«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

Գյումրին, Մանսուրյանը, ՄԵՆՔ...

 

Տարիներ առաջ webtv.am-ին տված հարցազրույցում առաջին անգամ խոսելով իր «Ռեքվիեմի» մասին Մաեստրո Մանսուրյանն ասում էր.

«...Ես պետք ունեի վերագտնել, ձևակերպել հուզական այս աշխարհի առանձնահատուկ շեշտերը, բացականչությունները՝ հիմնվելով հայ մարդու՝ դարերով հղկված հոգեբանության, մեր և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ երաժշտության ավանդույթների վրա: Այսպիսով, ինձ մնում էր ճշտել, թե իմ գրելիք գործը երգողն ո՞վ է և ի՞նչ դիմագծեր ունի, և ինչպիսի՞ն է նա: Լավագույնը, որ ամենախտացված ձևով ներկայացվում է պատմական լայն շերտերի առումով մի կողմից, մյուս կողմից՝ իր ամբողջականության հստակ արտահայտություններով, հղկվածության ձևերով, դա մեր մանրանկարչության մեջ ապրող դիմանկարներն են, կերպարներն են: Ես տեսա, որ իմ «Ռեքվիեմը» երգելու են նրանք...»:

Վստահաբար Մաեստրո Մանսուրյանն այդ դիմանկարները տեսավ նաև Գյումրիի «Սև Բերդում»: Տեսավ բեմում երգողների զգացողություններում, դահլիճում քարացած հանդիսատեսի հայացքում, դահլիճից դուրս մնացած Գյումրեցու ցավում:

Գյումրին իր սերը, նվիրումը «վերադարձնում» էր Մանսուրյան Վարպետին, որի արմատները նաև Շիրակ աշխարհում են՝ Արթիկում, Հառիճում, Գյումրիում: Մանսուրյան գերդաստանի մի շառավիղը հայրենադարձեց սիրելի Հայաստան աշխարհ ու հանգրվանեց Արթիկում: Արթիկը, դեպի որը տանող ճանապարհը Տիգրան Մանսուրյան մարդու սիրելի ճանապարհներից է, որի դաշտերում, ինչպես Արաքս Մանսուրյանն է վկայում, սիրում էր Վարպետը պառկել ու նայել երկնքին: Հառիճը, որի կամարների տակ Մանսուրյան երաժիշտը լսում էր Կոմիտաս: Գյումրին, որտեղ Վարպետի վկայությամբ հիշատակներ կան, թանկ հիշատակներ:   

«Սև Բերդի» երեկոն՝ Հայաստանի պետական կամերային և Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերի և մաեստրո Ռոբերտ Մլքեյանի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և մաեստրո Վահան Մարտիրոսյանի, Երեւանի պետական կամերային երգչախմբի և մաեստրո Հարություն Թոփիկյանի,  մենակատարներ, երեկոյի հատուկ հյուր Հասմիկ Պապյանի, Հենրիետա Հարությունովայի, Յանա Դարյանի, Հովհաննես Գրիգորյանի, դաշնակահար Արթուր Ավանեսովի և այլոց մասնակցությամբ ոչ միայն Մանսուրյան Վարպետի մեծարումն էր: 

Երեկոն հավաստիացումն էր, որ իրական արվեստի ծարավի է Հայաստանի իրական քաղաքացին: Նույնիսկ այն քաղաքացին, որ ոչ իր մեղքով չի հաղթահարել իրական թշվառությունը: Գյումրին, Շիրակ աշխարհը, հայոց մեծերի վիճակագրական մայրաքաղաքը, մշակութային կենտրոնը դասականացվող «Սև Բերդով» կարող է վերադարձնել արժեքային համակարգեր: Երգչախմբերով, նվագախմբերով, ընտրյալ մենակատարներով ու երաժշտության, երգի, խոսքի դասականությամբ «Սև Բերդն» այդ համերգին ոչ պակաս պաշտպանական նշանակություն ուներ, որքան այն հեռավոր 1834 թվականին, երբ Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո կառուցվում էր Թուրքական հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելու համար:

Ինչպես համերգի ավարտին «ՀԱՅԵՐ»-ի հետ զրույցում ասաց մեր մեծանուն երգչուհին՝ Հասմիկ Պապյանը, որը համերգի հատուկ հյուրն էր, «Ամենակարևորը «Սև Բերդի» վերակառուցումը, վերաիմաստավորումն ու իր տեղն ու նշանակությունը վերագտնելու փաստն էր Գյումրի քաղաքի համար: Հրաշալի ակուստիկ հնարավորություններով, տրամադրող մթնոլորտով շատ կարևոր շինություն մեր երկրի համար, որը կարող է տպավորել նույնիսկ շատ բան տեսած օտարների: Եվ գաղափարը՝ այդ տեղում անցկացնել դասական երաժշտության մի աննախադեպ հեղինակային համերգ-երեկո, լցնել դահլիճը մոտ 2000 ունկնդրով, իսկապես չափազանց հուսադրող էր: Կասկածից վեր է, որ համերգը «դյուրըմբռնելի» չէր և չէր էլ կարող լինել, այնուամենայնիվ քար լռություն տիրեց դահլիճում, բացառությամբ մեկ անգամ հնչած բջջային կարճ հեռախոսազանգի: Այս փաստը նույնպես արժանի է հիշատակման: Ուրեմն ավելորդ անգամ համոզվեցինք այն կարծիքի թյուր լինելու մեջ, թե ժողովուրդը Արմենչիկ է ուզում լսել: Ներողություն...

Ես կատարեցի Մանսուրյանի «Զուգահեռ երգեր» վոկալ շարքը, որը գրված է Պաղտասար Դպիրի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և Վահան Տերյանի բանաստեղծությունների հիման վրա: 8 հրաշալի երգեր, որոնք փոխանցում են հոգեվիճակ և տրամադրություն...

Առաջին անգամ այս երգերը կատարել էի հարավային Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Ռադիոֆրանս փառատոնի ժամանակ, 2008 թվականին, որտեղ Մաեստրոն նաև ինձ նվագակցեց: Համերգից հետո ֆրանսիական մամուլը գրեց՝ «արև բացվեց Ֆրանսիայի վրա, այսպիսի երաժշտություն լսելուց հետո»: Իսկ համերգի ծրագիրը բացառապես հայկական էր՝ Կոմիտաս և Մանսուրյան: Համերգին մասնակցում էր նաև մեր օրերի արդեն հանրաճանաչ դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Այնուհետև «Զուգահեռ երգերը» կատարել եմ Սան-Ֆրանցիսկոյում և Տորոնտոյում:

Ինձ հրաշալիորեն ընկերակցեց Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, որի հետ առաջին անգամ էի համագործակցում և անչափ տպավորված եմ: Թևավորված եմ Գյումրեցիների ընդունելությունից, նրանց լավի, գեղեցիկի հանդեպ ունեցած բնական, անբռնազբոս ձգտումից: Մի բան կարող եմ ասել՝ Գյումրին արժանի է ավելի մեծ հոգածության և ուշադրության, այն մնում է ինչպես մեր հնօրյա, այնպես էլ մերօրյա հոգևոր կարևոր կենտրոնը: Պարտավոր ենք ամեն ինչ անխնա տալու Գյումրիին, որպեսզի նաև ստանանք...»:

Նյութի սկզբում հիշատակված հարցազրույցում Մաեստրո Մանսուրյանն ասում է. «Բայց տեսեք Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը, ծաղիկներ էր նկարում: Այնքան շքեղ գույներ, ցնծուն մի աշխարհ էր նկարում՝ մի ոտքով 15 թվի մեջ էր, մի ոտքով երկրի լինել-չլինելու արհավիրքի մեջ էր: Այնպես որ, երբեմն արվեստի խնդիրը այդքան անմիջականորեն կամ միաժամանակ այսօրվա իրականության հետ այդքան պարզ կապերի մեջ չէ: Երբեմն այսօրը վաղվա ուղղությամբ այս կամ այն հրամայականն ունի, հենց այդպես էլ հրամայականն է իշխողը դառնում...»:

Մանսուրյանական երեկոն Գյումրիում, Գյումրիի գիտակցումը կարող է այսօրվա հրամայականը լինել վաղվա ուղղությամբ և այդ հրամայականը կարող է իշխող դառնալ: Ինչո՞ւ ոչ: Չի կարող սխալվել մաեստրոն. «...արվեստի խնդիրը այդքան անմիջականորեն կամ միաժամանակ այսօրվա իրականության հետ այդքան պարզ կապերի մեջ չէ»:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ