«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

Հայկական կինո՝ ՀՆԱՑԱԾ արտահայտչաձևերով

 

Նատալյա Իվանովան հայտնի պրոդյուսեր է, Եվրոպական կինոակադեմիայի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: Կինոարտադրությունում է արդեն 30 տարի: 2002 թվականից գլխավորում է «Khorosho Production» պրոդյուսերական կենտրոնը, որը մասնագիտացած է խաղարկային, վավերագրական, հեռուստատեսային նախագծերի դիստրիբյուցիայում: Նրա «հաշվեկշռում» է 7 խաղարկային և 20 վավերագրական ֆիլմ, այդ թվում և ռեժիսոր Վերա Գլագոլևայի «Երկու կինը» հանրահայտ ֆիլմը՝ համաշխարհային մեծության աստղ Ռեյֆ Ֆայնսի մասնակցությամբ:

Նատալյա Իվանովան Երևանում էր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Նա ընդգրկված էր փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի միջազգային ժյուրիի կազմում:

Երբ արդեն հայտնի կինոգործիչը դիտել էր հայկական բոլոր ֆիլմերը, «ՀԱՅԵՐԸ» խնդրեց նրան պատասխանել մեկ հարցի և այսպիսով նա դարձավ «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «Հարց ու պատասխան» խորագրի առաջին հյուրը:

-Ի՞նչ դրական և բացասական տենդենցներ եք նկատել հայկական ֆիլմերում:

-Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ ես առաջին անգամ էի բախվում այդպիսի բազմազանության հայկական կինոյի հետ: Ես գիտեմ, որ ռուսական կինոինդուստրիայում կատակերգությունների մեծամասնությունն անում են հայկական արմատներով ռեժիսորները, բայց ինձ դրանք քիչ են հետաքրքրում: Մեկ տարի առաջ եղա Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմի պրեմիերային, որը ներկայացնում էր անձամբ Սերժ Թանկյանը: Տեսել եմ նշանավոր Ֆաթին Ակինի «Սպի» ֆիլմը: Լավ ծանոթ եմ Մարիա Սահակյանին, Աննա Գորոյանին, Աննա Մելիքյանին և իհարկե, Հարություն Խաչատրյանին, որի գրեթե բոլոր հրաշալի վավերագրական ֆիլմերը ես տեսել եմ: Այս տարի Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնում նա ներկայացրեց իր նոր՝ «Փակուղի» ֆիլմը և հանդիսատեսը կանգնել էր կինոդահլիճի անցումներում, նստել էր աստիճաններին, որպեսզի կարողանա դիտել Մաեստրոյի նոր ֆիլմը:

Եվ ահա հայկական կինոյի այս համեստ «բագաժով» ես համարձակություն ունեցա համաձայնվել աշխատել «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ազգային մրցույթի միջազգային ժյուրիի կազմում, որովհետև շատ էի ուզում նաև Երևան գալ. նախնիների կանչ՝ այդպես ասենք:

Առաջին դիտումներից պարզ դարձավ, որ հայկական կինոն իր ըմբռնումներն ու կանոններն ունի: Մեծամասնությամբ դրանք ֆիլմեր են՝ նկարահանված մի քիչ հնացած արտահայտչաձևերով, ֆորմատով, երաժշտական ձևավորմամբ և ներքին օգտագործման համար, թեև պատումի պաթոսից աչքի է զարնում ռեժիսորի ձգտումը՝ իր պատմությունը հասցնել ամբողջ աշխարհին:

Այսօրվա գլխավոր թեման մնում է անցյալը: Հեռավոր անցյալը՝ նկատի ունեմ Ցեղասպանությունը, որի տխուր տարելիցը նշեցին անցյալ տարի, 90-ական թվականները, երբ ողջ Հայաստանը ստիպված եղավ հաղթահարել էլեկտրաէներգիայի, ջեռուցման բացակայության, ավերածությունների, գործազրկության և շատ այլ բաների դժվարությունները, և ոչ հեռավոր անցյալը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ:

90-ականների ծանր տարիների մասին  մեզ շատ մանրամասն պատմեց Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով» ֆիլմը, որն արդյունքում երկու մրցանակ ստացավ և ուզում եմ հավատալ, որ վարձույթի երևանյան մասնագետները համարձակություն կունենան վերցնել այն ազգային կինովարձույթ, եթե այն, այնուամենայնիվ կա:

Ռեժիսորն իր նախագծի վրա աշխատել է 20 տարի, որը կինոնկարը դարձրել է ապրված և  պարտքի զգացումով արված: Լինելով և սցենարի հեղինակ և պրոդյուսեր և նկարիչ և մոնտաժող, հասկանում ես, որ Դավիթ Սաֆարյանը երջանիկ մարդ է եղել, երբ արել է իր կինոն: Նրան քիչ են հետաքրքրել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ժամանակակից մոնտաժը, վարձութային ձևաչափը և այլ հասկացություններ, որոնք անհրաժեշտ են այսօրվա ժամանակակից կինոյին:  Դավիթ Սաֆարյանն արել է իրենը, խորը հեղինակային կինո, որը հավանաբար, արձագանք կգտնի շնորհակալ հանդիսատեսի սրտերում:

Մեկ այլ ծայրահեղության՝ համոզել բոլորին և ամեն ինչում, բախվել է «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, որն ի սկզբանե Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության բավականաչափ  հետաքրքիր մեկնաբանությամբ ֆիլմը վերածում է մեկ մելոդրամայի, մեկ թրիլլերի՝ այն էլ քրեական էլեմենտներով: Տպավորություն է ստեղծվում, որ սցենարը անընդհատ գրվել ու վերագրվել է՝ տարբեր երկրների՝ Լիտվայի, Շվեյցարիայի, Լիբանանի, Ամերիկայի համապրոդյուսերների հայտնվելու հետ մեկտեղ: Այստեղից և հայ գլխավոր հերոսի՝ Աբգարի կյանքում Յուրգա անունով լատվիացի աղջկա քիչ մոտիվացված հայտնությունը, և գործնականում՝ ֆիլմի մյուս հերոսների, ադրբեջանցի հարևան Իբրահիմի և նրա աղջկա բաց թողնված դրամատուրգիական գծերը:

Այս ֆիլմը միաձայն մնաց մեր ժյուրիի անուշադրության կենտրոնում, չնայած հանուն արդարության պետք է շնորհակալություն ասել ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանին այն բանի համար, որ նա հրավիրել էր ֆիլմում խաղալու հրաշալի իրանցի դերասան Էրշադիին, որի լռությանը հավատում ես յուրաքանչյուր կադրում:

Մոսկվացի ռեժիսոր Ալեքսանդր Անդրանիկյանի «Այդ ամբողջ ջեմը» ֆիլմն ավելի շատ համապատասխանում էր արտամրցութային ցուցադրությանը: Ժյուրիի բոլոր անդամները նշեցին, որ այդ ֆիլմն ունի որոշակի կոմերցիոն պոտենցիալ, որի օրենքներով էլ այն արված էր՝ թե ժանրով, թե ուժեացված դերասանական կազմով, որտեղ անգամ հրավիրված էր ամերիկացի դերասանՄարտին Դինգլ Վելլըը և փառատոնի մրցույթին այն առնչություն ուներ զուտ ռեժիսորի էթնիկական կողմով:

Եվս մեկ մրցութային ֆիլմ՝ «Սերը», հերթական անգամ համոզեց ինձ Աննա Մելիքյանի տաղանդավոր լինելու և նրա բացառիկ ունակության և ընդունակության մեջ՝ պատմել ժամանակակից պատմություններ: Ռեժիսորի այդ հարգարժան պրոֆեսիոնալ որակները նշեցին և ժյուրիի մյուս անդամները, բայց, նրա այդ աշխատանքը թողեց «Կինո բոլորի համար» չթուլացող տպավորությունը:

Հետաքրքիր էր կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը, որտեղ գլխավոր մրցանակը շահեց ռեժիսոր Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» ֆիլմը: Ֆիլմը Եվրոպականորեն պրոֆեսիոնալ և ճիշտ նկարահանված էր, որը միանգամից այն առանձնացնում էր մրցույթի մյուս ֆիլմերից: Բայց սկզբի հետաքրքիր և շատ բան խոստացող դրամատուրգիան  ֆիլմի մեջտեղում սկսեց  կախ ընկնել, իսկ ֆիլմի վերջում ընդհանրապես դադարեց աշխատել:

Գեղեցիկ պլանները,  ոճային պատկերը տրամադրում են տիեզերական մաշտաբի ողբերգության, բայց Լեոպարդն այդպես էլ չխոսեց, դա հավանաբար այդպես էլ չպահանջվեց հեղինակի կողմից՝ եվրոպական երիտասարդության բոհեմային կյանքի պրոբլեմների մասին նրա արտահայտչաձևերում: Ուզում եմ հավատալ, որ պրոֆեսիոնալ հայ ռեժիսոր Վիգեն Արմենյանը դեռ կգա «Ոսկե Ծիրան» նոր ֆիլմով, որտեղ սյուժեում ներկա կլինի հայկական թեմա և թող որ փառատոնի մրցանակը նրան օգնի:

Շատ դուր եկավ ֆրանսիահայ երիտասարդ ռեժիսոր Արնո Խայաջյանի «Քարե ճանապարհներ» ֆիլմը: Շատ նուրբ և ճիշտ վավերագրական ֆիլմ, որի տեսախցիկն օգնում է մեզ տեսնել ծեր թուրքերի դեմքերը, որոնք այսօր ապրում են Անատոլիայում, Կենտրոնական Թուրքիայում: Թեթևորեն կողք քաշված, ռեժիսորը զրուցում է նրանց հետ տարբեր թեմաներով, այդ ընթացքում ցույց տալով նրանց իր հայ տատիկի լուսանկարը և նրանք մարդկայնորեն սիրալիր են և բարյացկամ: Բայց միայն մնում է նրանց խնդրել՝ հիշել Ցեղասպանության դաժան ժամանակների մասին, կամ տալ իրենց գնահատականը, նրանցից ինչ որ մեկը շրջվում է, ինչ որ մեկը միանգամից համրանում: Տեսախցիկը, ոնց որ ռենտգեն, թափանցում է այդ մարդկանց սրտերը և տալիս իր դատավճիռը յուրաքանչյորին:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում հաղթող ճանաչվեց Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը: Աննան ռեժիսուրա է սովորել Մոսկվայում, Ալլա Սուրիկովայի մոտ և դա նրա դեբյուտն էր: Արդեն իսկ հաճելի էր, որ ֆիլմն արվել է տաղանդավոր խմբով, որտեղ սցենարիստը, օպերատորը, մոնտաժողը և թիմի մյուս անդամները պրոֆեսիոնալ են անում իրենց գործը՝ հավատարիմ մնալով այն ճշմարտությանը, որ կինոն կոլեկտիվ արվեստ է:

Շատ կուզեի, որ երիտասարդ հայ կինեմատոգրաֆիստները ձգտեին ժամանակակից կինոլեզվի և ձևերի փնտրմանը, այդ ամենով հանդերձ պահելով բոլոր այն լավը, ինչ կա այսօր:                         

 Արդյունքում, չնայած պրոֆեսիոնալ և հարգարժան ժյուրիի արդարացի նկատողություններին, կարևոր և դրական է այն, որ Երևանում անցկացվում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն, որի ծրագրերում հայտնվել տարեցտարի ավելի շատ երկրների կինեմատոգրաֆիստներ են երազում:  Փառատոնի միտքն ու խնդիրն է ցուցադրել թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս նկարահանված հայկական կինոյի հնարավորինս ամբողջական ներկապնակը՝ որպեսզի այն այստեղ գտնի իր իրական մարմնավորումը:

Հաղթող են բոլորը՝ թե հանդիսատեսը, որը հնարավորություն ունի ֆիմերի մեծ մասը տեսնել միայն փառատոնում, թե կինեմատոգրաֆիստները, որոնք իրենց ֆիլմերը ցուցադրում են պրոֆեսիոնալներին, թե քննադատներն ու փառատոնի հյուրերը, որոնք հետագայում պետք է գրեն դրանց մասին՝ աշխարհին պատմելով հայկական առատաձեռն հողի Ոսկե Ծիրանների մասին՝ որոնք բոլոր հաղթողներին տրվում են զամբյուղներով:

Իմ պրոդյուսերական կարիերայի արշալույսին իմ ընկերուհիներից մեկն ասաց, որ «փառատոններից պետք է բերել ընկերներ»: Այդպես էլ եղավ. հիմա ես Երևանում ոչ միայն բարեկամներ ունեմ, այլև՝ գաղափարակիցներ և հույս ունեմ, որ մի օր էլ այդ հեղինակավոր փառատոնում կցուցադրեմ իմ նոր ֆիլմը:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ