Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Հեղափոխություն և խելահեղություն...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

 Անցյալ դարի 60-ականներին «նոր ձախերի» բունտերը, «Պրագայի գարունը», ամերիկյան սեքսուալ փոքրամասնությունների աղմկոտ դեմոնստրացիաները լիբերալ հասարակական մտայնության մեջ կրկին առաջ քաշեցին այն համոզմունքը, թե սոցիալական հեղափոխությունը կյանքի անոմալիա է, փսիխոպաթիզացիա, շիզոֆրենիա և այլն, և որ այդ հարցերով պիտի զբաղվեն ոչ թե քաղաքագետները, այլ հոգեբույժները և հոգեվերլուծաբանները:

Հրատարակվեցին մեծ թվով մենագրություններ, որոնցում փորձ էր արվում հասարակության տեկտոնական տեղաշարժերը բացատրել հոգեախտաբանության սկզբունքներով, մանկության շրջանի վախերով, էդիպյան կոմպլեքսով, հանրային լիդերների և ակտիվ խմբերի բնավորության անոմալիաներով, հոգեկան օտարացման, նրանց ընկեցիկ կամ ծնողազուրկ լինելու հանգամանքով, բնածին խենթություններով, վիտամինի պակասով և այլն, և այլն:

Սոցիոլոգիայի պրոֆեսոր Շերի Թարկլի ծանրակշիռ մենագրությունը, որը շարադրված է նույն ոգով և մոտ 40 տարի առաջ (Sherry Turkle, Psychoanalitic Politics, New York, 1978), հարուստ է տեսակետներով, որոնք, կարծես, շատ կողմերով համահունչ են այսօրվա Հայաստանի հանրային հարթակներում շրջանառվող տեսակետների և կարծիքների հետ:

Հիմա, ով չի ալարում (Կուրղինյանից ու Միհրանյանից մինչև տեղական տրամաչափի մարգարեներ), գրում է հոգեկան խանգարումների և հոգեբուժության մասին, միայն թե օբյեկտը ոչ թե կլինիկան է, այլ ետհեղափոխական Հայաստանի հասարակությունը:

Որքանով են աղերսվում հեղափոխությունը և հոգեկան պաթոլոգիան:

Իր գրքերից մեկում Տրոցկին բերում է ծերուկ Ավգուստ Բեբելի կարծիքը, թե հեղափոխությունների ժամանակ ասպարեզը լցվում է առաջին հերթին խենթերով ու բթամիտներով: Իհարկե, սոցիալական հեղափոխությունները կրում են խենթության տարրեր (անհավասարակշիռ վարք, գերհուզական հրավառություն, երբեմն մտածողության արտառոց դրսևորումներ, ինքնաքննադատության դեֆիցիտ և այլն), սակայն դրանք նույնական չեն:

Հեղափոխական հեղեղի մեջ կարող են հայտնվել նաև պարզապես հիվանդ մարդիկ (ինչպես, օրինակ, ձախ էսեռուհի Մարիա Սպիրիդոնովան կամ սադիստ-չեկիստուհի Զեմլյաչկան), սակայն հեղափոխությունն ինքնին, հոգեախտաբանական պրոցես չէ:

Իսկ նույնացումը ավելի շատ գեղարվեստական ընկալման արդյունք է (զուր չէ, որ Մաքսիմ Գորկին հիստերոիդ սոցիոպաթ Կամոյին անվանում էր «հեղափոխության արվեստագետ»):

Չնայած արտաքին նմանություններին, դրանք տարբեր երևույթներ են, որովհետև ունեն տարբեր դրդապատճառներ, բացատրելի են տարբեր օրենքներով և հաղթահարվում են միմյանց հետ կապ չունեցող միջոցներով: Իհարկե, հեղափոխությունները լայնատարած դաշտ են բացում «հոգեբուժական դատողությունների» համար, մանավանդ, եթե մեկնիչները հոգեբույժ չեն:

Այո, արտաքին նմանությունը դեռևս նույնականություն չէ: Հանճարեղությունն էլ ունի նմանություններ խելահեղության հետ (Դալին ասում էր՝ ես խելագարից տարբերվում եմ նրանով, որ խելագար չեմ): Ավելին, օրինակ, սեռական ակտը շատ չափանիշներով հիշեցնում է անգամ էպիլեպտիկ մեծ նոպան, սակայն, այն նորմալ, ֆիզիոլոգիական երևույթ է՝ ընկնավորություն չէ:

Կարճ ասած, երբ քաղաքագետները և քաղաքական գործիչները չեն կարողանում (կամ չեն ցանկանում) խորանալ, բացատրել հեղափոխությունների էությունը, ձեռքները դեմ են անում հոգեբուժությանը՝ չքավոր ազգականի նման:

Դե, իսկ հոգեբույժնե՞րը...

Այս մասին, ավելի ուշ...

(Շարունակելի)

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ