Աթենքի
համալսա-
րանի քաղա-
քագիտության
և պետական
կառավարման
ֆակուլտետի
շրջանավարտ:
Բանա-
ստեղծ,
արձակա-
գիր:
«Հայ մշակույթը պահպանողական է, պասիվ, պաշտպանողական...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ցավոք, աշխարհը զարգացել, զարգանում և զարգանալու է ոչ թե հետևելով փոխադարձ սիրո և Տասը պատվիրաններին, այլ, որքան էլ տխուր հեռանկար է՝ չարության, մրցակցության և մարտահրավերների ստեղծման ճանապարհով:
Տեխնիկական զարգացումը ոչ միայն չի ապահովում բարոյականության զարգացում, այլ ճիշտ հակառակ է նրան: Կանոնը հստակ է՝ կա՛մ դու հաղթող ես, կա՛մ՝ պարտվող:
Ավանդաբար, Հայաստանն այդ մրցավազքում զբաղեցնում է վերջին, ոչ պատվաբեր տեղը: Պատճառները տարբեր են, բայց այս հոդվածում կարելի է նշել հետևյալը՝ հայկական մշակույթի պահպանողական, պասիվ, պաշտպանողական բնույթը:
Հայը ջերմ է ընդունում այլազգի հյուրերին, սակայն ալարում է օտարին գոնե հինգ հայերեն բառ սովորեցնել:
Ունենալով արևմտյան և արևելյան մշակույթների զարգացմանը ներգործելու հսկա ներուժ՝ հայը խուսափել է, ծուլացել է, վախեցել է օգտագործել այդ հնարավորությունը:
Գոյություն ունեն մարդիկ, որոնք համարում են, թե հայը բաց է թողել իրեն՝ աշխարհին հայտնելու, ներկայացնելու հնարավորությունը: Մյուս կողմից, թվարկում են Սփյուռքում հաջողությունների և միջազգային ճանաչման հասած հայերին՝ իսպառ մոռանալով, որ որևէ երկրում բնակվող հաջողակ և հայտնի հայը, առաջին հերթին, տվյալ պետության քաղաքացին է և նոր հետո ՝ հայ:
Հիմա վերադառնանք Հայաստան:
Ինչո՞ւ է հայը մղել այդքան պատերազմ, կոտորվել, չարչարվել, սեփական կյանքի փոխարեն գիրք փրկել: Միայն հողի համա՞ր: Ո՛չ և հազար անգամ ո՛չ: Հողն իր դերն ունի, սակայն հողի հաշվին չէ, որ հայը կարողացել է ազգային ինքնությունը պահել՝ օտար ափերում դեգերելու ժամանակ:
Իսկ ազգային ինքնության հիմքը մշակույթն է: Եթե հայը շարունակի մշակութապես մնալ պասիվ, վախվորած և պաշտպանվող, ապա նա ձուլվելու է ոչ միայն Սփյուռքում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքում:
Մարդն է ստեղծում մշակույթը, ոչ թե հողը կամ ժայռը, ձորը կամ սարը:
Կլիման և աշխարհագրությունը, վստահաբար, մեծ ազդեցություն ունեն մարդկային գործունեության բոլոր ասպարեզներում, բայց մշակույթ ստեղծողը մարդն է:
Հայկական մշակույթի համար օրհասական օրերն անսպառ են հայ ազգի գոյության ողջ ընթացքում: Բոլոր նրանք, ովքեր հանցավոր միամտությամբ արդարանում են, թե «այսքան դար ոչ մի բան չի եղել մեր մշակույթին» կա՛մ միամիտ են, կա՛մ անտեղյակ, կա՛մ մշակույթի հետ կապ չունեն:
Հայկական մշակույթը 873 տարի՝ պետականությունը կորցնելուց հետո, զարգացել է վանականների, մտավորականների կողմից ստեղծված առանձին կղզյակներում, սահմանափակվել է, արգելափակվել իր զարգացման մեջ: Այդ է պատճառը, որ առ այսօր Հայաստանում գոյություն ունեն շերտեր, որոնք վախենում են, օրինակ, փոխել Երրորդ հանրապետության օրհներգի երաժշտությունը և այն փոխարինել Արամ Խաչատրյանի՝ հայկական շարականների հիման վրա գրված գեղեցիկ, բուն հայկական մեղեդիով:
Բայց սույն հոդվածի բովանդկանությունը մարտնչող օբսկուրանտիզմի և ռետրոգրադ մոտեցումների մասին չէ:
Ոչ ավել, ոչ պակաս, ճիշտ և հեռատես եմ համարում Հայաստանում անհապաղ հիմնադրել «Սբ. Մեսրոպ Մաշտոցի անվան հայերենի և հայկական մշակույթի պահպանման, տարածման և զարգացման կենտրոն», իսկ արտասահմանում՝ նրա մասնաճյուղերը ՝ համապատասխան անգլիական, գերմանական, իտալական, իսպանական, ֆրանսիական, ռուսական հաստատությունների օրինակով:
Նման կենտրոնի ստեղծումը ծառայում է հետևյալ նպատակներին.
- Հայը հասկացնում է աշխարհին, որ իր համար ամենաթանկն ու ամենակարևորը սեփական մշակույթն է, և ինքը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ոչ մի ոտնձգություն այդ մշակույթի նկատմամբ՝ ներսից կամ դրսից:
- Կենտրոնը թելադրում է ճիշտ ճաշակ և ոճ ՝ գրականության, երաժշտության, քանդակագործության, նկարչության և արվեստի այլ բնագավառներում՝ նկատի ունենալով, որ գլոբալիզմի դարում համաշխարհային ընդհանուր հայտարարի բերված քո քաղաքացին այլևս քոնը չէ:
Եթե գլոբալիզացիան մարդկանց քարոզեր, օրինակ, Հոմերոս, Բեթհովեն, Միքելանջելո և Ռեմբրանդտ, ապա մենք միայն կողմ էինք լինելու գլոբալիզացիային: Սակայն նրա հոգևոր հայրերը գործում են կրկնակի չափանիշներով՝ իրենք վայելում են արժեքավոր, ժամանակից ուժեղ արվեստի գործեր, իսկ աշխարհին ցանկանում են մատուցել «նոր» անվան տակ քայքայիչ և կործանարար արվեստի նմուշներ:
- Կենտրոնը, մշակութային օղակից դառնալով քաղաքական լծակ, կարող է կարևոր նշանակություն ունենալ հայկական պետականության ամրապնդման գործընթացում:
Նման գաղափարն իրականություն դարձնելու անհրաժեշտությունը վաղուց հասունացել է: Հայաստանն աշխարհին պարտավոր է ներկայանալ ոչ միայն խորովածով:
Արմեն Գրիգորյան