Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Հայաստանը միշտ եղել ու մնում է իմ տունը ...». ՌՈՒԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆ

 

Որքան էլ տարօրինակ թվա, համաշխարհային օպերային մշակույթում քայլ առ քայլ բեմեր նվաճող հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի արվեստին ծանոթ չէի:

Վստահ եմ, ծանոթ չէր նաև հայ հասարակությունը:

Իսկ Ռուզան Մանթաշյանն այդ ժամանակ երգում էր Ցյուրիխի, Վիեննայի, Բեռլինի, Լոնդոնի, Ամստերդամի, Մյունխենի նշանավոր օպերաներում...

Թե ինչո՞ւ ծանոթ չէինք մեր հայրենակցուհու օպերային արվեստին, սա շատ խորքային խոսակցության նյութ է, որն այս անգամ կշրջանցեմ:

Եվ ահա, աշխարհի հանդիսատեսին ծանոթ, օպերային մշակույթին ծանոթ Ռուզան Մանթաշյանը մեզ համար դառնում է հայտնություն ընդամենը ամիսներ առաջ, մի գիշերում, երբ մեր օպերային արվեստի մեծանուն ճանաչմամբ երգչուհին՝ Հասմիկ Պապյանը, բարձրաձայնում է Դրեզդենի ամենամյա օպերային պարահանդեսի պատմությունը: Օրեր անց, Ռուզան Մանթաշյանը սքանչելի ելույթ է ունենում դրեզդենյան բեմում, իսկ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում է երգչուհուն ու Ռուզանը Մանթաշյանը «մտնում է» մեր կյանք՝ դեռևս համակրանքի ու հպարտության զգացումներ պարգևելով հեռվից:

Հուսամ, որ մի օր Ռուզանին կտեսնենք հայրենի բեմերում:

Այդ պատմությունից ամիսներ անց փորձում եմ «ծանոթանալ» մեր հայրենակցուհու հետ, դիտել նրա կատարումները, որոնել տեղեկություններ ու փոքր, շատ փոքր Հայաստանն ինձ «կանգնեցնում» է այն փաստի առաջ, որ Ռուզան Մանթաշյանն ինձ շատ ծանոթ ու հոգեհարազատ մի մարդու դուստրն է, որ ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, մեկնել է Հայաստանից՝  իր հմտությունները զարգացնելու Մոդենայի Accademia di Belcanto-ում, Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում, Փարիզի ազգային օպերայի Atelier lyrique-ում և այլն, ու արժանանալով հատուկ մրցանակի՝  հաղթելով Բարսելոնայի Ֆրանցիսկո Վինասի միջազգային երգի մրցույթում և հաղթելով  Toti dal Monte մրցույթում, դեռևս 17 տարեկանում համերգներով շրջել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Իսկ Ռուզանի երգացանկում այսօր դերերգեր են համաշխարհային օպերային գոհարներից, որոնցով նա հանդես է եկել աշխարհի ամենահայտնի օպերային բեմերում՝ Փարիզի Բաստիլ օպերայում (Opéra de Paris Bastille), Գլայնբուրնի փառատոնում (Glyndebourne Festival), Բեռլինյան նշանավոր բեմերում՝ Konzerthaus Berlin-ում, Komische Oper Berlin-ում, Մյունխենի և Սեուլի օպերաներում (Bayerische Staatsoper in Munich and Seoul), Լուվրում և այլուր:

Ահա տեխնոլոգիական հեղափոխության «պտուղները», որ մարդկային կյանքը տեղափոխեց անիրական շփումների տարածք: 

Ու թեև առաջիկայում Ռուզան Մանթաշյանը համերգային շրջագայություններ ունի Ցյուրիխում, Համբուրգում, Մյունխենում, Վիեննայում, Փարիզում և այլն, ես նրան խնդրեցի հեռակա զրույց ունենալ thearmenians.am-ի՝ «Հայեր» մեդիահարթակի համար, մինչ առիթ կունենանք նստել Երևանում, սուրճ խմել ու խոսել՝ վերադառնալով իրական շփումների կարոտած իրականություն:

Եվ այսպես...

- Ո՞վ է Ռուզան Մանթաշյանը, ովքե՞ր են նախնիները, ծնողները, ընտանիքը:

- Ես դուստր եմ, քույր, կին, ընկերուհի, երգչուհի։ Նախնիներս՝ Վանից ու Դիլիջանից են։ Ընտանիքիս անդամները հիմնականում բնագիտական մասնագիտությունների կրող են, բայց համարյա բոլորն էլ սիրում են երաժշտությունը։ Միայն ես, հորաքույրս ու ամուսինս ենք պրոֆեսիոնալ երաժիշտներ։

- Ինչպես ե՞ք հիշում Ձեր մանկությունը, մանկական տարիները, պատանեկությունը:

- Հիշում եմ, որ բակի ընկերներով շատ էինք խաղում դրսում, հիշում եմ մեր ամառների  տաք երեկոները, ձմեռները՝ առատ ձյունով։ Ես հաճախում էի երաժշտական դպրոց, պարի, նույնիսկ՝ նկարչության։ Ծնողներիս շնորհակալ եմ ինձ միշտ զբաղված պահելու ու իմ մեջ տարբեր հետաքրքրություններ արթնացնելու համար։

- Ինչպե՞ս եք հիշում քաղաքը, որում մեծացել եք:

- Ես ծնվել ու մեծացել եմ Երևանում՝ վարդագույն շենքերով ու քամուց օրորվող  թխկիներով, ուր նույնիսկ 90-ականների պատերազմական տարիներին մարդկային ջերմությունը միշտ առկա էր։ Բակում բոլոր երեխաներս ամբողջ օրը խաղում էինք:  Մեզ՝ փոքրերիս համար, հատկապես տոն էր, երբ ավելի մեծերն էին իջնում բակ երեկոյան ու մեզ հետ տարբեր խաղեր էին խաղում։ Սա էր իմ Երևանը։

- Ի՞նչ տվեցին ուսանողական տարիները, ովքե՞ր են ուսուցիչները, առաջին քայլերի ուղեկիցները:

- Իմ ուսանողական տարիներին փորձել եմ հնարավոր ամեն բան սովորել Երևանի պետական կոնսերվատորիայի իմ հիանալի դասախոսներից։ Ինձ բախտավոր եմ համարում, որ սովորել եմ լավագույնների մոտ՝ պրոֆեսոր Վալերի Հարությունով՝ իմ ամենաառաջին ուսուցիչը, ում մոտ սովորել եմ յոթ տարի շարունակ։ Նա ինձ տվել է այնպիսի գիտելիքներ, որոնք հիմնական են ու մնայուն։ Իմ սիրելի նվագակցող, դաշնակահարուհի, պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը ոչ միայն երաժշտական մեծ պաշար է տվել, այլ նաև որպես ընկեր և խորհրդատու՝ եղել է ու կա։ Եվ, իհարկե, մնացած բոլոր դասախոսներին շնորհակալ եմ տեսական ու պրակտիկ գիտելիքների համար։

- Ինչպե՞ս սկսվեց օպերային երգչուհու ճանապարհը:

- Հետագայում ուսումս շարունակել եմ Իտալիայում՝ աշխարհահռչակ և արդեն երջանկահիշատակ Միրելլա  Ֆրենիի մոտ։ Ինձ համար երջանկություն էր այնտեղ գտնվելը, ու սպունգի պես փորձում էի ամեն հնարավոր բան սովորել նրանից։ Դրան հաջորդեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մագիստրատուրայի ուսումը պրոֆեսոր Հեդվիգ Ֆասբենդերի դասարանում։ Այնդեղ էլ ծանոթացա իմ ապագա գործակալ Ռենե Մասիսի հետ։ Այս բոլոր մարդկանց ներկայությունն իմ կյանքում հանգեցրել է իմ այսօրվա հաջողություններին՝ իրենց բարի խորհուրդներով ու հավատով իմ ուժերի նկատմամբ։

- Կպատմե՞ք անցած ճանապարհի, դերերի, օպերային բեմերի մասին, որոնք հաղթահարել է Ռուզան Մանթաշյանը:

- Կարծում եմ իմ ամենակարևոր բեմելը Ժնևի Մեծ Թատրոնն էր՝ Պուչինիի «Բոհեմ» ներկայացման մեջ, Միմիի գլխավոր դերերգով։ Այն ինձ վստահվեց ճիշտ այն ժամանակ, երբ արդեն հասունացել էր ներկայացնելու պահը։ Մեծ հաջողությունից հետո բացվեցին այլ դռներ դեպի մեծ թատրոններ՝ Ցյուրիխ, Մյունխեն, Բեռլին, Վիեննա, Լոնդոն, Ամստերդամ... ու էլի շատ բեմեր։

- Առաջին հաջողությունները, առաջին մեծ բեմերը, առաջին մեծ մարդիկ, արվեստագետները. ի՞նչ փոխվեց Ռուզան Մանթաշյանի կյանքում, ի՞նչ տվեցին նրան շփումները, աշխատանքն իր արվեստի մեծերի հետ:

- Իմ ամենաառաջին մեծ բեմը Իտալիայի կենտրոնական մասում գտնվող Պիաչենցա ու Մոդենա  քաղաքների օպերային թատրոններն էին՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում Սյուզաննայի դերերգով։ Սա երևի սոպրանոյի երգացանկում ամենաերկար դերն է: Փորձերի ընթացքում ես չորս կիլոգրամ նիհարել էի, այնքան շատ էին փորձերն ու ծանրաբեռնվածությունը։ Սյուզաննան գրեթե բոլոր տեսարաններում կա ու ամբողջ օպերան տևում է մոտ երեք ժամ։ Սա, իհարկե անմոռանալի փորձ էր ինձ համար նաև այն պատճառով, որ դերերգի վրա աշխատել էի ամենահայտնի երգչուհիներից մեկի՝ Միրելլա Ֆրենիի հետ, որը, ցավոք, անցած ամիս հեռացավ կյանքից։

- Արդյոք կայի՞ն օպերային աշխարհը նվաճելու երազանքներ, թե կյանքն ընթացավ իր հունով:

- Անկեղծ ասած, ես համոզված եմ, որ երազանքներ, ձգտումներ միշտ է պետք ունենալ, բայց դրանց հասնելու ձևը միայն աշխատանքն է։ Ինքս ինձ չեմ համեմատում ուրիշ արտիստների հետ, կամ մտածում անպայման ելույթ ունենալ որևէ կոնկրետ թատրոնում։ Ես ամենաառաջինն ինձ` ինձ հետ եմ համեմատում: Աշխատում եմ լինել ավելի լավ արտիստ՝ միայն ինքս իմ համեմատությամբ, որովհետեւ միշտ կա լավից լավը ու բոլորիս հնարավորությունները տարբեր են։ Պետք է ճանաչես ու ընդունես քո լավ ու վատ կողմերը, և միմիայն տաժանակիր աշխատանքի միջոցով հասնես ավելի լավ արդյունքների։ Այսպիսին է կյանքի իմ փիլիսոփայությունն ու մոտեցումը։

- Ընդհանրապես ի՞նչ է տալիս արտիստին Հայաստանից դուրս ճանապարհը:

- Տալիս է մեծ փորձ առաջին հերթին։ Ընդհանրապես, ցանկացած արվեստի ներկայացուցիչ մի տեղ երկար մնալով լճանում է, իսկ մեր մասնագիտությունն աշխարհագրություն չի ճանաչում։ Իմ դեպքում՝ Հայաստանից դուրս ճանապարհը հենց բացեց շատ հնարավորություններ իմ առաջ, որը սկզբում շատ հուզիչ է, ու կարող է սխալ ընտրության դրդել: Օրինակ, շատ տարածված երևույթ է ժամանակից շուտ բարդ դերերեգեր երգելը։ Երիտասարդական էնտուզիազմը շատ մեծ ուժ է, բայց այն պետք է ճիշտ կազմակերպել։ Լավ խորհրդատուներ ունենալը, որոնք փորձից ելնելով քեզ ճիշտ կուղղորդեն, բարդ հարթակ է ու մեզ մոտ՝ քիչ զարգացած։

- Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում ժամանակակից օպերային արվեստը: Արդյո՞ք դասականի և ժամանակակից մոտեցումների միաձուլումը մեծ խնդիր չէ:

- Ընդհանրապես խնդիր չէ ու չի կարող լինել երբևիցե։ Համարյա բոլոր լավ թատրոններն իրենց թատերաշրջաններում գոնե մեկ, կամ երկու նոր, կամ վերջին տասնամյակներում գրված օպերաներ ունեն։ Ես հակված եմ մտածելու, որ երաժշտությունը ցանկացած ժամանակահատվածում հայելու պես արտացոլում է տվյալ ժամանակը։ Իհարկե, այն ապրել է որոշակի զարգացում և շարունակում է տարեցտարի փոփոխվել։ Իսկ ժամանակը ցույց է տալիս, թե որ երաժշտական գործերն են արժանի դասվելու գլուխգործոցների շարքում։ Պետք չէ մոռանալ, որ Մոցարտն էլ իր օրերում է եղել ժամանակակից։

- Ի՞նչ հեղինակություն ունի այսօր օպերային արվեստը Եվրոպայում: Արդյո՞ք նոր, ժամանակակից աշխարհի տենդենցները դեպի ավելի պրիմիտիվ մշակույթ, չեն ստվերել օպերային արվեստը:

- Այն համարվում է բարձր մշակույթ, որը, հիմանականում, երիտասարդների շրջանում անհասանելի է թվում՝ տոմսերի թանկ լինելու պատճառով։ Այսինքն, այս արվեստի ձևը բարձր է գնահատվում, ու թատրոնները տարբեր ձևերով փորձում են հասանելի դարձնել այն բոլորի համար։ Այսպիսի մոտեցումները չեն պրիմիտիվացնում բուն արվեստի զարգացումը, այլ՝ պահպանելով եղածը, տարածում են այն ավելի լայն շրջանակների համար։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ կա, այսպես կոչված, պոպերան (պոպ և օպերա բառերի համաձուլում), որի վառ ներկայացուցիչներից է, օրինակ Անդրեա Բոչելլին։ Այսինքն, բոլորովին ուրիշ ժանր է արդեն ձևավորված։

- Ի՞նչ կարծիք ունեք օպերային թատրոն այլ մշակույթներ և արվեստներ ներմուծելու մասին: Արդյոք ընդունելի՞ են օպերային արվեստի չափազանց մոդեռնիզացումը, տարբեր սիներգիաները:

- Օպերան, ինքնին, արվեստի տեսակ է, որտեղ համադրվում է թատրոնը, երաժշտությունը, նկարչությունը, ճարտարապետությունը։ Վերջերս հաճախ ավելացնում են ֆիլմերի հնարավորությունները, կամ վիդեոլայվ տեխնիկաները։ Երբեմն շատ լավ արդյունքներ են լինում։ Օպերան քայլում է ժամանակի հետ համընթաց, և սա շատ կարևոր է առաջընթացի համար։

- Խոսե՞նք Հայաստանի օպերային թատրոնի մասին: Ոնի՞ Ռուզան Մանթաշյանն իր մոտեցումները, գնահատականները այսօրվա հայկական օպերային արվեստին, թատրոնին:

- Ես մեր թատրոնի աշխատանքին, ցավոք, շատ լավ ծանոթ չեմ, ու գնահատական տալը բարդ է։

- Ձեր կարծիքով ինչո՞ւ Հայաստանին չի հաջողվում տարիներ շարունակ ունենալ մրցունակ օպերային թատրոն, երբ կան հրաշալի ավանդույթներ:

- Կարող եմ ենթադրել, որ խնդիրը սխալ մենեջմենթի մեջ է: Ընտրված թատերացանկը միանման է, չկան, օրինակ, ծիծաղաշարժ օպերաներ։ Շատ ուրախ էի մանկական «Պինոկիո» ներակայացման համար: Ինքս չեմ այցելել, բայց բոլորից միայն դրական արձագանքներ եմ լսել։

- Ի՞նչ քայլեր կնախանշեք, որպեսզի Հայաստանի օպերային թատրոնը կարողանա դառնալ մրցունակ: Արդյոք միայն փո՞ղն է գլխավոր խնդիրը:

- Համոզված եմ, որ գումարը բուն խնդիրը չէ։ Թատրոնը շատ փոքրիկ քայլերով, բայց առաջ է գնում։ Իմ անձնական ցանկությունն այն է, որ բացի դրամատիկ օպերաներից, բեմադրվեն նաև երգիծական թեմաներով ու ուղղվածության օպերաներ, ժամանակակից հայ կոմպոզիտորների գործեր պատվիրվեն ու հնչեն, մանկական օպերան դառնա անբաժան մաս, բարոկկո եւ դասական շրջանի կոմպոզիտորներ ներկայացվեն։ Այսպիսով, նաև երիտասարդ երգիչներն աճելու տեղ կունենան ու ելույթների հնարավորություն, որոնք փորձառության միակ ամենալավ ձևն են համարվում։

- Ի՞նչ են անում Եվրոպական օպերային թատրոնները՝ չկորցնելու համար իրենց տեղը ժամանակակից աշխարհում, այսօրվա մշակութային կյանքում: 

- Շատ ակտուալ հարց է ու կարծում եմ, որ այն միշտ կմնա արդիական, քանի որ մենք ապրում ենք շատ փոփոխական ու արագ զարգացող աշխարհում։ Վերջին տասնյակ տարիներին օպերային թատրոնն անվանում են «ռեժիսուրայի թատրոն»: Կինոյի ու դրամատիկ թատրոնի ռեժիսորները սկսեցին օպերաներ բեմադրել՝ երաժշտական թատրոնի ռեժիսորների հետ։ Անհրաժեշտ էր օպերան հանել ընթերցման նոր մակարդակի, որպեսզի մարդկանց հետաքրքրությունը չմարի։ Այսինքն, երկու դար առաջ գրված օպերաները ներկայացվեցին արդի զգեստներով ու դեկորներով։ Օրինակ՝ բալետը, համեմատելու համար, մինչ օրս էլ մնում է դասական, առանց փոփոխությունների։ Այլ քայլերից են նաեւ մանկական հանդիսատեսի ներգրավումը՝ յուրաքանչյուր թատերաշրջանում անպայման ունենալով մեկ մանկական ներկայացում, ինչպես նաեւ՝ ժամանակակից երաժշտության նմուշների ներառումը։ Եթե կարճ, ապա փորձում են բավարարել յուրաքանչյուր հանդիսատեսի պահանջները։

- Ամենասիրած դերերը, երազանքները, մարդիկ: Կա՞ն բարձունքներ, որոնք դեռ պետք է նվաճել, կուռքեր, որոնց դեռ պետք է հասնել:

- Շատ եմ սիրում Պուչինիի «Բոհեմ» օպերայից Միմիի դերերգը: Այն երգում եմ տարբեր թատրոններում։ Երազանքի դերերգերից՝ Դվորժակի Ջրահարսն է համանուն օպերայից, որն արդեն ունեմ ծրագրերում։ Իսկ եթե խոսենք բարձունքներից՝ նրանք շատ են, այդ թվում այս կամ այն կերպ մեր հայրենիքում մշակույթի զարգացմանը նպաստելը։

- Արդյոք կգնայի՞ք նույն ճանապարհով, եթե նորից սկսեիք:  

- Կարծում եմ, այո։ Ես ինձ չափազանց հաջողակ եմ համարում։

- Ի՞նչն ամենաշատը չի սիրում Ռուզան Մանթաշյանը:

- Չեմ սիրում, երբ մարդիկ իրար չեն հարգում։

- Ի՞նչ է կյանքը:

- Մեզ տրված ժամանակահատված՝ հասկանալու համար, թե ինչպես կատարելագործվել։

- Ի՞նչ է սերը:

- Ունակություն, որը նոր աշխարհներ է բացում մեր առաջ։

- Անձնական կյանքի մասին՝ եթե կնախընտրեք:

- Թողնենք անձնականը՝ անձնական։

- Ռուզան Մանթաշյանի կյանքի մեկ օրվա նկարագրությունը: Ինչպե՞ս է անցկացնում ժամանակը: Արդյոք կա՞ հնարավորություն կարդալու, հետևելու այլ իրադարձությունների, մասնակցելու այլ միջոցառումների:

- Իմ օրերից ոչ մեկը նման չէ մյուսին։ Դա և՛ լավ է, հետաքրքիր, բայց և ինչ-որ պահից սկսած ուզում ես կայունություն քո կյանքում, ուզում ես զբաղվել սովորական տնային կամ ամենօրյա գործերով, որքան էլ տարօրինակ չհնչի։ Եթե ես ներկայացման եմ մասնակցում, ուրեմն օրերս փորձերով են լցված լինում, ուրիշ բաների վրա ժամանակ քիչ է մնում, բայց, իհարկե, հնարավորինս փորձում եմ բացահայտել քաղաքը, որտեղ գտնվում եմ, ինքնազարգանալ՝ այցելելով թատրոններ, թանգարաններ։ Շատ սիրում եմ ուղղակի թափառել անծանոթ քաղաքով, դիտել անցորդներին՝ բոլորն այնքան տարբեր են, բայց նաև՝ շատ նման։ Փորձում եմ սպորտով հնարավորինս սիստեմատիկ զբաղվել՝ առաջին հերթին առողջության համար, բայց նաև էսթետիկ նկատառումններից ելնելով։ Այսօրվա օպերային բեմը սիրում է ժամանակակից բեմադրություններ, որոնք իրականացնելու համար շատ անգամ ֆիզիկական պատրաստվածություն է հարկավոր։

- Ինչպե՞ս է երևում Հայաստանը դրսից:

- Ինձ համար Հայաստանը միշտ եղել ու մնում է իմ տունը։ Ես ապրում եմ նրա ցավերով ու ուրախանում ձեռքբերումներով։ Ուղղակի, դրսից ավելի ես կարոտում, կարիքը զգում ու սիրում քո հայրենիքը։

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ