք Լառնակա` Կիպրոս: Հեռուստատեսությամբ լսում ենք վերջին լուրերը, կրկին վերապրելով ավերակների տակից հանված մարդկանց ողբն ու ուրախությունը: Մի մարդ, ավերակների տակից հանելով, փրկել է 20 մարդու կյանք, սակայն վերջում ինքն է մնացել տակը...
Ժամը 12-ն է: Գնում ենք Կարմիր խաչի արյան շտեմարանը, ուր ծեր ու երիտասարդ գալիս են արյուն տալու: Սպասում ենք Կիպրոսի հանրապետության նախագահ Վասիլիոսին, որը նույն առաքելությամբ գալու է այստեղ: Փողոցները չեն փակված նրա գալու առիթով, ոչ մի արտակարգ երևույթ։
Մեզ մոտենում է հաստատության տնօրենը: Նա եղել է Կիպրոսի առողջապահության նախկին նախարարը: Մոտենում է նաև երեսփոխան Գալանճյանը: Այսօր պետք է երեք օդանավ, որպեսզի դեղերով ու ծանրոցներով 60-70 տոննա ապրանքը տեղափոխեն Հայաստան: Ռադիոն հայտարարել է արյան օգնության մասին: Շատ հուզիչ է սա...
BBC-ն հայտնել է, որ Սովետ Միությունը բոլոր երկրներից արյուն է վերցնում, բացի Թուրքիայից, ասել է. «Առայժմ պետք չէ»:
Ահա եկավ հանրապետության նախագահը, ձեռնվեց մեզ հետ:
Բոլորիս ներս հրավիրեցին: Նա պառկում է թախտին, նկարում են, շատ ժողովուրդ է հավաքվել այս արարողությանը: Գլխավերևում Հիսուսի նկարն է... Արյուն է տալիս...
Նա աչքն էլ չի թարթում... հանգիստ պառկած սպասում է... Արյունը վերցնում է Կիպրոսի առողջապահության նախարարը, ով 30-35 տարեկան` շատ բարեհամբույր մարդ է: Արարողության ավարտից հետո, ինքն էլ է պառկում նախագահի՝ Վասիլիոսի կողքին և արյուն հանձնում...
Իրենցից հետո շատերն են նույնը կրկնում: Ես անզոր եմ զսպել արցունքներս... հույն թղթակիցը հարցնում է, ի՞նչ է եղել, հետո իմանալով, որ Հայաստանից ենք, ցավով գլուխն է օրորում, կարեկցանքով սեղմում մեր ձեռքերը, հուզվում մեր հետ...
Հավաքվել են թերթերի, ռադիոյի, հեռուստատեսության ներկայացուցիչներ, նկարում են, հարցազրույց վերցնում: Ազդագիր է կախված վերևում, պատին.
«Արյուն տվեք, կյանքե՛ր փրկեք»:
Թղթակիցը մոտենում է նախագահ Վասիլիոսին և հարցնում.
- Ձեր արյունը պետք է խառնվի հայի արյան հետ, չէ՞ որ ձեր արյունը թագավորական տոհմից է սերում:
- Ինձ համար հային արյուն տալը մեծ պատիվ է...
Շնորհակալություն ենք հայտնում և նախագահ Վասիլիոսին, և առողջապահության նախարարին, բոլորին: Մենք դուրս ենք գալիս կանգնում մուտքի մոտ, կողք-կողքի: Դուրս է գալիս նախագահն` իր շքախմբով, ծափահարում ենք: Դրսում հայերի հոծ բազմություն է: Բոլորի աչքերում` անասելի ցավ ու կարոտ...
Եկանք Մելքոնյան վարժարան, այնտեղից` Հայաստանի օգնության կենտրոնը: Որքա՜ն ապրանք են բերում հույները պայուսակներով, փաթեթներով, որոնք լցնում են արկղների մեջ` բարձում մեքենաները: Ինչքա՜ն մելքոնյանցիներ են եկել, օգնում այս ընդհանուր գործին:
Տղաները, որոնք ընդունում են օգնությունը, ոչ մի գրանցում, թե ո՞վ բերեց, ինչքան բերեց, և ի՞նչ բերեց... Ահա աջ կողմում մոտ 10 տղա արկղները փաթեթավորում են, կպցնում երիզներով, նշումներ անում արկղների վրա: Մի կին, որը նույնպես տաք շորեր է բերել ասաց. «երեկ Լենինականում էլի 60 հոգի են հանել փլատակների տակից»: Չեմ կարողանում հավատալ եղածին: Երեկ Աթենքում իմացանք, մի հույն գործարանատեր 3000 տաք ծածկոց է ուղարկել, հիմա սպասում են այստեղ Նիկոսիայում մի ֆաբրիկատերի 5000 մանկական շորի ուղարկմանը:
Ժամը 16.00-ն է: Գտնվում ենք Կիպրոսի հանրապետության գերագույն խորհրդի նիստերի դահլիճում, շուտով կսկսվի նիստը, նվիրված Հայաստանին օգնելու հարցին:
Չորս կուսակցություն է այստեղ, երեսփոխանները աստիճանաբար գալիս են, իրենց հիմնական տեղերը գրավում: Ժամը 16.15 է, նախագահը ոտքի է կանգնում, նրա հետ բոլորը, և սկսվում է նիստը: 36 երեսփոխան է, որոնք ներկայացուցիչներն են երեք տարբեր ազգերի: 55 հազար մահ կա, 500 հազար անօթևան... եղբայրական հայ ժողովրդին օգնել է պետք դեղերով, հագուստով...
Խոսքը տրվում է երեսփոխան Արամ Գալաճյանին: Նա խոսում է 1915 թվի Մեծ Եղեռնից, հետո այսպիսի մեծ աղետի մասին, հայտնում նաև հավաքված օգնության մասին:
Նախագահողը հրավիրում է մեկ րոպէ լռությամբ հարգել բազմահազար զոհերի հիշատակը: Բոլորը ոտքի են կանգնում...
Այսօր դեկտեմբերի 16-ն է:
Եկանք Մելքոնյան վարժարան, կարդում ենք թերթերը՝ անգլերեն, հունարեն, մեջբերումներով «Պրավդա» թերթից: Հայերը մերժել են ազերիների օգնությունը, գրում է «Պրավդան»: Էլի ավերակների տակից մարդիկ են հանել, 30, 20, 60 ...
Կարդում ենք նաև, որ ազերիները մի կողմից օգնության առաջարկ, մյուս կողմից խնջույքներ են անում, ուրախանում մեր դժբախտությամբ: 20.000 վրաններ, որ ուղարկել են աղետյալներին` կորել են...
Դիմացս հունարեն թերթ է, կարդում եմ վերնագիրը.
«...Մարդկության ողբերգությունը իր ողջ «մեծությամբ»...
Այսօր դեկտեմբերի 18-ն է, կիրակի:
Նախաճաշից հետո եկել եմ ու պառկել: Եղածը ցնցել է բոլորիս: Ինձ շատ վատ եմ զգում... զանգահարում են: Ո՞վ է արդյոք... Նորից զանգ, նորից ու նորից... վեր եմ կենում, պրն Գալուստն է, եկել է հյուրանոց և հարցնում է.
- Կարելի՞ է վերև բարձրանալ։ Դեղ է բերել...
Պրն Գալուստը շատ բարի մարդ է, ինչքան էլ ասում եմ, որ նեղություն չքաշի, ասում է.- Մեր պարտքն է հայրենիքից եկած յուրաքանչուր եղբորը շրջապատենք հոգատարությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում:
Հաջորդ օրը տեղ չգնացի:
Այսօր դեկտեմբերի 20-ն է:
Առավոտյան արթնացա ժամը 6.00-ին: Այսօր ավարտվում է իմ կյանքի ևս մի ճամփորդություն, որին սպասել էի ամենաերկարը և որը եղավ ամենացնցիչը: Շտապում եմ, ուզում եմ հնարավորին չափ շուտ հասնել Հայաստան, իմ վիրավոր ու ողբացող Հայրենիքս...»:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ