«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«ԳՅՈՒՄՐԻԻ զգայուն նյարդերը…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ես այս նյութը կարող էի վերնագրել Գյումրին, Ալեքսը, Վահագնը, Սարգիսը, Արմենուհին, Gyumri Art Week-ը… ու այսպես շարունակ թվարկելով անուններ: Բայց փորձեմ զգացողություններս խտացնել «Գյումրիի զգայուն նյարդերը» վերնագրում: Ես մտադիր չէի գրել Գյումրիի մասին: Առաջին անգամը չէ, որ վայելում էի սքանչելի այդ քաղաքի մարդկանց, միջավայրը: Հարյուր-հազարավոր ժամեր եմ անցկացրել Գյումրիում տասնյակ տարիներ շարունակ: Ի վերջո, Գյումրին՝ մեր մշակույթը սնող իր երակներով մեր արյան մեջ է՝ անկախ գյումրեցի լինել-չլինելու հանգամանքից, իսկ արյան բաղադրության մասին գրելը դժվար է: Ի վերջո, Գյումրիի մասին անհնար է գրել մի քանի էջ: Դա երևի կարող են անել օտարները:
Բայց, այնուհանդերձ, որոշ նոթեր որոշեցի անել: Թող, որ դիտվեն որպես էսքիզներ ուղեգրության ժանրի կանոններով: Մարդիկ ու միջավայրերը, որոնց հետ ու որոնցում անցկացրի երկու ոչ գործնական օր, ոգևորիչ էին: Անչափ ոգևորիչ:
«Ամեն Աստծո օր կաշեմ էս Գյումրիին ու կզարմանամ՝ տո էսքա՞ն էլ սիրուն քաղաք: Կըսեն, օր մեր Գյումրին իրեք հազար տարվա պատմություն ունի: Ես չեմ ըսե, գիտնականները կըսեն: Չըսեք, թե էլի լոպըզցավ…»:
Ամեն անգամ, երբ առիթ եմ ունենում Գյումրիի հետ առերեսվելու, աչքիս առաջ գյումրեցի կինոռեժիսոր, իմ ընկեր Լևոն Մկրտչյանի Գյումրի «Գյումրի» սքանչելի ֆիլմի հերոսի՝ գյումրեցի կառապան Գրիգոր հոպարի, այս անթարգմանելի խոսքերն են, որ գալիս, ագուցվում են առկա պատկերներին:
Հերթական անգամ գնում եմ Գյումրի, բայց այս անգամ գնում եմ Հարավկովկասյան երկաթուղու արագընթաց գնացքով: Հարավկովկասյան բառը մի տեսակ տանում է դեպի Ռուսական կայսրության ժամանակներ՝ թեպետ՝ գուցե այսօր էլ Ռուսական կայսրության ժամանակներ են՝ մի ուրիշ ժամանակային հոլովույթում:
Արագընթացն, անշուշտ, մի քիչ չափազնցություն է ռուսական երկաթուղու գնացքի համար: Ես արագընթաց գնացքներով չափչփել եմ եվրոպական տարածությունները, բայց քանի որ մենք այլ ժամանակային չափույթում ենք ապրում, հայաստանյան այսօրվա իրականության համար, գուցե, շատ լավ էլ արագընթաց է, չգիտեմ:
Մենք, ցավոք, սովորել ենք ամեն ինչ տեսնել սովետառուսական իրողությունների նեղլիկ անցքից:
«Էլի լավ ա»՝ ինձ համար անընդունելի հայկական սկզբունքով, գնացքում գոնե զով է, կարելի է ասել նույնիսկ՝ ցուրտ, կարելի է ասել՝ նույնիսկ ռուսական ցուրտ: Կարող ես ջուր գնել, ուղեկցորդուհին երբեմն զբոսաշրջային կտրվածքի հայտարարություններ է անում, ցավոք, հայերենից բացի միայն ռուսերենով, ու գնացքում գտնվող ոչ ռուսախոս օտարազգիները ստիպված են հարցնել, թե ինչ էր հաղորդվում բարձրախոսից:
«Էլի լավ ա» սկզբունքով առաջնորդվելիս, գուցե, պետք է նույնիսկ գոհանամ, որովհետև կարող էին միայն ռուսերեն ասել:
Ես իմ հարևան ֆրանսիացուն թարգմանում եմ ուղեկցորդուհու հայերեն-ռուսերն տեքստը՝ որ մենք հիմա անցնում ենք Ախուրյանի ջրամբարի մոտով, որ այն հայ-թուրքական սահմանին է, որ այն կառուցվել է Խորհրդային միության ու Թուրքիայի կառավարությունների համաձայնությամբ՝ ավելացնելով, որ Հայաստանն այն ժամանակ Խորհրդային երկրի մաս էր կազմում ու այստեսակ հարցերում գրեթե ոչինչ չէր որոշում, կամ որ մենք անցնում ենք Անիի ավերակների մոտով, որ Անին հայկական քաղաք է, մայրաքաղաք, բայց փշալարերի այն կողմում և այլն:
Ֆրանսիացին հարցնում է իմ ով լինելը, ու երբ իմանում է, որ ժուռնալիստ եմ, ոգևորվում է ու հարցնում, թե ի՞նչ կարծիքի եմ այսօրվա իրավիճակի մասին, Արցախի խնդրի մասին, արդյո՞ք այսօր մենք որևէ բան որոշում ենք որպես անկախ պետություն:
Ես չեմ ուզում ֆրանսիացիուն խաբել՝ հատկապես այսօրվա անկախ պետության մասով, ու մեր անկեղծ խոսակցությունը մինչև Գյումրի շարունակվում է քաղաքականության շուրջ, թեպետ, ինչ մեղքս թաքցնեմ, Գյումրի էի գնում մասնակցելու Gyumri Art Week ժամանակակից արվեստի տոնին ու գոնե երկու օր հեռու լինելու հատկապես քաղաքական հոսքերի ստորացնող, նվաստացնող իրականությունից:
Պրծում չկա:
Ի դեպ, ֆրանսիացին էլ Գյումրի էր գնում թատերական ներկայացում դիտելու:
Արագընթաց գնացքում պարծենալիք երիտասարդություն կա՝ ներքին ազատությամբ ու ինքնավստահ, շատ օտարերկրացիներ ու շատ լավ ժողովուրդ, որ Գյումրի է գնում շաբաթ-կիրակնօրյա հանգստի:
Ես շատ վաղուց չէի եղել Գյումրիի կայարանում ու կառամատույցին ոտք դնելուն պես փնտրում էի Կոստան Զարյանի տեսած կայարանը. «Ահավասիկ Գյումրին: Կայարանը լցված էր աղմկալից ամբոխով: Զինվորներ, ոստիկաններ, տղաներ և աղջիկներ, գյուղացիներ, քաղաքից եկած մարդիկ և կանայք: Վեր վար էին գնում, ինչպես մի զբոսավայրում: Բուֆետից, ուր Հերյանը նստել էր, ճարպի, կաշվի և խոհանոցի կծու հոտ էր գալիս: Բոլոր սեղանները գրավված էին: Այդ բազմությունը ուտում էր ահավոր ախորժակով: Գինին և կոնյակը խմում էին թեյի բաժակներով: Անդադար խորովածի շշեր էին բերում: Ծամում էին, ծիծաղում, գոռում: Ինչ կայտառ թշվառություն,- մտածեց Հերյանը»:
Այս կայարանը չկար: Ցավո՞ք, թե՝ բարեբախտաբար, արդեն չգիտեմ: Կայարանում մի տեսակ լռություն է, սառնություն, դատարկություն, որ գնացքի ժամանման պահին մի քանի րոպեով լցվում է աշխույժով ու անեանում:
Կայարանից անմիջապես գնում եմ «Բեռլին Արթ Հոթել»: Տաքսու վարորդը հասցնում է երեք հրաշալի անեկդոտ պատմել, իսկ հյուրանոցի մոտ արգելակելիս ասում է՝ «ըհը, գնացեք հանգստացեք, զո՜վ, սիրուն: Ըսիգ ձեր էրեվանը չէ…»:
Անհնար է չհամաձայնվել:
Ես բազմաթիվ անգամներ էի եղել «Բեռլին Արթ Հոթել» - ում, բազմաթիվ իրադարձությունների ներկա եղել, բայց երբեք չէի եղել տրամադրությամբ ու տրամադրվածությամբ՝ երկու օր հեռու մնալ երևանյան կյանքից, նորից ու նորից թափառել Գյումրիում, լինել Gyumri Art Week-ի արվեստային ակտերում, սուրճ խմել «Բեռլին»-ի դրախտային այգում ու վայելել ժամանակը:
Այս անգամ հաջողվեց: Նույնիսկ՝ բոնուսներով: Ինձ տրամադրվեց իմ ընկերոջ՝ Զավեն Խաչիկյանի «անվան» սենյակը: Գուցե կարելի է ասել «անվան», որովհետև սենյակում Զավենի անկրկնելի, անփոխարինելի լուսանկարներն են՝ ինձ շատ հարազատ ու մոտ սքանչելի լուսանկարներ: Արվեստի կատարելություն:
«Բեռլինն», իսկապես, փոքրիկ դրախտ է:
Մինչև ուշ գիշեր Ալեքս Տեր-Մինասյանի հետ խոսում ենք Գյումրիից: Զով, սուրճ, Գյումրիում նոր հասած ծիրան, շուրջ բոլորդ արվեստ: Ալեքսը Գյումրիի հանրագիտարան լինի, կարծես: Պատմում է սիրով, ոգևորվածությամբ, մի արվեստագետից անցնելով մյուսին, մի պատմությունից անցնելով մյուսին, Գյումրիի արվեստային մի վայրից, մի միջավայրից անցնելով մյուսին: Նա ճանաչում է Գյումրիի բոլոր արվեստագետներին՝ ծերերին, միջին տարիքի ստեղծագործողներին, երիտասարդներին: Բոլոր նրանց, ովքեր արվեստ են ստեղծում:
Բոլորի մասին պատմում է, բոլորի մասին խոսում սիրով, բոլորին ներկայացնում, ցանկություն հայտնում, որ նրանց հանդիպենք, ճանաչենք, շփվենք, ճանաչելի դարձնենք ու սա իր համար կարծես առաքելություն լինի: Ոչ մեկի մասին ոչ մի վատ խոսք: Բոլորի մասին միայն դրականը՝ անշուշտ՝ նրանց արվեստի արվեստագիտական խորը վերլուծություններով: Թանգարաններից է խոսում, հորդորում, որ այս կամ այն թանգարանն այցելենք: Տիկինիկային թատրոնից է խոսում, խնդրում, որ հանդիպենք թատրոնի երիտասարդ տիրուհուն:
Ալեքս Տեր-Մինասյանը խոսում է Կրաշենի դպրոցի մասին: Կրաշենից պատմում է մի առանձնակի ոգևորվածությամբ, մի առանձնակի լույս աչքերում: Պատմում է՝ կարծես մի սրբազան գաղտնիքի մասին, որը դեռ պետք է գաղտնազերծվի: Պատմում է Կրաշենի տաղանդավոր երեխաներից, դպրոցը, ասել է թե գյուղը փրկելու անհրաժեշտությունից ու ջանքերից, այս տարի առաջին դասարան գնացած մեկ աշակերտից: Հետո անցնում է Գուսանագյուղին: Պատմում է Գուսանագյուղի դպրոցից, Գուսանագյուղում լույսի բեկման առեղծվածայնությունից: Հետո անցնում է Գյումրիի այն վայրերին, ուր արվեստ կա. Չաքմաքչյանի քանդակը տեսա՞ք, կայարանի որմնանկարը տեսա՞ք: Գնացեք տեսեք: Կուզե՞ք երեկոյան հանդիպեք Թոփչյան Վահանին, կուզե՞ք գնանք Հովհաննիսյան Հակոբի մոտ ու այսպես շարունակ:
Ուշ գիշերին Ալեքսը թողնում է հյուրանոցը: Նոր օրն արդեն սկսվել էր: Սկզբից ասաց՝ բարի գիշեր, մինչ վաղը: Հետո զրույցը երկարեց, որովհետև կտրվել նրա հետ զրույցից չի լինում: Հետո ասաց՝ դե լավ, մի քանի ժամից կհանդիպենք:
Ալեքս Տեր-Մինասյանի ներկայությունը հյուրանոցում գրեթե չի զգացվում: Նա աննկատ ղեկավարներից է, նա անտեսանելի մարդն է, որովհետև կարող է իր ձեռքով ծիրան քաղել իր ստեղծած այգուց, կարող է բաժակը վերցնել ու գնալ գարեջրի հետևից, կարող է մեկ առ մեկ ցույց տալ գրադարակի վրայի գրքերը, խոսել դրանց հեղինակներից, բովանդակությունից, կարող է անձամբ տեղափոխել ցանցերը, որոնց մեջ իր այգու ծիրանը վերածվում է ծիրանաչրի, կարող է հպարտորեն ցույց տալ երեխաների արած նկարներ, գյումրեցի նկարիչների գործեր ու գոհությամբ խոսել, վերլուծել գործերը:
Արվեստային այն միջավայրը, որ «Բեռլին» - ում է, թույլ չի տալիս այլ բանի մասին մտածել:
Առաջին անգամ ես «Արթ հոթել» տեսել էի Ֆրանսիայի ու Իսպանիայի միջև, բառիս բուն իմաստով, ծվարած Անդորրա պետությունում, որի տարածքն ընդամենը 465 քառակուսի կիլոմետր է: Ինձ հատկացված սենյակը անվանված էր «Պիկասո ռում»: Ես բացեցի սենյակի դուռը՝ պարզ սենյակ էր՝ պատերին Պիկասոյի գործերի հաջող պատճեններ: Մտածեցի կլինե՞ն արդյոք Հայաստանում «Արթ հոթել» - ներ, ուր կլինեն Քոչարի, Միանսի, Սարյանի, մյուսների «ռում»-ները:
«Բեռլին»-ում կարելի է նաև այդ առումով երջանիկ զգալ:
Ալեքսի հորդորով առավոտյան մտնում եմ «Սերգեյ Մերկուրովի տուն թանգարան»: Էլի էի եղել, մի քանի անգամ, նույնիսկ, բայց մեր գիշերային զրույցից հետո թանգարանն ընկալելու տեսանկյունները փոխվել էին: Կյանքի ու մահվան ամենաիրական պատկերը ամենատեսանելիորեն երևում է մերկուրովների շքեղ տանը, տաղանդավոր գյումրեցու՝ Սերգեյ Մերկուրովի մահվան դիմակներում։
Որքա՜ն թափանցիկ է կյանքը, ու որքա՜ն թափանցիկ է մահը մերկուրովյան տաղանդով արված մահվան այդ դիմային ակտերում։ Մտածեցի՝ երևի վատ չէր լինի իշխանական արտագնա նիստ անել մերկուրովների տանը՝ անպայմանորեն խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերով՝ որքան էլ չուզելով՝ այդուհանդերձ մահկանացու լինելու անառարկելի փաստը իրենց համար այլևս մեկընդմիշտ արձանագրելու հույսով։
Հատկապես նայելու համար համաշխարհային պրոլետարիատի այլևս անզոր ճիվաղների՝ Լենինի, Օրջոնիկիձեի, Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկու սառած դեմքերին, ու նրանց հավիտենորեն փակ աչքերում լույսի թափանցիկությամբ տեսնելու ամենազոր թվացող կյանքի վերջին պատկերը՝ ողորմելի ունայնություն։
Գուցե այդժամ ավելի մարդ զգան երկրի իրական պատկերի առաջ, որ երևում է անգամ հարավկովկասյան գնացքի պատուհանից։
Այո, այստեղ ամենախորքայնորեն է ընկալվում՝ մեռածների մասին կամ լավ կամ ոչինչ, ճշմարտությունից բացի անվրեպ բանաձևումը։
Մահվան աչքերում չկա ոչինչ, ճշմարտությունից բացի…
Ձիթողցյանների թանգարանում, որում, կրկին, բազում անգամներ եմ եղել, ավելի շատ խորհում եմ «գեն» կոչվող առեղծվածականության մասին, որովհետև օրեր առաջ Տիգրան Ձիթողցյան համաշխարհային ճանաչման հասած արվեստագետի ձորաղբյուրյան առանձնատանն էի, Ձիթողցյան ստուդիայում, նրա անկրկնելի արվեստի հետ, ու հենց միայն փաստը, որ Տիգրանը շարունակում է շառավիղների գործը՝ հիմնել մնայուն մի ժառանգություն շառավիղների երկրում, փառավորում է մարդուն:
Կարող էր մնալ նյույորքներում, հեռվից պաշտել Հայաստանը, նույնիսկ Հայաստանը սիրելու խորհուրդներ տալ մեզ նյույորքներից, բայց Ձիթողցյանների տուն է կառուցում Ձորաղբյուրում։
Եթե ժուռնալիստ չլինեի, հաստատ գենետիկայով պետք է զբաղվեի:
Գյումրիում շատ մարդ կա, աննկարագրելի շատ մարդ: Շատ երևանցիների կարելի է հանդիպել հենց Գյումրիում: Ես, օրինակ, հանդիպում եմ հրաշալի դերասան ընկերներիս (կամ՝ դերասան հրաշալի ընկերներիս)` Նարինե Գրիգորյանին ու Սերգեյ Թովմասյանին: Գյումրու թատրոնում գործ են անում: Հանդիպում եմ արվեստաբաններ Օսյա Քարամյանին, Էսթեր Աբրահամյանին ու այլոց: Ու եթե Երևանում հանդիպելու, սուրճ խմելու, եկեղեցի գնալու ժամանակ չկա՝ Գյումրիում կա, թեպետ Գյումրիում կա նաև սրճարանում ազատ տեղ գտնելու խնդիր:
Գյումրիում շատ օտարերկրացիներ կան: Գյումրիում տարբեր լեզուներով խոսակցություններ են լսվում, թանգարաններում մարդիկ խմբերով են, ընտանիքներով:
Քաղաքն ապրում է իր յուրօրինակ կյանքով:
Գյումրիում Գյումրվա ավանդական հումորը բոլոր ժամանակակից դրսևորումներով դուրս է եկել փողոց ու գրավում է. «Գյումրին պուճախ չէ, Գյումրին օջախ է»՝ գրված է փողոցում, «ծո, դեմդ նայե, ծո կամաց քշե»՝ գրված է չորս ակնանի հեծանիվների վրա, որոնք կարծես Գյումրու նոր ֆայտոնները լինեն, «ղայդին քշել սորվի»՝ ազդարարում է վարորդական դասընթացների հայտարարությունը ու այսպես շարունակ՝ ամենաաներևակայելի սլացքներով:
Գյումրին զարգանում է, բայց, ցավոք, Գյումրին կարծես զարգանում է երևանյան հետագծով՝ անծրագիր, ինքնահոսի, խառնիխուռն, անգաղափար՝ վերջին հաշվով։ Մինչդեռ Գյումրին շա՜տ մտածված զարգանալու, շա՜տ մանրակրկիտ ու խնամքով մտածված զարգանալու թե հնարավորություն ունի, թե ռեսուրս: Այլապես՝ որոշ ժամանակ անց կանգնելու ենք երևանյան իրականության փաստի առաջ:
Սրա լավագույն վկայությունը Վարդանանց հրապարակն է՝ աղճատված, անհասկանալի, անճաշակ, անտաղանդ արձաններով, քաղաքապետարանի անտաղանդ շենքով, ինչ-որ բանկի ապակե անճոռնի մասնաշենքով, թեկուզ և Յոթ Վերքի սքանչելի պատկերի, մի ողջ հիշողություն ամբարած շատրվանախմբի, հրապարակ իջնող ճեմափողոցների սիրուն միասնությամբ:
Գյումրու պատմական թատրոնի շենքի մոտ, դեռևս 1805-ին կառուցված աղբյուրի անմիջապես կողքին, որի վրա փորագրված է՝ Գյումրի, Ալեքսանդրապոլ 1805, դրված է սուրճի մեծ սարքը, ու չկա մեկը, որ սեփականատիրոջն ասի՝ եղբայր, արի, մի տասը մետր հեռու դնենք այս սարքը:
Պատմական շենքն այսօր «Թումոյի» տրամադրության տակ է, իտալական դիզայներական մտքի կարմիրով լրացված, թեպետ, եթե անկեղծ լինեմ, ոչ թե իտալական դիզայներական միտքն է գրավչություն տալիս շենքին, այլ հենց բուն շենքն է փառահեղ գրավչություն ավելացրել իտալական դիզայներական մտքին։ Եթե նայեք շենքին, դիմացի սալաքարերին, ձեզ կթվա, թե իտալական փոքրիկ քաղաքներում եք, խաղաղ, փոքրիկ իտալական դրախտներում:
«Թումոյի» առկայությունը, այգին, միջավայրը հույս են տալիս, որ Գյումրիի այս անկյունը կմնա սերունդներին: Մանավանդ, որ Գյումրիի՝ արդեն պատմական դարձած այգին, որը ժամանակին նույնպես սարսափելիորեն աղճատվել էր Վարդանանքի սիրահար փոքրիկ վարդանանքների փողային ախորժակից, հնարավորություն ունի վերադառնալու իր սկզբին:
Դրամատիկական թատրոնի դիմաց, որի հրապարակը որոշակի ճարտարապետական ամբողջություն ունի՝ Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի՝ թող որ ոչ բոլորի կողմից ընդունելի արձաններով, մանկական փչովի խաղահրապարակն է, մինչդեռ մի քանի քայլ այն կողմ մանկական խաղերով այգին է, ու էլի ոչ մեկը չկա, որ սեփականատիրոջն ասի՝ եղբայր, արի այս խաղը տեղափոխենք թատրոնի դիմացից:
Հայտնի Կիրովի (նախկինում) ճեմափողոցում՝ շատերի համար Գյումրու սքանչելի Բուլվարում, մի կողմից «Ճռճռան գրախանութն» է՝ ուղղակի գտնված, սիրուն, փայփայելի անունով, մյուս կողմից՝ ինչ-որ անգլիաբառ ու անգլիատառ անհասկանալի անվանումներով գովազդային խառներամ վահանակներ, շենքերի ճակատների՝ սեփական ճաշակային դրսևորումներով ավերածություններ, նույն դարբնագործ ճաղաշարի տարբեր գույներով ներկված հատվածներ և այլն:
Նույն իրավիճակն է նաև մեկ այլ ճեմափողոցում՝ Աբովյանում: Ասլամազյան քույրերի թանգարանի անկրկնելի շենքը՝ մետաղահյուսք դարպասով, դիմացը՝ պիոներական ճամբարները հիշեցնող գույնզգույն բետոնե ծաղկամաններ՝ քաղաքային մշակույթից անսահմանորեն հեռու, մինչդեռ Գյումրին՝ Շուշիի հետ, քաղաքային մշակույթը լավագույնս արտացոլող քաղաքն է: Ամենուր մի կողմից հրաշալի, աննման, ստեղծարար անկյուններ՝ Գյումրիի շունչը ներսում, մյուս կողմից՝ օտար տառեր, օտար անուններ, օտար անվանումներ ու բետոնե գույնզգույն հատակ, երբ Արթիկի տուֆը մի քանի կիլոմետրի վրա է ու տուֆի մեջ կյանք կա: Այն կյանքը, որ Գյումրիի պատմությունը կարող է բերել փողոց՝ ի տես ամենքի:
Գյումրին բազմաշերտ քաղաք է: Հին քաղաքը՝ մշակութային ու պատմական ժառանգություն շենքերով, որոնք երկյուղած սիրո կարիք ունեն։ Սերը, կարծես, կա, բայց չկա երկյուղածությունը, ու սերը կարող է մի օր մնալ փողի ստվերում:
Սովետական առաջին շրջանի Գյումրին՝ շենքերով, որոնք նույն այդ երկյուղած սիրո պարագայում կարող են այլ տեսք ունենալ: Սովետական երկրորդ շրջանի Գյումրին՝ Սայաթ-Նովա փողոցով, օրինակ, ուր շատ յուրահատուկ վեհություն կա, արժանապատվություն, ու կարծես կանգուն է այն Գյումրին, որ 88-ից առաջվա հիշողությունն է անթեղում:
Եվ մի այլ բազմաշերտ Գյումրի էլ՝ տարբեր երկրների մշակույթի ու հիշողության համադրմամբ:
Գյումրիի թանգարաններում արգելում են լուսանկարվել: Ինչո՞ւ, Գյումրի ջան: Ինչո՞ւ, սիրելի քաղաք: Մի տեղ անգամ լուսանկարվելու համար լրացուցիչ տոմս առաջարկեցին: Ինչո՞ւ: Այդ լոնդոններն ու փաիզներն են «հոգնել» իրենց զբոսաշրջիկներից, այդ նրանց թանգարաներում են համաշխարհային արվեստի գանձերը, բայց նրանք թույլ են տալիս: Ինչո՞ւ այցելուն չի կարող լուսանկարվել, ասենք, Մհեր Մկրտչյանի՝ սիրելի արտիստի թանգարանում, ասենք Մհերի տակառիկի հետ: Ինչո՞ւ:
Ինչո՞ւ ենք այս համատարած լուսանկարվելու դարում մարդուն զրկում իր կյանքի մասնիկ դարձած սովորույթ-հաճույքից, էլ չեմ ասում, թե ինչո՞ւ ենք արհեստականորեն արգելափակում Գյումրու գովազդը, Գյումրին աշխարհով մեկ անվճար հանրայնացնելու, տարածելու հնարավորությունը՝ փոխանակ շնորհակալություն հայտնելու մարդկանց, որ իրենց գյումրիական լուսանկարները սփռում են սոցիալական ցանցերով:
Գյումրիի սիրելի պաշտոնյաներ. ինչո՞ւ չեք արգելում մուղամային «երգարվեստի» կարկառուն դեմքերի «ներկայությունը» Գյումրու ռեստորաններում: Երկու օր շարունակ, որտեղ մտանք ճաշելու, ընթրելու, նախաճաշելու՝ մի աղջիկ «երգչուհի» մուղամային մի ողբ էր կապել, այն դեպքում, երբ Գյումրին «Բամբիռ» տված քաղաքն է, երբ Գյումրին Ջիվանու երկիրն է ու այդպես հարյուրներ ու հարյուրներ…
Մի անգամ գնացեք «Բեռլին Արթ Հոթել», տեսեք, թե ինչպես կարող է երաժտությունն ամբողջ օրը քեզ հետ լինել ու դու չզգաս դրա ներկայությունը: Հարցրեք, ներդրեք:
«Էս աշխարհի տեր Ռոստոմի» կարիքն ունի Գյումրին:
Կենտրոնից հեռու փողոցներում անգամ խնամքով փայփայված պատշգամբներ կան, շքամուտքեր՝ ծաղիկների մեջ, առանձնատների բակեր՝ հյուրընկալ ու բացսիրտ, որովհետև Գյումրիում շատ սեր կա:
Ուշ երեկոյան գնում ենք Ալեքսեյ Մանուկյանի արվեստանոց՝ Ավստրիական թաղամասում: Ալեքս Մանուկյանը հեռացել է մարդուն կաշկանդող բոլոր պայմանականություններից, ձուլվել է բնության հետ ճիշտ այնպես, ինչպես ձուլված է մարդը ի սկզբանե, իր ծնունդով, բացվել է հանրության համար ու հանրության առաջ, իր օազիսը տարել է դեպի մարդիկ, դեպի հանրույթը, որպեսզի փոխի մարդուն, փոխի նրա պատկերացումները կյանքի մասին, բերի իր արմատներին, իր նախասկզբին:
Ալեքսի տուն-արվեստանոցում չկան պարիսպներ, չկան փշալարեր, չկան սահմաններ, ու Ալեքսը վերադարձնում է մարդկանց այն, ինչ նրանք տալիս են արվեստագետին՝ հույզ, զգացողություն, մտապատկերներ՝ վերացնելով իրականության ու ոչ իրականի սահմանը: Ժամանակակից արվեստը ժամանակի մեջ, իր ապրած ժամանակի մեջ, իր շրջապատի նյութով, իր շրջապատի նյութի վերացարկմամբ:
Կարծես Գյումրիի փողոցներից մագնիսով հավաքած լինեն բոլոր օտարերկրացիներին: Ֆրանսիացիներ, գերմանացիներ, ռուսներ, այլ ազգերի ներկայացուցիչներ, Երևանից, այլ վայրերից Gyumri Art Week-ին ժամանած մարդիկ մինչև ուշ գիշեր Ալեքսի տարածքում են, Ալեքսի արվեստային միջավայրում, խարույկ են վառում, գինի խմում, հայաստանյան դեղձ, խաղող վայելում ու վայելում Ալեքսի արվեստը: Գյումրին է:
Առավոտյան գնում եմ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ: Այս շենքը այլ զգացողություններ է առաջացնում միշտ, քանի որ այն, ինձ համար գոնե, ուղղակիորեն կապված է սիրելի մարդու՝ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյան անկրկնելի արվեստագետի բացառիկ նախաձեռնության՝ դեպի Գյումրի ուխտագնացության հետ: Այդ ուխտագնացության ճանապարհի մի հատվածը Լորիս Ճգնավորյանի հետ անցնելու բախտ եմ ունեցել:
Ժամանակին հենց այդ բացառիկ ուխտագնացության շնորհիվ հիմնադրվեց Գյումրու Արվեստների ակադեմիան:
Գնում եմ, որովհետև այդ շենքում այսօր աշխատում է Վահագն Ղուկասյանը:
Վահագն Ղուկասյանը տաղանդավոր նկարիչ է: Շատ լավ նկարիչ: Բայց ես հիմա չգիտեմ՝ ճի՞շտ է, որ Վահագնը իր ժամանակի մեծ մասը ծախսում է կառավարելու, նոր մի բան ստեղծելու, արվեստային միջավայրեր կայացնելու վրա, քան՝ նկարելու: Վահագնը, անշուշտ, նկարում է, և նրա արվեստը նույնքան նոր է, ստեղծարար, որքան նրա միտքը: Նրա նման մարդիկ ունեն հաստատուն, կոնստանտ մի բան՝ ոգևորություն, փոխելու ջանք, նոր բան անելու ձգտում, լրջագույն գիտելիք, ստեղծարար միտք, որը չի տեղավորվում ոչ մի կաղապարում: Ճիշտ այնպես, ինչպես կաղապարներից դուրս է նրա արվեստը:
Նրա նման մարդկանց համար, այո, չունի նշանակություն՝ կա՞ փող, թե՝ չկա փող: Այդ մարդիկ գտնում են և փողը, և հնարավորությունը, և միջոցը: Չնայած՝ ավելի լավ կլիներ, որ այդ մարդկանց համար գտնվեր թե փող, թե իշխանություն:
Երբ շա՜տ երիտասարդ Վահագն Ղուկասյանը նշանակվեց Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարան»-ի տնօրեն, այդ հիասքանչ թանգարանի տեղը գրեթե ոչ մեկը չգիտեր, բացի, հավանաբար, արվեստասեր մի քանի գյումրեցիներից:
Ու շատ կարճ ժամանակ անց թանգարանը դարձավ ձգողական կենտրոն, Գյումրիի ամենասիրելի անկյուններից մեկը՝ բազմաթիվ նոր, ստեղծարար նախագծերով, ծրագրերով, ցուցադրություններով, հանդիպումներով, քննարկումներով, զբոսաշրջիկներով: Իսկ այն ժամանակ Գյումրին դեռևս չուներ այսօրվա զբոսաշրջային գրավչությունը:
Վահագն Ղուկասյանն այն դարձրեց մշակութային կենտրոն, այցեքարտային նշանակություն տվեց թանգարանին:
Այսօր Վահագնը Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավարն է ու էլի կարճ ժամանակում ակադեմիան դարձրել է կենտրոն՝ ձգողական կենտրոն, մշակութային կենտրոն: Էլի նախագծեր, ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ:
Այսօր էլ ակադեմիայի ավերակ բակը վերածվել է ուսանողական ազատ միջավայրի, ստեղծվել է արվեստ յուրացնող ուսանողների ազատ շփման մի հարթակ, արվեստային մի գոտի: Եվ ահա, այդ կենտրոնում Gyumri art Week-ի շրջանակներում բացվում է Վահագն Ղուկասյանի «Հայելային իրականության ձայները» քանդակային ինստալյացիան:
Այս հայելային իրականությունը՝ ճիշտ, ինչպես հայելին, ցուցանում է այն պատկերը, որը կայացրել ու կայացնում է արվեստագետը: Այս իրականության մեջ է արտացոլված հենց այն փոփոխված իրականությունը, որին կյանք է տվել արվեստագետը՝ փոխելու համար մարդուն: Վահագն Ղուկասյան արվեստագետի ձգտման արդյունքում՝ փոխվել է միջավայրը, փոխվել է շուրջը, բնությունը բերվել է դեպի մարդը, մարդը գնացել է դեպի բնություն, և այս իրականության մեջ, իսկապես, լսելի են բոլոր այն ձայները, որոնք Վահագնի գործ դարձող խոսքի մեջ են:
Գնում ենք տիկնիկային թատրոն: Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն: Ներկայացումը սկսված է: Գյումրեցի փոքրիկները վայելում են թատրոնը, իսկ ես վայելելով Աբովյան փողոցը՝ սպասում եմ թատրոնի տնօրենուհուն, որին չեմ ճանաչում: Եվ ահա Աբովյանի բազմադեմ քայլողների մեջ հեռվում երևում է արտիստական կեցվածքով, հագուստի ոճով, գույներով տարբերվող երիտասարդ կինը, ու ենթադրում եմ, որ հենց նա պետք է լինի թատրոնի տնօրենուհին: «Ընբես կըխաղար, օր». Ականջդ կանչի Գալյա Նովենց:
Արմենուհի Մանուկյանի հետ շատ երկար խոսում ենք տիկնիկային թատրոնից, նրա երազանքներից՝ տեսնել թատրոնը նոր գույներով, նոր լույսերով, նոր ներկայացումներով՝ ժամանակին, Գյումրուն, այսօրվա փոքրիկներին համահունչ, տանել թատրոնը հյուրախաղերի՝ երևաններ, մոսկվաներ, լոնդոններ. ինչո՞ւ չէ, արժանավայել ապրել դերասանի վաստակով, նոր հորիզոններ ընդգրկել: Եռանդը, նվիրումը, հաստատ մարդու ջիղը, համառությունը, որ ուներ Արմենուհին, վստահ եմ բերելու են այդ նոր հորիզոնները, իսկ Արմենուհի Մանուկյանին աջակցելու պատրաստ մի ամբողջ բանակ կա:
Շատ «վտանգավոր» տեղում է տիկնիկային թատրոնը: Փողային ախորժակով մարդկանց աչքի առաջ, եզակի մշակութային օջախ Աբովյան բիզնես գրավչությամբ փողոցում, և բոլոր նրանք, ովքեր կունենան այդ ախորժակը՝ կուլ տալու թատրոնը, պիտի վստահ լինեն, որ հանդիպելու են մի մեծ, հսկայական բանակի դիմադրությանը:
Մի օր հայ հարուստները պիտի հասկանա՞ն, որ մշակութային ակունքներում է նաև իրենց հարստանալու ակունքը:
Երեկոյան կրկին «Բեռլին Արթ Հոթելի» դրախտային այգում ենք՝ Վահան Թոփչյանի, Ալեքս Տեր-Մինասյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Վահագն Ղուկասյանի, Երևանից, Թբիլիսիից, Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ: Թբիլիսիից ժամանած մեր հայրենակցուհին, ի դեպ, ժամանել էր ուսումնասիրելու արդեն բոլորին հայտնի Գյումրիի «Արեգակ»-ի փորձը՝ որպես սոցիալական ձեռներեցության հրաշալի, հաջողված օրինակ՝ ներդնելու համար Թբիլիում: Այո, Գյումրին արդեն արտահանում է տեխնոլոգիաներ:
«Բեռլին»-ում բացվում է Սարգիս Հովհաննիսյանի «Մետավերս» ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսի մասին առանձին անդրադարձ է լինելու, բայց Սարգիս Հովհաննիսյանին անհնար է այստեղ չանդրադառնալ:
Բացառիկ մի ստեղծագործող, որ ունենալով լուրջ միջազգային ճանաչում, լուրջ միջազգային կապեր, չի դադարում լինել մեծ երազող: Երազող՝ Գյումրիում, Երևանում, այլուր իրականացնելու ամենաանհավանական ծրագրերը, նախագծերը, իրականում «ոչ մի լումա բյուջեով» հիմնելու Gyumri Art Week-ը, վերականգնելու ավանդույթները՝ Գյումրին որպես ժամանակակից արվեստի կենտրոն, համախմբելու ամենատարբեր ստեղծագործողների, մղելու նրանց դեպի նոր որոնումների, ու այս ամենը անելով լուռ, առանց իր անձի մասին բարձրաձայնելու, քաշված իր չընդհատվող գործերի մեջ, երազների մեջ, երևակայությունների մեջ։
Ես այս նյութը կարող էի վերնագրել ոչ միայն Գյումրին, Ալեքսը, Վահագնը, Սարգիսը, Արմենուհին, Gyumri Art Week-ը, այլև Հակոբը, Ռոզան, շատ սիրելի բանաստեղծ Ռոզան, որին այս անգամ չհանդիպեցինք, Աստղիկը, Աստղիկ Եդիգարյան- Բաբունցը, որին, որքան էլ տարօրինակ թվա, անձամբ չեմ ճանաչում և շատ-շատերը, որովհետև Գյումրին հարուստ է այստեսակ մարդկանցով:
Ու հիմա միամտորեն մտածեցի՝ թե ինչո՞ւ Գյումրիի նոր քաղաքապետը չի ստեղծում այս մարդկանց խորհուրդը, որը մանրամասնորեն կաշխատի Գյումրիի պահպանման ու զարգացման դետալացված ծրագրի վրա, իսկ իրեն կմնա միայն անվերապահորեն կատարել այդ ծրագիրը: Չէ, որ այստեսակ մարդիկ են Գյումրիի նյարդերը ու նրանք են, որ հոդացավի սրությամբ զգում են յուրաքանչյուր նյարդի ցավը:
Չէ որ նրանք «Էս աշխարհի տեր Ռոստոմի» ցեղից են:
Գոնե Գյումրիում ստեղծեք: Երևանից վաղուց հույս չկա:
Արայիկ Մանուկյան