Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

ՀԱՄԱՐՅԱ որսորդական պատմություն

 

Զբոսայգում, որտեղ երեկոյան ուշ ժամերին, երբ աղմուկն ու փոշին քիչ նոսրանում են, դուրս եմ գալիս զբոսնելու, հաճախակի հանդիպում եմ անշուք հագնված մի ծեր, տարիքից չորացած ու փոքրացած կնոջ, որը նույնպես պտտվում է շատրվանի շուրջը։

Նա չի նստում աթոռներից որևէ մեկին՝ իր տարիքի կամ քիչ երիտասարդ մարդկանց նման, քայլում է ինձ պես անդադար։ Ըստ երևույթին, մեր զբոսանքի ժամերը համընկնում են շատ հաճախակի։

Մենք իրար հակառակ ուղղություններով ենք պտտվում շատրվանի շուրջը։ Եվ ամեն մի պտույտին մեր հայացքները հանդիպում են։ Այնքան ենք հանդիպել զբոսայգում, որ մեր հայացքները հանդիպելիս լուռ ժպտում ենք իրար։        

Ինչպես պատահեց, որ մի անգամ երկուսով մոտեցանք նույն ցայտաղբյուրին ծարավներս հագեցնելու համար։ Ես մի փոքր շուտ մոտեցա ցայտաղբյուրին, քան ինքը։ Քիչ ընկրկեցի, անխոս հասկացնելով իրեն, որ առաջինն ինքը խմի։

- Տղա ջան, ջուրը փոքրին է՝ խմեք, - ասաց կինը, ձեռքերը կանթելով կոնքերին։ Հայացքը մի կողմ թեքեց ու սպասեց, որ ես խմեմ, և նոր ինքը մոտենա։

- Ճիշտ եք ասում, տատի ջան, ուրեմն առաջինը դուք պետք է խմեք, խնդրե՜մ, - ասացի՝ լրջություն տալով դեմքիս։

- Տղա ջան, էդ դու քանի՞ տարեկան ես, որ ես քեզանից փոքր դուրս եկա։

- Տատի ջան, ինչ ասեմ, որ ճիշտը ասեմ՝  հարյուր դեռ չկամ։

- Ես քանի՞ տարեկան կլինեմ, որ դու դեռ հարյուրը չկաս։

- Իմ օրում, դեռ երեսուն հինգ տարեկանն անց կին տեսած չկամ։

- Տատդ քանի տարեկան էր, երբ դպրոցդ ավարտեցիր։

- Տասնինը թամամ չկար։

-Պա՞պդ…, - ծիծաղում է։

- Երեք տարով կնոջից փոքր էր, անբեղ-անմորուս։

- Բա մե՞րդ քանի տարեկանում ունեցավ քեզ։

- Ես որ կայի՝ մերս դեռ ծնված չէր։

- Հերդ կա՞ր։

- Պապիս մտքի մեջ էր։

Կինը մի ձեռքը տարավ իր անատամ արկղին, փակեց ու կեռնեխի նման, ափի մեջ քերականական սխալներով ծիծաղեց՝ չի՛ կչի՛ կչի՛կ…։

- Էս մեր զրույցը էն քաթանի պես եղավ, որ ոչ մեռելի համար պատանք է, ոչ էլ սաղ մարդու՝ փոխան, - ասաց ու մոտեցավ ցայտաղբյուրին, խմեց, ձեռքի հակառակ կողմով բերանը սրբեց, - շնորհակալ եմ տղա ջան, - ասաց։

Էլի փոքրը ես դուրս եկա։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ