Ժաննա Ղոչիկյան
Ժաննա Ղոչիկյան

 

Գրող:

Հրապարակախոս:

Հեռուստամեկնաբան:
 

«Գուցե դեռ կան չայրված կամուրջներ...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

 

Մինչ կառավարությունը բարդ ու հրատապ խնդիրներ է լուծում, Մամոնա աստծո նվիրյալներն ու նրանց նվիրյալները շարունակում են իրենց նպատակասլաց սև քարոզչությունը: Այն էլ՝ արտակարգ դրության պայմաններում և առավել արտակարգ  միջոցներով:

Բեմահարթակին մնացել են մի քանի մոհիկան, հին ու նորահայտ մի քանի հացկատակ, մի քանի գուժկան, նոր շունչ առած, վաղուց սպառված քաղաքական մի քանի գործիչ, պաշտոն չստացած, իրենց գե՜ր-գե՜ր խելացի, ամենագետ համարող մի քանի անձ, կուսակցությունից կուսակցություն մի քանի թռչկոտածներ: Սրանցից  յուրաքանչյուրի դերակատարումը, ասելիքն ու գրառումները արդեն անգիր գիտենք՝ եթե ե՜ս լինեի, բա որ ե՜ս լինեի:

Իսկ եթե ընդհանրացնենք, այսպես կհնչի՝ յուղի մեջ՝ մուկ,  ձվի մեջ՝ մազ և ամենուրեք միայն աղբ ու կեղտ:

Հեղինակազուրկ, զավեշտի հասնող ցինիկությամբ, անպարկեշտ արտահայտություններով ճառասաններն իրենց ցանկալին հանրությանը մատուցում են որպես իրականություն, բայց պիտի հիասթափեցնեմ նրանց՝ միամիտներն ու մոլորյալները մնացել են իրենց մերժված աշխարհում:

Անելանելիությունից, նաև, այո, վախի՛ց, աչքերը փակ ապրած ժողովրդի աչքերին անհնարին է թոզ փչել, կեղտաջուր շաղ տալ, անհնարին է նրան «ոչխար», «էշ», «զոմբի» անվանելով համոզել, թե ուղեղները դատարկ են ու փորձել կեղտաջրերով լվանալ:

Վախի զգացողությունը Հայաստանում թոթափված է, համակերպվածի խեղճությունը Հայաստանում հաղթահարված է, այսօր ժողովրդի համար առաջնահերթը միայն ու միայն օրինականության, արդարության, արդարադատության  հաստատումն է, որոնց առկայության պայմաններում է միայն հնարավոր լուծել սոցիալական խաթարված խնդիրները:

Իսկ արդարադատությունը բռնազավթված է մնում Սահմանադրական դատարանի պատերի ներսում, որտեղ արտոնյալ կարգավիճակին դաջված դատավորներն են, որոնք իրենց անարժանապատիվ պահվածքով ու գործելակերպով ասես երդվել են մի վերջին հարված էլ հասցնել ունեզրկված,  պարտքերի մեջ խրված երկրին,  արհամարհել նախկինների ամոթալի ժառանգությունից հրաժարված ժողովրդին:   

Նրանք ուրի՞շ Հայրենիքում պիտի ապրեն, ժողովրդից մեկուսացվա՞ծ պիտի ապրեն:

Միշտ մտածում եմ՝ նրանց ներքին ձայնը, որ խիղճ է կոչվում, չի՞ տանջում, ինքնասիրության, ինքնահարգանքի նշույլ չունե՞ն, իրենց հավե՞րժ են կարծում:

Իսկ գուցե ուրի՞շ հույսեր ունեն, ուրիշներից ուրի՞շ ակնկալիք ունեն:

Ուրեմն սրանք դեռ ապրում են իրենց համար երանելի նախկի՛ն աշխարհում:

Իսկ ա՛ն-արդարադատության մուրճը դամոկլյան սրի նման դեռևս ճոճվում է երկրի ու ժողովրդի գլխին, այդ  սուրն է երեք տասնամյակ ծառայել անօրեն իշխանություններին՝ թղթերի վրա ամրագրելով նրանց անփառունակ գոյությունը, այդ նույն սուրն է, որպես հանցակից, անտեսել մարտիմեկյան սպանդը և հիմա էլ  զորավիգ է ողնաշարը կոտրված, գլուխները կորցրած երբեմնի զորեղներին: Այդ  զորեղները դեռ նրանց աջակցությանն են ապավինում՝ վստահ, որ սրանք  անօրինականը օրինականացնելու գործում հմուտ վարպետներ են: Նրանք, ուրեմն, դեռ անելիք ունեն:

Հե՛նց այդ սուրն է, որ հե՛նց ժողովրդի միասնական պահանջով ու ջանքերով պետք է վնասազերծվի: Իհարկե, այդ ամենակարող սուրը փշրելու ա՛յլ ճանապարհներ էլ գուցե կային, բայց ընտրվել է ամենաարդա՛ր ճանապարհը՝ Հանրաքվեն: Դատավորն այս պարագայում հանրությա՛ն քվեն է, իսկ հանրության կամքն ու վճռականությունը ամրապանդվել է թավշյա, առա՜նց սրերի, մերկ ձեռքերով հեղափոխությամբ: Հանրությունը սրեր չի հանդուրժում:

Հանրաքվեի երկկողմ՝ ժողովուրդ և հակաժողովուրդ քարոզչությունը ընթացքի մեջ էր, ու մեկ էլ՝ շըրը՜խկ, մարդկությանը պատերազմ հայտարարած կորոնավիրուսը մեր դուռն էլ թակեց:

Բա չասե՞ս՝ հայի՛ բախտ:

Բայց ո՜չ, քիչումիչ հայերի բախտը, իրոք, բերեց, որովհետև կորոնավիրուսի հայտնությունը հակա-հակա խմբավորումների, որոշ չմարդների, հանրությանը բացահայտ ու քողարկված պատերազմ հայտարարածների համար երկնքից  թափվող մանանա էր, Աստծո, կներեք, սատանայի պարգև: Այս ի՜նչ երանության մեջ են ժողովրդից անջատված, իրենց ժողովրդից վեր դասողների խմբակները, այս  ի՜նչ ժողովրդասեր ու մարդասեր դարձան, այս ինչպե՜ս են քարկոծում Կառավարությանը՝ հանուն ժողովրդի և՛ արածների, և՛ չարածների համար: Փրկչի պատմուճանը, սակայն, նրանց հագով չէ:

Բայց, որ այդքան հորդորում էին, թե՝ ժողովու՜րդ, էդ Հանրաքվեն բոկոտեք, ո՝չ ասեք, գուցե մի բան նախազգո՞ւմ էին: Հանրաքվեն, սակայն, չբոյկոտվեց, Հանրաքվեն հետաձգվեց: Հիմա էլ թե՝ չեղարկե՜ք, հա չեղարկե՛ք:

Հռետորական մի հարց ունեմ՝ ժողովրդի կամքն ու կյանքը չեղարկե՞լ կլինի: Մանավանդ, չեղարկում պահանջողներն իրենք վաղուց արդեն չեղարկված են:

Հ.Գ.

Բեվեռացված Հայաստանում ԶԼՄ-ները չեն կարող երկու տիրոջ ծառա կամ սպասարկող լինել, նրանք ինքնանպատակ չեն, ինքնուրույն գոյատևել ու գործել չեն կարող, ուրե՞մն… Այո, նրանք պետք է ունենան հովանավոր-պավիրատու-դրամատու: Իսկ պետությունը, ի դեմս կառավարության, ԱԺ-ի, պատվեր չի տալիս, չի վճարում, իրավունք չունի նրանց գործունեությանը միջամտելու, պահանջելու, հրահանգներ տալու և, ուրեմն, ԶԼՄ-ներն ազատ են: Կարող են գրել ամե՜ն ինչ՝ ինչպես կամենան, կարող են վարկաբեկել, պախարակել՝ ու՛մ և ինպես կամենան:

ԶԼՄ-ները չեղարկման ենթակա չեն: Նրանց համար շահեկան է Հայաստանում՝ Հայաստանի դեմ հայտարարված պատերազմը, անգամ կորոնավիրուսի դեմ ընթացող ազգային պատերազմը: Այս անզեն պատերազմների թեման զարգացնում-շրջանառում են համախումբ ու համերաշխ՝ լրագրության դաշտը վերածելով  իշխանատյաց բամբասանքի բյուրոյի: Ոչ ժողովուրդ, ոչ երկիր, ոչ Հայրենիք: Դեռ մի բան էլ անխնա ջանքեր են գործադրում մինչհեղափոխական Հայաստանը դրախտ,  իսկ կառավարիչներին էլ երկնքից իջած սրբեր ներկայացնելու:

Մենք բոլորս ապրել ենք այդ դրախտում, վայելել ենք այդ կառավարիչների սրբագործությունները: Մենք ուզում ենք ապրել սովորական երկրում, մեր Մա՛յր Հայրենիքում՝ հանգիստ խիղճ ու հոգով, մեր ապահով ու օրինապաշտ Հայրենիքում, ուզում ենք ապրել արժանապատիվ ու մարդավայել՝ զերծ քաղաքական անմաքուր խաղերից, խաբվածության վիրավորանքից, նվաստացած ապրելու ցավից:

Այո, պարզապես ուզում ենք ապրել, արարել, շենացնել մեր հոշոտված Հարենիքը:

Ընդամենը:

Եվ տա Աստված, որ այս նո՛ր՝ փոփոխությունների ուղին դառնա միակ ճշմարիտ, միակ լուսավոր համազգային ուղին: Մեր ազգը անելիք դեռ շատ ունի: Մենք կորուսյալ Հայրենիքներ ունենք: Միավորվելու, հզորանալու փոխարեն չջնջենք, չոչնչացնենք միմյանց՝ հանուն մամոնայի և մի քանի տասնյակ Մամոնայի ծառաների՝ ի շահ և ի նպաստ:

Փողի գայթակղությունն  էլ անցողիկ է, մնայունը ամոթն է, արժանապատվությունը, սեփական խղճի հետ կռիվ տալը:

Գուցե դեռ կան չայրված կամուրջներ, դարձի եկող մոլորյալներ:

Հ. Գ 1.

Քարոզ չեմ կարդում, դասեր չեմ տալիս, չեմ հորդորում: Իրականության և իրողությունների վերաբերյալ իմ մտորումներն եմ ներկայացնում: Կարդացեք, խորհեք, ձեր սեփական հետևություններն արեք:

Առայժմ՝ այսքանը:

Եվ՝ ամենավերջում: Կորոնավիրուսի դեմ պայքարը վերադարձրեց մեր ժողովրդի բարությունը, վերահաստատեց ժողովրդի վստահությունը կառավարության հանդեպ: Թշնամին, ճիշտ է, անտեսանելի է, բայց մե՛կն է: Իրականում թվում է, թե մեկն է, հաղթահարելու ենթակա երևացող ու անտեսանելի էլի՛ վիրուսներ կան՝ բառիս ուղակի և անուղակի իմաստով:

Մենք բոլորս ո՛չ միայն ինքնամեկուսանալու, այլև ինքնամաքրվելու անհրաժեշտություն ունենք:

Իր ընտանեկան  համեստ մեկուսարանից սիրով՝ 

 

Ժաննա Ղոչիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ