ՀԱՅՐԵՐԸ. Ալեքսանդր Աբաջյան
Սրբուհին
լեզվաբան է:
նաև՝
մշակութաբան:
Կարևորում է
արդյունավետ
շփումը
մարդկանց հետ։
Լրագրությունը
համարում է
շփման
յուրահատուկ
արվեստ։
Սովորել,
աշխատել է
նաև ԱՄՆ-ում:
Հասկացել է,
որ մարդկանց
հետ գրագետ
գործելը
հաջողության
հասնելու
կեսն է։
Համոզված է,
որ մարդիկ
միշտ
կարիք ունեն
այլ մարդկանց
հետաքրքիր
պատմությունների:
Ալեքսանդր Աբաջյանն ամեն օր գնում է որդու մոտ՝ Եռաբլուր։
Այս անգամ որոշեցինք միասին գնալ։
Ալեքսանդրը որդու ծաղիկներն է թարմացնում, խնամքով դասաավորում։ Կինը՝ Աննան լուռ կանգնած է որդու շիրիմի մոտ։
Որոշեցի օգնել Ալեքսանդրին՝ որդու ծաղիկները դասավորել։ Թույլ չտվեց. «Թո′ղ, թո′ղ, պետք չի′։ Էս իմ գործն ա»։
Երկար լուռ կանգնեցինք։ Ալեքսանդրը կնոջն է գրկում. «Լավ ես, չէ՞։ Դու Կյաժիս մաման ես»:
Արդեն մթնում է. զբոսնելով քայլում ենք դեպի մեքենան։
Ալեքսանդրը Ռոբերտ Աբաջյանի հայրն է: Ռոբերտին կամ մանումենտցի Կյաժին ճանաչում է ողջ հայությունը: Միակ կրտսեր սերժանտը, որ արժանացել է Արցախի հերոսի կոչման։ 19-ամյա պատանին ապրիլյան պատերազմում կյանքի գնով պաշտպանեց իր ժողովրդին ու հայրենիքը։
Ռոբերտի տունը գտա ադրբեջանցի զինվորականի ուսադրի միջոցով։ Ոտքով տրորելով անցա դռան դիմաց գցած ուսադրի վրայով, թակեցի դուռը։
Ինձ դիմավորեց Ռոբերտի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը: Նստեցինք հյուրասենյակում՝ Ռոբերտի լուսանկարների, շքանշանների, ծաղիկների դիմաց: Սպասում էինք Ռոբերտի հոր՝ Ալեքսանդրի ու տատիկի՝ Անահիտի գալուն։ Գիտեին, որ լրագրող է հյուր եկել։
Տուն մտնելուն պես Ալեքսանդրը ներողություն խնդրեց ու շտապեց թարմացնել որդու լուսանկարի դիմաց դրված վարդերի փունջը։ Գլուխը կախ մշակում, տեղավորում է վարդերը, թեթև ժպտում է ու գլխով անում՝ «Արև էր, Ռո′բս, Կյա′ժս»։
Տիկին Անահիտը ժպտալով հիշում է թոռան «արկածները», հետո լաց լինում. «Էս ցավը երբեք չի անցնի, որ տեսնում եմ իրա հասակակիցներին…ախր ինչի՞։ Ինքն էլ հիմա պիտի փողոցում կանգնած լիներ»։
Ալեքսանդրը մի պահ կտրվում է ծաղիկներից. «Մամ, պետք չի′։ Մեզ մի լացացրու։ Մենք մենակ իրա մասին ենք խոսում, մենակ լավ հիշողություններից»։
«Ինքն էս երկրագնդից չէր, ուրիշ էր, տարբեր: Տարբեր մարդիկ տարբեր բնավորություններ ունեն, բայց ես իրա բնավորության տեր մարդ դեռ չեմ տեսել։ Լավագույն ընկերս էր։ Տնից դուրս էի գալիս ինձ հետ էր։ Ինքը միշտ ինձ հետ էր ու հիմա էլ հետս ա, իմ մեջ ա»,-ասում է Ալեքսանդրը։
-Փոխվել ե՞ք,- հարցնում եմ Ալեքսանդրին։
Լռություն…
«Չէ, ոչ մի բան էլ չի փոխվել։ Կարոտում եմ, շա~տ եմ կարոտում: Ցավն ա խորացել։ Խոսքերով անհնար ա բացատրել։ Շատ փորձությունների միջով ա անցել մեր ընտանիքը։ Նեղվել ենք, բայց առաջ անցել, բայց էս, էս չգիտեմ ինչ ա, չեմ կարա բացատրեմ։ Շնորհակալ եմ գնահատողներին, իրանք օգնում են, որ պատկերացնենք՝ ինչ մարդ ենք մեծացրել։ Տանը փոքր երեխա ունենք։ Եղբորս ընտանիքի հետ ենք ապրում։ Պուճուրին ենք սիրում։ Ինքը մեր լույսն ա։ Է~հ, չգիտեմ…»,-ասում է Ալեքսանդրը:
Կարծես անցնում ենք հարց ու պատասխանի:
-Ռոբերտը հերոս է։ Տեսնում եմ իր շքանշանները, նվերները, բացիկները, հատուկ իր համար գրված գրքերը, հոդվածները, բանաստեղծությունները։ Սփոփանք ե՞ն։
−Չէ′։ Սրանք ուղղակի հուշեր են։ Տեսնում եմ, հիշում եմ իրա պատմությունները։ Ուր էլ եղել ա, ում հետ էլ եղել ա, իրա հումորի զգացումը միշտ տեղն ա եղել։ Տենց իրա մասին բոլորի պատմություններն էլ լսում եմ։ Բաներ կան, որ լսել եմ, բայց պատմում են, էլի եմ լսում։ Որ խոսում ենք, պատկերացնում եմ Կյաժս էս պահին ինչ կասեր։ Այ ստեղ Կյաժը կասեր «դու մի բզբզա» ու տենց ամեն րոպե իրա հետ, իրա հուշերով։ Ինքը միշտ իմ կյանքը ավելի հետաքրքիր ա սարքել։ Հիմա տպավորություն ա, որ ոչ մի բան չի փոխվել։ Ռոբերտը շարունակում ա նենց անել, որ մենք մեզ հպարտ զգանք ու նոր մարդկանց հետ ծանոթանանք։ Ի՞նչ կզգայիր, որ հասարակ մարդ փողոցն անցներ, կանգներ, ասեր՝ ուզում եմ ձեռքդ սեղմել։ Հպարտությունս շատ մեծ ա, շա~տ մեծ՝ ցավիս հետ։
−Հպարտությունն ու ցավը կռվում են:
−Էտ կա: Ամեն անգամ, որ մոտենում են, հպարտանում եմ, հետո մտածում, բայց ինձ պետք է՞ր սենց հպարտությունը, թող իմ էրեխեն իմ կողքին լիներ։ Էտ կլիներ իմ ամենամեծ հպարտությունը։ Հետո մտքերս հավաքում եմ, տեսնում կյաժիս, գիտակցում եմ իրա արարքը, իրա հերոսությունը։ Սրանցով եմ ինձ պահում։ Շատ բան եմ զգում, բայց արտահայտվելն էնքան դժվար ա։ Հա′մ սիրտս ա նեղվում, հա′մ զգում եմ, թե էրեխեն ինչ ա արել։ Ես ապշած եմ Կյաժիցս։ Ինքն ինչ արել ա, գիտակցված ա արել։ Ճիշտ ա մենակ Ռոբերտս ա հերոսի կոչում ստացել, բայց հենց ստեղ եմ զգում, որ կապ չունի, ովքեր, որ կանգնել ու կռվել են, իրանք բոլորը հերոս են։
−Ռոբերտի հետ վերջին մարդը Անդրանիկն է եղել, ում վիրավոր հասցրել է խրամաբջիջ։ Անդրանիկի հոր հետ հանդիպո՞ւմ եք։
−Հաճախ չենք հանդիպում, բայց հեռախոսով շփվում ենք։ Անդրանիկի հայրը մեզ նենց ա պաշտում՝ հասկանալով, որ Կյաժը չի նահանջել ու մենակ չի թողել իր էրեխուն։ Ինձ միշտ ասում ա, որ Ռոբերտը նենց բան ա արել, որ մենք պետք ա ընկերություն անենք։ Մեր էրեխեքը կյանքի վերջին րոպեներին միասին են եղել ու նույն ճակատագիրն ունեցել։
Տանից դուրս ենք գալիս, քայլում ենք բակում: Ռոբերտի ամենասիրելի անկյուններով ենք անցնում։
«Կյաժիս ամեն օրը արկած էր։ Էս մեքենան տեսնու՞մ ես։ Վաղուց բակում կանգնած ա։ Փոքր ժամանակ միշտ ստեղ էր թաքնվում, որ իրան չգտնեինք։ Տասնչորս տարեկանից ստեղ մտնում ծխում էր։ Իրա մեծ ախպորն էլ ինքն ա սովորեցրել ծխել։ Ինձ ասում էին Ալիկ Կյաժը ծխում ա, չէի հավատում։ Շաբաթներով Ռուսաստան միասին մեքենա էինք քշում, չէի կարում գլխի ընկնել, որ ինքը ծխում ա։ Էս շանը տեսնու՞մ ես։ Կյաժիս շունն ա։ Ինքը միշտ շանը հանում էր ման էր տալիս։ Շատ ակտիվ, հաչող շուն էր, բայց Կյաժիս դեպքից հետո ստեղ կուչ ա եկել, ձայնն էլ չենք լսում»-ասում է Ալեքսանդրը։
−Եղե՞լ է, որ որպես հայր թեկուզ մտքի ծայրով Ռոբերտին չներեք անձնազոհության իր որոշման համար։
−Չէ′։ Դա իմ տղայի որոշումն ա եղել ու ես միշտ հարգել եմ իրա կայացրած որոշումները։ Եթե տենց ա արել, ուրեմն միակ ելքը էտ ա եղել։ Ինքն ա, իրա արարքը։ Փախնելու լիներ, կփախներ, բայց կարող ա ամբողջ կյանքը իրեն չներեր դրա համար։ Ինքը ազգի հերոս ա դառել, հիմա ես ո՞նց չներեմ։
-Հասկացա, որ Ռոբերտի ծաղիկները Ձեր գործն է, ու դա միայն Դուք պետք է անեք։ Ինչու՞։
-Խոսում եմ էլի։ Ամեն ծաղիկ, ամեն փունջ պոկելուց խոսում եմ։
Ուզում եմ հրաժեշտ տալ:
«Ռոբերտս, որ լիներ, հիմք քեզ կանգառ կտաներ, կնստացներ տրանսպորտ, վերջում էլ կասեր, որ քեզ նեղացնող լինի իրան անպայման ասես։ Ուղղակի չէր ասում։ Ասում էր ու անում։ Այ տենց էր իմ տղեն»-հրաժեշտից առաջ ասում է Ալեքսանդրը, հերոսի հայրը։
Աբաջյան ընտանիքի հետ շփվելուց, Ռոբերտի մասին լսելուց հետո հասկանում ես, որ կյանքում պատահականություններ չեն լինում։
Հինգ ամիս է անցել ապրիլյան պատերազմից։ Մեր հերոսները իրենց կյանքի գնով պահպանեցին մեր երկրի խաղաղությունը ու այսօր նրանց շնորհիվ մենք շարունակում ենք մեր կյանքի բնականոն ռիթմը։ Աշակերտներն ու ուսանողները սկսում են նոր ուսումնական տարին, մարդիկ շարունակում են աշխատել ու ապրել, բայց կան ընտանիքներ, որ էլ երբեք առաջվա նման չեն ապրի։ Ծնողներ, որ էլ երբեք չեն տեսնի որդիների հաջողությունները ու հայրեր, որ էլ երբեք չեն սեղմի որդիների ձեռքը…
Սառա Սրբուհի Ավետիսյան