Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Հին գորգը». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Նորածիլ բեղ-մորուսով, նկարչական էտյուդնիկը ուսած, ի տես բոլոր անցուդարձ անողների, թե որոշել եմ հաստատ և պատրաստ՝ ինձ նետել արվեստի անհուն ծովը՝ առանց փրկօղակի, առանց հետդարձի, ինչպես մահապարտ, ելել ու գնում եմ դեպի այդ անհուն ծովը՝ նահատակվելու:

Աշնան տաք օր էր: Ճանապարհին միայն մի կաչաղակ էր, որ մեկ ինձնից առաջ էր ընկնում, մեկ ետ՝ ուղեկցում էր, ո՞ւր՝ չգիտեմ: Երկար ճանապարհ անցանք, և ի վերջո այսպես ինձ տարավ, տարա՜վ հասցրեց քաղաքից շատ հեռու՝ N գյուղը: Կաչաղակը իր գործը ավարտած համարելով՝ չքվեց աչքիցս, այլևս չտեսա նրան:

Գյուղի ծայրամասում մեկը ավանակին բարձած երկու կաթի բիդոն ջուր էր կրում, գլխով բարևեցինք անցանք, ես գնացի աղբյուրի կողմը: Նստեցի ակին մոտ, մինչև գոտկատեղս ծաղկափոշու մեջ կորած, քրտնաթոր, պապակ շրթունքներս լեզվով թրջելով շունչս տեղը բերելու, որ նոր միայն լվանայի ինձ ու ծարավս հագեցնեի:

Գանգուրներիս մեջ բուն դրած մժեղներին էի մեկիկ-մեկիկ դուրս հանում, երբ սևաչ, երկծամ մի գեղեցիկ աղջնակ երկու կուլան ձեռքին մոտեցավ աղբյուրին: Առանց իմ կողմը նայելու՝ մի կուլան հարմարացրեց ջրի շիթի տակ, իսկ մյուսը երկու թե երեք անգամ ջուր լցրեց ու դատարկեց, ապա լիքը լցրեց ու անխոս մեկնեց ինձ: Ես վերցրի կուլան ու մի քանի կում արեցի՝ առանց աչքս իրենից  կտրելու: Աղջնակը աչքերը խոնարհած սպասում էր:  Ջուրը սառն էր ու հաճելի:

- Ձեր տանը պանիր ու հաց կճարվի՞,- հարցրի:

Նա կարծես անակնկալի չեկավ:

- Կճարվի,- ասաց՝ առանց ինձ նայելու:

- Սիրում եմ պանիր հացով սառը ջուր խմել,- ասացի ու կուլան մեկնեցի իրեն:

Նա անխոս վերցրեց կուլան, մյուսն էլ ողողեց սառը ջրով, լցրեց զույգ կուլաներն ու անխոս շրջվեց, գնաց: Աչք ածեցի, ոչ-ոք չկար շուրջս, վերնաշապիկս հանեցի ու սկսեցի լվացվել, ճանապարհի փոշուց ինձ մաքրել: Գուռի մեջ մեկի ստվերը նկատեցի, հետ շրջվեցի՝ նա էր, մի ձեռքին կուլա, մյուս ձեռքին շորի մեջ փաթաթած լավաշ ու պանիր կար, անխոս մեկնեց ինձ: Անխոս վերցրի, իսկ ինքը ձեռքի կուլան ողողեց սառը ջրով, ապա լցրեց ու մեկնեց ինձ:

- Շորը կուլայի կանթին կկապես, ակի տակ կթողնեք, ես կգամ կվերցնեմ,- ասաց, շրջվեց ու գնաց:

Ուզում էի գոնե մի քաղաքավարի խոսք ասել աղջկան, բայց բերանիցս չկարողացա մի բառ անգամ հանել:

Ոչխարի պանիրն ու չոր լավաշն անուշ անելուց հետո կուլան գլխիս քաշեցի, խմեցի, գոտկատեղս պնդացրի ու գնացի գյուղում պտտելու:

Վերջապես ընտրեցի, թե ինչը պիտի էտյուդեի: Անցա գործի:

Շուրջս գյուղի մի քանի երեխաներ էին հավաքվել, պպզած լուռ հետևում էին:

Դեռ երկու ժամ էլ չէր անցել, մեկի մտերմիկ ձեռքի հպումը զգացի ուսիս, շրջվեցի, «Կազիրյոկ» սրճարանում հաճախակի հանդիպող տղաներից մեկն էր, խոսք ու զրույցի էինք բռնվում հաճախակի: Այն էլ պարզվեց, որ հենց իր հայրական տունն էի ընտրել էտյուդելու:

- Հորական տունս է,- ասաց,- նկարելդ վերջացնես՝ առանց տուն մտնելու չգնաս, սպասելու եմ:

Նա մտավ հոր տան շեմքը, փայտյա դուռը վրա բերեց, աստիճաններով վեր բարձրացավ:

Վերջապես ես իմ գործը վերջացրեցի, ես էլ վեր բարձրացա տուն: Բավական ընդարձակ հյուրասենյակում ուշադրությունս գրավեց մեծ ու հին գորգը, որ փռած էր հյուրասրահի հատակին: Գորգը տարիների ընթացքում, մաշվել, տեղ-տեղ քրքրված էր ու ծակծկված, գորգանախշի ուրվագիծը դեռ նկատելի էր, իսկ տեղ-տեղ դեռ առկայծող որդան կարմիրը կարծես հենց նոր դազգահից կտրել ու փռել էին: Ամբողջ լայնքով տառեր կային նախշազարդ, հազիվ հասկացա հորինվածքը՝ ՀԱՅԱՍՏԱՆ է գրված եղել:

- Առաջացի,- ասած զառամյալ տարիքի հասած, բայց աշխույժ, առկայծող աչքերով, անկոշիկ ոտքերով տատիկը, որ մեծ ճաշասեղանին սփռոցն էր փռում,- հիմի կգան ուր որ է՝ այգում են:

Նկատեցի, որ կինը յուր տան հողաթափերը գորգի եզրին էր թողել: Հետ դարձա, նախասենյակում կոշիկներս հանեցի ու վերադարձա հյուրասենյակ: Գնացի սենյակի անկյունում դրված բազկաթոռին նստեցի: Քիչ հետո տունը սկսեց լցվել մարդկանցով ու երեխաներով: Եկողների մեջ տան կարոտը քաշողներ էլ կային: Մի կին մոտեցավ այգու կողմ նայող պատուհանին, զույգ ձեռքերով շոյեց վարագույրները, մի երկու հոգի էլ միացան սրան, գնալով երեխաներ էլ իրար գլխի հավաքվեցին, պատուհանից երևացողների հետ խոսքուզրույցի բռնվեցին, վերևների ու ներքևների ծիծաղները իրար միախառնվեցին, երբ սրտները թեթևացան, պատուհանից հետ քաշվեցին, գնացին ուրիշ խմբի միացան:

Ես էլ պատուհանից դուրս նայեցի: Մեկը փորձում էր նկարվողներին իրար գլխի հավաքել, մյուսը նկարահանվող մարդկանց փորձում էր իր հսկողության տակ առնել, որ իրենց անբնական չպահեն, ինչ է թե՝ օբյեկտիվի առաջ են հայտնվել: Վերջապես դա հաջողվեց, ու բոլորը լրջացան, ժպտացող բերանները փակվեցին, որոշները մի հոնքը վերև բարձրացրին, իրար ուս գրկեցին ու անշարժացան:

- Մեկ, երկու, երեք, պը՛րծ,- ասաց լուսանկարողը: Նկարվող տղամարդկանցից մեկը պահանջեց նորից նկարել, ով գիտի թե իրեն թվացել էր, որ նկարվելու պահին ինչքան հիմար տեսք է ունեցել: Լուսանկարողը մերժեց, ապարատը պատյանի մեջ առավ, պատյանավոր ատրճանակի պես կողքից կախ տվեց ու մոտեցավ խորոված անողներին, մյուսները ցրվեցին: Վերջապես, երբ ամեն բան շարված էր սեղանին, բոլորիս մոտ հրավիրեցին, ու սկսվեց խնջույքը: Տղամարդիկ առանձին, կանայք առանձին՝ երեխաների հետ տեղավորվեցին սեղանի շուրջ: Տանտիրոջ ծննդյան օրը պիտի նշեին, որ մի պատվական այր դուրս եկավ:

Քեֆի միջնամասում, տան հարազատ տղամարդկանցից մեկը օղու բաժակը ձեռքն առավ, կենաց ասելու իրավունք խնդրեց թամադայից ու վեր կացավ՝ կանգնեց: Նա սկսեց իր թարս բախտից խոսել, դժգոհեց, որ օտարության մեջ՝ Ղազախստանի ինչ-որ աուլներում էր իրեն բաժին հասել:

- Դու որ բրիգադ ես հավաքում տանում խոպան աշխատացնում ես մարդկանց,- ասաց դեմ դիմաց նստած, ականջները յուղոտ թշերի մեջ խրված մի տղամարդու, - ի՞նձ ինչի չէիր վերցնում բրիգադիդ մեջ, հարազատներ ենք, չէ՞:

Տանտերը միջամտեց, ասաց, որ էդ խոսակցության ժամանակը չի.

- Վերջ տուր,- ասաց խիստ: Մարդը օղին կուլ տվեց ու նստեց:

Ներկաներից մեկը ձեռքը օդի մեջ պտտելով նշան արեց տղա երեխաներից մեկին.

-Ադա՛, բալա ջան, մի էդ պատեֆոնը քոքի,- ասաց ու նստեց:Ասել է թե՝ թեման փոխենք: 

Տղեկը պատեֆոնը քոքեց, ձայնասկվառակը դրեց պատեֆոնի կլոր սկավառակի վրա, հնչեց պարեղանակ:

Տղամարդկանցից մեկը, որի կատարը տաքացել էր գինուց, սկսեց պարել: Հանկարծ իր սուր կոշիկի քիթը մտավ գորգի տակ ու քիչ մնաց երեսնիվայր փռվեր հատակին: Բռնեցին, ոտքի կանգնեցրին մարդուն, մեջքը թափ տվեցին, ոգևորեցին, որ պարը շարունակի: Ծափահարեցին այս ու այն կողմից: Մեկը կատակեց.

- Գտածիդ կեսը իմն է,- ասաց ու ինքն էլ ծիծաղեց իր ասածի վրա:

Սա, մի քիչ բարեկամավարի, կիսատ բարկությամբ դարձավ տան անկյունում իր փոքր ծոռնուհուն կերակրող զառամյալ տատիկին:

- Մեծ տա՛տ,- ասաց, կնճռոտ ճակատը տրորելով,- բոլ հերիք, մեզ սազակա՞ն է, որ թույլ չես տալիս էս փալասը դեն շպրտենք, հը՞:

Կինը ոչինչ չասաց, տղամարդու կողմն էլ չնայեց, ծոռնուհու քիթմռութը ձեռքի թաշկինակով լուռ սրբեց, վերջում աչքերին տարավ թաշկինակը, աչքերի անկյունները չորացրեց, գրկեց երեխային ու դուրս եկավ սենյակից: Զգացի, որ տատիկի սրտովը չէր լսածը:

Խոսք վերցրի և առաջարկեցի տատիկի կենացը խմել, մեղմել ոչ տեղին ասված դիտողությունը:

- Լցրեք բաժակները,- ասաց տանտերը:

Լցրեցին բաժակները, մի երկուսն էլ ձայնեցին.

- Մեծ տա՛տ, կենացդ ենք խմում, ներս արի:

Մի կնոջ կողքին կանգնած փոքր երեխաներից երկուսին մեջքներից հրելով ուղարկեցին Մեծ տատի հետևից:

Շուտով տատը եկավ, գոգնոցով քթի վրայի քրտինքի կաթիլները սրբեց, վերցրեց գինու բաժակը ու չսպասեց, որ մենք իր հասցեին մեր բարեմաղթանքները հղենք, երկար կյանք ու առողջություն մաղթենք, ինքը խոսեց:

- Քրոջ տղա,- ասաց, նայելով նոր պարող տղային, - էս գորգը, ես մի մատ երեխա էի, որ դազգահը դրին հորս տան մեջ: Երկու կին գործեցին, կտրեցին, փռեցին գետնին, մեզ՝ երեխաներիս, հրեցին գորգի վրա թավալգլոր լինելու, հետո գառ մորթեցին, դհոլ ու զուռնա փչեցին, նստեցին քեֆ արեցին, էսօրվա պես: Ես էս տուն հարս եկա էս գորգով:  Դու, որ գարնան ցեխը ոտքերիդ կպած, ձմռան ձյունոտ կոշիկներդ հագիդ ներս էիր մտնում ու ոտատակ տալիս, աչքդ չտեսա՞վ, որ ես ոտաբոբիկ եմ գորգի վրա: Չտեսա՞ր Հայաստան անունը վրան նախշած: Սա փալաս չի՛, Հայաստանն է մեր ոտքի տակ փռած, որ տան մեջ ծնվածը, մեծն ու փոքրը, օտարն ու յուրայինները, դու, ցեխոտ ու ձյունոտ ոտքերով տրորեցիք այնքան, որ Հայաստան անունից մի քանի տառ մնաց:

Քուրջ ու փալաս չհամարես, տղաս, մի ծվեն Հայաստան երկրիդ հողի վրա ես կանգնած հիմի: Վաղը մյուս օրը ես չեմ լինի: Դագաղս էլ գորգի վրա կդնեք, ու երբ ամեն ինչ արած կլինեք ու հետ կգաք, մի վերջին անգամ ձեր ոտքերով կտրորեք, կմաքրեք ձեր տրեխները ու դեն կշպրտեք, ինչպես մի լաթի կտոր: Երբ մի մեծ բան արածի պես, այդպես կատարդ տաք դուրս կգաս բակ, շուրջդ լավ կնայես ու նոր կհասկանաս, որ օտարի հողում ես կանգնած:

- Ե՛կ, մոտ եկ՝ ճակատդ պաչեմ, քրոջ տղա, ես չեմ ուզում քեզ օտարի հողում էդպես շվար կանգնած տեսնեմ:

Քրոջ տղան, շփոթահար ու ամոթահար մնաց տեղում կանգնած: Նա այդպիսի պատասխանի չէր սպասում երևի և չէր էլ պատկերացրել երբևէ, թե ինչքան միտք ու զրույց կարող էր լինել այդ մաշված, մեծ տատի պես զառամյալ մի կտոր Հայաստանի մեջ: Եվ թե դեռ ինչքան շա՜տ խոսքեր մնացին ասելու: Քրոջ տղան պապանձված, կարկամ մնաց տեղում կանգնած: Մեծ տատը ինքը մոտեցավ իր քրոջ տղային, ձգվեց անկոշիկ ոտնաթաթերին, գրկեց, ճակատը համբուրեց ու գինու բաժակը տարավ շուրթերին: Մի կում արեց, թևքով չորացրեց շուրթերը, գորգի պռնկին թողած իր հողաթափերը հագավ ու դուրս եկավ սենյակից:

Ծանր մի զգացողություն իջավ բոլորիս վրա: Բոլորս լուռ, գինու թասերը ձեռքներիս, կարկամ, գլխահակ ու ոտքի վրա ամենքս մեր լսածի մասին էինք խորհում, երբ տանտերը է՜հ ասաց, բաժակը քիչ վեր բարձրացրեց, աչքերը հառած առաստաղին՝ վիշտն ու ամոթանքը կուլ տվեց ու դատարկեց գինով լի բաժակը:

Մենք բոլորս էլ է՜հ ասացինք ու դատարկեցին մեր գինով լի թասերը:

Դուրս եկանք բակ թարմանալու: Դեռ սեղանի շուրջ նստած՝ ինձ մի միտք էր զբաղեցրել, թե ինչքան նույն համն ու հոտն ունեին այս տան լավաշն ու պանիրը ու աղբյուրի մոտ վայելածս: Աչքերով եղածների մեջ նրան փնտրեցի՝ չգտա:

Երբ պետք է հրաժեշտ տայի, ներս անցա սենյակ, փնտրեցի Մեծ տատիկին, գիրկս առա նրան, պինդ սեղմեցի կրծքիս ու անխոս դուրս եկա: Բակում բացեցի էտյուդնիկս, դուրս բերեցի նոր արված էտյուդը և մեկնեցի ընկերոջս:

- Սա նրան, ով ինձ աղբյուրի մոտ պանիր ու հաց էր բերել:

Ժպտաց, գլխով արեց:

Քաղաք գնացող մեքենան ինձ էր սպասում:

1971 թ.

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ