«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
««Հեղափոխություն» ըստ ՄԱԿՐՈՆԻ, կամ...». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Այն պահին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Ինվալիդների պալատի «Պատվո» հրապարակում ֆրանսիական նրբագեղությամբ, հռետորության ֆրանսիական հմայքով արտասանում էր հայկական աշխարհը ցնցած իր փառահեղ զգացմունքային, արժեքային համակարգ կրող, լեզվին, մշակույթին, համամարդկային զգացումներին բազում խոնարհումներ պարունակող հրաժեշտի խոսքը Շառլ Ազնավուրի աճյունի առաջ, ես մտածում էի Ֆրանսիայի նախագահի մշակութային ողնաշարի մասին:
Այն օրերին, երբ Ֆրանսիան նախագահ էր ընտրում քառասնամյա երիտասարդ քաղաքական գործչին, ես մտածում էի քաղաքական գիգանտներ՝ Նապոլեոն, Գեներալ դը Գոլ, Ֆրանսուա Միտերան, Ժակ Շիրակ տեսած ֆրանսիացիների ընտրության խորքային պատճառների մասին:
Այն ժամից, երբ սկսեցի կարդալ Մակրոնի «Հեղափոխությունը», ես փորձեցի ֆրանսիացիների ընտրության բոլոր պատճառները մեկ առ մեկ հավաքել համակրելի այդ մարդու երևակված մշակությաին ողնաշարի վրա՝ զգալով նրան սնուցող արյունատար բոլոր անոթների բաղադրությունը:
Տասնամյակներ առաջ, երբ Գեներալ դը Գոլը դիմում էր ֆրանսիացիներին՝ փրկելու համար Ֆրանսիան, քաղաքական հսկան, որի հետ Մակրոնը՝ իր խոստովանությամբ, կապված է համախոհությամբ, խոսում էր Ֆրանսիայի Վեհությունից:
Կործանվող Ֆրանսիայում, դավաճանված Ֆրանսիայում, խուճապի մատնված Ֆրանսիայում առաջնորդը խոսում է Վեհությունից:
Ժողովուրդները՝ նույնիսկ մեծ ու հնադարյա, այդպիսի ատաղձ ունեն. սիրում են երազ, երազանք, հպարտություն, վեհություն, ազատություն, հեռանկար... Եվ աշխարհում ու աշխարհի ընթացքում չկան մեծ ու փոքր ժողովուրդներ, չկան մեծ ու փոքր տարածքներ, այլ կան վեհության, հպարտության, ազատության մեծ ու փոքր ձգտումներ, որ գալիս են երազի ու երազանքի տեսքով կամ չեն գալիս, ու անհատներ, որոնք հավատում են «անձնական շարժմանը, հոգու շարժմանը...»:
«Ծնողների հարցում բախտս բերել է: Նրանք ինձ խրախուսում էին աշխատել, կրթությունը համարում էին ազատության նախավարժանք: Նրանք ինձ ոչինչ չեն ստիպել, թողել են դառնալ այն մարդը, որը ե՛մ ես ...
... Չեմ կարող մոռանալ այն դասատուներին, որոնց համար պատիվ էր իրենց աշակերտներին լավագույն արդյունքի հասցնելը: Քիչ երկրներ են օժտված այդպիսի եռանդով, կամքով և սիրով, ու մենք պետք է յուրաքանչյուր սերնդի զգուշացնենք, որ այդ կրակը վառ պահեն ...
... Տատիկիս համար գրականությունը, փիլիսոփայությունը, նշանավոր գրողներն ավելին էին, քան որևէ բան երկրիս վրա ...
... Տատիկս ուսուցիչ էր: Սա գրելիս ցանկանում եմ «ուսուցիչ» բառի վրայից սրբել վարչական փոշին և տալ այդ կոչման իրական փայլը ...»:
Հիմա տեսա՞ք մշակութային ողնաշարը: Ժամանակակից աշխարհում տերություն առաջնորդող, աշխարհի լավն ու վատը որոշող, գլոբալացվող քաղաքակրթական միջավայրում վճիռ կայացնող, ժամանակակից քաղաքականության բարոյականության ու արժեքային համակարգի բախումներում մանևրող անհատն իր կառուցվածքում հենասյունային է համարում կրթությունն ու ուսուցչին, կրթությունը համարում է «ազատության նախավարժանք», հենասյունային է համարում սերունդների պորտալարային կապը, և որպես առաքելություն ցանկանում է «...«ուսուցիչ» բառի վրայից սրբել վարչական փոշին և տալ այդ կոչման իրական փայլը...»:
Ահա հիմքը, ահա այն իրական փայլը, որի արտացոլանքն ընկնում է երկրիդ ու հայրենիքիդ վրա:
«...Մեր արմատները պաշտպանում են մեզ ու, կարծում եմ, նաև իմաստուն դարձնում...». եզրակացություն, որ անում է գերտերության առաջնորդը: Առաջնորդ, որը նաև փխրուն է, զգայուն, խոցելի:
Երբեմն սխալմամբ մտածում ենք, թե աշխարհի հզորները լուծել են իրենց խնդիրները, աշխարհի հզորները երանության ու երջանկության հորիզոններում են միայն, դրախտի այգիներում ու փոքրերիս վրա է ծանրացած աշխարհի բեռը: Փոքրերս չունենք ելքեր, լուծումներ, ու միակ ճանապարհը հզորներին հաճոյանալն է, հզորների առաջ մերկանալը, բայց իրականում գերտերության անհատի պայքարը «Հանուն Ֆրանսիայի» է, հանուն սեփական մշակույթի, լեզվի, ինքնության, կրթության ու մեծ ու փոքրիս խնդիրը նույն ճգնաժամում է, ժամանակակից քաղաքականության, ժամանակակից աշխարհի բարոյականության ճգնաժամում ու ելքերն ու լուծումներն էլ նույնն են, նույն սահմանումներում:
«...Մեզ միավորող ամեն ինչի կենտրոնում լեզուն է: Երբեմն մաշված կամ նորից հայտանաբերված բառերով լեզուն է առաջ տանում մեր պատմությունը ...
... Նա, որը ֆրանսերեն է սովորևում ու խոսում, դառնում է մեր պատմության պահապանը, դառնում է ֆրանսիացի ...
... Եթե որոշեք գտնել «բնիկ ֆրանսիացի» արտահայտության իմաստը, որն, ի դեպ, ինձ դուր չի գալիս, կպարզվի, որ այն վերաբերում է ոչ միայն մարդուն, որի տասը սերունդն ապրում է Մայենում, այլև նրան, որը հարգում է ֆրանսերենը՝ անկախ ծագումից ու բնակության վայրից ...
... Չկա այնպիսի զգացում, որն ավելի լավ եմ հասկանում, քան սեփական հողին կապված լինելը: Ֆրանսիայում ամեն մեկն ունի իր տեղը, որից կառչած է, իր հենման կետը ...»:
Սա Ֆրանսիա երկրի առաջնորդի մտահոգություն է՞, թե՝ փոքրիկ մի հողի, փոքրիկ մի երկրի անհատի, որի հայրենիքի «մայրաքաղաքը սկսվում է խրամատից...»:
Գլոբալացվող աշխարհը որքան մեծանում, այնքան փոքրանում է և այնքան արդիական է դառնում սահմանի, մայրաքաղաքի ու խրամատի հարաբերակցությունը:
Քաղաքականությունն ու կառավարման համակարգերը ժամանակակից աշխարհում ջնջում են նաև այլ սահմաններ, և Ժամանակները նույն, գրեթե նույն իրողություններում են դնում մեծ ու փոքրին, որովհետև քաղաքականության առանցքում մարդն է՝ իր բոլոր վախերով, թուլություններով, ապրումներով: Բայց քաղաքականության առանցքում նաև մարդն է, արդեն՝ անհատը, որ գիտի հաղթահարաել վախերը:
«...Ծառայողների մի մասի համար «քաղաքականությունն ընդամենը ստվերային մի կանոն է՝ հնազանդվել և հուսալ, որ անձնական փոխհատուցում կլինի: Կարծում եմ՝ այս ավանդույթների հանդեպ բնազդային զզվանքի պատճառով են ֆրանսիացիները երես թեքում քաղաքականությունից և ծայրահեղական դիրք բռնում ...
... Մեր քաղաքացիներն իրենց առաջնորդներից այլևս չեն սպասում քաղաքական վերացական բանավեճեր: Նրանք ակնկալում են, որ քաղաքական առաջնորդներն իմաստ տան իրենց կյանքին, հոգսերից ազատելու հստակ ու արդյունավետ տարբերակներ գտնեն և կիրառեն ...
... Պետությունը պետք է ինքնակամ չստանձնի սոցիումի խնամակալի դերը, որն ինքն իրենով դատապարտված է անկարողության, ի վիճակի չէ միայնակ մի լավ բանի հասնելու: Հակառակը, պետք է հնարավորություն տալ մարդկանց վերագտնելու մեծ պատմություն կերտած ազգի ուժը: Գեներալ դը Գոլից մինչև Պիեռ Մենդես Ֆրանսից լավ ոչ ոք չի սահմանել ճշմարտությունը, որ քաղաքականությունը պետք է հաշվի նստի իրականության հետ: Ես ինձ համարում եմ նրանց համախոհը ...
... Ուրեմն պետք է նստենք ու սպասե՞նք, որ մեզ փրկի մի մարդ, թեկուզ՝ քաղաքական գործիչ, կամ մի ընտրություն, թեկուզ՝ նախագահական: Չեմ կարծում: Չեմ կարծում, որովհետև ֆրանսիացի ժողովրդավար եմ...»:
Ֆրանսիացի ժողովրդավար, որ խոսում է «պատմություն կերտած ազգի ուժի» մասին՝ անգո մի ձեռքով մաքրելով ամենագծված սահմանները ամենատարբեր «իզմեր»-ի միջև, հիմքում ունենալով վեհություն, հպարտություն, ինքնություն երևույթների անատոմիական կառուցվածքը:
«…Մոռանալ մեր ինքնությունը, մերժել մեր սկզբունքները՝ խելառ թիթեռնիկների պես պատեպատ զարնվելով ահաբեկչության խավարի մեջ. Չէ, դա Ֆրանսիան չէ: Մեր շուրթերին պահել միայն մերժման խոսքեր՝ օրեցօր ավելի շատ կասկածելով ինքներս մեզ. Չէ, դա Ֆրանսիան չէ: ֆրանսիացիները լավ գիտեն այս ամենը, և նրանք պատրաստ են վերահայտնագործելու մեր երկիրը ...»:
Մակրոնն իր «Հեղափոխության» ուղերձներում նրբորեն մոտենում է պետության ու հասարակության գաղափարական, գաղափարախոսական հիմնադրույթներին, և անցյալի ու ներկայի շաղկապումներով ուրվագծում ապագայի ուղիները:
«...Մեր քաղաքական կյանքն այսօր պտտվում է անցյալի գծած սահմանների շուրջ և այլևս ի վիճակի չէ դիմագրավելու աշխարհի ու մեր երկրի մարտահրավերները ...
... Հանրապետությունը, որը սիրում ենք և որին պետք է ծառայենք, հավաքական ազատագրման Հանրապետությունն է: Ազատագրում կրոնական կամ քաղաքական սնահավատություններից, ազատագրում սոցիալական նախապաշարումներից, ազատագրում բոլոր այն ուժերից, որոնք առանց մեր գիտության մրցում են՝ մեզնից ստրուկներ սարքելու համար: Հանրապետությունը մեր ջանքն է, մի անավարտ ջանք, որ պետք է շարունակենք գործադրել ...
... Ֆրանսիան դժբախտ է ոչ միայն այն պատճառով, թե ինչ է դարձել, այլև այն զգացումից, որ նա սահում է դեպի անորոշություն և որ այլևս իր ճակատագրի տերը չէ: Կորցնում է ինքնությունը ...
Ժամանակն է Ֆրանսիան հասցնելու 21-րդ դար: Սա է մեր խնդիրը ...»:
Մակրոնի «Հեղափոխություն»-ը չէր կարող ամբողջությամբ չկառուցվել մշակութային ողնաշարով քաղաքական գործչի, անհատի անցածի, մանկության ու ծնողների, կրթության ու տատիկի, դաստիարակության ու ներքին մշակույթի, հիշողությունների ու զգացողությունների նյութականացած համակարգի վրա, որոնք կազմում են մարդու արժեքային համակարգի անխոցելիության նյութը: Անկեղծությունը քաղաքականության մեջ հատկապես այն անհատներին է տրված, որոնք գալիս են հենց այդ ճանապարհով՝ մանկությունից սկսված ճանապարհով, բայց որն ավարտվում է արժեքային համակարգի ձևավորմամբ:
«...Երկիրն ապրում է վարչակազմի համար, և ոչ թե վարչակազմը՝ երկրի: Քիչ-քիչ կտրվում ենք իրականությունից: Իշխանության աշխարհը ստեղծում է երևակայական կառույցներ ...
...Ոմանց համար պետությունը պետք է կարողանա ամեն ինչ անել, նաև ծախսել փող, որը չունի: Մյուսների համար պետությունը չարիքի աղբյուր է, և ելքը դրա վերջը տալն է: Իրականում այդպես չէ: Քանի որ մեզ համախմբող ամեն բան, մեր ընդհանուր ծրագիրը, հանրապետության արժեքները պտտվում են պետության շուրջ: Ես վախենում եմ, որ այս գեղեցիկ բառը «Հանրապետություն», ի վերջո, կարժեզրկվի չափից շատ օգտագործելուց ...
... Թշնամիների շարքում, որոնց մենք կարող ենք հիշատակել, մեկն ամենասարսափելին է՝ անտարբերությունը: Մենք ավելի շատ մեր սեփական անտարբերության զոհն ենք, քան թշնամիների ...»:
Եվ կրկին Էմանուել Մակրոնը վերադառնում է արմատներին:
Վերադառնում է սեփական ազգի արմատներին, սեփական ժողովրդի արմատներին, որի մի մասն է ինքը՝ այդ ազգի ու այդ ժողովրդի ոգեղեն, մշակութային ատաղձով, վերադառնում է ինքնության խնդիրներին, մշակութային ժառանգության ու ժառանգականության խնդիրներին, սերունդների հոգևոր կապի խնդիրներին: Մակրոնը ազնիվ է, որովհետև ազնիվ է իր ներքին մշակույթի հետ: Մակրոնը Ֆրանսիա հռչակավոր երկրի, Ֆրանսիա մշակութային երկրի, Ֆրանսիա միջուկային երկրի, Ֆրանսիա Եվրոպական քաղաքակրթական ակունքներում երկրի պատասխանատվության, ժամանակակից քաղաքական իրողությունների, նոր, գլոբալացվող աշխարհի բարոյականության ճգնաժամերի ակցաններում փորձում է գտնել սեփական ժողովրդի ճանապարհն ու այն մատուցել իրեն վերագտնող ազգին:
Փորձում է գտնել առանց դատարկաբանելու: Առանց մեծամիտ պոռոտախոսության, առանց սնապարծության, որովհետև դրանք չեն լինում մարդկանց ուղեղներում, որոնք մշակութային հաղորդակցության մեջ են իրենց ժողովրդի արժեքների հետ:
Մակրոնի համար Ֆրանսիան չի սկսվում իրենից, իրենով չեն մերժվում ֆրանսիական արժեքները, մշակութային ժառանգությունն ու քաղաքակրթական արմատները, որ իր երկրինն են: Ընդհակառակը՝ իրեն համարելով Ֆրանսիայի ժառանգականության կրողը և իրապես լինելով Ֆրանսիայի ժառանգականության կրողը, ցուցանելով իր մշակութային ողնաշարը, Մակրոնն ապացուցում է, որ իր երկրի հողի վրա կանգնած է ամուր, որ պինդ է ողնաշարը և որ իր խնդիրն ու առաքելությունը տեսնում է ոչ թե ֆրանսիական հասարակությունը ցնցելու, երկրաշարժելու մեջ, որն առանց այդ էլ բաց նյարդով ու մերկ կանգնած է ժամանակակից աշխարհի որոգայթոտ մարտահրավերների առաջ, երբեմն՝ անհույս, երբեմն՝ կործանումի պատրաստ ու անհեռանկար, այլ հասարկությանը բերելով իր ակունքներին, իր ինքնությանը, Մակրոնը գոտեպնդում է, ցույց է տալիս ուղին ու վստահեցնում է, որ հաստատակամ է ու համոզված.
«... Երկիրը չի կարող ոտքի վրա ամուր կանգնել, համարձակ առաջ շարժվել, եթե չիմանանք՝ որտեղից ենք գալիս: Մեր ազգի համար չափազանց կարևոր է, որ ամեն սերունդ իր փորձը ժառանգի հաջորդին: Դա հնարավորություն կտա հասկանալու՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում ժամանակակից աշխարհում, որտեղ կյանքի ռիթմը սարսափելի արագ է, կողմնորոշիչները՝ մշուշոտ ...
... Մենք ոչինչ ենք ու ոչնչի չենք հասնի, մինչև չհամաձայնենք ընդունել անցյալի ժառանգությունը, քանի դեռ պատրաստ չենք սովորելու այն, ինչ մեզնից առաջ սովորել են ուրիշները։ Չենք կառուցի Ֆրանսիան, չենք գտնի մեր դերն ազգի կյանքում, եթե չձուլվենք նրա պատմությանը, մշակույթին, արմատներին…
... Եթե չսովորենք մեր պատմական կերպարներից՝ Քլովիսից, Հենրի IV-ից, Նապոլեոնից, Դանտոնից, Գամբետայից, դը Գոլից, Ժաննա դ’Արկից, հեղափոխական օրացույցի II տարվա զինվորներից, սենեգալ յան նշանառուներից, Դիմադրության շարժման մասնակիցներից: Բոլորից, որոնք հետք են թողել մեր երկրի պատմության մեջ ...
... Ֆրանսիան իր անցյալի մասնիկների ամբողջությունն է: Հնարավոր չէ միաժամանակ ցանկանալ լինել ֆրանսիացի և ցանկանալ ջնջել անցյալը: Մեր պատմությունը, մեր մշակույթը, նախորդ սերունդների թողած ամբողջ ժառանգությունը բոլորիս ընդհանուր հիմքն է: Անցյալն է մեր ապագայի սկիզբը: Ահա ինչու Հանրապետության հերոսները միշտ էլ մեր ժամանակակիցներն են՝ դասվարը, դասղեկը, դասախոսը, վարպետը ...
... Մշակույթը համախմբում է մեզ, միավորում բոլորիս զգացմունքները: Մշակույթը վերնախավի առանձնաշնորհը չէ: Հակառակը, բոլորի առջև բաց դուռ է...
... Մեր ազգի համար չափազանց կարևոր է, որ ամեն սերունդ իր փորձը ժառանգի հաջորդին: Դա հնարավորություն կտա հասկանալու՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում ժամանակակից աշխարհում ...
... Հոգ տանել Ֆրանսիայի մասին նշանակում է հոգ տանել նրա արժեքների մասին ...
... Մեր մեծերն ապրել են պատերազմների և աղքատության ժամանակաշրջանում, մեր ժամանակներից ավելի դաժան ժամանակներում, սակայն նրանց ապրեցնում էր առաջընթացի հեռանկարը ...»:
Հ.Գ.
Երևանյան այն սիրված անկյունում, ուր այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն է, Newmag-ի թիմը՝ հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ֆրանսերենից թարգմանությունն իրականացրած Արտակ Հերիքյանը, խմբագիր Գնել Նալբանդյանը և այլոք, սիրով ներկայացնում էին Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը, որն ալեկոծել էր Ֆրանսիան, մտել էր հարյուր հազարավոր մարդկանց տները, թարգմանվել էր գրեթե բոլոր Եվրոպական լեզուներով և ահա իրենց ջանքով թարգմանվել էր նաև հայերեն: Հսկայական աշխատանք, որ կատարվել էր հաշված օրերի ընթացքում ու կատարվել էր մեծ պատասխանատվությամբ:
Այդ օրն Արտակ Ալեքսանյանի հետ խոսում էինք հեղափոխության ու Մակրոնի «հեղափոխության» մասին ու Արտակն ասում էր, որ սա հեղափոխությունների դասագիրք չէ, կամ՝ ուղեցույց չէ:
Այսօր, երբ մի քանի անգամ ընթերցել եմ գիրքը ու վստահ եմ, շարունակելու եմ ընթերցել, ուզում եմ Արտակին հակադարձել ու ասել, որ սա դասագիրք է, ուղեցույց: Բայց ոչ թե դասագրքային հեղափոխությունների ուղեցույց, որոնք սկսվում են փոստերի ու հեռագրատների գրավմամբ ու ավարտվում արյամբ, այլ սա մշակութային ողնաշարի վրա կառուցված հեղափոխության ուղեցույց է, որը սկսվում է անհատի ներքին մշակույթով և անցնում ինքնության, մշակութային ժառանգության, սերունդների փոխկապվածության, անցյալը չարհամարելու, ապագան հենքի վրա կառուցելու կեռմաններով:
Վերջի փոխարեն
Չես կարող զուգահեռներ չտանել քո իրականության հետ, երբ ընթերցում ես նման խորքային մի գործ, բայց զուգահեռներ տանելն ուզում եմ թողնել այն մարդկանց, որոնք ընթերցել են կամ կորոշեն ընթերցել այս հրաշալի գիրքը՝ թարգմանված ամբողջ զգացմունքայնությունն ու մակրոնական մտածողությունը փոխանցող հայերենով, արված՝ հրատարակչական խնամքոտ մոտեցմամբ, գրավիչ ձևավորմամբ և այլն:
Միայն ուզում եմ նշել, որ «...Ժամանակն է Ֆրանսիան հասցնելու 21-րդ դար: Սա է մեր խնդիրը...» մակրոնյան ձևակերպումից գրեթե քսան տարի առաջ Վազգեն Սարգսյանը ձևակերպեց. «Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ, անկախություն բառն արտասանելիս չկա ոգևորություն։ Դա ցավալի է, բայց փաստ է։ Մենք՝ այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այս գաղափարները ...»:
Իսկ երբ Մակրոնը ձևակերպում էր «... Մեր մեծերն ապրել են պատերազմների և աղքատության ժամանակաշրջանում, մեր ժամանակներից ավելի դաժան ժամանակներում, սակայն նրանց ապրեցնում էր առաջընթացի հեռանկարը ...», անշուշտ չգիտեր, որ աշխարհում, Շառլ Ազնավուրի Հայաստանում կա Հրանտ Մաթևոսյան, որ վաղո՜ւց, շա՜տ վաղուց ասել է. «Մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել՝ ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա... ապա՝ երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար, և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը.
երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար՝ և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝ և տես, թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝ իմ որդիների ժողովուրդը ...»:
Մեր հեղափոխություններն ավարտվում են ... հաջորդ հեղափոխությամբ, որովհետև մենք դեռ այն գիտակցությանը չենք, որ «...Մենք ոչինչ ենք ու ոչնչի չենք հասնի, մինչև չհամաձայնենք ընդունել անցյալի ժառանգությունը, քանի դեռ պատրաստ չենք սովորելու այն, ինչ մեզնից առաջ սովորել են ուրիշները ...», և որովհետև դեռ այն գիտակցությանը չենք, որ. «... Հոգ տանել Ֆրանսիայի մասին նշանակում է հոգ տանել նրա արժեքների մասին...»:
Մեր ժամանակը սկսվում և ավարտվում է մեզնով և մշակույթը դեռ պահում ենք մեր մեջ ...
Արայիկ Մանուկյան