«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Հասկացա, որ Բակունցի հետ ինչ-որ բան է պատահել…». ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

 

 

Տարբեր առիթներով շատ է գրվել «Զանգեզուր» ֆիլմի հետ Բակունցի առնչությունների մասին: Բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնցում խոսվում է այն սցենարի մասին, որը գրել է Բակունցը, որը, սակայն, չի դրվել ֆիլմի հիմքում: Որոշ աղբյուրներում խոսվում է անգամ սցենարի առաջին տարբերակի մասին, որը Բակունցինն է եղել և այլն…

Այն «Զանգեզուր» ֆիլմը, որն այսօր ունենք, վստահաբար, որևէ առնչություն չունի Ակսել Բակունցի հետ, թեպետ, որոշ տեղեկատվական նյութերում գրաված է, որ Համո Բեկնազարյանն աշխատել է Բակունցի սցենարի վրա: Բակունցյան պատմությունը ժամանակին շատ մանրամասն վավերագրել է հենց ինքը՝ Համո Բեկնազարյանը, լույս սփռելով թե ժամանակի, թե ժամանակի մթնոլորտի, վախերի ու անհանգստությունների վրա և թե պատմել է Բակունցի վերջին օրերի մասին, որը ցավալիորեն տխուր մի պատմություն է՝ լի բազում առեղծվածներով…

Այսօր մեծանուն հայ գրողի ծննդյան օրն է և այդ առթիվ հրապարակում ենք Բեկնազարյանի հուշերի այն հատվածը, ուր խոսվում է Բակունցի ու «Զանգեզուրի» մասին…

 

«…Ես պայմանավորվեցի հայ տաղանդավոր գրող Ակսել Բակունցի հետ «Զանգեզուր» խորագրով սցենար գրելու մասին, որը պետք է պատմեր Զանգեզուրի լեռներում ծվարած դաշնակների վերջին օրերի մասին (Բակունցը լինելով զանգեզուրցի, ականատես էր եղել այն իրադարձություններին, որոնց մասին, նա ուզում էր պատմել իր սցենարում):

Շատ արագ կերպով ավարտելով լիբրետոյի վրա կատարվելիք աշխատանքը, նա այն ուղարկեց կոնսուլտացիայի և հաստատման: Ես բազմաթիվ անգամ ցանկություն հայտնեցի ծանոթանալու այդ լիբրետոյին, բայց ամեն անգամ Բակունցը պատասխանում էր, որ շատ շուտով այն կհաստատվի և դրանից հետո մենք անմիջապես կսկսենք աշխատանքը սցենարի վրա: Մենք այդպես էլ չտեսանք նրա հաստատումը:

Մի քանի ամիս անց, միանգամայն անսպասելի, ոնց որ գլխիդ խփեն, մեզ հասավ Հայաստանի ԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ողբերգական մահվան գույժը: Ոչ ոք չգիտեր տեղի ունեցածի մանրամասնությունները: Ասում էին, որ իբր Խանջյանը ինքնասպանություն է գործել, որովհետև «խճճվել է հակասովետական կապերի մեջ…»: Այդ ամենը գիտակցության մեջ չէր տեղավորվում…

… Հոկտեմբերին ես գործով շտապ մեկնեցի Մոսկվա: Մենք Բակունցի հետ պայմանավորվեցինք, որ հենց որ լիբրետոն հաստատվի, նա նույնպես անմիջապես կթռչի Մոսկվա:

Մոտ երկու շաբաթ անց առավոտյան ինձ արթնացրեց հեռախոսի զանգը: Բակունցն էր խոսում: Ես շատ ուրախացա.

- Ուրեմն ամեն ինչ կարգի՞ն է, հավանությունը ստացվա՞ծ է:

- Այո… Այսինքն… Դե ես Ձեզ ամեն ինչ կբացատրեմ հանդիպելուց…

Նա տատամսում էր, ինչ-որ բան մինչև վերջ չէր ասում: Անհագստացած, ես նրան խնդրեցի իսկույն գալ ինձ մոտ, որպեսզի անմիջապես մեքենայով մեկնենք իմ ամառանոցը, որը գտնվում էր Վնուկովոյում, Մոսկվայից քսան կիլոմետր հեռավորության վրա: Դա, չգիտես ինչու, Բակունցին հարմար չէր թվում: Վերցնելով ամառանոցի հասցեն, նա խոստացավ ժամը մոտ տասներկուսին գալ այնտեղ:

Ես ամառանոց եկա առավոտյան ժամը տասին: Առմուտքի մոտ նկատեցի մի անծանոթ սև մեքենա: Դեռ իմ մեքենայից դուրս չէի եկել, երբ քաղաքացիական հագուստով երեք անծանոթ մարդ իմ ճանապարհը կտրեցին:

- Դուք Բակու՞նցն եք,- հարցրեց նրանցից մեկը:

Ես նրանց բացատրեցի, թե ով եմ, փաստաթղթերս ներկայացրի:

- Իսկ որտե՞ղ է Բակունցը:

Ես ասացի, որ նրան սպասում եմ ժամը տասներկուսին: Դրանից հետո նրանք վերադարձան մեքենայի մոտ, բայց չմեկնեցին, այլ մեքենան կանգնեցրին առմուտքից հեռու, թփուտների ետևում և սկսեցին այնտեղից հետևել գծանցին: Պարզ էր, թե ինչու էին նրանք սպասում գրողին:

Եկավ ժամը տասներկուսը, մեկը, երկուսը: Բակունցը չէր գալիս: Ես ուզում էի հուսալ, որ նա այլևս չի գա: Չէ՞ որ կարող էր մոլորված լինել, իմ տունը չգտնել: Վերջապես կարող էր և մնացած լինել անհետաձգելի գործերով:

Բակունց այդպես էլ չեկավ, իսկ անծանոթ մեքենան մնաց մինչև երեկոյան ժամը վեցը: Ես մի քանի օր մնացի ամառանոցում:

Չեմ հիշում, Մոսկվա վերադառնալուց հետո երկրորդ, թե՞ երրորդ օրն ինձ զանգահարեց իմ բարեկամը: Ես հարցրի նրան՝ արդյոք չգիտե՞, թե ինչ է պատահել Բակունցի հետ: Զրուցակիցս ընկճված մի վայրկյան լսեց, հետո անխռով տոնով սկսեց պատմել ինչ-որ մանրուքների մասին:

Ես որոշեցի, որ նա իմ հարցը չհասկացավ և կրկնեցի այն: Զրուցակիսց կրկին մի վայրկյան լռեց, կարծես սայթաքեց, իսկ հետո խոսակցությունը շարունակեց նախկին չարագուշակ-անխռով տոնով…

Եվ ես հասկացա. Բակունցի հետ ինչ-որ բան է պատահել: Ըստ երեևույթին նրան ձերբակալել են, իսկ զրուցակիցս չի ուզում այդ մասին խոսել, որովհետև սենյակում մենակ չէ:

Անցավ ևս մեկ շաբաթ, և ինձ ծանուցագրով կանչեցին Լյուբյանկայի վրա գտնվող հռչակավոր շենքը:

Այն առանձնասենյակում, ուր ես պետք է ներկայանայի, ինձ դիմավորեց մի ոչ-երիտասարդ գեր կին: Առաջարկելով իրեն հետևել, նա ինձ տարավ ինչ-որ անվերջանալի միջանցքներով: Մենք մի հարկ բարձրացանք, հետո իջանք, հետո նորից բարձրացանք:

- Այստեղ դուք պետք է սպասեք:

Նայում եմ շուրջս-լուսամուտ, նրա մոտ դրված մի նստարան, որի վրա նստած է մաշված գլխարկով մի մարդ: Հենց որ ես նայում եմ նստարանին, նա սկսում է կարծես բարձրաձայն խորհել.

- Այդպես… լավ գործ է… այստեղ որ ընկա, պրծավ… այժմ մեզ կենդանի բաց չեն թողնի… ազնիվ մարդկանց քշում են նկուղները… անխիղճ, անիծված մարդիկ:

Ես լուռ եմ, իսկ նա շարունակում է.

- Ահա առավոտվանից նստած եմ այստեղ և ինչո՞ւ համար: Ես ազնիվ մեխանիկ եմ: Բայց մեկ է, կտանեն կնստեցնեն, ես նրանց գիտեմ… - Սովորական դեդեկտիվային նկարից վերցրած և բավականին միջակ ռեժիսյորի բեմադրած այդ էժանագին տեսարանը ինձ ձանձրացրեց և ես խիստ տոնով ասացի.

- Լսեք, ի՞նչ եք նվնվում: Եթե դուք ազնիվ մարդ եք, ձեզ կհարցաքննեն և բաց կթողնեն: Այստեղ ազնիվ մարդկանց չեն պահում:

Բայց նա համառորեն շարունակում էր շաղակրատել նույն թեմայի շուրջը:

… Շուտով եկավ գեր կինը և ինձ տարավ նույն անվերջանալի միջանցքներով ու սանդուղքներով: Վերջապես ինձ տարավ քննիչի մոտ: Վերջինս ինձ առաջարկեց նստել և սկսեց խոսել այն մասին, որ ինձ գիտե կինոնկարներից, որպես սովետական ազնիվ մարդու, միանգամայն վստահում է ինձ և միայն ուզում է Բակունցի մասին որոշ մանրամասնություններ իմանալ:

Ես պատասխանեցի, որ Բակունցին գիտեմ միայն նրա ստեղծագործությամբ, գնահատում եմ նրան որպես լավ գրողի, պատրաստվում էի նրա հետ միասին պատմա-հեղափոխական թեմայով սցենար գրել՝ Զանգեզուրի լեռներում ամրացած դաշնակցականների վերջին օրերի մասի: Քննիչն ինձ ընդհատեց:

Գլխի գցող հարցերով նա փորձում էր ինձնից խոսք պոկել այն մասին, որ իր սցենարում Բակունցը մտադիր էր արդարացնել, նույնիսկ մեծարել դաշնակցականներին: Ես ասացի, որ լիբրետոն դեռ չեմ կարդացել, իսկ անձնական զրույցներում Բակունցը դաշնակների մասին խոսում էր մեծագույն արհամարանքով: Դրանից հետո քննիչը սկսեց ինձ համոզել, որ ես սխալվում եմ, որ ես բավականաչափ զգոնություն չեմ ցուցաբերել, որ Բակունցը մերկացված է որպես արտասահմանյան հետախուզության դրածո և եթե ես հիշողություններս քրքրեմ, չեմ կարող համապատասխան ապացույցներ չգտնել…

- Ես գիտեմ մտահղացումը,-համառորեն կրկնում էի ես: - Կա նաև Բակունցի լիբրետոն, որը կարող են ուղարկել այստեղ: Այդ դեպքում հեշտությամբ կարելի է համոզվել՝ ես ճշմարտությո՞ւնն եմ ասում, թե փաստերն աղավաղում եմ…

Քառասուն րոպե տևած հարցաքննությունից հետո ինձ բաց թողեցին…

Բակունցի օգնությունը ստանալու հույսից այժմ ստիպված էի հրաժարվել: Վերադառնալով Հայաստան, ես անմիջապես մեկնեցի Զանգեզուր՝ նյութեր հավաքելու ինձ հետաքրքրող մարդկանց ու իրադարձությունների, հատկապես դաշնակցականների դեմ ուղղված պարտիզանական շարժման մասին: Պարզվեց, որ նյութերը չափազանց շատ են ու բազմազան:

… Աշխատանքը հաջողությամբ էր գնում: Նրա մեջ մենք կարծես փրկություն էինք գտնում ժամանակի ողբերգական կոնֆլիկտներից, այն տանջող հակասություններից, որոնց հանդիպում էինք յուրաքանչյուր քայլափոխին…:

… Շատերն այն ժամանակ ապրում էին մշտական ու ծանր սարսափի մեջ: Գիշերները դռների մոտ լսվող ամեն շշուկ մարդկանց ստիպում էր տեղաշորից վեր թռչել: Ձերբակալությունները տեղի էին ունենում գրեթե ամեն գիշեր… Երևանում բանտարկվածների թվում էին իմ բարեկամներից շատերը: Զրպարտության զոհ դարձավ Դզնունին: Շուտով ինձ խիստ գաղտնաբար հաղորդեցին, որ պատրաստ է հերթական ցուցակը, որում նշված են մշակույթի տասներեք հայտնի գործիչներ: Տասներեք համարի տակ իմ ազգանունն էր:

Այն ժամանակ ես ապրում էի հյուրանոցում: Երեկոյան վերադառնալով ստուդիայից, ես շալի մեջ փաթաթեցի մի փոքրիկ բարձ, մի քիչ ուտելիք վերցրի և սկսեցի սպասել: Իհարկե, չքնեցի, գիրք էի թերթում, տասնյակ անգամ վերադառնում նախորդ էջին… Ժամը հինգին դուռը ուժեղ ծեծեցին: Ես վերցրի շալը և դուռը բացեցի:

- Իսկ ո՞ւր եք պատրաստվում, Համո Իվանիչ:

Իմ առաջ կանգնած էր մի երիտասարդ կին, ճամպրուկը ձեռքին: Նա զարմացած հայացքով նայեց ինձ: Դա իմ համառեժիսյոր Յակով Դուկորի քենին էր, որը ժամանել էր գիշերային գնացքով…

Հազիվ թե այդ րոպեին ես հերոսկան տեսք ունենայի:

Սարսափի զգացումը տեղի տվեց ուրախության, բայց ոչ երկար ժամանակով: Առավոտյան, երբ ես եկա ստուդիա, որտեղ արվում էին «Զանգեզուր» ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները, ինձ հանձնեցին մի ծանուցագիր, որով ես պետք է ժամը երկուսին ներկայանայի դատախազին: Վիճակս, ինչ խոսք, աշխատանքային չէր: Ես հետաձգեցի մյուս օրվա համար ծրագրված բոլոր փորձնական նկարահանումները:

Վերադարձա հյուրանոց, վերցրի իմ դեռ չբացված շալը և քայլերս ուղղեցի դեպի քաղաքային դատախազության շենքը:

Ինձ անմիջապես տարան դատախազի սենյակը…:

- …Համո Իվանովիչ, չկա մի հայ, որը ծանոթ չլինի ու չսիրի ձեր ֆիլմերը: Եվ եթե ես, չնայած ձեր նկատմամբ ունեցած իմ հարգանքին, այնուամենայնիվ, որոշեցի ձեզ անհանգստացնել, ապա դա բացառապես առաջնակարգ կարևորություն ունեցող գործի պատճառով:

Ես պատրաստակամություն հայտնեցի պատասխանելու բոլոր հարցերին:

- Նախ և առաջ ես կկամենայի, որ դուք ձեր հեղինակությամբ, հաստատեք, որ Դզնունին բեմադրել է «Նամուս» հակահեղափոխական ֆիլմը:

Չնայած մոմենտի կարևորությանը, ես դժվարությամբ զսպեցի ժպիտս:

- Դզնունին չի բեմադրել «Նամուս»-ը,- բացատրեցի ես,- այդ ֆիլմի բեմադրողը ես եմ: Դզնունին ստուդիայի դիրեկտորն էր: «Նամուս»-ը մերկացնում է ադաթը և բեմադրված է ըստ հայ գրականության դասական գրող Շիրվազնզադեի հիանալի երկի, մի գրող, որը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հակահեղափոխական բաներ երբեք չի գրել…

- Եվ չնայած դրան, նկարը հակահեղափոխական է ստացվել,-հայտարարեց դատախազը:

  

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ