Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Հայ «մտավորականությունը» հանձնարարող է փնտրում. տխուր է...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հայտնի մի անեկդոտ կա. մեկի հոգեհանգստի ժամանակ թափորից մի մարդ՝ խանգարելով հրաժեշտի կարգը, կանգնում է հանգուցյալի դագաղի մոտ ու անընդհատ բղավում. Не верю, не верю, не верю: Ու թափորից մեկն ասում է. Дайте пройти тем, кто верит.

Այս իրավիճակը ճիշտ ու ճիշտ բնութագրում է հայ «մտավորականության» գերակշիռ մասին: Ի դեպ, ոչ միայն սովետից ժառանգություն մնացած «մտավորականության», այլ նաև, զարմանալիորեն, անկախության շրջանի երիտասարդ կոչվող «մտավորականության» մի մեծ շերտին:Հայ «մտավորականությունը» ճիշտ վերը նշյալ անեկդոտի նման կանգնած է Սովետ կոչված հանգուցյալի դագաղի գլխին ու խանգարելով հրաժեշտի կարգը, ասում է не верю, не верю, не верю…

Եվ այդ «մտավորականությունն» այսօր միասնաբար պայքարում է, որ մշակույթի նախարարը՝ մեր պարագայում ԿԳՄՍ նախարարը, բովանդակային, կրկնում եմ՝ բովանդակային ազդեցություն ունենա մշակութային կյանքում:

Սա հակամշակութային երևույթ է: Աշխարհում ոչ մի ստեղծագործող այս երևույթը հասկանալ, ըմբռնել, մարսել չի կարող: Պետական պաշտոնյաները զրո բովանդակային ազդեցություն պետք է ունենան մշակույթում:

Տասնամյակներով ցանկություն ենք ունեցել, (թե՞ չենք ունեցել, ուղղակի մենք մեզ խաբել ենք, ինչպես միշտ), որ նախարարները բովանդակային ազդեցություն չունենան մշակույթում: Պետությունը բովանդակային ազդեցություն չունենա: Հիմա վերջապես ստեղծվել է մի իրավիճակ, որ նախարարը չի ուզում բովանդակային ազդեցություն ունենալ, բայց դրանից «մտավորականությունն» ընկել է հոգեխանգարմունքի մեջ:

Չէ՜, իշխե՛ք մեզ, տնօրինե՛ք մեզ, ասե՛ք՝ անե՞նք, թե՝ չանենք, գրե՞նք, թե՝ չգրենք, բեմադրե՞նք, թե՝ չբեմադրենք, նկարահանե՞նք, թե՝ չնկարահանենք ու այսպես շարունակ:

 

Որպեսզի հասկանանք այս երևույթի արմատները, մի քանի դրվագ մեջբերենք Կարեն Դեմիրճյանի օրագրային գրառումներից

02.09.82

Ընդունեցի Կ. Ուդումյանին: (նախկին մշակույթի նախարար. խմբ.): Ընդհանուր խոսակցություն: Ասաց, որ երազում է վերադառնալ տուն և Շամշադինում զբաղվել դասախոսական գործունեությամբ: Գովեց ինձ: (Ընդգծումը՝ մերն է. խմբ.)

07.03.84

ԿԿ Պլենում

Մ. Սիմոնյան (Սունդուկյանի անվան թատրոն) ասաց, որ Խ. Աբրահամյանն անտանելի է: Խորտակվում է կոլեկտիվը: Մշնախը տառապում է տնավարությունից, սկզբունքորեն չի լուծում խնդիրները, պահանջկոտ չէ թատրոնի ղեկավարության նկատմամբ:

24.08.85

Ընդունեցի Դավոյան Ռազմիկին: Նա ասաց. «Դուք գիտեք, որ ես Ձեր երկրպագուն եմ»: (Ընդգծումը՝ մերն է. խմբ.): Ստեղծագործական խոսակցություն: Խնդրեց … մասին: Հանձնարարեցի Յուզբաշյանին հանդիպել, զրուցել:

Այ այսպես: Հայ «մտավորականությունը» հայր է փնտրում, հանձնարարող է փնտրում, անստորագիր նամակ ու մատնագիր գրել հուշող է փնտրում, արձան ջարդուփշուր անել պատվիրող է փնտրում, ստրկատեր է փնտրում, գործարար է փնտրում, որ փող կտա ու կասի՝ իշխանության մասին մի երկու հատոր կեղտոտ գիրք գրի, մի քանի սերիա կեղտոտ մուլտ նկարի: «Փողին մուննաթը», փաստորեն, ամբողջովին տեղավորվում է հայ «մտավորականության» արժեքային համակարգի մեջ:

Եվ այսօր նրանց բարձրացրած հոգեխանգարմունքային պայքարին ակամայից միանում է ոչ մեդիագրագետ հասարակության մի ստվար մասը, քանի որ Հայաստանում սոցիալական ցանցերը հսկայական ազդեցություն ունեն մարդկանց ըմբռնումների վրա ու ճնշիչ գործիք են քաղաքական խաղացողների ձեռքում:

Հատկապես հսկայական ֆինանսական ռեսուրսներ ունեցող խաղացողների:

Ոչ մեդիագրագետ հասարակության անդամները նույնիսկ չեն կարող պատկերացնել, որ գործ ունեն, ասենք bot-երի հետ, որոնք գրգռում են իրավիճակներ ու խոսակցություններ:

Քաղաքական խաղացողները գիտեն, օրինակ, որ ոչ մի կերպ թույլատրելի չէ ասենք «զիլյոնկա» լցնել որևէ մեկի վրա, բայց նրանք անընդհատ մանիպուլացնում են հասարակությանը՝ դատապարտելով անհաջող, անարվեստ մի փերֆորմանս, բայց չեն դատապարտում, ասենք «զելյոնկա» լցնելու փաստը և հասարակությունը չի խոսում «զելյոնկա» լցնելու անթույլատրելիության մասին, այլ քննարկում է փերֆորմանսը: Եթե այդ երկուսն անեին համատեղ, կարելի էր կարծել, որ մտահոգությունն ազնիվ է: Բայց մոռացության տալ օրը ցերեկով ինչ-որ մեկի վրա «զելյոնկա» լցնելու խուլիգանական փաստը, նշանակում է մանիպուլյատորների մաս դառնալ:

Ի դեպ, մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք թույլատրել են, որ պետությունը ֆինանսավորի փերֆորմանսը, այսինքն մասնագիտական կարծիք, գնահատական են տվել պետության փողը ծախսելուն, որևէ բացատրություն չեն տալիս, չեն պաշտպանում իրենց որոշումը:

Նախարարը միայն մի դեպքում կարող էր պատասխանատվություն կրել այդ ամենի համար, եթե ճնշում գործադրած լիներ մասնագիտական հանձնաժողովի վրա, որպեսզի նրանք տրամադրեին գումարը հենց այդ փերֆորմանսին: Բացահայտվեք, ինքնաբացահայտվեք: Եթե այդպես է՝ բարձրաձայնեք, եթե այդպես չէ՝ պաշտպանեք ձեր որոշումը կամ խոստովանեք, որ դուք գոնե արվեստի այդ ճյուղից ոչինչ չեք հասկանում, մեղմ ասած: Այլապես այդ տխմարությունը չէիք բարձրացնի արվեստի մակարդակի:

Կամ ի՞նչ աստիճան պետք է մանիպուլացնեն հասարակությանը հանուն քաղաքական նպատակների, որ նույնիսկ շատ ադեկվատ մարդիկ սկսեն քննարկել մի ֆիլմ, որն առնվազն մեկ, մեկ ու կես տարի հետո է պատրաստ լինելու: Այսինքն քննարկեն չտեսած, չստեղծված, գոյություն չունեցող ֆիլմը՝ այն համարելով քարոզ: Ինչի՞ քարոզ: Իսկ գուցե քարոզ է այն բանի, որ զգույշ վարվեք ձեր երեխաների հետ, ձեր վախերն ու նևրոզները մի փոխանցեք ձեր երեխաներին, որպեսզի հետո նրանք մարդկային ողբերգություններ չապրեն: Կտեսնենք, կխոսենք: Կիկոսամանիայով տառապելու կարիք չկա:

Ի՞նչ ասես, երբ ինչ-որ վերլուծաբան գրում է, թե ինչո՞ւ, ասենք, իմ 13 տարեկան երեխան պետք է նայի այդ այլանդակությունը: Մի կողմ թողնենք, որ ինքը նույնպես կիկոսային գնահատակն է տալիս, բայց չհարցնե՞ս, թե քո 13 տարեկան երեխան ի՞նչ գործ ունի չափահաս հանրության համար ստեղծվող ֆիլմից: Չգիտե՞ք 13 տարեկան երեխաները ինչ պետք է նայեն, ինչ պետք է կարդան, ինչ պետք է լսեն: Բարոյական է՞ երեխայի գործոնն օգտագործել կեղտոտ քաղաքական խաղերի համար: Սա արդեն ոչ թե մեդիագրագիտության, այլ անգրագիտության խնդիր է: Այսօր նույնիսկ հեռահաղորդակցության օպերատորները ծնողական կարգավորումներ են հուշում, որովհետև աշխարհը փոխվել է: Բա ո՞վ պետք է զբաղվի ձեր ծնողական կարգավորումներով: Անընդհատ վերլուծելու փոխարեն, դրանով զբաղվեք: 

Կարելի է կարծել, որ փսևդոհայրենասերների այս բանակները գիշեր-ցերեկ դուրս չեն գալիս Կոմիտաս թանգարան-ինստիտուտից, Ազգային պատկերասրահից, Արամ Խաչատրյան համերգասրահից, Օպերայի համար գլուխ են ջարդում ու «զելյոնկա» լցնում իրար վրա:

Պետության կողմից արվեստ ու մշակույթ ֆինանսավորելու բազմաթիվ մեխանիզմներ կան, որոնք գործի են դրվել քայլ առ քայլ ու հասկանալիորեն, խառնել հայ «մտավորականության» խաղաքարտերը, որովհետև նրանք մի ձև գիտեն միայն «ստեղծագործելու»՝ հերթ կանգնել նախարարի, կենտկոմի քարտուղարի, նախագահ, վարչապետի և այլն դռների մոտ, ասել, որ նրանց երկրպագուն են, որ նրանք հանճարեղ են ու փող մուրալ ասմունքոտ երեկոների, հոբելյանական ձանձրույթոտ ցերեկույթների, կեղծ ազգային ենթատեքստերով համեմված միջոցառումների ու իրենց մանկության մասին գրված հաստափոր գրքերի համար:

Եթե Փարաջանովն այսօր ստեղծագործեր, նրան ուղղակի կայրեին խարույկի վրա: Իսկ Քոչարին, Չարենցին, հայ իրական մշակույթի մեծ երևույթներին որքա՜ն են «խոշտանգել» այդ փսևդոհայրենասերները, հայ մշակույթի զգալի տարածքներ լցնելով իրենց ստեղծած աղբով: 

Շատ ավելի հեղափոխական ու արմատական վերափոխումներ են պետք մշակույթում, քան արվում է այսօր՝ որքան էլ շատ ու աղմկոտ լինեն անցյալից կառչածները: Մշակույթի ամբողջական ապասովետականացում է պետք, որը դանդաղում է, բայց սա այլ խոսակցության նյութ է և բոլորովին չի մտնում ամեն օր մի իրավիճակ մանիպուլացնող զանգվածի նպատակների մեջ:

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ