Ծնվել և 40 տարի
ապրել է Երևանում:
Մասնագիտու-
թյամբ հոգեբույժ է:
Գրել է
առաջին
անգամ
հայոց լեզվով
«Հոգեբուժություն»
դասագիրքը:
2000-ին
տեղափոխվել է
ԱՄՆ՝
շարունակելու
իր գիտական,
հետազոտական
և գրական
գործունեությունը:
«Հոգեբուժության մայրամուտը...». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ
ԱՄՆ-ում բնակվող անվանի հոգեբույժ Վարդգես Դավթյանը, որը նաև thearmenians.am «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի սյունակագիրներից է, իր նոր՝ «Հոգեբուժության մայրամուտը...» էսսեով նոր շարք է սկսում, որի ընթացքում անդրադառնալու ենք մի շարք հետաքրքրական խնդիրների...
Եվ ահա առաջին էսսեն՝ սիրով...
Սիրում եմ հոգեբուժության մասին հին գրքերը. Կրաֆտ-Էբինգ, Կրեպելին, Կորսակով, Կանդինսկի, Գանուշկին, Կրեչմեր, Մեհրաբյան, Ֆրանկլ...
Ես այդ գրքերն ընթերցում եմ գեղարվեստական գրականության նման:
Դրանք ժամանակակից դասագրքերի և ձեռնարկների պես տաղտկալի չեն, որտեղ հիմնականում անհամ, անհետաքրքիր շարադրանքը ուղեկցվում է ոչինչ չասող աղյուսակներով ու գրաֆիկներով:
Հոգեբուժության վերաբերյալ նոր գրքերում բացակայում է մի շատ կարևոր բան՝ մարդկային հոգին, բժշկի կարեկցանքը, հումանիզմը: Ներկա մենագրությունները կարծես «պոլիտեխնիկական թեքումով» լինեն, ինչպես ասենք «Նյութերի դիմադրության» ձեռնարկը:
Հոգեկան հիվանդությունների վերաբերյալ հին գրքերը արժեքավոր են նրանով, որ անկեղծ են, նաև, որ ճշմարտացի են պատկերում մարդու տառապանքները: Կեղծիքն ու նպատակահարմարությունը գրեթե բացակայում են:
Իմ ուսուցիչ, ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանը սիրում էր զգուշացնել. «Իմացեք, որ ուրիշ ոչ մի ասպարեզում այնքան շատ չեն ստում, որքան գիտության մեջ»: Ահա, թե ինչու եմ կարևորում հոգեբուժության դասականների աշխատությունները:
Մի զարմանալի երևույթ ևս:
Հին դասագրքերը, մի տեսակ լի են ռոմանտիզմով, լավատեսությամբ, գիտության հաղթանակի հանդեպ մեծ հավատով: Հատկապես 19-րդ դարի վերջի հոգեբուժական գրականությունը: Մինչդեռ, արդի գրքերը ավելի շատ «օբյեկտիվիստական» են՝ լույսից ու հավատից զուրկ:
Հետաքրքիր է, որ այն դարաշրջանում, երբ դեռ չկային հոգեմետ դեղամիջոցները (որոնք հիմա հրաշքներ են գործում), երբ կիրառում էին ավելի շատ շոկային միջոցներ, հոգեբույժներն ավելի լավատես էին իրենց գրություններում, մինչդեռ հիմա՝ հիվանդին վերաբերվում են ավելի հաճախ իբրև «վիճակագրական միջինի»:
Հոգեբույժների շրջանում «դասական ռոմանտիզմը» ավարտվեց 20-րդ դարի վերջին:
Օրինակ, ապագայագիտության (ֆուտուրոլոգիայի) վերաբերյալ մի գրքում, Ֆուլեր Թորեյը, որն ըստ «Վաշինգտոն Պոստի» համարվում է Ամերիկայի ամենաճանաչված հոգեբույժը, գրում է. «50 տարի հետո ես էլ գործ չեմ ունենա: Լինելով շիզոֆրենիայի և երկբևեռ (բիպոլյար) խանգարումների հոգեբույժ-հետազոտող, էլ հետազոտելու բան չի մնա, քանզի այդ զույգ հիվանդությունները կլինեն լավագույնս ուսումնասիրված և բուժված (E. Fuller Torrey, The End of Psychiatric Illnesses // 50 years from today, Dallas, 2008, էջ 22):
Դոկտոր Թորեյը համոզված էր նաև, որ գիտատեխնիկական առաջընթացը վաղ թե ուշ հայտնաբերելու է հոգեկան ախտերի (Ալց հայմերի հիվանդության, պարկինսոնիզմի և մյուսների) ինֆեկցիոն բնույթը, ինչպես նաև գլխուղեղի գործունեության խորքային գաղտնիքները:
Երազանքը մեծ ուժ է, հատկապես գիտնականի համար, ինչպես նկատում էր սթրեսի ուսմունքի ստեղծող Հանս Սելյեն, սակայն իրական կյանքը և քաղաքակրթության վայրիվերումները հավանաբար քիչ տեղ են թողնում ռոմանտիկ լավատեսության համար: Արևմտյան (և ոչ միայն) հոգեբույժների «աստվածաշունչը» կոչվում է DSM (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders - Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկ):
Երբ դեռ նորավարտ հոգեբույժ էի, այդ ձեռնարկը մոտ 400 էջանոց էր, այժմ խմբագրվելով և վերամշակվելով դարձել է մոտ 950 էջ: Ավելացել են նորանոր ախտանշաններ, նոր հիվանդություններ: Զարմանալի է, մասնավորապես, Հայաստանում 30 տարի առաջ կար մոտ 100 հոգեբույժ և ընդամենը մի քանի կլինիկական հոգեբան: Այժմ, հոգեբույժների թիվը մի փոքր ավելին է, իսկ հոգեբանները ավելացել են մի քանի տասնյակ անգամ:
Այդուհանդերձ, մտահոգիչ (եթե չասենք՝ աղետալի) չափերի է հասել նևրոզների, դեպրեսիաների, հոգեմարմնական հիվանդությունների, ալկոհոլամոլության, թմրամոլուցքի տարածվածությունը: Դրանք կրկնապատկվել, երբեմն էլ բազմապատկվել են: Հայաստանը, որ համարվում էր «ամենասթափ» հանրապետությունը, որտեղ չկային սթափարաններ, այժմ ի ցույց է դնում ալկոհոլային հիվանդության շատ բարձր ցուցանիշ: Եվ սա այն դեպքում, երբ երկրի բնակչության ընդհանուր թիվը անկում է ապրել:
Ինքնասպանության դեպքերը, որոնցով Հայաստանը աչքի չէր ընկնում «նախաճգնաժամային տարիներին», այժմ կտրուկ աճել են (8-10 անգամ) ( Տես, Ada Tadevosyan, Man Under Stress, Yerevan, 2003, էջ 289): Տարօրինակ զուգադիպությամբ, որքան շատանում են իրավաբաններն ու քաղաքագետները (կամ քաղտեխնոլոգները), այնքան հանցավորությունը աճում է՝ նվազելու փոխարեն, այնքան քաղաքական կյանքը դառնում է ավելի ծանծաղ ու անզուլալ: Հաճախ, չունենալով մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և կենսափորձ, զանազան «մասնագետները» սկսում են քաղաքագետներին և հանրային գործիչներին վերագրել «հոգեբուժական պիտակներ», կլինիկական անոմալիաներ և այլն:
Նաև այս հարցերին ենք անդրադառնալու մեր հետագա հրապարակումներում:
Վարդգես Դավթյան