«Հա՛յր մեր, որ յ’երկինս ես...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ
Երևի առանց բացառության բոլորիդ դուռը թակել կամ փողոցում սրտաբաց զրույցի են բռնվել անպայման երկու եհովական, որ նախ գուժում են աշխարհի վախճանը, հետո վստահեցնում, թե փրկության միակ ելքը Եհովա Աստծուն ապավինելն է, որը սակայն, փրկելու է միայն իր (Եհովայի) վկաներին:
«Այսինքն, եթե աշխարհը հենց այս պահին կործանվի, Եհովա Աստվածը Ձեզ կփրկի, ինձ՝ ո՞չ...»,-հումորով հարցիս հաստատակամ պատասխան տվեցին՝ այո՜, իհա՛րկե:
Մի անգամ էլ մի զույգ, երևի սկսնակ էր, խոստովանեց, թե պիտի փորձի իմ ուղեղը լվանալ: Ես նրանից հեռացա ցավով, թե որքա՜ն ուրեմն անլվա ուղեղներ կան մեր մեջ, որ թույլ են տալիս լվանալ իրենց միտքն ու հոգին և մաքրել 1700-ամյա մեր առաքելական վարդապետությունը, որը հարյուրավոր տարիներով պետականությունից զրկված հայությանը հայ է պահել:
Անհերքելի ճշմարտություն է, որ մենք՝ հայերս, սիրում ենք մեզ համար պրոբլեմներ ստեղծել, որպեսզի հետո գլուխ կոտրենք՝ լուծումներ գտնելու համար:
Մինչ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը ջանք էր թափում Հայաստանում օրինական գրանցում ունենալու համար՝ միաժամանակ բաց, տեսանելի, անարգել, համառ ու համբերատար հսկայական ցանց հյուսելով հանրապետության ողջ տարածքով, Հայաստանում գործելու օրինական իրավունք ստացան մի քանի տասնյակ քրիստոնյա համարվող աղանդներ, որոնք ոչ պակաս վտանգավոր են և՛ գաղափարախոսությամբ, և՛ գործելակերպով:
(Հիշեցնեմ, որ Հայաստանում գործելու օրինական իրավունք «Եհովայի վկաները» ստացան միայն 2004-ին` Եվրախորհրդի պահանջով) :
«Խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը վկայում է, որ «ՀՀ տարածքում արգելվում է հոգեորսությունը»:
Հասկանալի է, չէ՞, եթե մի բան օրենքով արգելվում է, քրեորեն հետապնդելի է և պատժի արժանի: Նույն օրենքը սահմանում է. «Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են ՀՀ տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից»:
Բայց մի՞թե գաղտնիք է, որ ֆինանսավորվում են դրսի կենտրոններից և այն էլ՝ ինչպե՜ս և ինչքա՜ն... Ի՞նչ մի դժվարություն էր օրինախախտությունները բացահայտելն ու գործունեության արգելումը: Չէ՞ որ հակասում են մեր անկատար ու խիստ դեմոկրատական համարվող գործող օրենքին:
Ուրեմն պարզ հետություն՝ նրանք պիտի որ հովանավորներ ունենան այնտեղ՝ մեր վերևներում, պաշտոնական կամ ազդեցիկ այլ օղակներում: Միտումնավոր, թե՝ անտարբեր, գիտակցված, թե՝ ոչ, սրա անունը թողտվություն է:
Ի վերջո, ցուցակով կամ կնքված վկայականով չէ, որ վավերացված է հայի՝ Առաքելական եկեղեցու անդամ լինելը: Այնպես որ, յուրաքանչյուր հայ, որ շեղվում է, որին շեղում են իր Ազգային եկեղեցուց, հոգեորսության, մարդորսության արդյունքում է: Ձևն ու միջոցներն առանձնապես էական չեն: Էականն այն է, որ գաղափարախոսության ու հոգևոր բացի և թողտվության պայմաններում մարդիկ գայթակղվում են այն ամենով, ինչը խելացի ու համոզիչ են հրամցնում, մատուցում, մարսելի են դարձնում:
Մարդիկ անկեղծ խոսքի և ինչ-որ բանի հավատալու պակաս և կարիք ունեն: Եվ այդ բացը լրացնում են օտարները` օտար գաղափարա-բարոյախոսությամբ:
Մի տեսակ օրինաչափ է յուրաքանչյուր շեղում կամ սայթաքում պատճառաբանել սոցիալական անբարենպաստ իրավիճակով:
Բայց մարդիկ նաև հոգևոր քաղցից են տառապում, որն հագեցնում են պարզ, կենդանի, հետաքրքիր, գայթակղիչ ու համոզիչ քարոզներ լսելով, մշակութային (հիմնականում անվճար) փոքր ու մեծ միջոցառումներին, նպատակային շոուներին մասնակցելով, որոնք այնպե՜ս ոգեշնչված իրականացնում են գրեթե բոլոր աղանդավորական խմբերը:
Աղանդների խայծը կուլ տալու նպաստավոր հանգամանք է «Աստծո չգոյության» ու անհավատության 70 տարիները, երբ եկեղեցին միայն որպես պատմամշակութային արժեք էր ներկայացվում և այդ մտածողությունը, հոգեբանությունը, աշխարհընկալումը արմատացել է մի քանի սերնդի մեջ:
Այնպես որ, Աստծո խոսքի պահանջը մարդիկ ունեն, և Աստծո խոսքը հիմա է, որ հաղորդվում է նրանց: Չէ՞ որ բոլոր քրիստոնյա աղանդավորական-կրոնական շարժումները հիմնվում են Սուրբ գրքի վրա և Աստծո ու նրա որդու՝ Քրիստոսի վարքն ու խոսքն են մեկնում՝ յուրովի, ըստ իրենց գաղափարախոսության, հանուն իրենց բացահայտ ու քողարկված նպատակների:
Մի պահ էլ անդրադառնանք օրինապահությանը. Սուրբ գիրքը քարոզելու, այսինքն Սուրբ գրքով դասավանդելու, կրթելու իրավունքը պաշտոնապես Հայ Առաքելական եկեղեցու մենաշնորհն է: Ոչ միայն եկեղեցում, նաև՝ կրթական համակարգում:
70-ամյա մոռացությունից հետո մեր եկեղեցին հազիվհազ սկսել էր կարևորվել, ժողովուրդը դեռևս տարերայնորեն, բայց գնում է եկեղեցի՝ ներքին մղումով, ենթագիտակցորեն:
Սակայն իրողությունն այն է, որ մեր եկեղեցու զանգերի ղողանջները այնքան հզոր ու կանչող չէին: Այլապես Առաքելական եկեղեցու անդամ համարվող հայությունը իր բուն հայոց հողում բաժան-բաժան չէր արվի, չէր մասնատվի, չէր տարրալուծվի այլ և օտար կրոնական կազմակերպությունների մեջ, որոնք մարդասիրական-բարեգործական առաքելության անվան տակ 1988-ի երկրաշարժից ի վեր ներխուժում են Հայաստան, հիմնավորվում, կենտրոններ, համայնքներ ձևավորում՝ միահամուռ պայքարելով Հայ եկեղեցու` պատմականորեն ու ավանդական ազգապահ, կառույցի դեմ:
Թերևս այս դերն ու մենաշնորհային կարգավիճակը հայ եկեղեցուն հեռու պահեց մրցակցային դաշտից: Չէր կարելի նաև վստահել տարուբերումների, վայրիվերումների մեջ ապրող հայ մարդու՝ հավատավոր քրիստոնյայի ինքնագիտակցությանը: Յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն, աղանդ, մի մշակույթ է, մտածողություն է, փոփոխություն է մարդու կենցաղում, ընտանեկան, ընկերային, նաև Մարդ-Պետություն, Մարդ-Հայրենիք փոխհարաբերություններում:
Ի վերջո, մեր խառն ու դժնի օրերում յուրաքանչյուր մարդ ուշադրություն ու բարություն է ակնկալում, օգուտ ու շահ փնտրում: Խոստովանենք, իհարկե, որ սա արդարացուցիչ հանգամանք չէ, և որ այս կամ այն աղանդով հրապուրվելը նաև անգիտության, թուլության, չգիտակցելու արդյունք է:
Այո, սակայն ո՞վ իրավունք ունի դատելու կամ մեղադրելու անհատին այս կամ այն շեղման համար (լինի դա կրոնական, թե ասենք՝ սեռական). չէ՞ որ խղճի ազատության, ընտրության իրավունքի պայմաններում մարդն ինքն է իր անելիքը որոշում, ինքն է վճռում՝ ո՞ւմ ծառայեցնի իր կարծեցյալ ազատությունը, ո՞ւմ նվիրվի, ո՞ւմ վաճառի խիղճը, ձայնը, ի՞նչ կրոն դավանի...
Եվ քանի դեռ որևէ աղանդին պատկանելն ու ծառայելը կերակրում է մարդուն, մարդու ուղեղը, հոգին և ստամոքսը, աղանդները մեզ ուտելու են:
Ուրեմն հարկ է, որ Մայր եկեղեցին տիրաբար տեր կանգնի իր անդամներին, հայրենի իշխանություններն էլ պայմաններ ապահովեն ...
Հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասում էր, թե մեր եկեղեցին պետք է կարողանա իր քարոզչությունը ժողովրդի մեջ այնպես տանել, որ աղանդները տեղ չունենան: Իսկ մինչ Եվրախորխրդի պահանջով և հենց իր ներկայացմամբ Եհովայի վկաների գործունեությունը Հայաստանում ԱԺ-ը կօրինականացներ, վարչապետը հորդորում էր՝ եկեք գրանցենք, հետո կպայքարենք նրանց դեմ: Պայքարի արդյունքն ավելի քան տեսանելի է:
Սուրբ գիրքը հավաստում է, թե հոտին (ժողովրդին) հովիվ (առաջնորդ) է պետք: Հոգևոր հովիվ-հովվապետերից բացի աշխարհիկ հովիվ-հովվապետեր էլ են հարկավոր, որպեսզի կարգավորեն աշխարհիկ կյանքն էլ: Երկուստեք ժողովրդին այնպես առաջնորդեն ու կառավարեն, որ մենք՝ հասարակ մահկանացուներս, չկարծենք, թե հովվի համար հոտը մատաղացու է:
Կրկնենք պատմական ճշմարտությունը, թե պետականություն չունեցող հայ ժողովրդին Հայ Առաքելական եկեղեցին է հայ պահել և պարզ մի հետևություն անենք. հայ եկեղեցուն դավելը նման է ազգադավության:
Եվ ուրեմն կամ ուրանանք այս մեկն էլ ու շարունակենք համաշխարհային քաղաքացի դառնալու գործընթացը, կամ տեր կանգնենք մեր քրիստոնյա մշակույթին, մտածողությանն ու բարոյականությանը, մաքրահոգի ապրենք՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր ու պահապան:
Որպես կանոն, մեր ժողովուրդը օրհասական պահերին է եկեղեցու շուրջ միավորվել, օրհասական պահերին են իշխանավորները դիմել եկեղեցու օգնությանը:
Փառք Աստծո, պահը օրհասական չէ, և օրհասական պահից Աստված հեռու պահի, բայց մեր հավատն ու հավատամքն են օրհասի մեջ:
Հա՛յր մեր, որ յ'երկինս ես, փրկեա զմեզ ի չարէ...
Ժաննա Ղոչիկյան