ՀԱՅՐԵՐԸ. «Չեմ խոսի էդ մասին, հուզվիմ գը...»
Սրբուհին
լեզվաբան է:
նաև՝
մշակութաբան:
Կարևորում է
արդյունավետ
շփումը
մարդկանց հետ։
Լրագրությունը
համարում է
շփման
յուրահատուկ
արվեստ։
Սովորել,
աշխատել է
նաև ԱՄՆ-ում:
Հասկացել է,
որ մարդկանց
հետ գրագետ
գործելը
հաջողության
հասնելու
կեսն է։
Համոզված է,
որ մարդիկ
միշտ
կարիք ունեն
այլ մարդկանց
հետաքրքիր
պատմությունների:
«Վա՜յ, ես չեմ կարող խոսել էդ մասին: Չեմ կարող, իրո՛ք: Հուզվիմ գը: Հա, տղամարդ ենք, բայց մենք էլ հուզվելու իրավունք ունինք չէ՞: Մարդ ենք»:
Գյումրեցի Արմեն Հակոբյանն է՝ իր հերոսությամբ արդեն ողջ հայությանը հայտնի Շուլի Հակոբյանի հայրը:
Քառօրյա մեր պատերազմի հերոսներից Շուլիի մասին շատ է խոսվել: Մենք ուզում ենք խոսել նրա հոր մասին: Հատկապես հոր: Որտե՞ղ են հանգրվանում տղամարդկային զգացմունքները հայր և որդի հարաբերություններում, մանավանդ, որ որդին պատերազմում է, հանկարծահաս սկսված պատերազմում:
Արմեն Հակոբյանին տեսնելու ու նրա հետ զրուցելու համար մեկնում ենք Գյումրի: Այն քաղաքը, որը ծնել է Շուլիին, որտեղ ապրում է հերոսի հրաշալի ընտանիքը: Իր քաղաքում ու իր տանն ենք ուզում խոսել հերոսի հոր հետ:
Հայրը խոստովանում է, որ որդու բացակայությունը շատ է զգացվում: Շուլին ներկայումս ապրում է Երևանում: Սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում և աշխատում Պաշտպանության նախարարությունում: Երբեմն նույնիսկ վիճում են կնոջ հետ, թե ինչո՞ւ թույլ տվեցին, որ Շուլին գնա Երևան, հետո հասկանում են, որ Շուլին պետք է հերոսին վայել կրթություն ու աշխատանք ունենա… «Էհ՜, երկու երնեգ մի տեղ չի եղնի»,- ասում է Արմեն Հակոբյանը:
Նստեցինք խոսելու: Զրույցը կարծես չէր ստացվում: Հայրը սպասողական վիճակում էր, աչքն անընդհատ դեպի դուռը: «Շուլիս հըմի հասնի գը»,-ասում է: Կարծես չէր ուզում խոսել առանց Շուլիի գալու… «Թագավո՛րս, իմ թագավոր տղեն»,-այսպես է ընդունում որդուն հայրը: Հիմա կարծես ամեն ինչ տեղն էր ընկնել, անցնում ենք զրույցի, բայց որքան էլ, որ խոսքը գյումրեցուն երբեք պակասություն չի անում, Արմեն Հակոբյանի հետ զրուցելը շատ հեշտ չի ստացվում:
«Շուլին ինձ տեղափոխել է մի ուրիշ աշխարհ: Ո՞վ կպատկերացներ, որ ես հերոսի հետ պետք է սեղան նստեմ: Շուլիիս հրամանատարին առաջին անգամ որ տեսա, ինձ ասեց. «Արմեն ջան էնպիսի տղա ունես, որ թիկունքս դեմ եմ տվել իրեն ու կռվել եմ: Իմացել եմ, որ ինձ խփող չի լինի: Շուլին մինչև վերջին շունչը կպահի»: Էդ պահին աննկարագրելի զգացում էր, չգիտեմ»:
Արմեն Հակոբյանը որդու մասին խոսելիս, իրոք, առաձնակի հպարտությամբ է լցվում:
«Շատ եմ հպարտանում,-ասում է, հետո զարմանում. «ըսիգ իմ թագավոր տղեն է (ժպտում է): Մեր ժողովուրդն էլ շատ է գնահատում: Փոխվել են արժեքները: Արդեն տարվա մարդ զինվորի են տալիս, դա մի բան նշանակում է, չէ՞»:
Երեսուն րոպեում հակառակորդի երեք տանկ խոցած գյումրեցի Շուլին այսօր վայելում է ոչ միայն իր ընտանիքի, մերձավորների ու բարեկամների, այլև ամբողջ հայության սերն ու հարգանքը: Արմեն Հակոբյանը հպարտությամբ է նշում, որ որպես ծնող դա իր ամենամեծ ձեռքբերումն է:
«Երբ քեզ հարգում, գնահատում է մի ամբողջ ազգ, որպես հերոսի հայր, ինչպես ըսեմ, ըսիգ ուրիշ բան է»,-ասում է նա:
-Ինչպե՞ս իմացաք, որ Արցախում պատերազմ է,-հարցնում եմ ու նայում որդու մասին հպարտությամբ խոսող հոր փայլող աչքերին, որոնք, միաժամանակ, տագնապած ու տխուր արտահայտություն են ստանում, երբ հիշում է քառօրյայի օրերի իր ապրումները:
-Ընգերս զանգեց, թե բա ի՞նչ կա Շուլիից: Ասեցի, եսիմ, չի զանգել ոչ էսօր, ոչ էլ երեկ: Ասեց Ղարաբաղում կռիվ է: Էլ ի՞նչ պետք է անեի: Քարացա մի պահ: Հետո լուրերով նայեցի ու տեսանք, որ, իրոք, կռիվ է: Ուզում էի հենց էդ պահին ես էլ գնայի, բայց բոլորին չէին թողնում: Ինչ-որ ահավոր քաոս վիճակ էր: Չգիտեինք, ինչ է կատարվում, ինչ անենք: Է՜հ, եսիմ: Հոր համար, ինձ համար, ամենավատն էն էր, որ ես ոչ մի բան չէի կարող անել: Իմ անզորությունը…(լռություն): Ուրիշ բան, որ փորձանք է, դժվարություն է, կողքը կանգնած ես ու ինչ էլ, որ լինում է՝ քեզ հավաքում ես, բայց երբ որ ձեռքիցդ ոչինչ չի գալիս, ու 400-500 կմ այն կողմ գիտես այդպիսի բաներ կկատարվին, արդեն դու ո՛չ քեզ կարող ես ներել, ո՛չ էլ կարող ես տեղդ գտնել:
-Ինչպե՞ս կարողացաք այդ օրերին քաջալերել Ձեր ընտանիքի մյուս անդամներին:
-Ապրիլի 1-ին, 2-ին ընդհանրապես ոչ մի նորություն չունեինք: Էդ չեմ կարող նկարագրել բառերով, թե ինչ զգացողություն էր: Ես մինչև հըմի էլ չեմ ուզում հիշել: Շատ դժվար էր: Հանգստություն չկար էդ երկու օրը, բայց պետք է հավաքվեի հանուն տղայիս, հանուն ընտանիքիս: Պահ կար, որ առանձնանում էի ու զգում, որ ես էլ արդեն չեմ կարող: Երբ մտածում ես տղեդ էդ տեղ է...:
Մենք էդ ամբողջ ընթացքում աստծով ենք ապրել ու դա մեզ շատ ուժ տվեց դիմանալու: Աստված մեզ հետ էր՝առաջնային Շուլիիս ու հետո մեր ընտանիքի, ու փառք աստծո, մենք մեզ կարողացանք ձիգ պահել: Իրենք էլ: Էդ 18-19 տարեկան զինվորները հերոսի պես կռվեցին ու պահեցին իրենց հայրենիքը:
-Կհիշե՞ք, ինչ ասացիք Շուլիին, երբ քառօրյայից հետո նրան առաջին անգամ տեսաք:
-Չեմ հիշում, թե ես ինչ ասացի, բայց շատ լավ հիշում եմ, որ առաջին խոսքն ինքն ասաց: Ասաց. «Գիտեք, հորս կռվից հետո առաջին անգամ եմ տեսնում»›: Էնտեղ մեզ հետ 50-60 տարեկան կռված տղեք կային՝ Շուլիի մարտական ընկերները, իմ ընկերները: Բոլորը մեկ-մեկ հուզվեցին:
-Գիտեմ, որ Շուլին կամավոր է որոշել գնալ ու կռվել իր հրամանատարի հետ: Նա այդ պահին դիրքերում չի եղել: Շուլիից սպասու՞մ էիք նման հերոսական արարք:
-Ոչ մեկն էլ ոչ մեկից նման արարք չէր սպասում: Ո՞վ կպատկերացներ, որ 18-19 տարեկան տղաները կարող են էդպես կռվել: Մենք միշտ պատկերացնում ենք, որ հերոսություն կարող են անել տարիքով մեծերը: Դե, բնական է, գեներով է գալիս: Դաստիարակությունից էլ է շատ բան կախված: Մի լավ խոսք կա՝ «Լավ ծնող ունենալը լավ բան է»: Մեր պապերը դեռ հին ժամանակներից հայտնի են եղել որպես թուրքի դեմ կռվողներ: Շուլիին էլ նման հոգով ենք դաստիարակել: Ամեն ինչն էլ հիմք, պատճառ, պատմություն ունի: Էսպես տղա միամիտ-միամիտ ո՞նց կեղնի: Մենք լավ սերունդ ունինք: Ամեն դեպքում, ես միշտ հարգում եմ իմ որդու կայացրած որոշումները, ու եթե նա այդ պահին էդպես է արել, ուրեմն դա նրա համար միակ ճիշտ տարբերակն է եղել:
-Ձեր մեջ ի՞նչ է փոխվել:
-Հիմա ոչ մեկին թույլ չեմ տալիս մի սխալ բան խոսի մեր հայրենիքի, զինվորի, ազգի մասին: Ինչ-որ մանր բաներից չի որոշվում մեր ազգի լավ կամ վատ լինելը: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կուզի մեր երկիրը փչացնի, ուղղակի ամեն մարդ տարբեր կերպ է մտածում: Ընդհանուր առմամբ, մենք էնքան լավ ազգ ենք, որ 3-4 օրվա ընթացքում համախմբվեցինք ու կռվեցինք: Մենք պետք է հասկանանք ու մանր բաների վրա չկենտրոնանանք:
Շուլին բազմաթիվ մրցանակներ, շքանշաններ է ստացել՝ «Մարտական խաչ»› 2-րդ աստիճանի շքանշան, «Նելսոն Մանդելա»-ի միջազգային մրցանակ և այլն ու շարունակում է ստանալ: Ամենավերջինը «Հայկյան» մրցանակն էր, որը նա ստացավ Հանրապետության նախագահի կողմից:
Մոտենում ենք տան մի անկյունում դասավորված Շուլիի մրցանակներին: Արմեն Հակոբյանը խնամքով ցույց է տալիս բոլորը: Մեզ են միանում նաև Շուլին ու Շուլիի մայրը՝ տիկին Անահիտը: Շուլին համեստորեն կանգնած հետևում է ծնողների գովաբանություններին: Հայրը հերոսի շքանշանները ցույց տալուց հետո շտապում է ներկայացնել նաև Շուլիի մարզական ընկերների նվիրած հերոսի արձանիկը. չէ՞ որ Շուլին նաև հրաշալի մարզիկ է և զգալի հաջողություններ է գրանցել սպորտի ոլորտում, այնուհետև ցույց է տալիս Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը:
Մայրը մի մեծ ալբոմ է պատրաստել, որտեղ տեղադրել է Շուլիի մարտական ծառայության հետ կապված բոլոր նկարները՝ կայքերից, ինտերնետից…: Թերթելով նայում ենք նկարները, որոնցից յուրաքանչյուրը մի պատմություն ունի: «Էս նկարը տեսնու՞մ ես: Էս, որ պոստերում չոր, անհարմար սովետի մահճակալի վրա ա պառկել: Նկարվել ուղարկել ա, զանգել ա, ասում ա՝ «մա՛մ, լյուքս համարում իմ համար ճոխ-ճոխ պառկած եմ»: (Ծիծաղում ենք)
«Հա՛, Շուլին միշտ էդ իրա հումորի զգացումը պահում ա: Լուրջ ա շատ, բայց հենց որ զգում ա մի տեսակ շատ լրջացավ, արագ թուլացնում ա»,-կատակում է հայրը: Շուլին լուռ լսում է ու ժպտում:
Մի շքանշան էլ ձեզ պետք է տան, որ դիմացել եք,-ասում եմ ես:
«Նորմալ ա: Իրանք արդեն սովոր են: Ըսենց բաների մասին արդեն թեթև կխոսեն-կկատակեն››,-ասում է Շուլին ու շքանշանների հետևից դուրս է հանում մի մեծ նկար: «Էս ես ու իմ բանակի ընկերներն ենք սարքել: Մամա բառն ենք գրել սենց կանգնելով: Էս էլ մեջտեղում՝ հատուկ մարտի 8-ի համար»:
«Հպարտություն է սա»,-ասում է Արմեն Հակոբյանը: «Շուլիս «Նելսոն Մանդելա»-ի անվան միջազգային մրցանակը որ ստացավ, էդ ժամանակ ինքը Գյումրիում չէր: Զանգեց ինձ, թե պապ կարող ե՞ս իմ փոխարեն գնալ ստանալ: Էսպես գնացի ու ես իմ ձեռքով վերցրի Շուլիիս մրցանակը: Էդ ժամանակ չգիտեմ ինչ էր հետս կատարվում: Էնքան հպարտ էի իմ տղայով: Էդ պահին լրիվ օդերում էի: Պատկերացնում եմ, թե ինչերի միջով են անցել մեր երեխաները: Մինչև էսօր Շուլիս չի սիրում պատմել ու մենք էլ չենք ուզում, որ պատմի: Անցած եղնի: Էսօր բանակում ծառայող տղերքի հերերին էլ կասեմ համբերություն: Ամենակարևորը՝ թող դուխ տան ու շատ չբզբզան: Դե տղա են պետք է ծառայեն: Ամենակարևորը նրանց մեջ հայրենասիրություն սերմանելն է: Հասկանալով կանգնած մարդն ուրիշ է, ստիպողաբար, ձևի համար կանգնածը՝ ուրիշ»:
Սառա Սրբուհի Ավետիսյան