«ՀԱՅԵՑՈՂ» տիրուհու գաղտնիքները...
«Գոհարը անիմատոր է և վիզուալ արտիստ։ Վիզուալությունը արդիական աշխարհում դարձել է այնքան մոտ, որ համարյա դիպչում է մեր մարմնին։ Գոհարը տեսնում է վիզուալության այդ մտերմությունը իբրև դիզայներ, իր գործերում՝ շարֆերում, թիկնոցներում, ցույց տալով, թե որքան է պատկերը մոտեցել մեզ և թելադրում իր նշանակությունը։ Պատկերը գրաֆիկական է, նրա գծերը չեն թաքցնում այն, ինչն իրենց համար կտավ է՝ մեր մարմինը, մեր անհատականությունը։ Մարմինը կտավ է, որի վրա նախշերի գրառումներ են արվում: Այդ նախշերը պետք է լինեն նրբագույն, արտահայտեն անհատականության խորությունը, բարդությունը, կենսագրությունը...».
Գոհար Սարգսյան արվեստագետի՝ գեղանկարչի, ռեժիսորի, դիզայների, անիմատորի արվեստի մասին գրում է մշակութաբան Վարդան Ջալոյանը։
Գոհար Սարգսյանն արվեստասերին ներկայացել է իր «Հայեցողը» անհատական ցուցադրությամբ, որը գույների, շարժման, գծապատկերի, մտածողության կերպով դուրս է բերել արվեստագետի ներաշխարհը: Գոհար Սարգսյանն, այո, հայեցող է, դիտարկող: Դիտարկում, զննում, տեսանում է մարդուն: Տեսանում է լռության մեջ, ինչպես հատուկ է ճշմարիտ արվեստի դավանողին: Տեսանում է նրբորեն, որովհետև արվեստագետը խոսում է ներքին ձայնով, մտածական, հայեցական ընկալմամբ:
Ցուցահանդեսի պատկերագիրքն այսպիսի մուտք ունի.
«Մարինա Ցվետաևան իր մի բանաստեղծության մեջ դիմում է ծառերին, որ ինքը գալիս է նրանց մոտ՝ պաշտպանություն գտնելու։
Գոհար Սարգսյանը գնում է դեպի ծառերը՝ հարազատանալով բանաստեղծուհու աշխարհին։ Ցվետաևայի աշխարհը ողբերգական է, բայց ձգտում է տեսնել հույսը։ Ցվետաևան մեկն էր նրանցից, որը տեսնում էր լույսը, որովհետև պոետ էր և փիլիսոփա: Եվ երևի կհասկանանք՝ ինչ է մեզ ասում Գոհարը իր նուրբ գրաֆիկական աշխատանքներում, երբ կրկնում է բանաստեղծուհու կոչը՝ գնալ դեպի ծառերը:
Ի՞նչ է ծառը պոետիկ, ներքին տարածությունում: Ռայներ Մարիա Ռիլկեն գրում է.
Եթե ուզում ես, որ քեզ հաջողվի կյանք տալ ծառին
Օժտիր նրան այն ներքին տարածությամբ,
Որը կա քո մեջ»։
Կարելի է՞ ասել պոետիկ գեղանկարչություն, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց Գոհար Սարգսյանի արվեստը պոետիկ գեղանկարչություն է: Նրա «Ծառեր» շարքը թափանցիկ է: Բոլոր այն շերտերը, որոնք նկարչուհին փիլիսոփայորեն հանձնել է թղթին, կտավին լազերային թափանցելիության խորությամբ բացահայտում են արվեստագետի ներքին մաքրությունները, նրա մարդկային էության բնութագրումները, նրա հայացքը կյանքին, ժամանակի անցողիկությանը, բարության մնայուն լինելուն:
«Գոհարը ընտրել է ծառերը, քանզի նրանք օժտված են ներքին տարածությամբ և կենսականությամբ։
Մարդը զգում է իր հոգևոր հարազատությունը ծառերի հետ, որովհետև նրանց հետ կիսում է իր կեցության մենակությունը, ինչպես Ցվետաևան իր վերոհիշյալ բանաստեղծության մեջ ամբոխից փախչում է ծառերի մոտ, աղմուկից՝ լռությունը: Մարդը իր անզորությունը կիսում է ծառերի հետ, երբ նրանք պարզում են իրենց ձեռքերը ամպերը քնքշորեն համբուրելու համար:
Մարդը ծառերի հետ կիսում է ոչ միայն իր անզորությունը, այլև իր հոգևոր ուժն է տեսնում ծառերի մեջ:
Երբ մարդը տեսնում է ծառի ներքին էությունը, միանում է նրան և աճում: Բարձր ծառերի հետ մարդն էլ է դառնում հոգեպես բարձր:
Որպեսզի տեսնես ծառը, ներքուստ պետք է աճես, բարձրանաս մինչև նրանց սաղարթները: Ամեն մի թռչող հոգի կարող է ծառի ճյուղերի վրա հանգրվանել: Հոգին թռչուն է, որն իր հանգստությունը գտնում է կեցության սաղարթներում». գրում է մշակութաբան Վարդան Ջալոյանը:
Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Գոհար Սարգսյանի «Առաջնորդներ» շարքը. «Այրին», «Սուրբը», «Հարսնաքույրը», «Օրիորդը», «Միանձնուհին», «Թագաժառանգը» և այլն: Հոգեվիճակներ, որոնք անցնում են արվեստագետի ընկալումներով, ներքին ձայնի շերտերով: Գուցե պատահական չէ, որ կապույտի երանգներն ու արտացոլանքները առանձնացող գույն են: Գուցե նկարչուհին ցանկություն ունի ասելու, որ «...կապույտի վրա չեն նստում ճանճեր» և բարեխոս լինելով ինքն իր հետ ընդգծում է «...ճահճանման աղտ աղարտի մեջ» մաքուր մնալու փիլիսոփայությանն իր հավատարմությունը:
Շարունակելով խոսել արվեստագետի մասին, մշակութաբան Վարդան Ջալոյանը գրում է. «Գոհարը դիմում է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի պերսոնալիստական աշխարհայացքին։ Ֆելինին ստեղծել է իր Հռոմը, որից ներշնչվելով՝ Գոհարը կառուցել է իր երևակայական քաղաքը՝ փառահեղության և տոնականության մեջ։ Գոհարի երևակայական Հռոմում մարդիկ համախմբվում են կյանքն ուժգնորեն ապրելու համար: Տոնակատարության ոգին համախմբում է մարդկանց, դա հատկապես ակնհայտ է դառնում նրա բազմաֆիգուր խառը տեխնիկայով արված գրաֆիկական աշխատանքներում: Գոհարը ստեղծում է այդ տոնախմբության հոգևոր առաջնորդների կերպարները, գրաֆիկական և գունային միջոցներով փոխանցում նրանց բարեսրտությունը, էթիկական բարձր արժեքները, արտահայտում նրանց խորը անհատականությունը: Այս կերպարներից շատերը ճանաչելի են, նրանք ժամանակակից աշխարհի այն սիմվոլներն են, ովքեր կարող են խորը տեսնել և զգալ, կանխատեսել և մարդկանց տանել անվտանգ Ճանապարհով:
Գոհարն իր գծերով կարծես ասեղնագործում է իր աշխարհը, գործում նուրբ թելեր, որոնց միջոցով մենք այն տեսնում ենք, հասկանում և ապրում»:
Գոհար Սարգսյանի համար հայեցողականությունը դառնում է մտածողական երևույթ, որովհետև հայեցողականությունը փիլիսոփակյական մտածողության համակարգ է, որն օբյեկտիվ իրականությունն ընդունում է որպես ճանաչողություն:
Գոհարի արվեստում կինոն է՝ իր լեզվամտածողությամբ, շարժումն է՝ ընթացքի մեջ, գույնն է՝ արտահայտելու համար ներաշխարհ:
Գոհարի կինոն այս ցուցահանդեսում փոխվել է գծի, բայց, նկատելիորեն, արվեստագետի ներսում հաշտ ու ներդաշնակորեն ապրում են թե կինոն, թե գիծը, թե գույնը, որոնք կյանքն արտացոլելու ձևերի որոնումներ են, ինչը և արել է արվեստագետը՝ արվեստագետների հայտնի գերդաստանից ու միջավայրից:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ