Ունի
քաղաքա-
գիտության
և միջազգային
հարաբերու-
թյունների
մագիստրոսի
աստիճան
Հայաստանի
Ամերիկյան
Համալսարանից։
Զբաղվում է
համեմատական
կրթության,
կրթության
քաղաքա-
կանության
և կրթության
փիլիսոփա-
յության
ուսումնասիրու-
թյուններով:
Համակարգել է
Հայաստանում
առաջին
ծավալուն
ուսումնասիրու-
թյունը հանրա-
կրթության
պետական
չափորոշչի,
առարկայական
չափորոշիչների
և ծրագրերի
բարելավման
ուղղությամբ։
Հանդիսանում է
«Այբ» կրթական
հիմնադրամի,
Քեմբրիջի
համալսարանի
և UCL-ի
կրթության
ինստիտուտի
հետ համագոր-
ծակցությամբ
իրականացվող
Կրթության
գերազանցության
ազգային
ծրագրի
աշխատակազմի
ղեկավարը։
«Հիմնովին փոխելու ժամանակը…». ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Պատերազմի արվեստը սովորեցնում է մեզ ոչ թե հուսալ, որ թշնամին չի գա, այլ՝ պատրաստվել:
Ոչ թե հուսալ, որ չի հարձակվի, այլ՝ մեր դիրքը անառիկ դարձնել»:
Սուն Ցզի, մ.թ.ա. 5-6-րդ դար
«Հին» ընդդիմությունը՝ 1996 - 2017 թթ…
- 1996 թվականի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով շուրջ 516, 000 ձայն ստացած ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը 2008 թվականին ստանում է մոտ 24 անգամ պակաս ձայն, իսկ 2009-ին միանում է իշխանությանը՝ դառնալով ՀՀ հանրային խորհդրի նախագահ։
- 2003 թվականի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով շուրջ 250, 000 ձայն ստացած ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը 2008 թվականին ստանում է մոտ 33 անգամ պակաս ձայն, իսկ 2012-ին միանում է իշխանությանը՝ դառնալով պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
- 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով շուրջ 272, 000 ձայն ստացած ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը նույն տարում միանում է իշխանությանը՝ դառնալով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
- 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով շուրջ 350, 000 ձայն ստացած Լևոն Տեր-Պետրոսյանը 2012-ին ստանում է շուրջ 3.5 անգամ պակաս ձայն՝ գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը:
2017-ի խորհրդարանական ընտրություններում դաշինքը ներկայացվում է առանձին ուժերով, դաշինքի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ձևաչափերով միանում են իշխանությանը. օրինակ՝ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը 2017-ին նշանակվում է Դանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Տեր-Պետրոսյանը փորձում է բարեկամանալ առերևույթ ընդդիմադիր համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ընդդիմադիր դաշինքի նախկին անդամները պարբերաբար մեղադրում են միմյանց...
- 2013 թվականի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով շուրջ 540, 000 ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ միայն «իր դիակի վրայով կերդվի նոր իշխանությունը», իսկ ապրիլի 9-ին այդ իշխանության ներկայացուցչի հետ աղոթում և դադարեցնում է ցույցը:
Ի՞նչ են արել «հին ռեժիմի» իշխանությունները այս տարիներին.
Վերընշյալ գրեթե բոլոր դեպքերում իշխանություններն ամեն գնով կարողացել են ապահովել քաղաքական գործընթացի ցանկալի արդյունքը։ Նրանք գրեթե բոլոր դեպքերում կիրառել և կատարելագործել են մեթոդների ողջ զինանոցը. առավել քաղաքակիրթ միջոցներից՝ (տեղեկատվական ներգործում և այլն), մինչև՝ շուկայական (ձայների գնում, մանր նվիրատվություններ, վերանորոգումներ), ֆեոդալական ներգործության ձևաչափերից՝ (տեղային, կլանային ուժերի գործարկում, համայնքային վերահսկողություն և այլն), մինչև՝ ադմինիստրատիվ ռեսուրսներ։
Իսկ ինչպե՞ս են իշխանությունները կատարելագործել իրենց զինանոցը.
- Տեղեկատվական ներգործության միջոցները շարունակաբար բնակչությանը մատուցել են «այն, ինչ բնակչությունը ցանկացել է»՝ «արյուն» (որոշ պաշտոնյաների հանրային քննադատություններ, ձերբակալություններ, ստուգումներ) և՝ տեսարաններ (կենցաղային հարաբերություններ քննարկող սերիալներ, համերգներ, «կարգին» հաղորդումներ, ապատեղեկացնող լուրեր և այլն):
- Հասարակությունը շարունակաբար մշակութազրկվել է՝ մշակույթի կենտրոնաձիգ գնահատում (մեդալներ, կոչումներ և այլն), մշակույթի պրիմիտիվացում հանրային ընկալման մակարդակում, մշակույթ կրողի տեղայնացում հանրույթից՝ «մտավորական» անորոշ եզրույթում, մշակույթի և կրթության վայրերի վերածում «պաշտամունքի վայրերի», ծիսականացում՝ առանց բովանդակության։
Տոտալ մշակութազրկումը «հոմո սովետիկուս»-ին կամ սովետական մարդուն վերածել է արժեքների քաոսում խարխափողի։
«Հին ռեժիմի» հիմնական թիրախը շարունակել է մնալ հենց այս խարխափողը՝ քաղաքացիական գիտակցության և անհատականության զանգվածային ցածր մակարդակի առկայությամբ։ «Հին ռեժիմի» այս պայմաններում մարդկանց շարունակել են հետաքրքրել «ռեֆորմները և ոչ սեփական իրավունքները»՝ ինչպես նկատում է Թոքվիլը ֆրանսիական հեղափոխությունը վերլուծելիս։
Ի՞նչ է արել «հին ռեժիմի» ընդդիմությունը այս տարիներին.
Վերը թվարկված գրեթե բոլոր դեպքերում ընդդիմությունն ինքը փաստացի «հին ռեժիմի» կրողն էր։ Ընդդիմադիր ուժերն այս կամ այն դեպքում կազմակերպել են post factum (դեպքից հետո) ցույցեր, երթեր, ակցիաներ՝ հիմքում դնելով խաղաղ ընդվզումը։ Ցանկացած խաղաղ ընդվզում, որը, սակայն, մոտեցել է «հին ռեժիմի» հետ շոշափելի մրցակցության, անխուսափելիորեն բախվել է վերջինիս հետ, այդպես նաև ժամանակավոր պարպելով հույզերը։
Դրական. Ընդդիմության ուժերին հաջողվել է պարբերական և կարճ կյանք ունեցող բախումների միջոցով Հայաստանում և հատկապես Երևանում՝ որպես բախման դաշտ, ապահովել երիտասարդական նոր խմբերի քաղաքացիական «մկրտումը»…սակայն, խոշոր հաշվով, համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել։
Բացասական. Ընդդիմության ուժերը երկարաժամկետ պլանում միշտ կորցրել են իրենց տրված ձայները և աջակցությունը։ Փաստացի, ընդդիմությունը չի կարողացել ինստիտուցիոնալացվել և զարգացնել իր զինանոցը։ Երկարաժամկետ հեռանկարում գործելու անկարողությունը անխուսափելիորեն բերել է կարճաժամկետ ցավոտ պարտությունների։ Ընդդիմության ռեսուրսը չի բավարարել երկարաժամկետ արդյունավետ գործընթաց վարելու։
Ի՞նչ է փոխվել և ի՞նչ պետք է անել այսօր.
«Սա գրվող պատմություն է մի նոր»…
Այսօրվա ընդդիմությունն ինքնակառուցվում է:
Ի տարբերություն նախորդ գրեթե բոլոր օրինակների, այսօրվա հարթակում դեռևս չեն «մաքրագործվում» «հին ռեժիմին» պատկանող հակասական կերպարները (չհաշված՝ «հին ռեժիմի» խորացմանը նպաստած որոշ «մշակութային» դեմքեր):
Այսօրվա ընդդիմությունն ունի հնարավորություն՝ հիմնվելու նոր մշակույթ ունեցող ֆինանսական և մարդկային ռեսուրսի վրա։
Այն դեռ նոր է։
Ի՞նչ պետք է անել.
Կարելի է շարունակաբար և տեղին մեղադրել իշխանությանը՝ նենգափոխությունների և պետականաստեղծ այլ քայլերի բացակայության մեջ, կարելի է հույս դնել արտաքին կառույցների աջակցության վրա, կարելի է փորձել տևական անհնազանդություն գործել, սակայն, եթե ցանկանում ենք իրական համակարգային փոփոխություն, պետք է անմիջապես աջակցել այս ընդդիմության ձևավորմանը։
Այսօր՝ առաջին անգամ վերջին 22 տարում, դրա հնարավորությունը կա։
Հայաստանում այսօր ձևավորված մարդկային ներուժը պետք է ինստիտուցիոնալացվի և զարգանա որպես նոր ուժ:
- Այդ ներուժը պետք է ֆինանսավորի իր ընդդիմությանը և պահանջի նրանից հաշվետու լինել, այդպես ձևավորելով ռեսուրսի նոր կենտրոն, որ կարող է հակազդել «հին ռեժիմի» ֆինանսական ազդեցությանը:
- Այդ ներուժը բոլոր լոկալ մակարդակներում պետք է ներգրավվի գիտակցության փոփոխությանն ուղղված մեծ աշխատանքին՝ կրթելու և իրավագիտակցություն բարձրացնելու ուղղությամբ:
- Այդ ներուժը պետք է փորձի մշակութային վերածնունդ իրականացնել՝ համագործակցելով բոլոր կարող ուժերի հետ:
Ի՞նչ չի տա հեղափոխությունը այսօր.
«Հին ռեժիմի» հեղափոխական անկումը մի մեծ թերություն ունի. նոր ռեժիմը երկարաժամկետ պլանում սկսում է անխուսափելիորեն կրկնօրինակել հնին։ Բանակի միջամտությունը «ժողովրդի կողքը կանգնելու» տեսքով մեծ հավանականությամբ վերածում է պետությունը ռազմական խունտայի կամ դրությունը «քաղաքացիական պատերազմի»։
Հեղափոխությունն անխտիր տանում է նոր և հին ռեժիմների բախման՝ բոլոր հետևանքներով, այդ թվում՝ ուժասպառ անելով կողմերին և բարոյալքելով։
Այդ բախումներից հնարավոր է լինում նվազագույն կորուստներով դուրս գալ միայն նախապատրաստված լինելու պարագայում։
Իսկ այսօր ընդդիմությունը դեռ ինքնակառուցվում է և բախումը հին ռեժիմի հետ կարող է անդառնալի կորուստ ունենալ հենց յուրաքանչյուրիս համար՝ դառնալով մեր «վերջին միաբանությունը»։
Ի՞նչ չեն տա արտահերթ ընտրությունները.
«Հին ռեժիմի» կատարելագործված զինանոցի, պսևդո ընդդիմության («Ծառուկյան Դաշինք», որ նախորդ երկու ընտրություններում կրկնապատկել է իր ձայների թիվը) առկայության, դրանց պատրաստման վրա ծախսվող ժամանակի ընթացքում ներկա հուզական միջավայրի պարպման, ընտրողների ցածր իրավագիտակցության և նոր ձևավորվող ընդդիմության դեռևս ոչ լիարժեք ռեսուրսային ապահովվածության պարագայում՝ արտահերթ ընտրություններն էականորեն մեծացնում են ուժերի հարաբերակցության ոչ էական փոփոխության և հույզերի պարպման հնարավորությունը, ինչը, վերջին հաշվով, խնդիրը չի լուծում։
Միաժամանակ, ժողովուրդը կարող է այսօր այլ լուծում պատվիրակել։
Այս ճնշումը կարելի է ուղիղ առճակատումից տեղափոխել դեպի՝ քաղաքական պայմանավորվածությամբ հանրային հավասարակշռողի իշխանական դերը ընդդիմության հետ լիարժեք կիսելու ուղղությունը։
Սրա իրավական քայլերն այսօրվա սահմանադրությամբ էլ կան՝ իբրև խորհրդարանում, դատական և գործադիր մարմիններում ընդդիմությանը ռեալ ռեսուրսների հանձնում։
Սա նաև կլուծի ռեալ պառլամենտարիզմի օրակարգը երկրում՝ այդպիսով ստեղծելով ռեալ հակակշիռներ։
Սրա պատվիրատուն ժողովուրդն է։
Սա կարող է դիտվել որպես նահանջ կամ կարճաժամկետ հաղթանակ, բայց անխուսափելի կդարձնի երկարաժամկետ համակարգային փոփոխությունը։
ՀՀ քաղաքացի
Նարեկ Մանուկյան