«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Հայրիկը, Մարոն, Պողոսը, Սարոյանը...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Բոլոր աղբյուրներով ճշտել էի, որ 1977-ին Սարոյանը կրկին եկել է Երևան, նրան հյուրընկալել են Երևանի կինոյի տան մեծ դահլիճում, որ դահլիճը լիքն է եղել ափեափ, նույնիսկ կանգնելու տեղ չի եղել: Հետո Սարոյանը բարձրացել է կինոյի տան «Բուխարու սրահ», սարոյանավարի ստորագրել է «Բուխարու սրահի» պատին, բայց ոչ մի վավերագիր չէի կարողանում գտնել, բացի սարոյանական վեհաշուք ստորագրությունից, որն իր պես փառահեղորեն այսօր էլ «Բուխարու սրահի» պատին է:
Հետո հիշում եմ, որ Սարոյանին լուսանկարել է տաղանդավոր լուսանկարիչ, հայ վավերագրական լուսանկարչության ռահվիրաներից՝ Պողոս Պողոսյանը, որին ծանոթ լինելու բախտ ունեցել եմ, որովհետև մեր ժուռնալիստական ճանապարհները երբեմն-երբեմն հատվում էին իրադարձությունների վայրերում. ինքը՝ որպես Վարպետ՝ ճանաչված, վաստակով, կենսագրությամբ, ես՝ որպես երիտասարդ ժուռնալիստ:
Փնտրում եմ Պողոս Պողոսյանի՝ «Սարոյան՝ իմ սիրտը լեռներում է» սքանչելի ալբոմը, թերթում եմ սարոյանական անկրկնելի ակնթարթները հավերժացրած էջերը, որոնք որպես վավերագրություն խոսում են երանելի օրերի մասին, երբ Սարոյանի նման վիթխարին չափչփում է իր պաշտելի Հայաստան աշխարհի ճանապարհները՝ երկյուղածությամբ ու ակնածանքով իր ժողովրդի պատմության, ներկայի ու ապագայի հանդեպ, բայց ոչ մի լուսանկար չի հայտնվում կինոյի տանը Սարոյանի անցկացրած ժամերից:
Փորձում եմ գտնել Պողոս Պողոսյանի ընտանիքի հետքերը, քանի որ վարպետը 2016-ին հրաժեշտ էր տվել կյանքին:
Ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանի միջոցով գտնում եմ Պողոս Պողոսյանի բնակարանի հեռախոսահամարը, բայց ոչ մի հույս, որ քաղաքային հեռախոսը կարող է պատասխանող ունենալ, բայց…
Երկար օրեր զանգերին որևէ մեկը չի պատասխանում, բայց իմ համառությունը տեղի չի տալիս: Ես ամեն օր առավոտյան պարտաճանաչորեն զանգահարում եմ այդ հեռախոսահամարին ու հանկարծ լսվում է Պողոս Պողոսյանի դստեր՝ Աղավնի Պողոսյանի ձայնը: Աղավնին շատ պատահականորեն այդ օրը եղել էր հայրական բնակարանում:
Բնական է, որ մեր հանդիպումը կայանալու էր:
Ես Աղավնուն ու նրա սիրելի մայրիկին հրավիրում եմ իրենց սիրելի կինոյի տուն, որը բազում հուշեր է արթնացնում երևանյան այդ ընտանիքի մոտ, քայլում ենք, զրուցում, խոսում Վարպետի մասին, Աղավնին ինձ նվիրում է Վարպետի ալբոմը ու ես արդեն թերթում եմ իմ «Սարոյան՝ իմ սիրտը լեռներում է» կոթողային աշխատանքը՝ արված սիրով ու վարպետորեն, հարգանքով ու խոնարհումով:
Օրեր անց հնչում է Աղավնու զանգը. Վարպետի արխիվներում Աղավնին գտել էր ժապավենների խրձեր, որոնք, ենթադրաբար, պետք է լինեին կինոյի տանը Սարոյանի անցկացրած ժամերի վավերագրությունները: Որոշ պատկերներ չերևակված ժապավեններից խոսում էին այդ մասին:
Աղավնի Պողոսյանի ոգևորվածությունն ու իմը միախառնվում են. պետք է երևակենք տարիներով պահարանում խնամքով դրված ժապավենները:
Իմ լավ ընկերոջը, նաև Պողոս Պողոսյանի ընկերոջը՝ լուսանկարչության մեկ այլ վարպետ Հակոբ Բերբերյանին, որի հետ արդեն անցել էին իմ ժուռնալիստական 40-ամյա կենսագրության քսանից ավելի տարիները, ընկերաբար ու հարազատավարի խնդրում եմ իր ողջ տեխնիկական «արսենալով» գալ կինոյի տուն: Հակոբի նվիրվածությունն իր գործին, իր արվեստին ոչ մի վայրկյան չի հետաձգում Պողոս Պողոսյանի թողած ժապավենների հետ աշխատելու հաճույքի պահը և մենք Աղավնու ու Հակոբի հետ կադր առ կադր ուսումնասիրում ենք տարիներով պահված ժապավենները՝ մի քիչ չորացած, մի քիչ ճկված:
Եվ…Եվ կայանում է հրաշքը:
Տասնյակ կադրեր, որոնք հավերժացնում են Սարոյանի այցը կինոյի տուն, նրա փառահեղ հանդիպումը կինոյի տան մեծ դահլիճում, նաև մարդկանց, որոնք մեր ժամանակի իրական ոգեղեն սյուներն էին՝ Հրանտ Մաթևոսյան, Վահագն Դավթյան, Հայրիկ Մուրադյան, Արուս Ասրյան, Սերո Խանզադյան, Վարդգես Պետրոսյան, Մարո Մարգարյան, Ռազմիկ Դավոյան, Հովհաննես Բադալյան, Ջիվան Գասպարյան…:
Ես հավատում էի, որ այդ լուսանկարները գտնվելու են:
Հակոբի հետ սկսում ենք թվայնացման գործընթացը: Հետո Աղավնին թվայնացնում է բոլոր հնարավոր կադրերը, նույնիսկ սկսում է սովորել հին ժապավենների հետ աշխատելու բացառիկ արվեստը, և Պողոս Պողոսյանի ընտանիքը դրանք նվիրում է կինոյի տանը:
Այսօր արդեն որոշ լուսանկարներ ցուցադրվում են կինոյի տան «Բուխարու սրահ»-ում, մյուսները շուտով հատուկ վայրում կլինեն կախված՝ բոլորին հիշեցնելու համար մեր կյանքի ժամանակը:
Այս պատմությունը պատմեցի, որովհետև երեկ, դեկտեմբերի 22-ին նորից նայում էի լուսանկարները ու նայում էի իմ սիրելի, պաշտելի Մարո Մարգարյանին, որի ծննդյան օրն էր ու նայում էի իմ սիրելի, պաշտելի Հայրիկ Մուրադյանին, որի հիշատակի օրն էր: Նրանք՝ վեհանձնորեն կանգնած Սարոյանի հետ, Սարոյանի կողքին, հպարտ իրենցով, իրենց երկրով, Սարոյանով, իրենց ժամանակով…
Մարո Մարգարյան.
Եթե միայն գրած լիներ «…Սիրանյութից շաղախեցիր ինձ, աստված,
և դրեցիր տարածության մեջ անսեր…» տողը, բավական էր, որ մնար այն խնկելի անունը, որ հայ գրականության մեջ շողշողում է իր համեստության փայլով:
«…Ափսոս, որ ավագները մեր գլխից պակասում են: Ափսոս շքեղ Համոն, ափսոս սթափ ու քաջ Վահագնը, ափսոս պայծառ հոգու Հրաչը, իշխան Սերոն ափսոս, ափսոս Էմինը, և Մարոն, Մարոն, թխսամայր Մարոն ափսոս՝ որ ձագերիս վրա արծիվ էր կտրում, որ հեքիաթի Մանուշ քույրիկի նման եղբոր որբ ձեռքը բռնած ճամփա էր ընկել այն հի՜ն, հեքիաթային, մեր մայրերի ժամանակներում, և աղջնակի իր քայլը եղբոր քայլից միշտ առաջ էր լինելու հեքիաթային կյանքի այդ ճանապարհին, վտանգի առաջ թևերը փռելու էր եղբոր վրա, որովհետև աղջնակը ինքն էր, որովհետև աղջնակ չէր՝ մայր էր, որովհետև սահմանված է այդպես:
Պոետի ու աղջնակի նրա հոգում հորինվել էր թե ինքն ու իրենք, ինքն ու մենք բոլորս կավից չենք հունցված, այլ երկնքի աստղափոշուց. աստղափոշուց ստեղծված այդ աղջնակն ու պոետը զորում էր ուրանալ կավը իր և մեր մեջ և երկրավորի իր և մեր ճանապարհը երկնավորի էր տեսնում, և քայլը՝ մեզնից միշտ մի քիչ առաջ, քրոջ, աղջնակի, թխսամոր թևերը վտանգի առաջ ու վտանգից էլ առաջ մեր վրա փռած՝ եթե անգամ որբեր ու եղբայրներ չէինք, եթե անգամ իրենից տասնապատիկ զորեղ էինք, եթե ամենևին էլ աստղափոշուց չէինք ստեղծված, այլ հունցված էինք ծանր ու թանձր անթոթափելի կավից:
Ափսոս Մարոն: Հանդուրժման ու սիրո ծարավի հողեղեններիս այսօրվա երթի գլխին հոգնած այդ թևերը չէ՛, որ պիտի գոցվեին, կորովի ու քաջ այդ էությունը չէ՛, որ պիտի մարեր մեր երթի մեջ:
Եվ յուրաքանչյուրիս ու բոլորիս մեջ, քանի դեռ կանք՝ թող ապրի, տագնապի ու հերոսանա հեռու ճանապարհների այն աղջնակը, որ եղբոր ձեռքը բռնած ճանապարհ էր ընկել, որովհետև բոլորս ենք իսկապես եղբայրներ, բոլորս ենք նրա թևերի պաշտպանությունը ուզում…»:
Հրանտ Մաթևոսյանն է՝ Մարո Մարգարյանի մասին իր խորքով:
Ես չէի կարող չհիշել, որովհետև «մայր Մարոյի» գորովանքն ու սերը, վտանգից հեռու պահելու մայրական բնազդը, թևերը քեզ վրա փռելու մայրական բնազդը նաև ես էի վայելել:
Եվ Մարո Մարգարյանի հոգևոր եղբայրը՝ Հայրիկ Մուրադյան.
Նույնպես խնկելի անուն, որ կոմիտասյան գործի իրական շարունակողը եղավ, կոմիտասյան նվիրվածությամբ, ազնվությամբ, ու որի անունը նույնպես շողշողում է իր համեստության փայլով, որովհետև իրական մեծերն այդպես են լինում:
Անչափ շնորհակալ եմ ճակատագրին, որ Հայրիկ Մուրադյան հսկայի կողքին կանգնելու, նրա խոսքը լսելու, նրա հորդորը, խրատը լսելու պատեհությունն ունեցա, որի մասին երևակայել անգամ չէի կարող, երբ սիրելի պապիկիս գրկում լսում էի Հայրիկի երգերն ու մանկական վրդովմունքով վրդովվում, որովհետև այլ ռիթմեր էր ձգտում մանկությունը, բայց պապիկս երևի գիտեր մանկության նշանակությունը:
Սերը փրկություն է՝ նույնիսկ «անսեր տարածության» մեջ ու հազար խոնարհում նրանց, ովքեր այդ սիրո սերմանողն էին:
Արայիկ Մանուկյան