«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Հանճարը քնել էր Բոնապարտի շարժական մահճակալի վրա, առանց հանվելու, աշնանային իր միակ վերարկուով ծածկված...». ՅՈՒՐԻ ԳԱՐՄԱՇ

                                                                                                               

1970 թվի ամռանը ես՝ Համամիութենական պետական կինոյի իստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական ֆակուլտետի ուսանողս, Մոսկվայից ուղևորվում էի Կիև՝ աշխատելու Դովժենկոյի անվան կինոստուդիայում:

Հերալդ Բեժանովը` ռեժիսորական ֆակուլտետի մի հայ ուսանող, որի հետ առժամանակ անց ես իմ դիպլոմային «Վերջնակետ» ֆիլմն էի նկարահանելու, խնդրեց, որ իր սցենարը տանեմ Կիև՝ Սերգեյ Փարաջանովին: Նա ուզում էր Վարպետի կարծիքն իմանալ:     

Կիև հասնելուս պես ուղղվեցի Հաղթանակի հրապարակ: Գտա լցոնով կարկանդականոցի շենքը, որտեղ ապրում էր Փարաջանովը, բարձրացա յոթերորդ հարկ: Բնակարանային զանգի ծլնգոցի հետ իմ սիրտն էլ էր թպրտում: Արհեստական կաշվե պաստառով դռան ետևում ապրում է ՆԱ` իսկական, կենդանի Հանճարը:

Ինքը՝ մեր Պաշտամունքը:

Նրա կյանքի արտասովոր լուսապսակում իմ անցկացրած  տա՜սը րոպեն:

Հանճարն իր ոչ մեծ ննջարանում մի հսկայական, ասես իր ձեռքով սարքած մահճակալում պառկած հանգստանում էր: Ես դեռ չգիտեի, որ մեկ-մեկուկես տարի անց իմ սիրտն էլ ավելի ուժգին է թպրտալու դերմանտինով պաստառված նրա դռան առջև: Չգիտեի, որ ես պատանությանս իմ ամենանվիրական հիշողությունն եմ նրանից ընծա ստանալու:

71-ի հոկտեմբերին իմ «Վերջնակետ» ֆիլմով դիպլոմ պաշտպանելով` ես նաև իմ ամուրի կյանքի վերջնակետը դրեցի:

Հարսանիքիս նվեր ստացած փողերը մսխելով և ուսանողուհի կնոջս Պոլտավայում թողնելով, որպեսզի ավարտի Պոլտավայի շինարարականը, 72-ի սկզբներին եկա Դովժենկոյի անվան կինոստուդիա, ստացա  ինձ հասանելիք չնչին 70 ռուբլին և «կարմիր դիպլոմավորից» հանկարծ վերածվեցի մի անտուն թափառականի:

Հանրակացարանում տեղ չկար, բնակարան վարձելն այն ժամանակ անհնար էր, իմ ծակ գրպանով հյուրանոցում տեղավորվելը՝ խելքից դուրս բան, մայրաքաղաքում էլ ոչ մի հարազատ-բարեկամ չունեի:

Եվ լուսավոր ապագայի մասին անուրջներով սկսեցի գիշերներն անցկացնել  երկաթուղային կայարանում: Դա տևեց այնքան ժամանակ, մինչև կինոստուդիայից ինչ-որ մեկն ինձ համար մի կացարան ճարեց, որ մի հսկայական  ռմբապաստարան էր Կիևի Պեչորսկու շրջանում, եռահարկ «առանձնատան» նկուղում, որի կրով ճերմակեցված բետոնե պատերին չռանդայված տախտակների զիգզագավոր հետքեր էին դրոշմված, իսկ կոյուղու  ճյուղավորվող խողովակներում մի արտասովոր կլկլոցով կոյուղային «երաժշտություն» էր հնչում:

Ի տարբերություն խողովակների` իմ մահճակալի զսպանակները երաժշտական հնչյուններ չէին արձակում, միայն թե իմ ծանրության տակ այնպես էին ճկվում, որ հասնում էին գրեթե  բետոնե սառը հատակին:

Այդուհանդերձ, երկաթուղային կայարանի նստարանից դա շատ ավելի լավ էր: Այդ նկուղում ինձ տեղավորեցին մի պայմանով, որ առանձնատան տանտիրուհին՝ ինչ-որ գեներալի այրի, չպիտի իմանար, որ ես ամուսնացած եմ: Ուստի ամեն օր 20-րդ համարի տրոլեյբուսից իջնելով` ես մատիցս հանում էի ամուսնական մատանիս:

Երբեմն գեներալի այրին ինձ վերնահարկ էր հրավիրում՝ «էկլեր» կոչվող թխվածքով թեյ խմելու, իսկ նրա տանը մնացած աղջիկը դաշնամուրով Շոպենի ստեղծագործություններն էր նվագում կամ էլ հին ռոմանսներ երգում: Մի տեսակ կինոյի պես էր: Երևում էր` տնտղում էին՝ արդյոք արժանի՞ փեսացու եմ:

Ձմեռ էր, փետրվար ամիսը: Մոտենում էր ծննդյանս օրը: Կինս մի քանի օրով Պոլտավայից եկել էր Կիև:

Բետոնե ռմբապաստարանում նրան ընդունելու մասին խոսք լինել չէր կարող: Մի կերպ ինձ հաջողվեց Եվրոպական, այն ժամանակ դեռևս Լենինյան կոմերիտմիության կոչվող հրապարակում գտնվող «Դնիպրո» հյուրանոցում համար վարձել, այն էլ լյուքս համար և ընդամենը չորս ու կես ռուբլով:

Ամեն ինչ հրաշալի էր, մենք երջանիկ էինք: Սակայն երրորդ օրը երեկոյան դեմ մեկ էլ մեզ ասացին, թե արտասահմանյան զբոսաշրջիկների մի մեծ խումբ է գալիս, և մենք պետք է ազատենք համարը:

Դրսում արդեն մութ էր, ցու՜րտ,  ձյուն-ձմեռ, խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս: Խրեշչատիկում տրոլեյբուսները տեղապտույտ էին տալիս: Գնայինք իմ ապաստարա՞նը: Ո՛չ մի դեպքում, այլապես ես ընդմիշտ կկորցնեի իմ մշտական կացարանը: Ի՞նչ անել: Ու՞ր գնալ: Հուսահատությունը պատել էր մեզ: Եվ հանկարծ մի խենթ միտք եկավ գլուխս: Ես հիշեցի Հաղթանակի հրապարակը, լցոնով կարկանդականոցի շենքը, յոթերորդ հարկը, Սերգեյ Իոսիֆովիչ Փարաջանովին:

Նա անպայման կօգնի, համոզված եմ: Չէ՞ որ  «Լեբիդ» հյուրանոցը նրա տան մոտ է: Եվ մենք կնոջս հետ շուտով Հանճարի դռան առաջ էինք:

Զանգը զնգաց, սիրտս առաջին անգամվա պես  նորից թպրտաց: Դուռը բացեց ՆԱ՝ ԻՆՔԸ: Ես շփոթված ջանացի ինչ-որ բան բացատրել, բայց նա ինձ չէր լսում: Բնակարանում շատ մարդ կար, հետագայում  հասկացա, որ նրա մոտ մշտապես է շատ մարդ լինում: Սեղանին «Կինձմարաուլի» էր դրված, «Սապերավի», «Մուկուզանի», «Ալազանսկայա դոլինա», սուլուգունի պանիր, սուջուխ, կանաչի:

Աշխույժ խոսակցություն էր: Բայց ես ոչինչ չէի լսում: Ես իմ դարդին էի: Աչքիս առաջ միայն ժամացույցի սլաքներն էին, գիշերն ու մութ փողոցը: Ժամը ութն էր: Մի ժամից հետո միայն ինձ հաջողվեց խոհանոցում խոսել Սերգեյ Իոսիֆովիչի հետ, մի կերպ ամեն ինչ բացատրեցի, խնդրեցի օգնել՝ «Լեբիդում» մի համար դասավորել: Նա ոչինչ չասաց: Այնինչ ժամանակն անցնում էր:

Արդեն ինն է: Նյարդայնանում էի: Վրացական գինիները չէին օգնում: Նա շարունակ խոսում էր, գնում-գալիս, խոհանոցից ինչ-որ բան բերում, հետո ինչ-որ բան տանում: Ես աշխատում էի  հետն առանձին խոսել, բայց չէր ստացվում: Արդեն տասն էր, հետո տասնմեկը, հետո... Նա շարունակում էր հյուրերի հետ զրույցը` ժամանակ առ ժամանակ ինձ հանգստացնելով:

Հետո նորից ամեն ինչ կրկնվում էր՝ նա խոսում էր, մեկը գնում էր, մյուսը՝ գալիս: Մեկ էլ տեսնում եմ` Փարաջանովը դուրս է  գալիս բաղնիք-զուգարանից՝ դույլն ու հատակը լվանալու փայտը ձեռքին, և ուղղվում այն փոքրիկ ննջարանը, որտեղ ես առաջին անգամ տեսել էի նրան մեկուկես տարի առաջ: Ամեն տեղ մուգ կարմիր թավշե վարագույրներ են` նեքևում երիզված ծոպերով:

Տեսնում եմ, թե ՆԱ ինչպես է  լվանում հատակը:

Հանճա՜ր և հատակի փալա՜ս: Ե՞րբ է վերջապես ՆԱ հյուրանոց զանգահարելու:

Ամբողջ ժամանակ շարժման մեջ է, սեղանի շուրջ մշտական խոսակցության մասնակիցը: Գիտակցությունս մի տեսակ մշուշվել է: Արդեն կեսգիշերն անց է: Նա ինչ-որ բան է ասում, ու մեկ էլ ես գլխի եմ ընկնում, որ խոսքը իմ ու կնոջս մասին է: Նա ասում է, որ այսօր իր հյուրն է մի երիտասարդ զույգ, որ նրանց հանգստանալ է պետք, և ժամանակն է, որ նրանք  ննջարան գնան:

Այնպես, ասես դա մեր առաջին ամուսնական գիշերն է: Բոլորի հայացքները, թվում է, բևեռվում են մեզ վրա, բոլորը հայացքով մեզ ննջարան են ուղեկցում: Մենք կախարդվածի պես ու շփոթված լքում ենք հյուրասենյակը:

Վառ լուսավորված հյուրասենյակից հետո փոքրիկ ննջարանը մոմի միակ լույսի մեջ երևակիչի միջի լուսանկարի է նման: Առաջինը երևակվում է Հանճարի մահճակալը՝ ծածկված կտավե ճերմակ սավանով: Այն այնպես է օսլայված, որ երբ մենք պառկենք, թվալու է, թե այդ թիթեղյա տանիքն է շխկշխկում:

Մահճակալի մոտ վիեննական աթոռ է դրված, որի  վրա բարոկկոյի ոճով՝ իսկը «Պոտոցկու ապարանք»-ին արժանի մոմակալի մեջ վառվող մի ամենաիսկական մեղրամոմ լուսավորում է արծաթե սկուտեղը, որ, անկասկած, հետման Բոգդանին է պատկանելիս եղել, մեջը՝ տանձ ու խնձոր` Դովժենկոյի այգուց քաղած պտուղներին վայել և սպիտակ ու սև, կապույտին տվող խաղողի ողկույզներ, մի քանի նուռ, մեկը՝ ճղած-կես եղած: Սքանչելի նատյուրմորտ:

Մրգերի մոտ՝  նրբագեղ ու նախշազարդ, երևի թե Եկատերինա II-ի սպասքից պահպանված, նույնպես արծաթե սկահակի մեջ բուրում էր անտառային թարմ մանուշակների մի փունջ: Դրսում փետրվար ամիսն էր, լսու՞մ եք:

Մի կես ժամի չափ ես ու կինս անշարժ պառկել, վախենում էինք շարժվել, որ չլինի թե օսլայված սավանի խշխշոցը հյուրասենյակ հասնի:

Հետո լսեցինք, թե ինչպես Սերգեյ Իոսիֆովիչը հյուրերին խնդրեց ցրվել, որ մեր՝ ջահելներիս, քունը չխանգարվի: Քիչ հետո լսվեց, թե ինչպես են հյուրերը իրար հետևից հրաժեշտ տալիս տանտիրոջը: Շուտով տունը խաղաղվեց, անջատիչը չխկաց, և հյուրասենյակում մարեց լույսը:

Առավոտ ծեգին արթնացա, որ գնամ խոհանոց՝ ջուր խմելու: Հաղթանակի հրապարակի նեոնային լույսերը խաղաղ լուսավորում էին  հյուրասենյակը: Հյուրասենյակում՝ պատուհանի տակ, Նապոլեոն Բոնապարտի շարժական մահճակալի վրա քնել  էր Հանճարը՝ առանց հանվելու, աշնանային իր միակ վերարկուով ծածկված...

Նահապետի աշունն էր: Քսաներկու ամիս անց վրա էր հասնելու Երկարատև Ձմեռը...                             

Ուկրաիներենից թարգմանեց

Ռաիսա Ղարագյոզյանը

Հ.Գ. Յուրի Գարմաշը ուկրաինացի հանրահայտ կինոօպերատոր է: Նրա այս հիշողությունն առաջին անգամ հրապարակվել է Գարրի Կունցևի «ԿԱՐ-ՉԿԱՐ՝ ՄԻ ՓԱՐԱՋԱՆՈՎ» գրքում, որի շնորհանդեսին Յուրի Գարմաշը ժամանել էր Հայաստան, միաժամանակ փարաջանովյան իր լուսանկարները ներկայացնելով ՈՍԿԵ ԾԻՐԱՆ միջազգային կինոփառատոնում: Իսկ Յուրի Գարմաշը Սերգեյ Փարաջանովի բացառիկ լուսանկարների հեղինակ է, որոնց մի մասը նույնպես հրապարակված են «ԿԱՐ-ՉԿԱՐ՝ ՄԻ ՓԱՐԱՋԱՆՈՎ» գրքում, որը եզակի, անկրկնելի հուշերի մի պատում է Փարաջանովի հնչյունային ռեժիսորի՝ Գարրի Կունցևի կողմից գրված, որոնք սքանչելի կերպով ներկայացնում են Փարաջանով հանճարին:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ