Աթենքի
համալսա-
րանի քաղա-
քագիտության
և պետական
կառավարման
ֆակուլտետի
շրջանավարտ:
Բանա-
ստեղծ,
արձակա-
գիր:
«Հայ ենք մենք, հայ ենք մենք...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ենթադրել, թե կառավարման որևէ ձև կարող է առաքինություն չունեցող ժողովրդի համար ապահովել ազատություն կամ երջանկություն, բացարձակապես քիմերիկ գաղափար է:
Ջեյմս Մեդիսոն, ԱՄՆ չորրորդ նախագահ, 1788 թ.
Հային, մանավանդ արտասահմանում, հարց տուր. ո՞ւմ հետնորդն ես:
Կխառնեն իրար Հայկ Նահապետին, ուրարտացիներին, Արամին, Արա Գեղեցիկին, Տիգրան Երկրորդին: Կհիշեն՝ առաջինն ենք ճշտել ուղին՝ Խաչն առնելով (այլ հարց է, որ հավատքն ազգային հոգեկերտվածքի կողմից սխալ է ընկալվել և մեկնաբանվել), կմտաբերեն Գառնիի հեթանոսական տաճարը, Սևանա լիճը, Սարդարապատը, 1915 թվականը, սովետական դարաշրջանը, 1988 թվականը, Վերածնունդը:
Միակողմանի է նման մոտեցումը: Իսկ ովքե՞ր են այն մարդկանց հետնորդները, ովքեր հարևան բլուրներից դիտում էին Հայկի և Բելի կռիվը: Ասենք թե Բելն էր հաղթելու, վայրկյան անգամ չկասկածեք, որ իջնելու էին և Բելին ընդունելու էին որպես հաղթող:
Տիգրան Երկրորդին հռոմեական ժողովրդի ընկեր և դաշնակից կոչելը (socius et amicus populi Romani) նշանակում էր, որ Հռոմը պաշտպանում է Հայաստանը պարթևներից: Այդ պահից են սովորե՞լ հայերը դրսից օգնություն հայցել՝ եկե՛ք՝ մեզ փրկե՛ք:
Տիգրանը սկսեց «արքայից արքա» տիտվողով, մահացավ որպես Հռոմի դաշնակից:
Եթե ասում ենք «Ա»-ն, ասենք նաև «Բ»-ն ՝ Տիգրան Երկրորդն ստեղծել է կայսրություն, սակայն անհեռատես պատեհապաշտ քաղաքական գործիչ էր: Դպրոցներում կհամարձակվե՞նք ապագա սերնդի առաջ ազնիվ լինել՝ ամբողջությամբ ասել ճշմարտությունը:
Սարդարապատը հերոսամա՞րտ էր: Իսկ Կարսի հանձնումն ի՞նչ էր: Հնարավո՞ր է, որ երկու տարում խամրեր սարդարապատյան հաղթանակի ճաճանչապսակը: Ո՛չ: Ուրեմն Սարդարապատը գոյամարտ էր: Այդտեղ հաղթողները հերոսներ են, սակայն պատմական իրադարձությունն անձնական հերոսության հետ կապ չունի:
Հերոսի մահով ընկավ Նապոլեոնի Հին գվարդիայի գրեթե ողջ անձնակազմը: Բայց ո՛չ Նապոլեոնին, ո՛չ Ֆրանսիային դա պատիվ և օգուտ չբերեց:
Եվ այդպես, ո՞ւր են Կարսի ամրոցը հանձնողների հետնորդները: Մեր հասարակությունից անհետացա՞ն: Ընթերցե՛ք Կարսի կայազորի շտաբի պետ Վահան Տեր-Առաքելյանի հիշողությունները, որպեսզի պատկերացում կազմեք ՝ ինչպիսի զանգված էր հավաքվել Կարսում:
Ովքե՞ր են, որտե՞ղ են Կ/Պոլսում 1915 թվականին հայերին աքսորավայր ուղարկելու համար ցուցակներ կազմող ազգությամբ հայերի հետնորդները: Գոլորշիացա՞ն:
Ովքե՞ր են, որտե՞ղ են Չարենցին գնդակահարողների, Նժդեհին արհամարհական վերաբերվողների հետնորդները:
Պապի սպանության համար դարդ անող նախարարներին ոչ ոք չի՞ ցանկանում որպես նախնի ընդունել: Այո՛, հենց այն նախարարներն են, ովքեր, մեծ վրեժխնդրությամբ լցված, ժողով գումարեցին՝ Պապի դահիճներին պատժելու համար, մեկ էլ վերջում որոշեցին, թե ավելի լավ է համբերեն...:
Բա գիտեք՝ պատահական է գրվե՞լ «Մկների ժողովը»:
Իսկ նրանց հետնորդները ի՞նչ եղան: Ի դեպ, չեմ հասկանում Պապի նկատմամբ եկեղեցու ոչ տրամաբանական, բացասական դիրքորոշումը: Պապի շնորհիվ չէ՞, որ այսօր հայ կաթողիկոսն ընտրվում է Հայաստանում, ոչ թե նշանակվում օտարի կողմից: Թե՞ դրսից հրաման ստանալը հայի համար ապրելու հիմնական նախապայմանն է: Այլ հարց է, թե Պապի որոշումն ինչ նշանակություն ունեցավ հայկական պատմության համար: Բայց եկեղեցու համար արդյո՞ք վատ էր:
Չարաչար սխալվում ենք, եթե կարծում ենք, որ վերոնշյալ հայերի տեսակները վերացել են:
Չի վերացել նաև իրենց մտածելակերպը: Չտարվե՛նք մեր սխոլաստիկ, իրականությունից հեռու պատկերացումներով: Բացառված է ճիշտ լուծում գտնենք, եթե Մուրացանի «Առաքյալի» պես վարդագույն ակնոցով նայենք մեր ազգին: Շատ դեպքերում ծնողի կողմից երեխայի նկատմամբ ավելորդ սերը փչացնում է երեխային: Պահեր կան, երբ ծնողը պարտավոր է խիստ լինել երեխայի նկատմամբ: Միայն սիրելով երեխա չեն մեծացնում:
Բացի այդ երեխաները նաև տարբեր են: Չենք կարող նույնչափ բոլորին սիրել: Մարդ ենք, ոչ թե՝ Արարիչ:
Ո՞վ է հայը, ի՞նչ անել, նոր գաղափար ստեղծե՛լ ՝ այդ ամենը թողնե՛նք:
Բավ է ժամանակ վատնենք անիմաստ՝ ասիացուն հատուկ դանդաղկոտությամբ վերացական հետևաբանությունների համար: Այդ հարցերի պատասխանները տրվել են: Ռաֆայել Պատկանյան, Կոստան Զարյան, Գարեգին Նժդեհ, Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Անդրանիկ, Լեոնիդ Ազգալդյան, Լեո, Խորենացի, Շահան Նաթալի ու այդպես շարունակ: Թե՞ կարծում ենք, որ ավելի խելացի ենք այդ մարդկանցից, և աշխարհը ծնվել է մեզ հետ միասին:
Ժամանակակից հայերից ոչ ոք չի ընդունի, որ իր ցեղում եղել է դավաճան, մարդասպան, գող-ավազակ: Հինգերորդ պատվիրանը հայի համար ամենասուրբ պատվիրաններից է: Կշնանա, կսպանի, կգողանա՝ չմտածելով ու չիմանալով, որ մեկ պատվիրան խախտողը բոլոր պատվիրանները կխախտի:
Բայց նախնիները... ուրիշ են: Նախնիների ամենագարշելի հանցանքներն արդարացնելը ագգային սպորտաձև է դարձել:
Ուշադիր եք եղե՞լ, թե որ ֆիլմերն են ավելի գրավիչ հայի համար: Կատակերգություններ: Ես մասնագետ չեմ, ուղղակի խնդրում եմ՝ թող պատասխանատու անձինք հաշվեն, թե քանի՞ պատմական և քանի թեթև, զվարճալի, կենցաղային կինոֆիլմ է նկարահանվել անցյալում և հիմա: Պարոնյան, Սունդուկյան դիտելով, ընթերցելով՝ հասկանո՞ւմ ենք, որ նրանց հերոսները ՆՈՒՅՆՊԵՍ մեր նախնիներն են:
Հայ ենք: Գոյատևում ենք մեր պատմական բնօրրանի մի փոքր անկյունում՝ հույսով, թե հազարամյա ազգը չի կործանվի, բայց ամեն ինչ անում ենք՝ հայկական Արմագեդոնը մոտեցնելու համար:
Սակայն ո՞ր հայերի հետնորդներն ենք: Եթե հարմարվող, մենաստաններում առոք-փառոք ապրող, Զեյթունում և այլուր ֆիդայինների մասին իրենց հակառակորդներին տեղեկություն հայտնող, Րաֆֆիին սպանելու հրաման տվող հայերի հետնորդներն ենք, ապա ոչ մի ազգային գաղափար, կուսակցություն չի օգնի:
Այդ նախնիներն են, իրականում, գծել հայոց պատմության խայտառակ օրինաչափությունները: Եվ այդ նախնիներին և իրենց սխալներն անտեսելը մանկամիտ հիմարություն է և քաղաքական անհեռատեսություն:
Հ. Գ. Մի օր գրոհելու են լեզուն: Լեզուն այսօր ՄԻԱԿ կապող օղակն է ողջ հայության համար: Ինչպիսի՞ արժեհամակարգ է կրում հայ հասարակության տարբեր խավերի համար այդ լեզուն, որքա՞ն է ազդում հայրենատիրություն ձևավորելու վրա՝ ինքներս մեզ հարցնե՛նք: Բայց երբ սկսվի գրոհը, կարողանալու՞ ենք պայքարել մեր լեզվի համար:
Արմեն Գրիգորյան