Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

 

Աթենքի

համալսա-

րանի քաղա-

քագիտության

և պետական

կառավարման

ֆակուլտետի

շրջանավարտ:

 

Բանա-

ստեղծ,

արձակա-

գիր:

«Հավաքարարի իրական կյանքը...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Մայրաքաղաքի արագ  սննդի ցանցերից մեկում է աշխատում տիկին Սեդան: Թեև արդեն վաթսուն տարեկան է դառնալու՝ մտքում իրեն բժշկուհի է պատկերացնում՝ սպիտակ խալաթով, ապաքինվող հիվանդի մահճակալի կողքին: Սակայն ստիպված է կրել այլ խալաթ՝ հավաքարարի՝ կարմիր-կապույտ-շագանակագույն գծերով:

Սովետի ծնունդ՝ տիկին Սեդան կարող էր բժշկուհի դառնալ: Սովետի հիմնարկեքի ժամանակ ցարի երեխաների ոսկորներն են օգտագործվել՝ իրենց  իսկ արյամբ շաղախված, սակայն սովետական հրեշն իր քաղաքացիներին ցանկացած մասնագիտություն ձեռքբերելու հնարավորություն էր տալիս: Առանց ուսման վարձերի առկայության: Եթե քաղաքացիներն ի վիճակի էին լինում հանձնել քննությունները, ընդունվում էին բուհ: Առանց կաշառքի, առանց ծանոթ խառնելու: Եղել են, իհարկե, շատ խելացի մարդկանց բավական բութ զավակներ, ովքեր ընդունվում էին ծանոթով անգամ սովետական համակարգում, սակայն տիկին Սեդան բժշկուհի չդարձավ այլ պատճառով: 

Ծնողները՝ մայրաքաղաք տեղափոխված գեղջուկներ, լավ չէին պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում համալսարանը և բարձրագույն կրթությունը: Այդ պատճառով, երբ Սեդան տասներորդ դասարանում հայտարարել էր, թե ուզում է բժշկական ընդունվել, մի փոքր զգուշությամբ վերաբերվեցին դստեր խոսքերին: Միաբերան խորհուրդ տվեցին տեխնիկում գնալ՝ կյանքում պետքական մասնագիտություն  սովորելու: Բացի այդ, բժշկականում ուսումն երկար էր տևելու, և ծնողներն անհանգստանում էին. բա Սեդան հասկանու՞մ է, որ ամուսնանալու է արդեն ոչ թե քսան, այլ քսանչորս-քսանհինգ տարեկանում, եթե ոչ ուշ: Վերջին հարվածը հասցրել է հարևանը. ասաց, իբր թե կարճահասակներին բժշկական չեն ընդունում:

- Սեդա ջա՛ն, բժիշկը պիտի բարձրահասակ լինի, հարգանք ներշնչի, ստիպի հիվանդին, որպեսզի հիվանդը նրա հետ ազնիվ լինի, չխաբի:  Բացի այդ, բա որ, ավարտելուց հետո, ուղեգրով, մի քանի տարով ուղարկեն, ասենք, Սիբիր՝ տայգա՞: Ձերոնք ի՞նչ են անելու: Աղջիկ երեխա ես...  Բա որ հանկարծ պսակվե՞ս ըդտեղ...

ԳԱՐԻԿ

Սեդան ընդունվել է տեխնիկում: Ավարտելուց հետո ամուսնացավ Գարիկի հետ: Տղա երեխա ունեցան, անվանեցին Գարիկի հոր պատվին՝ Ներսես: Ներսեսի ծնվելուց հետո բնակարան ստացան: Երկուսով անցան աշխատանքի նույն գործարանում: Ամեն ինչ հանգիստ էր, ապահով: Եվ վրա հասավ 1988 թիվը...

Հանկարծ չէր հասել: Բայց մարդկանցից շատերի՝ այդ թվում նաև Սեդայի և Գարիկի համար անակնկալ էր: Մարդ ու կին փոքր Ներսեսին թողնում էին տատերի-պապերի մոտ, գնում էին ցույցերի, հացադուլների էին մասնակցում, թռուցիկներ բաժանում: Գարիկը նոր ընկերներ սկսեց տուն բերել: Նրանք քննարկում էին Նժդեհի, Շահան Նաթալիի և Միացման գաղափարները, խոսում էին Կենտրոնի և Երևանի քաղաքական մոտեցումների մասին, վստահ էին, որ Գորբաչևը չի տիրապետում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին և ծխում էին՝ շատ, և ավելի շատ՝ խմում:  Քանի՛ անգամ Սեդան խնդրել էր ամուսնուն՝ մի՛ ծխեք, կողքի սենյակում երեխա կա:

- Ա, աղջի՛, դու ի՞նչ ես հասկանում պոլիտիկայից, - պատասխանում էր Գարիկը, - դու պատկերացնու՞մ ես՝ էս ի՞նչ ժամանակում ենք ապրում: Ավելի լավ ա՝ մի քիչ փող տու՛ր, գարեջուրն  ա վերջացել:

Այն գործարանը, որտեղ աշխատում էին Սեդան և Գարիկը, փակվել էր 1991 թվականին: Ներսեսն այդ ժամանակ արդեն լավ մեծացել էր, իսկ Գարիկը՝ նոր ընկերների ազդեցության շնորհիվ, դարձել էր հարբեցող: Տան եղած-չեղածը տանում-ծախում էր, որպեսզի կարողանա սկզբում՝ «տղեքի», իսկ հետո՝ հենց իր համար, օղու մի շիշ գնել: Նա դեռ շարունակում էր խոսել Նժդեհից և պայքարից, բայց երբ իր մանկութան ընկերներից մեկն ասաց, որ կամավորական ջոկատ է կազմավորվում իրենց համադասարանցու կողմից, Գարիկը հանկարծ սկսեց բողոքել սրտից: Եվ, ապահովության համար, մի քանի շաբաթով մեկնել է հորեղբոր տղու մոտ՝ գյուղ: Մի քանի ամսից ևս մի դեպք տեղի ունեցավ: Գարիկի համադասարանցու կողմից կազմավորված կամավորական ջոկատի տղաներից մեկին բերեցին հիվանդանոց՝ վիրահատելու: Արյուն էր հարկավոր վիրահատություն կատարելու համար:

- Գարիկ ջա՛ն, ինչ կլինի, ընկեր, արի՛, դու նույնպես արյուն տու՛ր մեր Տյոմի համար, - խնդրել է մանկության ընկերը, - վաղը կգա՞ս հիվանդանոց:

 - Հա, կգամ, - ներքուստ՝ հիասթափված, բայց պատրաստակամություն արտահայատող ձայնով ասաց Գարիկը:

 Եվ նա, իսկապես, եկավ: Ուղղակի, երբ բժիշկը, ըստ կարգի, հարցրել է՝ ալկոհոլ վերջին անգամ ե՞րբ եք օգտագործել, Գարիկը հանգիստ պատասխանել է.

- Այսօր առավոտյան ընկերոջս հետ մի կես շիշ արաղ ենք խմել:

-Ներողությու՛ն, բայց դուք չեք կարող արյուն տալ, - ասաց բժիշկը՝ զարմանքով նայելով քառասուն տարեկանի հասած, իր առաջ գտնվող մարդ կոչվող արարածին:

- Գարի՛կ, բայց դու գիտեիր, չէ՞, որ այսօր ինչ ես անելու, - ջղայնացավ մանկության ընկերը, - ինչու՞ ես խմել:

- Ա, դե, ապե՛ր, ցավդ տանեմ, ընկերս էր եկել, քանի վախտ իրար չէինք տեսել: Բա չխմեի՞նք:

Իրականությունն այլ էր: Իսկապես, իրեն պես հարբեցող ընկեր ուներ Գարիկը: Իրոք, իրար չէին տեսել երկար ժամանակ, թեև մեկի տնից դեպի մյուսի տունը մի կիլոմետր անգամ չկար: Չէին հանդիպում, քանի որ վիճել էին, իրար քաշքշել: Սակայն այդքան շատ չէր ուզում Գարիկն օգնել անծանոթ ազատամարտիկին, որ որոշել էր նախկին ընկերոջը հրավիրել և խմել հետը: Լավ գիտեր Գարիկը, որ չի կարելի խմել այն մարդուն, ով արյուն պետք է տա: Եվ իր հաշվարկը ճիշտ էր դուրս եկել...

Ինչևէ, օղին պատճառ էր դարձել, որ Գարիկը՝ լավ խմած, փողոցում, մի ոստիկանի հետ զրույցի է բռնվում՝ սեփական թերարժեքության բարդույթները հաղթահարելու նպատակով:

- Մի կաթիլ մեղրը ձեզ օրինակ, - մեղադրական ճառով հանդես գալու ժամանակ հայտարարել էր դատախազը, - ոստիկանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը հանգեցրել է դրան, որ վեճն ավարտվեց վերջինի մահով՝ ծանր մարմնական վնասվածքներից: Արդյո՞ք Դուք, մեղադրյալ դպրոցում չէք ընթերցե՞լ Թումանյանի այդ հեքիաթը:

Եվ Գարիկը դատապարտվեց: Իսկ Սեդան՝ Ներսեսին վերցնելով, տեղափոխվեց հայրական տուն:

ՆԵՐՍԵՍ

Ուշիմ, խելացի, տղա էր մեծանում Ներսեսը: Սեդան դեռ չէր հաշտվել այն մտքի հետ, որ իրենց ցեղում բժիշկ չպիտի լինի: Մի ծանոթի ծանոթ դասախոսին հարցրել էր, թե ինչպե՞ս են ընդունվում բժշկական:

- Խի՞, դու էդքան փող ունե՞ս, - հարցրեց դասախոսը:

- Իմ երեխան առանց փող կընդունվի,- վրդովված առարկեց Սեդան, -իր գիտելիքներով:

Կյանքում միակ դեպքն էր, երբ վրդովվել էր: Իր երեխայի մասին էր խոսքը: Եռանդով էր լցվել Սեդան, համարձակությամբ: Իմացավ, թե ինչ քննություններ պետք է հանձնել: Եվ հասկացել է, որ մի քանի մասնավոր պարապողի՝ կրկնուսույցի, մոտ պետք է գնա Ներսեսը, իսկ իր՝ Սեդայի, գրպանում մի կոպեկ փող չկա: Օգնող չունի՝ Գարիկը բանտում է դանդաղ մահանում, քանի որ այնտեղ նույնպես կարելի է հարբել և զանազան փորձեր դնել սեփական լյարդի և երիկամների վրա: Իր՝ Սեդայի, ծնողները մահացել են, Գարիկի հայրն ու մայրը՝ նույպես՝ իրենց որդու «սխրագործությունից» հետո: Ու հանկարծ Սեդայի մտքով անցավ այն ազատամարտիկը, ում համար Գարիկը պետք է արյուն տար: Նույն օրը Սեդան այցելել է հիվանդանոց, արյան հանձնել: Պարզվել է՝ առաջին խմբի արյուն ունի, բոլոր այլ արյան խումբ ունեցող մարդկանց կարող է արյուն տալ:
Բժիշկն այդպես է ասել Սեդային.

- Դուք ունիվերսալ դոնոր եք:

Սակայն Սեդայի ականջի համար ավելի հաճելի է լսել, որ ինքը կարող է վարձատրվող դոնոր դառնալ: Արյուն հանձնելու համար հիվանդանոցը գումար էր վճարում: Այդ գումարը Սեդայի՝ «Ատլանտ-Էրզրում-Մանե 1992 Ֆենիքս» կազմակերպությունում՝ որպես հավաքարար, աշխատելու համար վճարի հետ միասին բավական էր, որպեսզի Ներսեսը, արդեն գիտելիքազուրկ դպրոցը գրեթե չայցելելով, կարողանա պատրաստվել բժշկականի քննություններին՝ մասնավոր պարապողների մոտ:

… Դժվար էր, բայց Սեդան կարողացել է իր նպատակին հասնել: Բոլոր մասնավոր պարապողները՝ միաձայն, ասում էին, թե Ներսեսը «առանց փող տալու» ընդունվելու է: Սեդան այդ խոսքերից մե՛կ իրեն լավ էր զգում, մե՛կ՝ հուսահատվում էր՝ այդպես են ասում, այդքան փող եմ տվել պարապելու համար: Բա ո՞ր չհանձնի: Բանակ...

Սեդան ավելի է հուսահատվել, երբ եկավ առաջին քննության օրը: Բուհի մոտ կուտակվել էին այնպիսի ավտոմեքենաներ, որոնց տեսքը Սեդայի և Ներսեսի հագուստի հետ անհամատեղելի էր: Սեդան անգամ շշնջաց.

- Ներսե՛ս ջան, երևի գնանք ստեղից, սա, ոնց որ, մեր  տեղը չի:

Բայց Ներսեսը չհամաձայնվեց: Նա լավ գիտեր, թե մայրը ինչպիսի զոհաբերությունների էր գնացել հանուն այդ օրվա: Եվ նա, հանձնելով բոլոր անհրաժեշտ քննությունները, սեփական ուժերով ընդունվել էր մայրաքաղաքի բժշկական ինստիտուտ:

Մեծ էր Սեդայի ուրախությունը: Ուզում էր գնա պարտքով փող վերցնի, որպեսզի որդու հաջողությունը նշի, բայց Ներսեսը թույլ չտվեց.

- Մամ, մենք հո՞ չտես չենք, մենք հո՞ յոնջա ուտող չենք: Ինձ համար քո ուրախությունն է կարևոր, իսկ դու ուզում ես գնաս՝ պարտքով փող վերցնես՝ քեֆ անելու համար: Դա չէ կարևորը, մամ ջա՛ն:

… Է՛հ, ի՞նչ իմանային մայրը և որդին, որ մի օր մայրաքաղաքում ինչ-որ մարդիկ՝ օր ու ցերեկով, որոշելու են իրենց միջև ծագած հարցերը զենքով լուծել: Ի՞նչ իմանային մայրը և որդին, որ մարդու կյանքը չգնահատողների զենքերից արձակված պատահական գնդակից մի անծանոթ կին է վիրավորվելու, և Ներսեսը վազելու է նրան օգնության: Իսկական բժիշկը դրժվում է վտանգը:

Վաթեռլոոյի ճակատամարտում ֆրանսիական հայտնի վիրաբույժը հենց մարտի դաշտում բուժօգնություն էր ցուցաբերում թե՛ իր համերկրացիներին, թե՛ թշնամուն: Անգլիացի զինվորներն ու սպաները, սակայն, որոշել էին այդ մարդուն սպանել: Միայն դուքս Վելինգթոնի խիստ սպառնալիքից հետո անգլիացիները ետ են կանգնել իրենց մտահղացումից: Սակայն Ներսեսի դեպքում չկար դուքս Վելինգթոն: Կային մարդկային կերպարը կորցրած, ոչ մի բանի չհավատացող, ոչ մի արժեք, սկզբունք չդավանող մարդակերպ էակներ: Կրկին հնչեցին կրակոցներ, և այս անգամ գնդակներից մեկը կպավ Ներսեսին: Նա մահացել էր տեղում՝ վիրավոր կնոջը բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ՝ ինչպես իսկական բժիշկ՝ հավերժ մնալով քսան տարեկան:

ՍԵԴԱ

Սեդայի հիշողության մեջ մի քանի տարվա դատարկություն կա: Մութ, սահմռկեցուցիչ դատարկություն: Ներսեսի կորստից հետո Սեդան չէր հասկանում, թե ում և ինչի համար է ապրում: Անգամ Գարիկի՝ լյարդի ցիռոզից մահը բանտում, նրան անտարբեր էր թողել: Գործի վայրում ընկել էր, մի քանի կոտրվածք ստացել: Գործի տեղից տարան հիվանդանոց: Եվ պալատում պառկելու ողջ ընթացքում ոչ մեկ Սեդային այցելության չեկավ: Քանի՛ գիշեր է լաց եղել տիկին Սեդան, անգամ սկսել էր մտածել ինքնասպանության մասին:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, մի օր, Սեդան գնաց եկեղեցի: Նա սրբապատկերի առաջ, «Հայր մեր» էր մտքում կարդում և լացում: Այդ պահին նրան նկատել է եկեղեցու ատյան մտնող մի հոգևորական, ով այդ եկեղեցու քահանան էր: Նա տեսավ լացակումած կնոջը և մոտեցել է նրան: Հարցը հարցի հետևից, և երբ Սեդան դուրս էր եկել եկեղեցուց՝ քահանայի ուղեկցությամբ, նրա դեմքին արցունք չկար: Կար զարմանք՝ հայացքում: Նման քահանա նա դեռ չէր հանդիպել հայրենիքում: Տեր Գրիգորը (այդպես էր նոր ծանոթի անունը) խոսում էր դանդաղ, պարզ, չէր մռթմռթում քթի տակ, երևում էր, որ չի ծխում, չի խմում և մարզվում է: Նրա հայացքը բաց էր, չէր խուսափում էր մարդկանցից և մարդկանց մեջ շահ չէր փնտրում: Ու չկար մոլեռանդություն, ծայրահեղություն այդ հայացքում:

- Դուք ինձ խոսքով բուժեցիք, տեր հայ՛ր, - բաժանվելուց խոստովանեց Սեդան:

- Բուժողը ես չեմ, - խոնարհ պատասխանել է տեր Գրիգորը և Սեդայի համար այն ժամանակ անհասկանալի նախադասություն ասաց, – «շատերը գնացին Նրա հետևից, և Նա բոլորին բուժեց»:

… Այդպես, շաբաթը մեկ-երկու անգամ, Սեդան այցելում էր եկեղեցի, հանդիպում էր տեր Գրիգորին, խոսում նրա հետ, և ամոքվում էր ժամանակի հետ նրա որդեկորույս սրտի վիշտը: Տխրում էր, երբ իմանում որ տեր Գրիգորը պետք է խումբ տանի Երուսաղեմ՝ Զատիկից առաջ, և ուրախանում, երբ իմանում էր, որ տվյալ օրը տեր Գրիգորը մեկ ժամ ավել ազատ ժամանակ ունի՝ իրենց զրույցների համար:

Գործի տեղում աղջիկներից մեկը Սեդային պատմել էր, թե իրենց շենքի մուտքի մոտ մի նորածին աղջիկ են գտել և տեղափոխել մանկատուն:

- Էս ժողովուրդը լրիվ ա ցնդել, - զայրացած պատմում էր Սեդայի զրուցակիցը, - այ մա՛րդ, չես կարող պահել, ինչու՞ ես լույս աշխարհ բերում: Կամ էս ո՞ր դարն ա՝ պահպանակ ամաչու՞մ են գնան առնեն դեղատնից: Ինձ կասես՝ նման մարդիկ մեզանում ինչու՞ են ապրում:

- Մի դատի՛ր, որ չդատվես, - համեստ ձայնով նկատեց Սեդան, - ի՞նչ իմանաս, թե ինչու է երեխայի մայրը նման բան արել: Կամ ի՞նչ գիտես՝ դու իր տեղում ի՞նչ կանեիր:

Տեր Գրիգորի դասերն էին…

- Մենք սիրում ենք ուրիշին անուն դնել, քննադատել, - ասում էր տեր Գրիգորը, - սակայն մարմնի ճրագն աչքն է, իսկ մեզ մոտ մարդիկ սովոր են ուրիշի աչքում ճյուղ տեսնել, իսկ սեփական աչքի գերանն անտեսում են: Մինչդեռ, երբ իսկապես պետք է չարին դեմ դուրս գալ, մեծամասնությունը լռում է՝ անտարբերությունից և վախից, ագահությունից և շահամոլությունից: Այդ պատճառով է, որ մեր հասարակությունն այս վիճակում է:

… Նորածին երեխայի պատմությունը Սեդային հանգիստ չէր տալիս: Ինչպես է լինում, երբ ատամի արանքում մսի ջիլ է մնում, ահա նման մի զգացմունք Սեդայի ուղեղում էր: Հաջորդ օրը նա գնաց տեր Գրիգորի մոտ:

- Սեդա, դու չէիր ցանկանա՞ որդեգրել այդ երեխային, - ուղիղ հարց տվեց քահանան՝ լսելով նորածին աղջկա պատմությունը:

- Որդեգրե՞լ, - շվարեց Սեդան, - բայց ո՞նց:

 - Ես քեզ կօգնեմ, - խոստացավ տեր Գրիգորը:

ՍԵԴԱ ԵՎ ԱՇԽԵՆ

… Էն ի՛նչ դժվարությամբ էին չինովնիկները թույլ տվել, որպեսզի Սեդա որդեգրի փոքր Աշխենին (այդպես էին նորածնին գրանցել մանկատան մատյանում): Կարծես՝ բուսակերին ստիպում էին խոզի կամ գառան միս ուտել: Կամ ռոքերին՝ Մոցարտի 16-րդ սոնատը լսել: Փո՞ղ էին ուզում, սրտի կուրությամբ էին գործու՞մ, թե, պարզապես, օրենքն էր այդպես չոր ու հիմար՝ ո՞վ իմանա: Վերջում, երբ Սեդան տեսավ, որ ճար չկա, զանգեց տեր Գրիգորին: Թեև սրտի խորքում մտածում էր, որ գրագետ և պարկեշտ քահանան ի վիճակի չի լինելու լուծել հայրենի բյուրոկրատիայի գորդյան հանգույցը: Սակայն տեր Գրիգորը կարողացել է. բանն այն է, որ նրա բարեկամներից մեկը բարձր պաշտոն էր զբաղեցնում մի նախարարությունում, որը արդարադատության հետ կապ ուներ: Եվ Աշխենին, վերջապես, հանձնեցին Սեդային՝ «հա դե աղջիկ երեխա ա, բանակի հետ հարց չունի: Ավելի լավ ա՝ ձեզ մոտ մնա, քան՝ մանկատանը» եզրափակիչ խոսքով

… Որդու մահից հետո առաջին ուրախ օրն էր Սեդայի համար, երբ նա տեսավ իր նոր դստերը Ներսեսից մնացած մանկական մահճակալում:

Եվ թռան տարիները: Երկրի կյանքում շատ բան չփոխվեց, Սեդայի կյանքում՝ առավել ևս: Բայց կար ապրելու նպատակ՝ Աշխենը: Ներսեսի պես խելացի երեխա էր՝ նպատակասլաց, համեստ: Ու խելամիտ:

Մեկ անգամ հարցրել է Սեդային.

- Մամ ջա՛ն, բա ինչու՞ ոչ մի նկար չկա, որտեղ ինձանով հղի ես:

- Ես իմ, - անակնկալի եկած՝ պատասխանել է Սեդան:

Հաջորդ օրը նա գնաց տեր Գրիգորի մոտ՝  խորհուրդ հարցնելու:

- Պատմի՛ր, Սեդա, պատմի՛ր, որպեսզի իմանա, - ասաց տեր Գրիգորը, - միայն թե այնպես, որպեսզի չվիրավորվի, չչարանա:

… Աշխենն ավարտել էր դպրոցը: Նա դեռ հինգերորդ դասարանից ուզում էր փաստաբան դառնալ: Մայրը ուզում էր բժշկականից խոսել, սակայն Աշխենն մեղմ առարկեց.

- Մա՛մ, չե՞ս տեսնում, որ հիմա ուժեղների դարն ա: Ինչքան ուժեղ լինես, այդքան քեզանից վախենում են: Բժշկից չեն վախենում, քանի որ նա բոլորին պարտավոր է բուժել՝ թե՛ խելոքին, թե՛ հիմարին, թե՛ սրբին, թե՛ հանցագործին: Ծառա է բժիշկը, մանավանդ՝ հարուստների համար: Աղքատի համար պարոն է, տեր, բայց հարուստի համար՝ ծառա: Բայց չկա աշխարհում ոչ մի հարուստ, ով սրտի խորքում չի դողում անգամ ամենացածր կոչում ունեցող ոստիկանից: Բա իրավաբանից ինչքան է դողալու... Չէ, թո՛ղ ես իմ ճանապարհն ընտրեմ:

Սեդան վստահ էր՝ դուստրը կարող է սեփական ուժերով ընդունվել, արդեն վերանում էին փողով քննություն դնելու դեպքերը: Սակայն մյուս պատուհասը չէր դադարում գոյություն ունենալուց՝ ուսման բարձր վարձը: Սեդան վստահ էր, որ նման ուսման վարձ սահմանող մարդիկ անտեղյակ էին երկրում իրական աշխատավարձերի չափից: Ախր, ինքն ինչպե՞ս իր ութսուն հազարանոց ռոճիկով մի քանի հարյուր հազարի հասնող ուսման վարձ տա: Թե՞ միայն հարուստները պետք է ուսում առնեն:

Այս անգամ Սեդա ստիպված բանկ դիմեց՝ վարկ ստանալու համար: Առաջին անգամ էր, բանկում հինգ րոպե գտնվելուց հետո արդեն գլուխը ցավում էր այդ մայր գումարներից, տոկոսներից, անուիտետից, գրավադրվող գույքից... Վերջապես, ստացել է վարկը, գումարով օգնել է նաև տեր Գրիգորը: Եվ Աշխենը վճարել է իր առաջին ուսումնական տարվա վարձը: Դեռ գումար էր մնացել հաջորդ տարվա համար: Իսկ տեր Գրիգորն ասաց.

- Եթե գերազանց սովորի,  ուսման վարձը հիսուն տոկոսով զեղչելու են: Բացի այդ, ես Աշխենի համար կդիմեմ սփյուռքահայ բարեգործ ընտանիքներին: Հաստատ մի ճանապարհ կբացվի:

… Սեդան մաքրում է սեղանները: Բացվում է դուռը, ներս են մտնում կոկիկ, ճաշակով հագնված, շպարված, անտարբեր, գոռոզ հայացքներով աղջիկենր՝ կարծես նմանակներ լինեն: Սեդան գիտի՝ այդ աղջիկները կողքի հիմնարկներից են: Մի կողմից բանկն է, մյուս կողմից՝ փաստաբանական գրասենյակ: Դիմացը՝ հեռախոսային կապ ապահովող ընկերություն: Հարյուր մետր հեռավորության վրա մի նախարարության շենքն է: Ահա այդ տեղերից են գալիս իրենց մոտ աղջիկները՝ ճաշելու:

- Ներողությու՛ն, սոխ դնե՞մ, - հարցնում է աշխատողը:

- Ասեցի, չէ՞՝ առանց սոխ, - հազիվ շրթունքները բացելով՝ իրեն ձև տված, պատասխանում է աղջիկներից մեկը: Աշխատողը և ինքը նույն տարիքի են, սակայն աղջիկն արհամարհում է աշխատող տղային: Սեդան չի կարող բացատրել այդ երևույթը խոսքերով, սակայն զգում է՝ երկրում խորանում է դասակարգային անհավասարությունը: Շատ արագ է խորանում: Եվ լավ բանի չի բերելու:

Սեդան նայում է աղջիկներին, աշխատող տղային:

- Իմ Աշխենն ավարտելու ա, գնալու ա արտասահման՝ ուսումը շարունակելու, միայն թե ստեղից հեռու: Ավելի լավ կյանքի ա արժանի իմ աղջիկը: Մենք ո՛չ հարուստ, ունևոր բարեկամներ ունենք, ո՛չ գողացող ենք, ո՛չ մարդասպան, ո՛չ լկտի, ո՛չ ձևապաշտ, ո՛չ   տգետ, ո՛չ մեծամիտ: Չեմ ուզում, որ երեխաս իրենց մեջ զարգանա, թո՛ղ մենք մեր կյանքով ապրենք, – մտածում է նա:

02.09.2018 թ.

 

Արմեն Գրիգորյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ