«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգ (Դրույթներ և ռեմարկներ)». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ես խոստացել էի, որ կհրապարակեմ այն հայեցակարգը, որը որպես Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի թափուր պաշտոնի հավակնորդ ներկայացրել էի այդ պաշտոնի համալրման նպատակով անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովին:
Մրցույթի մասին դեռ ժամանակ կլինի խոսելու: Մրցութային հանձնաժողովի մասին՝ նույնպես: Այն ձևավորող ՀՌՀ-ի մասին՝ նույնպես: Հիմա համարենք լռության շրջան:
Ես կուզեի, որ մրցույթի բոլոր մասնակիցների ներկայացրած հայեցակարգերը հրապարակվեին: Առավել ևս՝ մրցույթում հաղթողինը: (Ես հրապարակայնորեն շնորհավորել եմ մրցույթում հաղթած Արա Շիրինյանին՝ միաժամանակ ընդգծելով մի քանի նկատառումներ՝ կապված մրցույթի հետ): Եվ կուզեի, որ դա արվեր ՀՌՀ-ի կողմից: Այդ պարագայում ստիպված չէի լինի այն հրապարակել «ՀԱՅԵՐ» մեդիահարթակում:
Հայեցակարգը կարող էր լինել շատ ավելի ընդգրկուն ու մանրամասն, բայց ՀՌՀ-ի պահանջը հինգ էջանոցի մասին էր: Մի քիչ ավելի հանգամանորեն խոսել եմ մրցութային հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ, թեպետ այնտեղ էլ պահանջը հինգ րոպե էր:
Ինչևէ: Իմ հայեցակարգային դրույթները՝ որոշ ռեմարկներով հրապարակում եմ: Ում հետաքրքիր է՝ կարող է կարդալ:
«Մասնակցելու համար ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթին, այդ նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովի պահանջով ներկայացնում եմ Հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը՝ (դրույթներ և ռեմարկներ):
Նկատի առնելով, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) սահմանում է հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ), նրա անդամների և նախագահի իրավասություններն ու գործառույթները, զարգացման հայեցակարգը շարադրում եմ՝ ելնելով Օրենքի տրամաբանությունից:
Եվ այսպես՝ իմ ընտրության պարագայում.
Խորհրդի գործունեությունը լինելու է բաց և հրապարակային, թափանցիկ՝ բոլոր ուղղություններով:
Նշեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ժամանակում գրեթե անհնար է գտնել Խորհրդի գործունեության մասին տեղեկատվություն, բացի Օրենքի պահանջով հրապարակված ֆորմալ հաշվետվություններից:
- Խորհուրդն առաջիկա վեց տարիներին անցնելու է իրական ամենօրյա գործունեության ռեժիմի, որը Օրենքի 28-րդ հոդվածի պահանջն է, որը սակայն չի իրականացվել:
- Խորհրդի յուրաքանչյուր անդամի համար անհատապես նրա պատասխանատվության ուղղությունը սահմանվելու է որպես փաստաթուղթ՝ դրանից բխող գործողությունների ծրագրային անելիքներով: Խորհրդի անդամների գործունեության տարեկան կամ վեցամսյա աշխատանքների հաշվետվությունները հրապարակվելու են:
- Խորհրդի բոլոր նիստերը հրավիրվելու են բաց և հրապարակային՝ հնարավորություն տալով Մեդիայի ներկայացուցիչներին մասնակցել Խորհրդի նիստերին: Խորհրդի բոլոր նիստերի մասին հրապարակվելու է պաշտոնական տեղեկատվություն: Խորհրդի նիստերը հեռարձակվելու են նաև ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:
- Խորհուրդն ակտիվորեն աշխատելու է սոցիալական մեդիայում՝ ունենալով պաշտոնական էջեր: Այսօր Խորհուրդը ներկայացված չէ սոցիալական մեդիայում: Անգամ Ֆեյսբուք սոցիալական ցանցում չունի պաշտոնական էջ:
- Ստեղծվելու է Խորհրդի նոր պաշտոնական կայքը, որը լինելու է լիարժեք գործող, Խորհրդի գործունեության, նրա անդամների, նախագահի գործունեության ու գործառույթների մասին բաց տեղեկատվությամբ, հաշվետվություններով, այդ թվում և ֆինանսական մանրամասն, բացված հաշվետվությամբ, պաշտոնական լրահոսով, մեդիա գործիքներով: Խորհրդի ներկա պաշտոնական կայքում տեղադրված վերջին տեղեկատվությունը հաղորդումն է Հանրային հեռուստառադիոընկերության 2017 թվականի գործունեության մասին, իսկ պաշտոնական կայքը ոչ մի կերպ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին:
Ելնելով Օրենքի պահանջից՝ Խորհրդի գործունեության հրապարակայնացումից, այն բերվելու է առավելագույն բարձր մակարդակի:
Ելնելով Խորհրդի Օրենքով սահմանված իրավասությունից՝ սահմանել Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը և ուղղությունները, մշակվելու է այնպիսի նոր կարգ, որը հնարավորություն է տալու ցանկացած հետաքրքրվողի տեղեկանալ այդ ընկերությունների ֆինանսական ամենափոքր շարժին անգամ, իսկ ծրագրային քաղաքականությունները քննարկվելու են մասնագիտական, փորձագիտական շրջանակների լայն ներգրավվածությամբ և առավել մեծ ուշադրություն է դարձվելու ոչ նյութական ազգային մշակութային ժառանգության առավել մեծ ծավալով թվայնացման, օգտագործման, հանրայնացման, որակյալ բովանդակության ստեղծման, հեռուստատեսային կինոարտադրության, պրոֆեսիոնալ աշխատուժի խրախուսման ուղղություններին:
Սրանք Օրենքի պահանջ են (Հոդված 28), որը երբեք չի իրականավել ամբողջ ծավալով և որին տրվելու է առավել մեծ կարևորություն:
- Սահմանվելու է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների հաշվետվության նոր կարգ և ձև, (Ըստ Օրենքի՝ այն սահմանում է Խորհուրդը), որն առավել մեծ հնարավորություն է տալու հանրությանը՝ առանց մանիպուլյատիվ գործիքների բացահայտման, տեղեկանալ նշված հաղորդումների ողջ ծավալին, եթերաժամանակին, եթերաժամերին: Այսօր ներկայացված հաշվետվությունները միայն հետազոտական վերծանումներից հետո կարող են իրական պատկերը ներկայացնել, քանի որ իրականությունը պրոֆեսիոնալ մանիպուլյատիվ և վիճակագրական գործիքակազմերով լավագույնս քողարկված է:
- Խորհրդի աշխատանքներում հասարակական կարգով ներգրավվելու են խորհրդատվական հանրույթներ հեռուստատեսության և ռադիոյի, ինչպես նաև քաղաքականության, տնտեսության, սոցիալական, կրթության, մշակույթի և այլ ոլորտների փորձագիտական համայնքներից, որոնք էական մասնագիտական դեր են ունենալու ծրագրային քաղաքականությունների մշակման գործում:
- Ելնելով Օրենքի այն պահանջից, որ Խորհուրդը պարբերաբար հաստատում է Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության ծրագրային քաղաքականությունը, Խորհրդի գործուն մասնակցությամբ մշակվելու է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության առաջիկա վեց տարիների եթերային ծրագրային քաղաքականությունը, որը մշակվելու է հանրային քննարկումների, հանրային հարցումների միջոցով, ֆոկուսային խմբերի ներգրավվածությամբ և վերջնական փաստաթղթերը հրապարակվելու են, որպեսզի հանրությունն ունենա լիարժեք պատկերացում, ինչպես նաև հնարավորինս ճշգրտորեն ձևավորվի հանրային պահանջարկը և վերահսկի:
- Որպես Հանրային հեռարձակողի փիլիսոփայություն՝ 180 աստիճան փոխվելու է մոտեցումը՝ որ հանրային հեռուստաընկերությունն ու հանրային ռադիոընկերությունը ցուցադրում են այն, ինչ պահանջում է հասարակությունը: Ձևավորվելու է բարձրորակ, ազգային-մշակութային հենքով որակյալ բովանդակության պահանջարկ, որն առաջիկա վեց տարիների ընթացքում տարեց-տարի ավելի մեծ պահանջարկային դաշտ է ձևավորելու՝ փոխելով նաև մոտեցումը վարկանիշային քաղաքականության նկատմամբ:
- Խորհրդի քաղաքականությունը լինելու է՝ հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը դուրս դիտարկել այսօր շուկայում ձևավորված կեղծ վարկանիշային սանդղակից և որևէ կերպ չմրցակցել այդ կեղծ վարկանիշային սանդղակում:
Ընդհակառակը՝ իր ծրագրային քաղաքականությունների շնորհիվ ձևավորելու է որակյալ բովանդակության պահանջարկ և ըստ այդմ՝ ձևավորելու է վարկանիշային այլ սանդղակ:
- Իրականացվող ծրագրային քաղաքականությունների շնորհիվ յուրաքանչյուր տարի առավել մեծ չափաբաժին է հատկացվելու հայրենական արտադրության հաղորդումներին և Օրենքի՝ առնվազն երկու երրորդի պահանջը, գերազանցվելու է:
- Նույն ծրագրային քաղաքականությունների արդյունքում՝ ամենահարմար եթերային ժամանակը բացառապես օգտագործվելու է Օրենքի պահանջի տառին համապատասխան. այն է՝ հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար, դրանում դիտարկելով ոչ միայն լրատվական գլխավոր թողարկումը, այլև ՀՀ տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը արտահայտող հաղորդաշարեր, ինչպես նաև ՀՀ բնակչության իրավագիտակցությունը բարձրացնող, աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվություն տրամադրող, աղետների կառավարմանը և նվազեցմանը միտված հաղորդաշարեր: Սրանք Օրենքի պահանջներ են, որը կատարվելու է անվերապահորեն:
- Օրենքի այս պահանջի կատարումը սերտորեն փոխկապակցվելու է ՀՀ կառավարության ծրագրի հետ՝ բազմաշերտ հաղորդումների ու հաղորդաշարերի, լրատվական քաղաքականության միջոցով հանրությանը ներկայացնելու համար ՀՀ կառավարության ծրագրային քաղաքականությունը պաշտպանության, ներքին անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման, սփյուռքի, կոռուպցիայի դեմ պայքարի, աղքատության հաղթահարման, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի և այլ ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով հանրությանը ստանալ բազմակողմանի, համապարփակ տեղեկատվություն:
- ՀՀ կառավարության ծրագրային քաղաքականության պահանջով հեռուստատեսային եթերը «մաքրվելու է հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից»։ Կրթական և մշակութային բովանդակության «քաղաքական առանցքային նպատակը լինելու է գրական հայերենի տարածումը, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի (ուսումնական, ճանաչողական հաղորդումներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր և այլն) միջոցով գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և սփյուռքում» և այս նպատակի համար եթերացանցում տեղ են գտնելու բազմաբովանդակ հաղորդումներ և հաղորդաշարեր:
- Նկատի առնելով ՀՀ կառավարության ծրագրում ամրագրվածը՝ «Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակներում կխթանվեն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունների և հնագիտական համալիր հետազոտական նորանոր ծրագրերի իրականացումը, այդ ուսումնասիրությունների միջազգայնացումը և հանրահռչակումը», Խորհուրդն իր ծրագրային քաղաքականությունում նույնպես ներառելու է այս մոտեցումը հանրությանը ներկայացնելու բազմաշերտ հաղորդացանց:
- Խորհրդի քաղաքականության արդյունքում՝ հանրության բոլոր կողմերի, շերտերի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներգրավվածությամբ եթերացանցում տեղ են գտնելու հաղորդումներ և հաղորդաշարեր հանրության սոցիալական պաշտպանվածության, ժողովրդագրության, էներգետիկ անվտանգության, կրթության բովանդակության և այլ խնդիրների վերաբերյալ:
-Խորհուրդը որպես ուղերձ դիտարկելու է կառավարության՝ հասարակական, պետական, ազգային և համամարդկային արժեհամակարգի սփռման, պետական քաղաքականության և դրա նպատակների տարածման քաղաքականությունը:
- Ամբողջացնելով վերը նշված մոտեցումները, ստեղծվելու է նոր հաղորդացանց, նոր եթերացանց, որն իր մեջ ներառելու է առանձին աշխարհաքաղաքական, տնտեսական, կրթական-մշակութային, հասարակական և այլ խնդիրները բարձրացնող բանավիճային հաղորդաշարեր, որոնք հանրության բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկելու են Հայաստանի համար բացառիկ կարևորություն ներկայացնող հարցեր՝ քաղաքացիական հասարակության լայն ընդգրկմամբ և ներգրավվածությամբ:
Հայաստանը լինելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող երկիր, լինելով պատերազմական իրավիճակում երկիր, այսօր հանրային եթերում չունի աշխարհաքաղաքական խնդիրները քննարկող հաղորդաշարեր: Լինելով տնտեսական հեղափոխություն իրականացնել ցանկացող երկիր, չունի տնտեսական քաղաքականությունները քննարկող առանձին հաղորդաշարեր: Լինելով մշակութային հեղափոխություն իրականացնել ցանկացող երկիր՝ չունի մշակութային քաղաքականությունները քննարկող, խնդիրները բարձրացնող և լուծումներ առաջարկող առանձին հաղորդաշարեր:
- Հաղորդացանցերում ընդգրկվելու են Հայաստանի տարբեր տարածարջանների՝ մարզերի, գյուղերի խնդիրները բարձրացնող հաղորդաշարեր:
- Մեծ կարևորություն է տրվելու հասարակության Մեդիագրագիտությունը զարգացնելուն միտված հատուկ հաղորդաշարերին, որոնք ստեղծվելու են մեդիագրագիտության մասնագետների, փորձագիտական շրջանակների մասնակցությամբ և ներգրավվածությամբ:
- Մշակութային քաղաքականության առումով՝ Խորհրդի ծրագրային քաղաքականությունում մշակութային ողջ քաղաքականությունն ուղղվելու է Հայաստանում որակյալ հասարակության ձևավորմանը, որակյալ բովանդակության պահանջարկի հասարակության ձևավորմանը:
- Առանձնահատուկ տեղ է հատկացվելու հանրային եթերի կինոքաղաքականությանը: Կինոն դիտարկելով որպես մոնումենտալ քաղաքականության գործիք, իրականացվելու է հատուկ կինոքաղաքականություն:
- Հայաստանի ազգային կինոկենտրոնում և ազգային արխիվում, հանրային հեռուստատեսության և «Երևան» ստուդիայի արխիվներում պահպանվող ազգային կինոժառանգությունը հանրությանը ներկայացվելու է, մատուցվելու է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների, ժամանակակից եթերային նոր իրողությունների տեսանկյունից, դրանք հանրայնացնելու ժամանակակից մոդելների կիրառմամբ, որպեսզի այն հետաքրքիր լինի նաև երիտասարդ սերնդին:
- Հատուկ ուշադրություն է դարձվելու հայկական վավերագրական կինոյին, որը նույնպես մատուցվելու է նոր մոդելավորմամբ:
- Մեծ տեղ է հատկացվելու այսօր Հայաստանում նկարահանվող, այդ թվում և երիտասարդ ստեղծագործողների կողմից նկարահանվող հեղինակային կինոյին: Ստեղծվելու են հաղորդաշարեր, որոնք ներկայացնելու են ինչպես ազգային կինոժառանգությունը, այնպես էլ նոր նկարահանվող հեղինակային կինոն: Ի դեպ, հաղորդումներն ու հաղորդաշարեը ստեղծվելու են հենց այդ կինոյի ստեղծողների ներգրավվածությամբ՝ ապահովելու համար պրոֆեսիոնալ բարձր որակ:
- Հայաստանի մշակույթի նախարարության և Ազգային կինոկենտրոնի պատվերով, ասել է թե՝ պետության մասնակցությամբ և հանրային միջոցներով, անցած տարիների ընթացքում նկարահանվել են հարյուրավոր խաղարկային ու վավերագրական ֆիլմեր, հեռուստատեսային տեսաֆիլմեր, որոնք հասանելի չեն դարձել հանրությանը՝ իրականացված քաղաքակնության հետևանքում:
Մշակվելու է հատուկ եթերային քաղաքականություն, որպեսզի, այդ արտադրանքը հավասարապես հասանելի լինի հանրային եթերում:
- Ստեղծվելու է հատուկ հանձնախումբ, որն այդ արտադրանքը, ինչպես նաև հանրային հեռուստատեսության արխիվային ողջ արտադրանքը կարողանա համակարգված հասանելի դարձնել ինչպես հանրությանը, այնպես էլ հանրությանը եթերային ծառայություններ մատուցող հատկապես մարզային հեռուստաընկերություններին՝ համընդհանուր օգտագործման տեխնիկակական շտեմարանների ստեղծման միջոցով:
- Իրականացվելու է փոխգործակցության հստակ մշակված քաղաքականություն:
Տարիներ շարունակ «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաընկերությունը չի դիտարկվել որպես հանրային հեռուստաընկերություն և այդ հեռուստաընկերության արտադրանքը, որը նաև բացառիկ որակյալ բովանդակություն է, մնացել է առավել մեծ հանրայնացումից դուրս: Վերջին տարիներին ընդամնեը մեկ-երկու անգամ է Խորհրդում լսվել «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեության մասին հաղորդում:
- Խորհրդի քաղաքականության արդյունքում իրականացվելու է հստակ փոխկապակցված եթերային քաղաքականություն հանրային հեռուստաընկերության և «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաընկերության միջև, որը թույլ է տալու ինչպես առավել արդյունավետ կառավարել ֆինանսական ռեսուրսները, այնպես էլ առավել որակյալ բովանդակությունը հասանելի դարձնել երկու հեռուստաընկերությունների լսարաններին՝ այդպիսով մեծացնելով նաև հեռուստալսարանը:
Հանրային հեռուստաընկերության գործող տնօրենի հնչեցմամբ, հեռուստաընկերությունն ունի 700 աշխատակից, սակայն հեռուստաընկերության արտադրանքը հիմնականում աուտսորսային է, երբ օրինակ «Շողակաթ» հեռուստաընկերությունը լավագույն փորձ ունի ֆիլմերի որակյալ թարգմանության գործում, իսկ ֆիլմերի թարգմանության համար հանրային հեռուստաընկերությունում ծախսվում են աուտսորսային լրացուցիչ միջոցներ, երբ հնարավոր է այդ միջոցների առավել արդյունավետ օգտագործման շնորհիվ «Շողակաթ» հեռուստաընկերության համար առավել մեծ ծավալ ապահովել թե որակյալ բովանդակության արտադրման, թե ֆիլմային քաղաքականության առումով:
- Առավել սերտ փոխգործակցություն է ապահովվելու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության միջև: Հայտնի է, որ թվայնացված է հանրային ռադիոյի մշակութային ժառանգություն հանդիսացող արխիվը, որտեղ կան ազգային-մշակութային բացառիկ նմուշներ: Ստեղծվելու են ունիվերսալ հաղորդաշարեր, որոնք վիզուալիզացիայի ժամանակակից մոդելների կիրառման շնորհիվ այդ արխիվից ստանալու են հեռուստատեսային արտադրանք, որը հեռարձակվելու է հանրային հեռուստաընկերություններով, իսկ հանրային ռադիոյի հաղորդումներին ավելի շատ է տրվելու նաև տեսաբովանդակություն, ինչն ընդունված է ժամանակակից ռադիոյում, ինչն էլ ավելի գրավիչ է դարձնում մասնավոր ռադիոն և մրցակցության մեջ շահեկան:
- Հնարավորություն է ստեղծվելու հանրային հեռուստաընկերության արտադրանքը օգտագործել նաև հանրային ռադիոյում և հակառակը՝ կրկին խնայելով ֆինանսական մեծ ռեսուրսներ:
- Ծրագրային քաղաքականությունում մեծ տեղ է հատկացվելու լրատվական քաղաքականությանը: Ամբողջությամբ փոխվելու է լրատվական քաղաքականությունը: Այսօր, երբ լրատվական հոսքերը օրական 24 ժամ չեն լքում մարդկանց, երբ յուրաքանչյուր մարդ այսօր Մեդիա է, իսկ սոցիալական ցանցերը լրատվական հոսքեր ստեղծողներ և սպառողներ, լուրերի մի քանի թողարկումներով և գլխավոր լրատվականով համալիր տեղեկատվություն հաղորդելը նոնսենս է, անախրոնիզմ:
- Լրատվական քաղաքականությունը դիտարկվելու է հետևայալ մոդելային պատկերացմամբ:
Օրվա լրահոսը ներկայացնել տնտեսական, աշխարհաքաղաքական, կրթական-մշակութային, ասել է թե՝ ոլորտային լրատվական բազմաթիվ կարճ թողարկումների միջոցով՝ տարածված ամբողջ եթերացանցում, ինչն ավելի մեծ հնարավորություն կտա անդրադառնալ օրվա ոլորտային լրատվական, իրադարձային հոսքերին, ինչպես նաև դրանց անդրադառնալ առավել օպերատիվ կերպով, իսկ լրատվական գլխավոր թուղարկումը կազմել բացառապես օրվա լրահոսի տեսաշարային ներկայացմամբ և օրվա գլխավոր մի քանի իրադարձությունների մասին առավել հանգամանալից մեկնաբանություններով, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ սուբյեկտների, փորձագիտական շրջանակների, իրադարձությունների կենտրոնական դեմքերի մասնակցությամբ և ներգրավվածությամբ՝ որպես առավել մատչելի, հասանելի և բազմակողմանի լրատվական հոսքերի մոդել:
- Ի դեպ, ելնելով փոխկապակցվածության սկզբունքից, այդ լրատվական հոսքերը տարբեր ժամային բաշխմամբ պետք է եթեր հեռարձակվեն նաև հանրային մյուս եթերաժամերով («Շողակաթ» հեռուստաընկերություն, հանրային ռադիո), ինչը կմեծացնի լրատվական ժամանակահատվածը, ինչպես նաև կընդգրկի առավել մեծ և բազմակողմանի լսարան:
- Ստեղծվելու է սերվերային ընդհանուր տարածք, որը հնարավորություն է տալու արդյունավետ կառավարել հանրային միջոցներով ստեղծվող արտադրանքը:
- 180 աստիճան փոխվելու է արբանյակային հեռարձակման քաղաքականությունը:
Այն դարձել է սփյուռքի մեր հայրենակիցներին վանող, ամբողջ հնաոճ հեռուստաարտադրանքը սպառող հեռարձակման դաշտ:
- Արբանյակային հեռարձակման համար նախատեսվող ֆինանսական ռեսուրսով, ինչպես նաև գովազդային քաղաքականության շնորհիվ, որը չի արգելվում այս պարագայում Օրենքով, ստեղծվելու են հատուկ թիրախային հանրույթների համար հաղորդումներ և հաղորդաշարեր, ինչպես նաև հաղորդաշարեր արևմտահայերենով և օտար լեզուներով: Այդ թվում և հաղորդաշարերի ռեզյումեներ:
- Բանակցություններ են վարվելու Եվրոպական հեռարձակողների միության հետ՝ հասկանալու համար Եվրատեսիլի պարագան: Քանի որ գործ ունենք փակ տեղեկատվության հետ, դժվար է այս հայեցակարգում հստակ խոսել այդ ուղղությամբ քաղաքականության մասին, բայց եթե լինեն հնարավորություններ, ուրեմն հայեցակարգային խնդիր է համարվելու «Եվրատեսիլ» մրցույթից հրաժարվելու, այդ մրցույթի շրջանում հանրությանը հոգեխանգարմունքային վիճակի չհասցնելու քաղաքականությունը: Կան տեղեկություններ, որ այդ մրցույթի վրա ծախսվում է շուրջ 100 միլիոն դրամ, ինչը հնարավոր է բացառիկ արդյունավետությամբ ծախսել ինչպես հայրենական արտադրության, այնպես էլ սեփական արտադրության վրա:
- Մշակութային-ժամանցային քաղաքականությունում կարևոր տեղ է հատկացվելու երաժշտական մրցութային նախագծերին, որոնցում ընդգրկված են լինելու մշակութային անվանի գործիչներ, որոնք ունեն բարձր համարում և հեղինակություն: Նրանց ներգրավվածությամբ ստեղծվելու են դասական երաժշտության, օպերային, վոկալ արվեստի, ժողովրդական, ազգագրական երաժշտության ասպարեզում նոր բացահայտումներ անող հաղորդաշարեր, որոնք ընդգրկելու են Հայաստանի բոլոր մարզերն ու ողջ հայությանը:
- Հստակ քաղաքականություն է մշակվելու սերիալային արտադրությունում՝ այն դիտակելով որպես հայկական կինոարտադրության մաս: Փոխվելու է սերիալային գաղափարախոսությունը: Գլխավոր հենքը դիտարկվելու է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դրամատուրգիական ժառանգությունը՝ առանց անորակ ադապտացիաների: Դրամատուրգիական հիմք են հանդիսանալու տարբեր ժամանակաշրջանների հայ անհատների կենսագրությունների մոտիվները:
Օրինակ հայ ժողովրդի մեծ անհատների՝ Չարենցի, Բակունցի, Քոչարի, հայ հանրությանը անհայտ բազմաթիվ անհատների ժամանակաշրջանն ու կենսագրությունը վերացարկման դեպքում կարող են դառնալ դրամատուրգիական այնպիսի հիմքեր, որոնք արծարծում են թե ժամանակի խնդիրները, թե ժամանակակից հասարակության բոլոր խնդիրները:
- Սերիալային կինոարտադրությանը մասնակցելու են ժամանակակից կինոյի երիտասարդ ու միջին սերնդի լավագույն կինոռեժիսորները:
- Հատուկ ուշադրություն է դարձվելու ֆիլմային քաղաքականությունում ենթագրային մշակույթի ներդրմանը, որն ընդունված մշակույթ է Եվրոպական հեռարձակողների շրջանում և որը թույլ է տալիս առավել քիչ ֆինանսական ռեսուրսներ օգտագործել՝ պահպանելով բնագրային առավելությունները:
- Խորհրդի կողմից մշակվելու է հատուկ քաղաքականություն՝ ուղղված սոցիալական գովազդի խնդրին՝ դրանում ընդգրկելով հայկական մշակութային ժառանգության, որակյալ, զարգացող հասարակության, ներառական կրթության, առողջ ապրելակերպի և այլ խնդիրները: Ի դեպ, սոցիալական գովազդը նույնպես Օրենքի թույլատրելիության սահմաններում է, բայց չգիտես ինչու՝ դուրս է հանրային եթերից:
- Մանկական և կրթական հաղորդաշարերի, հայոց լեզվի պահպանությանն ու պաշտպանությանը, անաղարտությանը ուղղված հաղորդաշարերի ծրագրային քաղաքականությունը նույնպես լինելու է բացառիկ ուշադրության կենտրոնում:
Ստեղծվելու են հաղորդաշարեր, որոնք ուղղված են լինելու այս թիրախային խմբում մեդիագրագիտությանը, հմտությունների զարգացմանը, կրթական ցենզի բարձրացմանը, կրթության, դպրոցի և ուսուցչի դերի արժևորմանը:
- Իրականացվելու են հասրակական կարծիքի ուսումնասիրման առավել արդյունավետ և քիչ ծախսատար մոդելներ՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, սոցիալական մեդիան:
- Առանձին քաղաքականության խնդիր է տեխնիկական վերազինման ուղղությունը:
Այս խնդիրը ևս Խորհրդի կողմից քննարկվելու է մասնագիտական բարձր որակավորում ունեցող և փորձագիտական շրջանակների ներգրավվածությամբ:
Մասնավորապես հանրային հեռուստաընկերությունը գտնվում է, մեղմ ասած, վատ տեխնիկական հագեցվածության վիճակում, թեև հսկայական միջոցներ են հատկացվել այդ ուղղությանը, այդ թվում և հավելյալ միջոցներ կառավարության պահուստային ֆոնդից:
Անցած տարիների ընթացքում՝ պատճառաբանելով թվային հեռարձակման անցումը, վերացվել են բազմաթիվ ԱՍԲ-ներ՝ ապարատային-ստուդիական բլոկներ, որոնք սակայն պետք է զինվեին թվային տեխնիկայով: Հանրային հեռուստաընկերությունն այսօր նկարահանումների մեծ մասն իրականացնում է շարժական հեռուստակայանի միջոցով, որն անթույլատրելի է: Որոշ տեղեկություններով, միայն սահմանափակ թվով ԱՍԲ-ներ (կարծեմ՝ երկու) հնարավորություն ունեն իրականացնելու ուղիղ եթերի քաղաքականություն: Այս միջոցով հեռուստատեսությունից վերցվել է նրա հիմնական գործառույթը՝ ուղիղ եթերը: Շարժական կայանի խափանման պարագայում հեռուստատեսությունը կարող է կանգնել ծանրագույն իրավիճակի առջև: Հանրային հեռուստաընկերությունը միայն վերջերս է ձեռք բերել լրատվական թողարկումների պատրաստման համար օգտագործվող շարժական «պայուսյակը», որը հնարավորություն է ընձեռում իրականացնել ուղիղ հեռարձակումներ ցանկացած վայրից, որի պատճառով էլ հայտնվել էր մրցակցությունից դուրս: Ու չնայած այն ձեռք բերելուն, այսօր հազվադեպ է օգտագործվում այդ հնարավորությունը:
- Խնդրահարույց է նաև արտակարգ իրավիճակներում, պատերազմական իրավիճակներում հանրային հեռուստաընկերության պահեստային գործունեության խնդիրը: Այն լինելու է Խորհրդի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում և մշակվելու է հստակ զարգացման քաղաքականություն առաջիկա վեց տարվա համար՝ ընդգրկելով տեխնիկական մասնագետների, որոնք վերջին տարիների ընթացքում հեռացվել են հանրային հեռուստատեսությունից:
- Խորհուրդը մշակելու է հատուկ քաղաքականություն իր ենթակայությամբ գործող երաժշտական խմբերի, կոլեկտիվների գործունեության մասով, որն ուղղված պետք է լինի դրանց արդյունավետ կառավարմանը: Հանրային քննարկումների և մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում մշակվող քաղաքակնությունը պետք է ուղղված լինի դրանց առավել նպատակային օգտագործմանը, գործունեության թափանցիկությանը:
- Առանձին ուսումնասիրության խնդիր է Խորհրդի տնօրինության շենքերի, շինությունների, տարածքների, ստուդիաների գործունեությունը, դրանց վարձակալումը, շահագործումը և այլն: Այս մասով ևս կազմվելու է դրանց շահագործման հստակ քաղաքականություն՝ բաց, թափանցիկ և հրապարակային, ուղղված արդյունավետ կառավարմանը և ֆինանսական միջոցների ներգրավմանը:
Ընդհանրապես՝ Խորհրդի աշխատանքում կարևորագույն դեր է խաղալու մարքետինգային քաղաքականության և հանրային կապերի մշակումը:
- Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաստիքացուցակները հաստատելու քաղաքականությունն ուղղված է լինելու պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավմանը, աշխատակազմի օպտիմալացմանը, իսկ կառուցվածքային առումով՝ այնպիսի կառուցվածքային միավորների ու մոդուլների ստեղծմանը, որը հնարավորություն կտա իրագործել այս հայեցակարգային դրույթներից բխող ռազմավարությունների իրականացումը, իրագործել կառավարության ծրագրից բխող ոլորտային քաղաքականությունները:
Արայիկ Մանուկյան