Ժաննա Ղոչիկյան
Ժաննա Ղոչիկյան

 

Գրող:

Հրապարակախոս:

Հեռուստամեկնաբան:
 

«Հասկացանք, որ նախկին եք, բայց հո նախկին հա՞յ չեք...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ

 

Աշոտյա՞նն  էր, թե՞  Ֆարմանյանը, թեպետ ՝ ի՞նչ տարբերություն, խոստացավ հարամել  Նիկոլի կյանքը: Այդ որոշումն, իհարկե, խմբային է եղել՝ նախկինական:

Լա՜վ էլ հարամում են և՛ Նիկոլի, և՛ ժողովրդի կյանքը: Նրանք չեն ներում Նիկոլին, չեն ներում ժողովրդին,  նրանք իրենց դեռ պատկերացնում են իրենց նախկին կարգավիճակում:

Հարամողների բանակը համալրված է մերժված-չկայացած Նախագահ-Վարչապետներով, կուսակցապետերով, Եվ հարամելու հնարքներ է, որ հորինում են, իսկ նախկինապաշտ ու նակինահաճո ԶԼՄ-ներին էլ, Աստված տվել-չի խնայել, գրիչները զենքի վերածած, կրակում, հա՜ կրակում են: Իսկ եթե կրակում են ժողովրդի ընտրյալի, ուրեմն ժողովրդի վրա են կրակում: Իսկ ԶԼՄ-ներում ժողովուրդ չկա, ժողովրդին նվիրյալ, չվարկաբեկված մտավորականներ չկան:

Չորրորդ իշխանությունը բաժանվել է երկու անհավասար  ընդդիմադիր ճակատի: Առաջնության դափնին նախկինականների ձևավորած, պահած-շահած մամուլի, հեռուստաեթերների  ու կայքերի ձեռքերում է: Իշխանության հույսը ազդեցություններից ազատ, ազնիվ, երկրի ու ժողովրդի արժանապատիվ կյանքի համար մտահոգ լրագրողներն են:

Լրագրողական աշխարհում քաղաքացիական պատերազմ է:

Օգտվելով իրենց դերակատարման գերազդեցությամբ, դափնեկիրները  ջանում են քաղաքացիական պատերազմը տեղափոխել հասարակություն, քաղաքացիական պատերազմ են հրահրում հասարակության մեջ՝ թիրախ դարձնելով խոցելի խավերին, նրանց սոցիալական՝ վաղուց բռնաբարված վիճակը և ուղղորդելով նոր ու առաջին քայլերն անող կառավարության դեմ: Նրանք իրենց վերագրել են հսկիչի, վերահսկիչի, վարկաբեկիչի, ոչ թե քննադատողի, այլ քարկոծողի դեր:

Ա՛յս մամուլը հասարակության դեմ է, ա՛յս մամուլը չի նպաստում հասարակության բնական կյանքին, առաջընթացին, երևույթներին միայն սև ակնոցներով է նայում՝ առանց սեփական խոսքի ու վերլուծությունների, առանց իրական-մասնագիտական դիտարկումների: Նրանք միայն ընտրած ու հատուկ հակա-հակա կողմնորոշումներ ունեցողներին խոսեցնողներ են :

Ա՛յս մամուլը խաղում է հասարակության ներվաթելերի հետ, պղտորում է հասարակության հոգին:

Վ. Ի. Լենինը մեզ՝ կոմունիզմ կառուցող սերնդիս, սովորեցնում էր, թե կապիտալիստական երկրներում լրագրողը կախված է բուրժուայի քսակից: Այսինքն վճարում է բուրժուան՝ փողատերը, պատվիրում է բուրժուան՝ փողատերը: Իսկ մենք մոտ երեք տասնամյակ կապիտալիստական երկիր ենք՝ սկսած կապիտալի կուտակման վայրի շրջանից մինչև թալանի, շահագործման, կաշառակերության, ապականության  նո՜ր  «քաղաքակրթված» շրջանը, երբ ժողովուրդը համակերպվեց անհավասար բևեռների գոյության հետ և ճկվում էր սոցիալական ու կենցաղային հազար ու մի բեռան տակ:

Թերթերը մասնավոր էին, միայն վաճառքը եկամուտ չէր ապահովում, եկամուտ էին ապահովում գովազդային նյութերը, հովանավորչական գումարները, պատվերով նյութերը: Ցանկացած աշխատանք պիտի վարձատրվի, իհարկե, և քանի որ վճարունակները ունևորներն ու պաշտոնյաներն էին, ԱԺ պատգամավորները, հենց նրանք էլ դարձան գործող հերոսները, նրանց գործողություններով ու նկարագրով էլ երկրի բնութագիրն էր կերտվում:

Ա՛յս կախվածությունը մամուլը դեռևս չի հաղթահարել:

Լրագրությունը կորցրեց հասարակական կյանքում իր առաջամարտիկի դերը, որովհետև դադարեց հասարակության շահերին ծառայելուց, մանկապատանեկան լրագրությունը սենսացիաներ էր որոնում, ճչացող, երբեմն էլ բովանդակության հետ կապ չունեցող  վերնագրեր էր հորինում ոչինչ չասող կամ սրան-նրան վարկաբեկող նյութերի համար:

Եվ, ուրեմն,  դարձ՝  ի շրջանս յուր:

Նախկին զորեղ, հիմնականում իրար դեմ քողարկված նյութեր պատվիրողները մնացին զորեղ, բայց արդեն միասնակա՛ն պատվիրատուներ, որովհետև նրանց շահերը համընկան՝ կատաղի պայքար նոր կառավարության, անթաքույց ատելությամբ պայքար նրա նո՛ր ղեկավարի դեմ:

Հասարակության մեջ միայն ատելության, անվստահության, հիասթափության սերմեր են ցանում՝ վառ պահելով հուսահարության կրակը:

Երկրում, փաստորեն, ոչ միայն իշխանության գալու, այլև ընդդիմադիր դառնալու համար են մարտեր մղվում: Կարծես թե իրենց կառուցողական ընդդիմություն են ուզում հռչակել, բայց ո՜չ, ընդդիմություն խաղացողների առաջնորդներից յուրաքանչյուրը հե՛նց իրեն է տեսնում իշխանության ղեկին և դեռ արմանք-զարմանքի մեջ է, թե էս Նիկոլին ո՞նց հաջողվեց, նա ո՞նց կարողացավ, իսկ իրականում և հիմնականում, թե՝ էս Նիկո՞լն  ով էր, որ, իրենք ու՜ր, Նիկո՜լն ուր, իրենք արժանի ու անսխալական, Նիկոլը սխալական ու անարժան:

Եվ բացահայտ ու քողարկված ի՜նչ քար ու նետ ասես ուղղորդում են:

Բա քաղաքագետները՜: Նրանց որ լսես, Հայաստանն արդեն ոչնչացման եզրին է կամ արդեն պայթել է, Արցախն արդեն Ադրբեջանին է նվիրված, մեջբերումներ են անում Ալիևից՝ հիվանդ բարբաջանքներն ու երազանքը իրականության տեղ մատուցելով՝ ահ ու սարսափի մեջ են պահում լսարանին, այնպես էլ անառարկելիորե՜ն, այնքան էլ հաստատակամ ու համոզվա՛ծ, դե արի ու մի հավատա, եթե չես էլ հավատում՝ կասկածները կրծում են քեզ:

Ահել-ջահել լրագրողները քաղաքական մեկնաբան են դարձել՝ կրկնելով միևնույն և իրարից յուրացրած հարցումները: Հարցադրումներն էլ նույնն են՝ ձեր կարծիքը, ձեր կանխատեսումները, այսինչը ի՞նչ կանի, այնինչը ի՞նչ կասի… և քաղաքագետների կարծիքը փափեթավորում, փաթափում-հրամցնում են լսող-ընթերցողին՝ հաղորդելով միայն բացասական լիցքեր:

Համացանցում անհամար կայքեր կան, քիչ էր մնում ասեի՝ այնքան շատ, որ շունը տիրոջը չի ճանաչում (կներեք), բայց լա՜վ էլ տեսանելի ու ճանաչելի է, թե ով ում բարեկամն է, ով ում աչքի փուշն է, ով՝ աչքի լույսը:

Հասարակության բազմաբևեռացումը գնալով խորանում է: Ժողովրդին սնում են քաղաքական թյուրիմացությամբ, սուտ ու կեղծ տեղեկատվությամբ, ամեն ինչի դիմում են, որ թերահավատության ու կասկածների որդը կրծի ժողովրդի միտքն ու հոգին:

Մեզ շեղում են հիմնականոն լավատես ընթացքից:

Իրականությունը խճողվում- խեղաթյուրվում է, խելո՜ք-խելոք ենթադրություններն ու կանխատեսումները, ավելի ճիշտ՝ գուշակությունները, մատուցում են զտարյուն ճշմարտության տեղ՝ անորոշ շփոթության, ինչու՞ ոչ, նաև վախի մեջ թողնելով լսող-ընթերցողին:

Չեմ փորձում և չեմ ուզում, չեմ կարող համալրել հիասթափվածների, քարկոծողների, հայհողների շարքերը, բայց իրականությունն ինձ համար, եթե չասեմ վտանգավոր, ապա հաստատ մտահոգիչ է այն աստիճանի, որ երբեմն հետևություն եմ անում, թե որքա՜ն տրոյական ձի կա այս մի բուռ մնացած իմ երկրում, դավադրության որքա՜ն որջեր կան

Երբեմն ինձ թվում է, թե սատանայական ոռնոցներից, հորթային քրքիջներից, գռեհիկ հումորով չէ, ձեռառնոցներով, երկրիս կործանումը գուժող ագռավական կռկռոցից Արցախն արդեն կորցրել, մենք էլ , ուր որ է, ոչնչանալու ենք:

Մեր ժողովուրդը մի բռունցք է դառնում, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում:  Եվ, ուրեմն, եթե չենք բռունցքվում, ուրեմն դեռ դանակը չի հասել ոսկորին, ուրեմն պիտի բռունցվենք, որ նորից դանակը ոսկորին չհասնի: Իսկ եթե պիտի բռունցվենք, ուրեմն նրա՛նց դեմ, ովքեր ճգնում-ջանում են դանակը ոսկորին հասցնել:

20-30 տարում երկիրը ծվատվել է, գյուղերն ամայացել են, հողերն ամլացել, ով ճար ու հնար ունի, լքել է իր տունն ու տեղը, հարազատներին, դարձել է հեռակա հայրենասեր:

20-30 տարի անելանելի վիճակում ապրող ժողովուրդը համոզված էր, թե վերջապես ելքը գտնվեց, այդ ելքը սակայն կայծակնային արագությամբ, կախարդական փայտիկով չկարողացավ մեկ ու կես տարում երկիրը դրախտավայր սարքել, Ռոբին Հուդեր չհայտնվեցին, որ թալանն ու կողոպուտը վերադարձնեին թալանված երկրին ու կողոպտված ժողովրդին:

Ակնկալիքի՝  ակնթարթային իրողություն չդառնալն է, որ հիմա դարձել է շահարկման, նոր կառավարության հանդեպ հիասթափություն ու անվստահություն սերմանելու միջոց-գործիք:

Երկրորդ անգամ նույն, այն էլ ճահճացա՜ծ գետը, չեն մտնում:

Ժողովուրդը միշտ իմաստուն է, իսկ սխալված ու իր սխալներից դասեր քաղած ժողովուրդն՝ ավելի քան:

Եվ  ն ա ՛և՝

Մարդ չգիտի էլ՝ ձեզ հետ ի՞նչ լեզվով խոսի:

Ա՛յ նախկիններ ջան, հասկացանք, որ նախկին եք, բայց հո նախկին հա՞յ չեք:
Դուք հո ժամանակավոր կացարանու՞մ չեք ապրում: Հայաստանը մեր ու ձեր Հայրենիքն է, չէ՞: Ճիշտ է, ձեր Հայրենիքն ուրի՜շ էր, ժողովրդի Հայրենիքը՝ ուրի՛շ, բայց հիմա փորձեք ապրել մե՛կ ու նու՛յն Հայրենիքում: Մենք ո՞նց էինք ապրում ձե՜ր Հայաստանում:

Հանդարտվեք, էլի, հարմարվեք, համակերպվեք, փորձեք մի՜ քիչ ժողովուրդ դառնալ:

Ձե՞զ նման իշխանություններ են եկել ու անցել, ձե՞զ նմաններն են կանգնել ժողովուրդների ու պատմության դատաստանի առջև: Չխորանամ համաշխարհային պատմության խորխորատներում, շատ էլ հեռու չգնամ՝ դուք Ցարական Ռուսաստանից ավելի հզոր ու ժողովրդասե՞ր էիք, Կոմունիստների իշխանությունը ձեզնից թու՞յլ էր, դուք Չաուշեսկուից ավելի անմե՞ղ եք, ՀՀՇ-ն իշխանասեր չէ՞ր, թե՞ ձեզնից պակաս հայրենասեր էր, որ իշխանակռիվ չտվեց:

Հիմա ի՞նչ է եղել, ապրեք, էլի, մի քիչ էլ որպես ժողովուրդ ապրեք, ճիշտ է, մի քիչ անհամատեղելի է՝ դուք՝ ու՜ր,ժողովուրդն՝ ուր, բայց դե, հիմա էլ դու՛ք դիմացեք:

ժողովրդից ներողություն չխնդրեցիք, բայց գոնե թույլ տվեք՝ մոռանա՜ն ձեզ ու ձեր առավել ապահո՜վ Հայաստանը, ընտելացեք ձեր նոր կարգավիճակին, մի պղտորեք նրա նոր կյանքը:
 

Հ. Գ.  Ուշադիր նայեք ձերոնցական քարոզիչ-պաշտպանների հայացքներին, հետևեք նրանց խոսելաձևին, անբարո բառապաշարին, ժողովրդին ամենակեղտոտ արտահայտություններով պիտակակավորելուն: Նկատելի իրողություն է, չէ՞, նոր իշխանությունները նրանց չեն «սանձում»: Իսկ նրանք վաղուց արդեն անցել են Ռուբիկոնը, նրանք ձեր պատվերն ու հանձնարարություններն են կատարում, ձեր հրահանգները:

Նրանք՝ դու՝ք եք: Այսօր միայն նրա՛նք են ձեր ժողովուրդը:

Եվ նաև՝ խնդրում եմ՝ մի՛ սպառնացեք, մի վախեցրեք, հաթաթաներ մի տվեք:  

Երկրաշարժ, Հոկտեմբերի 27, Մարտի 1 տեսած ժողովուրդը ջանում է թոթափվել նաև ձե՛ր ներշնչած վախերից և նո՛ր վախերից այլևս չի վախենում:

 

Ժաննա Ղոչիկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ